Քամոտ սարի գլխին եմ, մանկությանս գագաթին։
Ծնվել եմ 1950 թ. հունիսի 19-ին։
Ամեն ամառ սար էինք գնում, ես սարերի գլխին եմ մեծացել։ Իմ մեջ, եթե մի լավան կա, էդտեղից է գալիս` հաճարի ծառերից, ուրցի բուրմունքից, զմրուխտ տախտերից, ամպ ու չանգից, թրքոտ դոշերից, ծմծման աղբույրներից, կչկչան առվակներից, նարգիզածաղիկ հովիտներից, շնկշնկան հովերից:
Աչքս գեղավորի ճամփին մեծանում էի, մինչև որ, ասես երկնքից` երկիր իջա։
Համբոյի պես իմ հերն էլ ինձ քաղաք տարավ, որ աշխարհ տենամ, մարդ դառնամ։
էն էլ քաղաք եկա` քաղաքացի դարձա։
Տարիներ անցան։ Ժամանակը սորում էր անապատի ավազի պես։
Այլևս չգիտեմ, երբ և ինչպես կդառնամ հավերժի ճամփորդ, բայց մի բան լավ գիտեմ` մարմինս ուր էլ գնա, հոգիս գալու ծվարելու է Քամոտա սարի գլխին, որ էնտեղից լավ հսկեմ Վիրահայոց աշխարհի առավոտներն ու գիշերները։
Չեմ կարծում, որ շեղվել եմ Մարդ դառնալու ճանապարհից...