Տավուշում հանձնվող տարածքներն ականազերծվում են:
ՀՀ ՊՆ-ն տարածել է հաղորդագրություն.
«Ոսկեպարի ու Բաղանիսի հարակից հատվածներում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ:
Հարակից հատվածների բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել»:
ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ապահովում են, որպեսզի հանձնվող տարածքներում, առանց խոչընդոտների ընթանան ականազերծման աշխատանքներ։
Ադրբեջանցիները կադրեր են տարածում, որտեղ երևում է, թե ինչպես են հայ սակրավորները ականազերծում Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցուն հարող տարածքները։
Ականատեսը դարձանք նրան, որ հայն իր ձեռքով, իր սերունդների արյամբ պահած հողն ականազերծելով թուրքի առջև բացում է ճանապարհը դեպի հայկական եկեղեցի ու բնակավայրեր:
Հասել ենք նրան, երբ Ալիևն այլևս ականապատման քարտեզ չի պահանջում, այլ հրահանգում է ականազերծել տարածքները և նոր հանձնել։
Նրանց սահմանապահ զորքերին կմնա անխոչընդոտ գալ, հաստատվել նոր բնագծում, իսկ թիկունքում՝ տարածքների հանձման արդյունքում, գրեթե ամբողջությամբ խաթարված 3-րդ բանակային կորպուսի 1-ին պաշտպանական գիծն իր տասնյակից ավելի հայկական դիրքերով, խրամատներով, խրամուղիներով, դիտակետերով, ռազմավարական նշանակության հսկայածավալ տարածքներով անցնելու են Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ և հետայսու օգտագործվելու են մեր իսկ դեմ:
Այդպիսով՝ կազմաքանդվում ու կոլապսի է ենթարկվում Տավուշի ողջ պաշտպանական-անվտանգության համակարգը: Թշնամին ավելի հարմար է դիրքավորվում հայկական բնակավայրերի մոտ:
Դե իսկ վարչապետ կոչվածն անգլիական լրատվականներին այսօր տված իր հացազրույցում կրկին պետք է անկեղծ ու անկաշկանդ ասի, որ՝ «ՀՀ-ն չի պատրասվում պատերազմել Արցախի համար, որ հույս ունի, թե սահմանազատման գործընթացում ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»։
Ավելին՝ պետք է ասի, թե «տավուշյան գործարքով» «տեղի ունեցող գործընթացի արդյունքում հնարավոր կդառնա Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերում մարդկանց կյանքն առանց սթրեսների»:
Ծիծաղս ու նյարդերս զսպելով՝ միայն կասեմ հետևյալը.
իհարկե՛ չի պատրաստվում պատերազմել մի բանի համար, որը հանձնել է:
«Մի բան», որը մի օր` «Հայաստան է ու վերջ», մյուսը օրը՝ «Ադրբեջան է ու վերջ»:
Եվ հետո՝ այսօրվա նիկոլյան Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմել ցանկացած «բանի» համար:
Սև լճի, ձնոտ սարերի, 250 կմ-ից ավելի օկուպացված հայկական սուվերեն տարածքների համար ևս չի պայքարելու:
Վաղը չի պատերազմի, երբ թշնամին գրավի Սևանը, Վարդենիսը, Ջերմուկն ու Կապանը:
Նա դրանք կհանձնի, որ փրկի Երևանը:
Նա իր ծննդավայրն է «բանտիկով» նվիրում թշնամուն, ուր մնաց Արցախը պահեր, առավել ևս՝ վերադարձներ:
Նա իր մնացյալ կյանքում, լավագույն դեպքում կարող է վերադարձնել իր «դեղնամամուլի» աշխատանքը՝ բերդերից կամ եվրաամերիկյան ապաստարաններից հրապարակելով նոր՝ «Երկրի հակառակորդի կողմը» գիրքը:
Իսկ մինչ այդ, ավանդական դեմագոգիան ու պաթոսը շաղ տալով, պետք է խոսի ՀՀ օկուպացված տարածքների, Արծվաշենի իրավական կարգավիճակի մասին:
Իսկ ճղճիմության, լկտիության ու պադոշության կուլմինացիան պետք է լիներ՝ «Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերում մարդկանց կյանքը կդառնա առանց սթրեսների» արտահայտությունը:
Դե, ե՛կ վարդապետ ու մի՛ խենթանա:
Սա ասում է մի մարդ, ում գոյության ու արածների արդյունքում, ընդհակառակը, վերոնշյալ գյուղերի բնակչությունն իր հերթին, ողջ գիտակից հայությունն էլ իր հերթին պերմանենտ սթրեսի, քաոսի ու ողբերգության մեջ են հայտնվել:
Թուրքին բերում է հարևան սարքում ու խոսում գյուղացիների բնականոն, առանց սթրեսի կյանքից:
Գյուղացիներ, որոնք մինչ այս պահը անգամ առիթ չեն ունեցել մտածելու իրենց անվտանգության, ապահով լինելու, առավել ևս՝ սթրեսի մասին:
Չէ՜, ի՞նչ սթրես, ի՞նչ ահ ու վախ, ընդհակառակը՝ կիրանցին, ոսկեպարցին ու բաղանիսցին «պետք է ուրախ լինեն, պետք է ասեն՝ վա՜յ, էսինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, որ ադրբեջանցիք կգան մեզ հետ կողք-կողքի հաշտ ու համերաշխ կապրենք, բիզնես կանենք: Դե որ անցակետ ու սահմանապահ զորքեր էլ կան, ավելի լավ՝ կուզենք կշփվենք, չենք ուզի չենք շփվի»:
Այնպես որ ժողովուրդը չպետք է դա որոշի.
ինքն է որոշել, թե թուրքը որտեղ պետք է գա ու նստի:
Ինչևէ, ձայնը տաք տեղից է գալիս:
Ինքն ընտանյոք հանդերձ դելիմիտացված ու դեմարկացված, կոմֆորտ զոնա կառավարական «ասաբնյակում» է՝ շրջապատված պահապան ոստիկաններով ու հատուկ ջոկատայիններով:
Իսկ՝ «Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից: Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել և սահմանազատում իրականացնել միայն այն տարածքներում, որոնք Ադրբեջանը պահանջում է և որոնք առաջնային են Ադրբեջանի համար» Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությանը չեմ էլ անդրադառնա:
Կասեմ ընդամենը մեկ բան՝ օտարի, թշնամու շահերի սպասարկող ապազգային, անհայրենիք տարր:
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած» ասող վարչապետը առանց ամոթի խոսում է խաղաղությունից ու ձեռքբերումներից:
Որոշ տականք պատուհասներ էլ պետք է ասեն՝ «Հայաստանն այլևս զավակ չունի Տավուշի մի երեք գյուղի համար զոհելու»:
Նման անհեռատես, տգետ տխմարներին արի բացատրի, որ գյուղեր տալուց հետո, շատ ավելի զավակ ես զոհելու, ավելի շատ կորուստ ու արհավիրք ես ունենալու:
Այս օրերին իշխանական պրոպագանդան անզուգական է:
Փաստորեն այսօր պատմական հաղթանակ ենք գրանցել:
Ալիևը համաձայնել է կոնկրետ այս պահին, կոնկրետ այդ հատվածում դելիմիտացիա իրականացնել:
Բրա՜վո, սա աննախադեպ հաղթանակ է:
Միակողմանի տարածքներ զիջելն իրոք մեծ ձեռքբերում է:
ՈՒղղակի, Ալիևը նաև չի ասել, որ մյուս վայրերում ևս նույն սկզբունքով կշարունակի:
Ալիևը եթե սա պահանջեց ու ստացավ, առաջիկայում ինչ էլ պահանջի անխոչընդոտ ստանալու է:
Հաջորդը՝ Գեղարքունիքի գյուղերն են:
Ինչևէ, մենք առաջին ազգն ենք, որը «բարաթով» հող է տալիս թշնամուն, պատրաստ է միակողմանի զիջումների, ունի այդքան տարածքային կորուստ ու ասում է, որ հաղթեցինք, շախ ու մատ արեցինք Ալիևին ու Պուտինին։
Իշխանությունների քստմնելի վարքն ու ստրկամիտ խոսույթն այսքանով չի սահմանափակվում:
Իշխանական պարապած պիոներներն ու տաշտամանից օգտվող որոշ մտքի գիգանտ քաղաքական վերլուծագանգերը արհեստավարժորեն շրջանառության մեջ են դրել մի նոր մանիպուլյատիվ թեզ.
բա թե՝ «ովքեր դեմ են սահմանազատմանը, ուրեմն Հայաստանը ներքաշում են պատերազմի մեջ»:
Դա էլ քիչ չէ, այն մարդկանց, ովքեր մտահոգ են տավուշյան դեպքերով, ովքեր դեմ են միակողմանի զիջումներին՝ իրենց էությամբ, իմիջով ու հորոսկոպով հայրենավաճառները՝ քաղաքական ինֆանտիլ-օլիգոֆրեն, իմբիցիլ-պնակալեզ լինելով, բոլորին համատարած անվանում են «գործակալ» ու «5-րդ շարասյուն»:
ՈՒ սա այն պարագայում, երբ իրենք իշխանություն են, ամբողջ ուժային բլոկը՝ ոստիկանություն, ԱԱԾ, Քննչական մարմիններ, իրենց լիարժեք վերահսկողության տակ են, բայց արի ու տես, առ այսօր չեն կարող որևէ ապացույց ներկայացնել, որի հիմքով էլ նրանց ձերբակալեն։
Ստացվում է՝ ովքեր վարչապետի աջակիցը չեն, «օտարերկրյա գործակալ» ու «5-րդ շարասյուն» են։
Վա՜յ ձյուն գար ձեր գլխին այս շոգ օրով:
Ձեզ ժողովուրդը հետո կանրադառնա:
Ձեր հերթն ավելի շուտ է գալու:
Հիմա, առայժմ հեռահար թուք ու մուր, տնական քֆուր կերեք, մինչ ժամանակին ձեր փայն ուտեք:
Նորին մեծություն ժամանակը կանի իր գործը:
Իսկ մինչ այդ՝ քանի դեռ երկրի մեծերը հայրենավաճառությամբ են զբաղված, երկրի բալեքը հայրենիք են պաշտպանում, ու դրա համար գործակալ համարվում:
Ականջդ կանչի, Պյութագորա՛ս.
«ամենաստոր ու քստմնելի բիզնեսը դա հայրենիքն աճուրդի հանելն ու վաճառելն է»:
ՈՒ այս ամենը մենք հանդուրժում ենք:
Մի ողբերգություն դա է, մեկն էլ, որ պետությունդ ու դրա բնակավայրերը ճանաչում ես արհավիրքից արհավիրք, պատերազմից պատերազմ, կորստից կորուստ:
Ո՜վ էինք, ի՜նչ դարձանք…
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ