Հանրային առողջացման և ազգային վերականգնման համար անհրաժեշտ է արագ ազատվել թակարդներից. այս վիճակով չենք դիմանա։ «Թալանը» ամենակեղտոտ, ամենավտանգավոր թակարդն է, որը դրել է Նիկոլի իշխանությունը, որը խելագարացնում է հասարակությանը, մաշում է այն և թույլ չի տալիս որևէ առողջ պրոցես։
Ապագայի թալանի արդարացում՝ նախկինների թալանով
Այս իշխանությունը թալանել է մեր պետության ապագան, բայց բոլոր կորուստներն արդարացնում է «նախկին թալանով», ու սա դեռ աշխատում է։ Հասել ենք այն կետին, որ բազմաթիվ գրագետ, պարկեշտ մարդկանց այսօր մեղադրում են «թալանը» պաշտպանելու մեջ, և նրանք էլ հաճախ կաշկանդվում են դրանով։
Հանրային գործիչների ճնշող մեծամասնությունը (նրանք, ովքեր հակաիշխանական պայքարի առանցքն են) ոչ մի կապ չունի «թալանի» հետ, բայց նրանց փորձում են որպես թալանի պաշտպաններ դիրքավորել։
Նրանք, ովքեր իրոք «թալանել» են, կա´մ լռում են, կա´մ համագործակցում, կամ վայելում են։ Իսկ երկիրը, բառիս բուն իմաստով, չոքում է հին ու ներկա թալանի, այլանդակ իշխանության և արտաքին ռիսկերի բեռի տակ։
4-5 տարի է, ժողովրդական լեզվով ասած, «թազա հարսի» նման գլուխներս կախում ենք՝ չգտնելով ճիշտ պատասխանները կամ ձևացնելով, թե ոչ մի թալան չի եղել, կեղծ թեմա է, ժողովուրդը մոլորության մեջ է։
Կամ պատասխանում ենք, թե՝ հիմա´ էլ են թալանում (ինչը, իհարկե, ճիշտ է և, կարծես թե, ահռելի ծավալների) և կամ անհեթեթ ձևով արձագանքում՝ «այդքան չէ, ավելի քիչ է եղել թալանը»։ Պրոբլեմին ուղիղ չնայելը և դեֆեկտիվ պատասխաններ գտնելը միայն ուժեղացնում է իշխանությանը։
Բաց խոսենք հասարակության հետ
Մենք իսկապես չենք կարող ձևացնել, թե ոչինչ չի եղել, թե մեր աչքի առաջ տասնյակներով պետական բարձրաստիճան և ոչ այնքան բարձրաստիճան այրերը չեն դարձել խոշոր կապիտալի տեր՝ անհասկանալի ու անընդունելի ճանապարհներով։ Նախարարներ, ՊԵԿ վերնախավեր, գեներալներ, քաղաքապետեր, մարզպետներ, բարձրաստիճան ուժայիններ, ազդեցիկ այլ ընտրյալ-պաշտոնյաներ, առանձին ընտանիքներ, նրանց բարեկամներ և այլք։ Բոլորը սա գիտեն, բայց (նաև այսօրվա իրողությունների բեռի տակ) բաց չենք խոսում, այդ պատճառով էլ չի ստացվում անկեղծ երկխոսությունը, ու չի սկսվում հանրային առողջացում՝ այս վիճակից դուրս գալու, պետությունն իրոք փրկելու շուրջ։ Մենք պետք է բաց խոսենք, որպեսզի պետության ապագան, մեր բոլորի ընտանիքների ապագան չդառնա այլոց կապիտալի զոհ։
«Թալան» բառը վատն է, ակնհայտորեն ճիշտ չի բնորոշում կատարվածը։ Կարելի է գտնել այլ ձևակերպում՝ վիճելի կապիտալ, կապիտալի նախնական կուտակում, հանրային ռեսուրսի հաշվին ստեղծված կապիտալ, ապօրինի կապիտալ և այլն։ Պետք է ուղղակի բաց խոսել թեմայի մասին, չկոմպլեքսավորվել և պետք է գտնել տարբերակները, որպեսզի այդ ռեսուրսն օգտագործվի Հայաստանի վերականգնման համար, ծառայի ոչ թե Նիկոլի փիառին, այլ՝ Հայաստանի վերականգնմանը։ Գծել կարմիր գիծը ու անցնել առաջ։
Հակառակ դեպքում, մենք թակարդից դուրս չենք գալու, Նիկոլը դա չի թողնելու։
Մենք հո գիտենք, որ տասնյակներով պետական պաշտոնյաներ ունեն լուրջ կապիտալ՝ Հայաստանում և աշխարհի տարբեր վայրերում. ձև անենք, թե չգիտե՞նք, թե՞ ձև անենք՝ իբր չկա։ Թե՞ բաց խոսենք ու գտնենք լուծումները: Ու սկսենք մեր երկրի ապագայով զբաղվել՝ երկրի, որը տանում են ոչնչացման։
Կա պրոբլեմ, կա լուծում, և դա պետք է անենք մենք
Այս իշխանությունը փորձում է համոզել, որ մինչև 2018 թվականը եղել է միայն մի մեծ թալան, և ուրիշ ոչինչ չի եղել։ Սա մեծ սուտ է։
Ասում է՝ ժողովուրդ, այն, ինչը դուք ապրել եք, տեսել եք, չի եղել։ Աղանդի քարոզչի նման կրկնում է՝ «ձեզ ասում եմ՝ եղել է միայն թալան», ու լսարանի մի մեծ հատված հլու կրկնում է այդ մանտրան։
Մենք այս թակարդում չենք կարողանում ասել, որ «թալան» կոչվածը ներառում է առավելագույնը մի քանի տասնյակ անուն։
Չենք կարողանում ասել նաև, որ 1991-ից իրականում եղել է լուրջ զարգացում, պետականաշինության լուրջ փուլ, հետպատերազմյան վերականգնում, բարեփոխումներ, խոշոր ծրագրեր, խոշոր ենթակառուցվածքների ստեղծում, մշակութային, գիտական կյանք և ձեռքբերումներ, մարզական փայլուն հաղթանակներ, տնտեսության աճ։ Հազար ու մի բան է եղել՝ պետական կյանք։ Կարո՞ղ էր ավելի լավ լինել։ Կարող էր։ Եղե՞լ է պետություն՝ իր ամբողջ ատրիբուտիկայով ու դինամիկ զարգացմամբ. եղել է։
Լուծումները.
1. Առաջին հերթին պետք է սցենարը, դերաբաշխումը փոխել։ Քանդել է պետք «Նիկոլը մեղադրում է, մենք պաշտպանվում ենք» հերթագայումը։ Սա վերջ չունեցող ներկայացում է։ Այս պրոբլեմի մասին բաց պետք է խոսենք մենք՝ բոլորը, ովքեր Նիկոլից հետո ուզում են կառուցել նորմալ ժամանակակից պետություն։
2. Թիմերի ներսում պետք է սկսվի առողջացման պրոցես։ Պետք է փորձել դառնալ ավելի ազատ, չկաշկանդվել այլոց «պատմությամբ»։ Նրանք, ովքեր կաշկանդված են այս թեմայով և պատրաստ չեն գնալ իրոք քաղաքական ազատ, բաց խոսակցության, պետք է իրենք դուրս գան հանրային կյանքից և չկաշկանդեն պայքարողներին։ Հակառակ դեպքում, պայքարը լինելու է միշտ այսպես՝ ականապատ, կիսահղի, գործարքային նրբերանգներով։
3. Շատ կարևոր է, որ այսօր ընդդիմադիր, քաղաքական-հանրային հայտ ներկայացրածները հենց իրենք խիզախորեն խոսեն անկախության տասնամյակների որոշ բարքերի և խաղի որոշ կանոնների մասին՝ առանց քաշվելու, առանց այլևայլությունների։ Բա եթե ասում ենք, որ Նիկոլից ազատվելուց հետո պետք է կառուցենք ժամանակակից պետություն՝ նոր խաղի կանոններով, չֆիքսե՞նք ու չմերժե՞նք անընդունելին, չասե՞նք, թե հատկապես ի´նչը չի լինելու ապագայում։
4. Հնարավոր չէ համոզել հայ ժողովրդին, որ 30 տարի ամեն ինչ եղել է արդար, որ ոչ ոք անարդար ձևով չի հարստացել, ոչ ոք պետական կամ հանրային ռեսուրսի հաշվին չի հարստացել, կոպեկներով չեն սեփականաշնորհվել բազմաթիվ մանկապարտեզներ, շենքեր, հողեր և այլն։ Պետք է հարցը տեղափոխել այլ հարթություն. ի՞նչ անել, որ այդ ռեսուրսը ծառայի Հայաստանին, պետության վերականգնմանը, հասարակության վերակառուցմանը։ Զզվելի է կրկնվող սցենարը՝ հերթական մարդկանց բանտ տանել, հետները ստվերային պայմանավորվել, հետո պայմանավորվածությունը խախտել, մեդիայով սարքել գող-թալանչի՝ հանուն ռեյտինգի։ Ճիշտը խաղի հստակ կանոններով այդ կապիտալը, այդ ռեսուրսը պետության զարգացմանը ծառայեցնելն է։
5. Մարդկանց պետք չէ կոչել թալանչի, դավաճան և այլն։ Մարդկանց ստորացնելու իմաստը ո՞րն է, երբ կա ռացիոնալ լուծում՝ բոլորին ձեռնտու։ Պետք է կազմել ցանկ, ստեղծել հատուկ հիմնադրամ՝ «Հայաստանի զարգացման -վերականգնման»։ Իրական հաշվարկների վրա «խստիվ առաջարկել» խոշոր նվիրատվություններ անել, ֆիքսել պայմանները, հետո «խստիվ առաջարկել» տարբեր մարզերում, ոլորտներում նախապես մշակված ծրագրերի շրջանակներում ներդրումներ անել, զարգացնել ոլորտ ու ռեգիոն։ Թող արդեն որպես ներդրող շարունակեն փող աշխատել, ոչ որպես պետական պաշտոնյա։ Պայմանական ասած, եթե մարդը երկրից տարել է 100 մլն դոլար կամ արտոնյալ պայմաններով ձեռք է բերել տասնյակներով-հարյուրներով պետական գույք, պետք է առաջարկել մի մասը մուծել հատուկ հաշվին և պետության առաջարկած ծրագրերից մեկում, սեփական ընտրությամբ, անել ներդրումներ, որ պետությունը շնչի, քաղաքացին շահի։
6. Սկզբունքը հետևյալն է. վիճարկելի կապիտալը պետք է ծառայի Հայաստանին, ոչ թե՝ իշխանության PR-ին։ Հետնիկոլական իշխանությունը սա անպայման պետք է անի։ 20-րդ դարի պատմության մեջ շատ երկրներ են ընտրել այս անցումային սցենարը. տարե՞լ ես, ստեղծել ես ահռելի կապիտա՞լ, ուրեմն պետք է կիսվես՝ երկրի ու ժողովրդի հետ։ Որից հետո սկսվում են խաղի նոր կանոններ։
7. Եվ վերջապես՝ թալան և այլ ձևակերպումները չեն կարող վերաբերել բիզնես համայնքին։ Գործարարներն այս համատեքստում չեն կարող լինել։ Գործարարներից չի կարելի սարքել թալանչի ու կեղեքիչ։ Գործարարների հետ երկխոսության և նոր «պայմանագրի» լեզուն լրիվ այլ է։ Այնտեղ էլ կա գործիքակազմ, որը պետք է կիրառվի ու կրկին՝ փոխշահավետության սկզբունքով։ Գործարարները մեր պետության հենասյուներից են, նրանք մեծ մասամբ բավականին լուրջ, կարևոր ու օգտակար մարդիկ են։ Գործարարին պետք է խրախուսել, որ աշխատի, ներդրումներ անի։ Արժի նաև տարբերակել այն գործարարներին, որոնք Հայաստանում ահռելի փողեր են աշխատել, բայց մի կոպեկ չեն ներդնում մեր երկրում։ Սա վերաբերմունք ու լուծում պահանջող խնդիր է։ Թացը չորի հետ չի կարելի խառնել։
Երրորդ «թակարդի» մասին՝ հաջորդիվ:
Վահե Հովհաննիսյան