Հայուհիները և աշխարհի կանայք
13.03.2020 | 03:25
Հայաստանի ազգային գրադարանում օրերս տեղի ունեցավ «Հայուհիները և աշխարհի կանայք» խորագիրը կրող ցերեկույթ, որը կազմակերպել էին Հայաստանի ազգային գրադարանը, Հովհաննես Թումանյանի թանգարանը և «Հայուհիների համահայկական միություն» ՀԿ-ն: Վերջինիս հիմնադիր նախագահ Շողանե Մելքոնյանը ներկայացրեց միջոցառմանը ներկա օտարազգի բանախոսներին, նշեց, որ նրանցից ոմանք երկար տարիներ ապրում ու աշխատում են Հայաստանում, ճանաչում են հայ կանանց և լավագույնս կկարողանան բնութագրել հայուհիներին:
Հայաստանում հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը (Ֆելլեր) Հայաստանում է ապրում արդեն 50 տարի: Ամուսինը հայ է, ունի 2 տղա և թոռ: Նա համոզված է, որ հայ և հրեա ժողովուրդները նման են իրար իրենց պատմությամբ և ճակատագրով: Չի հավանում ուժեղ («տղամարդ») կանանց ու շատ է կարևորում աղջիկների դաստիարակությունը:
Սլավոնական համալսարանի դասախոս, հնդկուհի Սանտոշ Կումարու խոսքը շատ հուզիչ էր. «Սանկտ-Պետերբուրգում սովորելու տարիներին ուսումնասիրեցի հայ ժողովրդի պատմությունը և հասկացա, որ մենք իրար շատ նման ենք, ու ձեզ շատ սիրեցի: Դուք էլ մեզ նման խաղաղասեր եք և գրեթե միշտ պաշտպանվողի դերում եք: Դուք իմն եք: Տարիներ առաջ, երբ ես չէի ուզում ապրել, ինձ օգնության ձեռք մեկնեց մի հայուհի: Համոզված եմ, որ այդ կնոջն Աստված էր ուղարկել, ու նրա շնորհիվ ես հաղթահարեցի այդ վիճակը: Դուք հին, արքայական ազգ եք, հին հոգիներ եք. թագավոր չեն դառնում, ծնվում են: Ամեն գիշեր լուսացնելիս՝ մի քանի միլիոն մարդկանց աչքեր չեն բացվում, եթե մեր աչքերը բացվել են, պետք է Աստծուն փառք տանք, շնորհակալ լինենք»:
Հայաստանում վրացական համայնքի փոխնախագահ, Վրաստանի գրողների միության անդամ, բանաստեղծուհի, թարգմանչուհի Նինո Սպանդերաշվիլին ասաց, որ ծնվել և սովորել է Վրաստանում, սակայն 35 տարի է, ինչ ապրում է Հայաստանում: Հայ կնոջ մասին առաջին տպավորությունը իր մեջ ձևավորվել է այն ընտանիքում, ուր ինքը հարս է գնացել: Նրա կարծիքով` հայ կանայք շատ աշխատասեր, բարի, առաքինի կին և մայր են: Ասաց, որ դարեր շարունակ հայերն ու վրացիները կողք կողքի են ապրել և շատ ընդհանրություններ ունեն: Երկու երկրներն էլ պայքարել են հայրենիքի, կրոնի, լեզվի պահպանության համար: ՈՒնեն ընդհանուր սուրբ՝ սրբուհի Շուշանիկը, որը հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրն էր: Նա ապրել է 5-րդ դարում: Վրացական եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը, քանի որ նա պայքարել է հավատքի համար: Սեպտեմբերի 10-ին Սուրբ Շուշանիկի օրն է նշվում Վրաստանում:
Նինո Սպանդերաշվիլին հիշեց նաև, ինչպես հայ կանայք կարողացան արժանապատվորեն հաղթահարել բոլորիս հայտնի մութ ու ցուրտ տարիները: Իր խոսքի վերջում կարդաց Վահան Տերյանի «Ո՞վ կարող է չսիրել ձեզ» բանաստեղծությունը, որը վրացերեն է թարգմանել կանանց միջազգային օրվա առթիվ:
Կոնսերվատորիայի իրանցի դասախոս Սեյեդեհնասիմ Ֆաթեմին շնորհակալություն հայտնեց հայուհիներին, որոնք Հայաստանում ապրած 9 տարիներին շատ են օգնել իրեն` մոր և քրոջ պես:
Քրդական «Զագրոս» պաշտոնաթերթի պատասխանատու Լիաննա Մհոյանն ասաց, որ ինքը քրդուհի է, կրոնական պատկանելությամբ՝ եզդի: Նրա կարծիքով` հայ կանայք հաջողակ և ակտիվ են բոլոր բնագավառներում, այդ թվում՝ քաղաքականության մեջ: Հուսով է, որ մի օր էլ իր հայրենակցուհիները հայուհիների պես կկարողանան կարծրատիպեր կոտրել:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը շնորհավորեց կանանց տոնն ու միջոցառումն ամփոփեց Գրիգոր Զոհրապի «Գեղեցիկ կինը ժպտացող կինն է» խոսքերով:
Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ