Գլխավոր կռվախնձորը կդառնա Ղարաբաղը
31.01.2020 | 11:30
Վլադիմիր Պուտինի ամանորյա անակնկալ ծավալուն նախաձեռնությունները՝ կառավարության հրաժարականը, նոր վարչապետի նշանակումը, պառլամենտի և պետխորհրդի լիազորությունների ընդլայնումը, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը և այլն, աննախադեպ աշխուժացրին ռուս քաղաքականագիտական-փորձագիտական միտքը, առաջ բերելով բազմաթիվ վերլուծություններ, վարկածներ, կանխատեսումներ, հետևություններ: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև հենց Պուտինն ինքը հարցականի տակ դրեց իր իսկ ստեղծած և երկու տասնամյակ գործած պետական մոդելի կայունությունը:
Արդարև, երկու տարի է մնացել ռուսաց պետության ներկա ղեկավարի առաջնորդության ավարտին: Եվ նման բեկումնային փոփոխություններ: Նույնիսկ հրաժարում սեփական իշխանական որոշ շոշափելի գործառնություններից: Մեծ քաղաքականության մեջ հենց այնպես ոչինչ չի լինում: Բայց թե որոնք են նախկին մեծն հետախույզի հեռանկարային ծրագրերը, Ռուսաստանում ոչ ոք չի կարողանում իրապես մարմնավորել: Պուտինի իրական պլանների մասին մենք չենք կարող իրազեկվել, գրում է ռուսական թերթերից մեկը, ինչպես որ, ի դեպ, չի կարող իրազեկված լինել ոչ ոք, ելնելով անցած տարիների փորձից: Մնում է միայն ենթադրություններ անել, թե ինչ ուղղությամբ կզարգանան Պուտինի առայժմ ծածուկ մտահղացումները:
Թեմայի շուրջ անթիվ-անհամար «խորհրդածությունների» մեջ գերադասեցինք կանգ առնել Միջազգային եվրասիական շարժման և պահպանողական հետազոտությունների կենտրոնի փորձագետների պատրաստած վերլուծական զեկույցի վրա: Այն պարզ պատճառով, որ այդ տեքստի մեջ էապես շոշափված են նաև հայրենի Հայաստանի ազգային շահերը, տրված են հեռանկարային որոշ պատկերացումներ մեր երկրում ռուսական ազդեցության ուժեղացման հենքի ներքո:
Նկատի ունենալով Վլադիմիր Պուտինի միջազգային բարձր, համեմատաբար նվազ, սակայն նույնպես պատշաճ մակարդակի վրա գտնվող ներքաղաքական վարկանիշը, ռուսաց ղեկավարը ի զորու է իրականացնելու հետևյալ երեք սցենարները, որ ներկայացնում ենք հակիրճ.
1. Պուտինը կարող է տևական ժամանակ իշխանությունը պահպանել համաժողովրդական հանրաքվե անցկացնելու միջոցով. Ռուսաստանի քաղաքացիները կտան իրենց վստահության քվեն:
2. Նա կարող է երկրի առաջնորդ դարձնել թույլ մի անձնավորության, ետքից կառավարելով պետությունը որպես «ազգի հայր»:
3. Որ ամենաբարդն է ու ամենագայթակղիչը և առավելագույնս համընկնում է ռուսաց պետության ավանդական կայսրապետական նկրտումներին: Նշյալ զեկույցի այս կետը մտածված կերպով ներկայացված է առավել հանգամանորեն: Այն է՝ ստեղծել նոր պետություն և դառնալ նրա օրինական լիդերը:
Ի՞նչ «նոր պետության» մասին է խոսքը: Միութենական: Ծանո՞թ տերմին է: Իհարկե: Ահա և պարզվում է, որ ներկա պարագայում միութենական պետություն հնարավոր է ստեղծել, սկզբում նրա մեջ Ռուսաստանի հովանու ներքո ընդգրկելով ցանկացած նվազագույն ինքնիշխան սուբյեկտի, անկախ նրա չափերից ու քաղաքական կշռից: Եվ ըստ այս տեսության, առաջին թեկնածուն կլինի Հարավային Օսիան՝ այնքան հարազատ ռուսաստանյան Հյուսիսային Օսիային: Նոր միութենական միավորի հաջորդ հավակնորդը կլինի Աբխազիան: Բնական հարց է առաջանում՝ ինչու ժամանակին այս երկու սյուբեկտները, հայտնի իրադարձությունների բերումով տարանջատելով Վրաստանից, Ռուսաստանը դրանք չմցրեց իր կազմի մեջ: Այն ժամանակ պատեհ չէր:
Վերցնենք Մոլդովան: Նրա երբեմնի բաղկացուցիչ մասը կազմող Մերձդնեստրը հայտնի է իր ռուսամետ կողմնորոշումով: Կարելի է վերջինս նոր միութենական պետության մեջ մտցնել նույնպես որպես առանձին սուբյեկտ, սակայն ինչու չի կարելի վերածնել նախկին միասնական «Մոլդովական ԽՍՀ-ն» առանց «խորհրդայինի»: ՈՒկրաինային կարելի է հրապուրել Դոնբասով: Բելառուսն արդեն այժմ տնտեսական էական կախվածության մեջ է Ռուսաստանից: Ղազախստանում զգալի քանակությամբ ռուսներ են ապրում: Առհասարակ նախկին միջինասիական հանրապետությունների միջև ուժեղանում են միջպետական հակասություններն ու հակակրանքները: Անլուծելի բազմաթիվ բարդություններ են առաջացնելու տարածաշրջանում լայն թափ ստացած ժողովրդագրական խնդիրները: ՈՒժեղ ձեռքի անհրաժեշտությունը դառնում է անխուսափելի:
Զեկույցում չեն մոռացվել նույնիսկ Եվրամիության անդամ դարձած երեք նախկին խորհրդային հանրապետությունների խոցելի կողմերը:
Սակայն դառնանք մեր տարածաշրջանին: Գլխավոր կռվախնձորն այստեղ կդառնա Ղարաբաղը: Հայաստանը նոր պետության մեջ կմտնի Ղարաբաղով, Ադրբեջանը՝ ղարաբաղամերձ հինգ շրջաններով (պարզ է դառնում, թե ինչու դրանք չեն վերադարձվել առայսօր): Եթե Հայաստանը համառի, Ադրբեջանը կդառնա միութենական հանրապետություն՝ Ղարաբաղով: Ի վերջո ի՞նչ երաշխիք, որ միութենական պետության ստեղծման ճանապարհին այս երկու երկրների միջև չեն ծավալվի «ապրիլյանից» էլ մասշտաբային արյունահեղ պատերազմական գործողություններ: Թույլ պետություններն առավել քան հնազանդ են ու խոցելի:
Վրաստանին կարելի է խոստանալ Հարավային Օսիայի և Աբխազիայի վերադարձը:
Կրկին հիշեցնենք, որ սրանք ընդամենը վարկածներ են: Ոչ ոք իրոք չգիտե, թե Վլադիմիր Պուտինը կձգտի՞ ստեղծել նորաձև մի պետություն, թեկուզ և մասնակիորեն, ու դառնալ նրա առաջնորդը: Դա իհարկե չի լինի գաղափարայնացված նոր Խորհրդային Միություն, այստեղ կգերիշխի ներքին լայն համագործակցության մոդելը: Զեկույցը հրապարակած թերթն իրազեկում է, որ ներկայացված են տեքստի սոսկ առանձին հատվածներ, իսկ լրիվ վարկածը լույս կտեսնի առաջիկայում:
Համաձայնենք, որ նույնիսկ բերված հատվածները խոր մտորումների, եթե ոչ լայն մտահոգությունների տեղիք են տալիս:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հ.Գ. Հայաստանում ուշադրություն դարձրի՞ն այն դրվագին, երբ Բեռլինում Լիբիայի խնդրի լուծման որոնումներով զբաղված աշխարհի առաջատար երկրների ղեկավարներն ու ներկայացուցիչները, հավաքվելով համատեղ լուսանկարման, ինչ «համբերատարությամբ» էին սպասում, թե երբ իրենց կմիանա ուշացող ռուսաց գերագույնը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը։
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ