ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երախտագիտություն՝ կինոլեզվով

Երախտագիտություն՝ կինոլեզվով
19.03.2022 | 12:01

«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի պրեմիերան: Այն «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն է: Առաջինը՝ «Փրկության քարտեզը», պատմում է եվրոպացի հինգ հումանիստ կանանց կյանքի և Հայոց ցեղասպանության տարիներին իրականացրած մարդասիրական առաքելության մասին: Այն էկրան է բարձրացել 2015թ. ապրիլին, թարգմանվել 13 լեզվով, ցուցադրվել 20 երկրում, հայաստանյան հեռուստաալիքներով, գնացքներում և համացանցում:

Ֆիլմաշարի մտահղացման հեղինակն ու պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է: «Փրկության քարտեզ» ֆիլմի ռեժիսորը Արամ Շահբազյանն է:


«Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական դրաման նկարահանել է ռեժիսոր Արա Մնացականյանը: Ֆիլմը պատմում է փրկվածների մասին ու նաև այն արտասովոր մարդկանց, որոնց շնորհիվ իսպառ ոչնչացումից փրկվեցին հայ, հույն և ասորի ժողովուրդների բեկորները:
Ֆիլմի ընթացքում ցեղասպանության մասին պատմում է ամերիկացի ցեղասպանագետ Փոլ Լևինը: Ֆիլմում օգտագործվել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի և Հայաստանի տարբեր արխիվների, գրադարանների և թանգարանների փաստագրական նյութերը: Վավերագրական դրաման նկարահանվել է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իրանում, Թուրքիայում, Հունաստանում, Լիբանանում և Հայաստանում:
Ֆիլմի բնօրինակ լեզուն անգլերեն է` հայերեն թարգմանությամբ:
Ֆիլմը 2021-ին նկարահանել է «Ման Փիքչերս Փրոդաքշեն»-ը: Ստեղծմանն աջակցել են միջազգային բազմաթիվ ընկերություններ, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանի կառավարությունը, ի մասնավորի՝ Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը:
Ֆիլմի ցուցադրությանը նախորդած ելույթներում բանաստեղծ Հակոբ Մովսեսը, Մանվել Սարիբեկյանը, ինչպես և տեսաուղերձով դահլիճի հանդիսատեսին ողջույնի խոսք հղած Արա Մնացականյանը մի հանգամանք էին շեշտադրում՝ երախտագետ լինել ամերիկացի այն գործիչների հանդեպ, որոնք մեծ ավանդ են ունեցել հազարավոր մարդկանց ցեղասպանությունից փրկելու հարցում:


Ինչ խոսք, դժվար այս օրերում հուզիչ էր լսել-դիտել պատմություն մարդասիրական բարձր որակների մասին: Եվ անգամ դաժանությունների՝ մեզ պատուհասած նորօրյա չափաբաժինը չխանգարեց սոսկումով ընկալել ֆիլմում եղած առանձին դրվագների և դիպվածների ողբերգականությունը, ինչպես օրինակ՝ ցեղասպանությունից մազապուրծ հայ տղեկի՝ թթենու ծառի վրա սպանվելը՝ այդպիսով դրախտի ուղեգրի արժանանալու հաստատ հույսից բարբաջող թուրք լակոտների ձեռքով:


Այս ֆիլմը կարող է ուղեցույց լինել հենց ամերիկացի վարչարարների համար, որոնք, ի թիվս համաշխարհային արենայում այլ խաղացողների, չեն հոգնում սպառազինել և միմյանց դեմ հանել տարբեր ազգերի ու պետությունների:


Կարինե Ռաֆայելյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 41857

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ