Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Աստծո աչքին ազգովի դառնում ենք անպիտան մոլախոտ

Աստծո աչքին ազգովի դառնում ենք անպիտան մոլախոտ
23.01.2009 | 00:00

ՀԵՌՈՒՍՏԱՄԱՂՁ
«Վա՜յ աշխարհին՝ գայթակղությունների պատճառով. գայթակղություններ պետք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը»։
(Ավետարան ըստ Մատթեոսի 18.7)
Շատ է խոսվել ու գրվել այս մասին, բայց պետք է ավելի բարձր աղաղակել, որովհետև «վերևի» լսողներին դեռ չի հասել «ներքևիններիս» ձայնը։ Խոսքը, ինչպես կռահեցիք, արդեն մեր հեռուստաէկրաններից առատորեն հորդող մշակութային կոյուղու մասին է ( ինչը հնարավոր չէ այլ կերպ որակել)։
Տեխնիկական ոլորտում գոյություն ունեն հատուկ սարքեր՝ ֆիլտրեր (զտիչներ), որոնք կանխում կամ մաքրում են աղտեղությունները` լինի օդի, ջրի և այլն։ Բայց, չգիտես ինչու, բարոյական մթնոլորտի զտիչներ չկան, իսկ եթե կան, ապա դրանք վաղուց են խցանվել (այսինքն` խիղճը), այլապես այն, ինչ մենք լսում և տեսնում ենք մեր հեռուստաէկրաններից, ուրիշ ինչ խոսքով որակես, քան՝ հեռուստամաղձ։ Կարծես մի դիվական ու անտեսանելի զորություն է դրդում այդ ոլորտի պատասխանատուներին` մեկը մյուսից ավելի «թույն» ծրագրեր մշակելու։ Իհարկե, կան համեմատաբար մեղմաբարո հեռուստաալիքներ, որոնց տնօրենների խղճի ֆիլտրերը դեռ չեն խցանվել, բայց այն համատարած կոյուղաբույր ծրագրերը, որ հրամցնում են մեզ գիշեր, թե ցերեկ, ապականում են նախ մեր ընտանիքները՝ սկսած մանուկներից, որոնց նայած մուլտֆիլմերը կախարդներով, անմարդակերպ արարածներով ու դաժանատեսիլ ճիվաղներով միայն հիստերիկ, կամակոր ու անհնազանդ սերունդ են դաստիարակում, և վերջապես Աստծո աչքին ազգովի դառնում ենք (միգուցե արդեն դարձել ենք) անպիտան մոլախոտ։
Էլ ինչո՞ւ ենք բողոքում, թե մեր երեխաները դարձել են անկառավարելի. ինչ սերմանում ենք, այն էլ հնձում ենք։
Իսկ ի՞նչ էինք ուզում քաղել վերջին ժամանակներում ցուցադրվող հայկական «ախպեր տղերքի» սերմանած «գողական հերոսամարտերից». միայն անբարոյականություն, համատարած մարմնապաշտություն` իր բոլոր դրսևորումներով։ Իհարկե, առարկող «քեռիներ» կլինեն, որոնք այդ ֆիլմերը կորակեն որպես չարի ու բարու մենամարտ, որտեղ «մերոնքականները» վերջում հաղթում են։ Բայց հիշենք, որ նմանակումն արդեն մենք տարիներով համտեսել ենք կոմունիստական ժամանակներում, բայց, ինչպես համոզվեցինք, «մերոնքականները» չհաղթեցին, այլ կայսերական փլատակների վերածվեցին, որոնք այժմ միմյանց դեմ են դուրս եկել։ Բայց այդ հեռուստաաղբը մեզ հրամցնող պարոնայք չգիտեն Աստծո Խոսքը, որ Պողոս առաքյալի միջոցով է ասվել. «Մի՛ խաբվեք. վատ խոսքերը ապականում են լավ բարքերը» (Ա Կորնթ., 15.33)։ Օրինակ, եթե առողջ խաղողի ճութի մի հատիկը սկսում է փչանալ, ապա այն հետզհետե փչացնում է մնացածներին, ոչ թե մնացած առողջներն են վերականգնում փչացած հատիկը։ Իսկ այն, ինչ մեզ հրամցվում է հեռուստամիջոցներով, ապականում է այն քիչ մնացած բարին, որ դեռևս կա մեր ազգի մեջ։
Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկներ» գրքում այսպիսի տողեր կան. ««Արբելու ժամն է։ Ժամանակի տառապյալ ստրուկը չդառնալու համար արբե՛ք, արբե՛ք անդադար, գինո՛վ, պոեզիայո՛վ կամ առաքինությամբ, ինչով կամենաք»։ Եթե բանաստեղծն այսօր ողջ լիներ, կավելացներ. «Արբե՛ք, արբե՛ք որ ալիքի հեռուստամաղձով ուզում եք, միայն թե արբե՛ք»։
Մինչդեռ շատերս գիտենք, որ բոլոր զարգացած երկրների մշակութային հենքը դարերով եղել է Աստվածաշունչը։ Այդ Սուրբ գրքից են օգտվել մեր հայոց մեծերը՝ Մաշտոցը, Խորենացին, Դավիթ Անհաղթը, Նարեկացին, Ներսես Շնորհալին, Տաթևացին, ինչպես նաև անզուգական հոգևոր շարականներ ու մանրանկարչություն կերտողները` հայոց ազգը դարերով պահպանելով մերձակա ազգերի ապականիչ ու դիվապաշտ սովորություններից։ Իսկ Միքելանջելոյի, Լեոնարդո դա Վինչիի, Բոտիչելլիի, Ռաֆայելի, Բախի, Մոցարտի և մարդկության այլ հանճարների ոգևորության աղբյուրը եղել է միայն և միայն Սուրբ գիրքը, այդ պատճառով էլ հարատևել է դարերով։ Իսկ այժմյան թիթեռնակերպ մերօրյա (ավելի ճիշտ՝ մեկօրյա) արվեստի ստեղծագործությունները (ավելի ճիշտ՝ ծամածռությունները), իրենց գորշ հետքը թողնելով դրանց հետ շփվողների հոգիներում, դարձել են հոգևոր վարակախտի իսկական ճահճափոսեր, որի հետևանքներն ամեն օր ենք ճաշակում։
Այս հրապարակման բնաբանի ավետարանական տողերն արդեն կարդացիք, իսկ հիմա կարդացեք դրա շարունակությունը. «Ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը»։
ՈՒրեմն` Աստծո «վայերից» ինչպե՞ս կարող է մեր ազգը խուսափել, եթե շարունակի անարգել ու ապականել մեր մանուկներին և ապագա սերնդին։ Ովքե՞ր են այն իշխանավորները, որոնց գրչի տակ են արգելակման լծակները։ Ի՞նչ է, նրանք կարծում են, թե իրենց երեխաները զե՞րծ են մնալու այս համատարած ապականության հետևանքներից։ Եթե այդպես մտածողներ կան, ապա թող իմանան, որ «փոս փորողն ինքը պիտի ընկնի իր փորած փոսը»։ Որովհետև, քանի՜ քանիսներն են տառապում այդ զազրատեսիլ ֆիլմերի ու հաղորդումների` դիվաշունչ ու լպիրշ երգերի հետևանքներից, միայն Աստված գիտի։ Այնպիսի տպավորություն է, թե ամբողջ հեռուստա-կինոարտադրությունը պնակալեզի քծնանքով ամեն գնով ուզում է հաճոյանալ հասարակության ցածրաճաշակ ու պիղծ մղումներ ունեցող շերտերին. հիրավի «Ագահությունն իրեն անձնատուր եղողին սպանում է» (Սողոմոնի առակներ), որովհետև բոլորս գիտենք, որ հեռուստաբիզնեսի կենարար արյունն անիրավ մամոնան է։
Այո՛, ցածրացել է, չափազանց է ցածրացել հայոց ազգիս երբեմնի նախանձելի բարոյական չափանիշը։ Այսօր այն շատ քիչ է տարբերվում նախնի հեթանոսական ժամանակների չափանիշից. կասեի, որ մի բան էլ անցել է։ Գուցեև ոմանք կառարկեն այս խոսքերին ու կբերեն հակառակ փաստարկներ. ես ուրախ կլինեի տեսնելու և համոզվելու։ Բայց օրեցօր բազմացող սաունաների ու հյուրանոցների անլեգալ պոռնկատներն ու գիշերային խաղատուն-պղծանոցները և բազմաթիվ այլ «անոցները» հակառակն են ապացուցում։ ՈՒզո՞ւմ եք մեր քաղաքի բարոյական չափանիշը ճշգրիտ իմանալ. հարցրեք գիշերային կյանքի զվարճատեղերի հաճախորդներին սպասարկող տաքսիստներին և այնպիսի բաներ կլսեք, որ կկարծեք Սոդոմ-Գոմորի հայկական տարբերակի մասին է խոսքը։
ՈՒ տեսնողների, այլ ոչ թե կույրերի համար արդեն գաղտնիք չէ, որ ադամական սերունդը նախաջրհեղեղյան և սոդոմական ժամանակների չափանիշները «տվել, անցել է»։ Եթե չես համոզվում, կարդա Աստվածաշունչը և կհամոզվես. այնտեղ բարոյազրկման չափանիշ են արվամոլությունն ու ազատ սեռական բարքերը։ Իսկ ինչո՞վ է հետ մնում այժմեական սերունդը, եթե ոչ առավել պղծախորհուրդ ու չարագործ դառնալով։
Աշխարհի քրիստոնեական քիչ երկրներ են մնացել, որ սոդոմականներին և դրանց տարբերակներին կանաչ ճանապարհ չտան։ Անգլիան, որ մի ժամանակ համարյա ամբողջ աշխարհի գաղութատերը լինելով, քրիստոնեական չափանիշ-երկիր էր համարվում, երկու տարի առաջ նույնպես կատարեց իր «մեծ քայլը» և օրինականության կնիք դրեց առաջին ամուսնացող տղամարդկանց զագսի փաստաթղթում։ Իսկ գիտե՞ք ով դարձավ առաջին «երջանիկ» զույգերից մեկը. շատերիս համար կուռքի վերածված բիթլզների խմբի երգիչներից մեկը (անունն անգամ չարժե գրել այստեղ)։ Իսկ դարերով աշխարհին հայտնի Իսպանիան, որ Ամերիկան հայտնաբերեց և այնտեղ քրիստոնեություն տարածեց, նույնպես չդիմացավ աշխարհի ապականությանը և միասեռականներին «օրինական ընտանիքներ» կազմելու «դաբրո» տվեց ու նույնիսկ երեխաներ որդեգրելու իրավունք շնորհեց, որ «աճեն, բազմանան», անժառանգ չմնան։ Իսկ գիտե՞ք, որ Իսպանիան հայոց հինավուրց քարտեզներում կոչվում էր «Սուրբ Հակոբի երկիր», որովհետև Հակոբոս առաքյալի մարմինն այնտեղ է թաղված, իսկ գլուխը Երուսաղեմի սուրբ Հակոբյանց մեր հայոց վանքում է գտնվում։
Ո՞րն է հաջորդ երկիրը, որն իր վրա է ուզում բերել Աստծո անեծքն ու բարկությունը, չգիտեմ, բայց որ Հայաստանն իր բարոյազուրկ մշակույթով և վարք ու բարքով հայտ է ներկայացրել, դա արդեն անզեն աչքով է երևում։ Մնում է վերջին քայլը… Բայց թող Աստված իր խրատող Աջը մեկնի և սաստի այդ պղծախորհուրդ զորություններին. ո՛վ էլ ուզում է լինի` վերևից ներքև՝ գահից մինչև հավաքարարի ավելը։
Խոսքն ավարտենք դարձյալ Տիրոջ խոսքով. «Նա՛, ով չի նորոգում և բարձրացնում նախնիների առաքինությունը, այդպիսին ամոթ ու նախատինք է իր պապերի համար և մի նոր անեծք» (Սիրաքի իմաստություն 20.28)։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հ. Գ.
-Որպեսզի չկարծեք, թե միայն հիվանդության «դիագնոզը» տրվեց, ու դրանով բավարարվեցինք, այժմ այս ապականիչ միջավայրից մեր ընտանիքները զերծ պահելու համար Սողոմոն իմաստունի մի քանի խրատները լսենք.
«Ով անմիտներ, մինչև ե՞րբ անմտությունը պետք է սիրեք, մինչև ե՞րբ ծաղրողները պիտի ուրախանան։
Երբ հանկարծակի խռովություն հասնի ձեզ վրա, և ինչպես մրրիկ կործանում գա կամ երբ ձեր վախճանը հասնի, գուցե դուք կանչեք Ինձ, բայց Ես ձեզ չեմ լսելու. չարերը պիտի փնտրեն Ինձ, բայց չեն գտնելու, քանզի ատեցին իմաստությունը և Տիրոջ երկյուղը չընտրեցին։
Քանի որ զրկում էին երեխաներին, պիտի կոտորվեն։
Իսկ նա, ով Ինձ լսի, կապրի ապահով ու երկյուղ չի ունենա ոչ մի չարիքից»
(Սողոմոնի առակներ. Ա գլխից)։
Իսկ Պողոս առաքյալը շարունակում է. «Արդարև կենդանի Աստծու տաճար եք դուք, ինչպես ասաց Աստված. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ընթանամ նրանց միջով ու նրանք պիտի լինեն Իմ ժողովուրդը։ Դրա համար դո՛ւրս եկեք նրանց միջից և հեռո՛ւ մնացեք, -ասում է Տերը,- ու մի՛ դիպեք պիղծ բաներին. և ես պիտի ընդունեմ ձեզ ու Ես պիտի լինեմ ձեզ համար Հայր և դուք Ինձ համար` որդիներ ու դուստրեր,- ասում է Ամենակալ Տերը» (Բ Կորնթ. 6.17)։ Իսկ պիղծ բաների կարելի է դիպչել ոչ միայն ձեռքերով, որ մարմնավոր զգայարաններն են, այլև աչքերի ու ականջների միջոցով, որոնք հոգևոր աշխարհին կապող զգայարաններն են։ Ինչպես որ հին բանսարկու օձը՝ սատանան, խոսելով խաբեց Եվային, ու նա լսեց, ապա նայեց ու տեսավ` չարի ու բարու ծառի պտուղը ցանկալի է աչքին, քաղեց, կերավ ու Ադամին էլ տվեց, և մարդ արարածներս մեղքին ու ապա մահվանը հաղորդ եղանք։ ՈՒրեմն` մեր աչքերն ու ականջները կարող են մեզ հաղորդ անել հեռուստաալիքների արտադրած հոգևոր թույնին, որի պատճառով մենք ընկնում ենք սատանայի լարած թակարդը։
Հիմա ի՞նչ անենք, կհարցնեն շատերը։ Դրա պատասխանը մեր առաքելական եկեղեցին տվել է դեռ վաղուց, բայց մենք կամ չգիտենք, կամ էլ մոռացել ենք։ Եթե արդեն մկրտված եք, ապա հիշեք, որ քահանան մկրտությունից առաջ երեք անգամ (որպես շատ կարևոր բան) ասել է սատանայից հրաժարվելու հաղթական բանաձևը։ Ահա այն.
-Հրաժարվում ենք սատանայից
և խաբեություններից նրա,
պատրանքներից նրա,
խորհուրդներից նրա,
ընթացքից նրա,
չար կամքից նրա,
չար հրեշտակներից նրա,
չար պաշտոնյաներից նրա,
չար կամքը կատարողներից նրա
և նրա ամբողջ չար զորություններից
հրաժարվելով հրաժարվում ենք։
Կհորդորեի (անձնական փորձից ելնելով) ամեն առավոտ ընտանիքի գլուխը՝ հայրը (եթե չկա, ապա մայրը) կանգնեն հայացքով դեպի արևմուտք ու երեք անգամ ասեն այս պահպանիչ բանաձևը, ապա դառնան դեպի արևելք (որտեղից պիտի գա մեր Տերը, այդ պատճառով բոլոր եկեղեցիների սուրբ խորանն արևելյան կողմում է), խաչակնքվեն ու ասեն. «Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. ամեն»։
Այս ամենն իմանալուց հետո մնում է գործադրել ու սեփական կամքով հեռու պահել մեզ ու մեր ընտանիքները սատանայի ամեն տեսակի որոգայթներից, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրհնություններն ու պահպանությունը վայելենք թե՛ ընտանիքներով, թե՛ ազգովի։

Դիտվել է՝ 3639

Մեկնաբանություններ