«ՀՈՒՅՍՆԵՐՍ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ Է»...
Հարավային Օսիայում ընթացող փաստացի պատերազմը բավական տհաճ իրավիճակի առաջ է կանգնեցրել հայ գործարարին և հիմնականում ներկրումների հույսին «ապրող» մեր տնտեսությանն առհասարակ…
Բնական է. Թուրքիայի հետ սահմանները փակ են, Իրանով միայն ցամաքային կապ կարող ենք ունենալ, որովհետև երկաթուղային հաղորդակցություն այդ երկրի հետ ընդհանրապես չունենք, այսպես կոչված` ինքնաթիռային բեռնափոխադրումների մասին էլ ավելի լավ կլինի մոռանալ. շատ թանկ է ստացվում: Դրանից բացի, ինչպես պարզեցինք ՀՀ բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Հերբերտ Համբարձումյանի հետ զրույցից, «Իրանի հետ կապված մի շարք այլ տիպի դժվարություններ էլ կան»:
-Իրանի հետ կապված դժվարություններին մենք դեռ կանդրադառնանք, պարոն Համբարձումյան, այս պահին կարո՞ղ եք նշել, թե կոնկրետ ինչ վիճակ է տիրում Վրաստանում` կապված մեր բեռնափոխադրումների հետ, ինչպե՞ս են դրանք իրականացվում,- հարցնում ենք բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղարին` հեռախոսային ճեպազրույցի ժամանակ:
-Այս պահին բեռնափոխադրումների իրականացման մասին խոսք լինել անգամ չի կարող, որովհետև պրոցեսը կանգնած է լրիվ: Բավական քանակությամբ` մոտ 20-30 մեր մեքենաներն այս պահին բեռնավորված կանգնած են Բագրատաշենում, որովհետև Փոթիի նավահանգիստն ամբողջությամբ փակ է. նավեր չեն գալիս, չեն մեկնում, և վրացիները մեր մեքենաները հետ են տվել, փաստորեն, մեր իսկ անվտանգությունից ելնելով: Դե, շատ վատ վիճակ է, փաստորեն, գիտեք, որ ճանապարհը դեպի Փոթի Գորիով է անցնում, իսկ այնտեղ անընդհատ կրակոցներ են…
-Դուք խոսեցիք Հայաստանից մեկնող մեքենաների մասին, իսկ Փոթիում չկա՞ն կանգնած մեքենաներ: Ի՞նչ է` մինչև անցած ուրբաթ, երբ փաստացի պատերազմը սկսվեց, նավ չունեի՞նք այնտեղ:
-ՈՒրբաթ գիշեր, լույս շաբաթ օրը, մենք պիտի նավ ունենայինք Բուրգասից Փոթի եկող, բայց այդ լուրն առնելուն պես նա պտտվեց, հետ գնաց Բուրգաս, որովհետև գալն իմաստ չուներ. Փոթին արդեն փակ էր:
-Պարզ է: Կարող եմ ենթադրել, որ նախորդ նավի ապրանքն արդեն բերվել էր Հայաստան: Լավ, իսկ իրենք` վրացինե՞րն ինչ են անում: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ բյուջեի դոմինանտը կազմող տրանզիտ վճարների մասով էլ են իրենք այս պահին վնասներ կրում, եթե նավահանգիստը փակ է…
-Ճիշտն ասած, ես ավելի շատ մեզ համար եմ մտահոգ, որովհետև իրենք պրոբլեմ չունեն. կարող են Թուրքիայով (Տրապիզոնով կամ էլի տարբերակներ կան) գալ, ցամաքով մտնել Վրաստան: Մենք, բնականաբար, այդ հնարավորությունը չունենք, հետևաբար պիտի ստիպված սպասենք, մինչև վիճակը կարգավորվի, կրակոցները դադարեն, ճանապարհը բացվի: Մենք իսկապես հույս ունենք, որ շատ շուտով հաշտության համաձայնագիր կլինի. հո էսպես չի՞ կարող երկար շարունակվել…
-Իսկ Ախալքալա՞քի ճանապարհը: Չէ՞ որ դա այն ճանապարհն է, որով հիմա Բաթումի մեր հյուպատոսությունը Վրաստանում հանգստացող կամ այս ու այն պատճառով հայտնված ՀՀ քաղաքացիներին է տարհանում (ի դեպ, նաև օտարներին՝ ԵՄ երկրների, ԱՄՆ-ի դիվանագետներին): Այդ ուղին հարմար չէ՞ բեռնափոխադրումներ իրականացնելու համար…
-Ախալքալաքի ճանապարհը շատ վատ, լեռնային ճանապարհ է, ինչի պատճառով մեծ բեռնատարների համար անվտանգ չէ երթևեկելն ու բեռնափոխադրումներ իրականացնելը: Դե, փոքրերով էլ հո խա՞ղ չենք անում. հասկանալի է, որ գործարարը վնասվում է այդ դեպքում…
-Այ, հիմա արդեն գանք Իրանին. ինչո՞ւ է անհնար այս ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելու մասով ինչ-որ ելք որոնել-գտնելը։
-Անհնար բան չկա. միշտ էլ կարելի է մի ելք գտնել: Բայց խնդիրներ շատ կան: Օրինակ, Իրանով չես կարող կոնյակ արտահանել` արգելված է, իսկ Դուք գիտեք, որ մեր հիմնական արտահանվող ապրանքը կոնյակն է: Բացի այդ, Իրանը սահմանի վրա վիզա չի տալիս: Դե, պատկերացրեք հենց միայն ժամանակի առումով ունենալիք մեր դժվարությունները, եթե Մոսկվայից դուրս եկած մեր վարորդները պիտի նախապես իրենց անձնագրերն ուղարկեն Իրանի դեսպանատուն, վիզա ստանան, հետ ուղարկեն Մոսկվա, նոր կարողանան գալ Հայաստան: Բացի այդ, մենք էդտեղ էլ ենք նավից օգտվում, իսկ Հենզելի-Աստրախան նավը հաստատուն չվացուցակով չի աշխատում: Մի խոսքով, միակ ելքն առայժմ սպասելն է` տեսնենք ինչ է լինում…
Ի դեպ, նախօրեին վրացական աղբյուրներից էլ հաստատեցին, որ Փոթիի նավահանգիստն իսկապես փակ է, որ այստեղ տեղակայված վրաց ռազմածովային բազայի ուղղությամբ գիշերային ռմբակոծություններ են տեղի ունեցել, և արդյունքում 9 մարդ է զոհվել: Ընդ որում, նաև խաղաղ բնակիչներ: ՈՒստի, թե ինչպես էր ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության մամլո բաժինը Panorama.am-ին տեղեկացրել, թե «հայկական բեռներին ոչինչ չի պատահել, և բեռնափոխադրումներն իրականացվում են առանց խոչընդոտների», մեղմ ասած` անհասկանալի է: Հավանաբար, ՕԵԿ-ական նախարարը «մեկ այլ Փոթի գիտի, որտեղ մեր բեռնափոխադրումներն իրականացվում են առանց խոչընդոտների», ո՞վ իմանա…
-Ճշգրի՞տ է Ձեր այն տեղեկատվությունը, թե այս պահին մեր բեռնափոխադրումներն «իրականացվում են առանց խոչընդոտների», ո՞վ է Ձեզ հաղորդել այդ մասին, և եթե իսկապես արժանահավատ տեղեկատվություն ունեք, մեզ էլ լրացուցիչ մանրամասներ հաղորդեք,- երեկ առավոտյան խնդրեցինք բացատրել և տեղեկատվություն տրամադրել ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության մամլո խոսնակ Սուսաննա Տոնոյանին:
-Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ինչ թյուրիմացություն է եղել, կամ գուցե տեղեկատվությունն ենք ավելի վաղ տրամադրել, ընդ որում, միայն երկաթուղու մասով, բայց մենք այս պահին ոչ մի տվյալ չունենք և չգիտենք, թե ինչ է կատարվում այնտեղ,- պատասխանեց մամլո խոսնակը, ինչից հետո խնդրեց սպասել մինչև կեսօր: Ասաց՝ «միգուցե լրացուցիչ տեղեկատվություն լինի»:
Բնականաբար, սպասեցինք, ընդ որում, այլևս «չխորացանք» այն մասով, որ խոսքը ոչ թե երկաթուղով մարդկանց տեղափոխման, այլ բեռնափոխադրումների և շատ կոնկրետ Փոթիի մասին էր։ Անիմաստ էր: Նաև՝ ապարդյուն…
-Լավ, մենք չենք, դուք եք. ինքներդ ասեք. նորմա՞լ բան է, որ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունը մինչ օրվա այս ժամը «բեխաբար նստած է» և ոչինչ չունի ասելու լրագրողներին: Չէ՞ որ դեռ մեր զանգերը չեղած` դուք արդեն պիտի կանխատեսեիք, որ մենք պիտի այս հարցերի առնչությամբ ձեզ ուղղակի «հանգիստ չտայինք»,- կրկին դիմում ենք նախարարության աշխատակցին:
-Ես հասկանում եմ, զանգերն էլ առավոտ 8:30-ից սկսած` չեն դադարել: Բայց դուք էլ հասկացեք, որ մենք արտակարգ իրավիճակի հետ գործ ունենք…
-Նախարարը գոնե տեղյա՞կ է ինչ-որ բանից, թե՞ նա էլ է «բեխաբար»…
-Լավ, էլի…նախարարն այս պահին և առավոտից խորհրդակցության է կառավարությունում…
Երեկ օրվա երկրորդ կեսին որոշեցինք գտնել գոնե ՀՀ արդյունաբերողներին ու գործարարներին «համակարգող» Արսեն Ղազարյանին՝ ինչ-որ բան իմանալու հույսով, բայց` էլի ապարդյուն: Մի գլուխ տեղում չէր` ասին: «Տեղում չէին», ի դեպ, նաև մի շարք գործարարներ, ովքեր «հավես չունեին քաղաքական էշությունների հետ, ինչի քաշվածն են սաղ կյանքը» (երկուսն էին էս դիրքորոշման տերերը. խնդրեցին անունները չգրել…), իսկ Երևանի կոնյակի գործարանի մամլո խոսնակը, ասին, ավելի ուշ կլինի: Վերջին դեպքում հետաքրքիր կլիներ իմանալ՝ եթե իրավիճակը մի քիչ էլ ձգվի, մեր գործարարն ի՞նչ է անելու, ի՞նչ ելքեր է որոնելու: Էն վիճակագրության ազգային ծառայության ղեկավարին էլ էնտեղ ոչ երանի` ներկրումից 4 անգամ պակաս մեր արտահանումը հիմա «լրիվ կսկի»…
Բա գա՞զը, բենզի՞նը՝ կհարցնեք: Ցավոք, «Ֆլեշ» ընկերության քարտուղարուհին, մեզ շատ սիրալիր պատասխանելով հանդերձ, չկարողացավ ներկա պահին լրատվության դժվարին գործը գլուխ բերել, որ մի բան իմանանք-տեսնենք` գոնե պաշարներ ունե՞նք…Ասաց` ավելի ուշ զանգահարեք, բայց դե՝ էլ չզանգահարեցինք։ Հետևաբար, մտանք մեզ շատ դեպքերում «փրկող» ինտերնետ, որ գուցե ռուսական աղբյուրներից մի բան գտնենք և գտանք: «Էներգետիկայի և ֆինանսների» ինստիտուտի նախագահ Լեոնիդ Գրիգորևն ի լուր աշխարհի տեղեկացրել էր, որ չնայած «մի կարճ շրջան վատ բաներ տեղի կունենան ռուսական ֆոնդային բորսայում կամ հարևան-ռուսներին բարեկամ Հայաստանում», ամեն բան շատ արագ կկարգավորվի: Ավելին, «Ներկայիս իրավիճակից ելնելով` ես անգամ տնտեսական պատժամիջոցների հնարավորություն էլ չեմ տեսնում, որովհետև Վրաստանում ուղղակի չկա այնպիսի տնտեսություն, որը երկար դիմանա պատերազմին»,- ամփոփել է Գրիգորևը` հիշեցնելով, որ վրացիների վիճակն էլ մի վիճակ չէ. արտաքին ապրանքաշրջանառության մեջ 2 մլրդ դոլարի հասնող բացասական հաշվեկշիռ էլ նրանք ունեն…
Մի խոսքով` հարկավոր է իսկապես սպասել, չտրվել որևէ սադրանքի (շատ լավ է, որ անգամ արիներն են, օրինակ, ջավախահայությանը հորդորել չեզոք դիրք գրավել այս ամենում), աղոթել խաղաղության համար, մինչև տեսնենք, թե ինչ է լինելու: Մեր մեջ ասած, մենք էլ առանձնապես մի դիմացկուն տնտեսություն չունենք: Ավելին, ի տարբերություն վրացիներին «սիրող» ամերիկացիների, մեզ «սիրող» ռուսներն առանձնապես շռայլ չեն և դեռ մեզնից են «բան փախցնում կամ գլխներիս սարքում»…
Զրուցեց Գոհար ՍԻՄՈՆՅԱՆԸ
Հ.Գ. -Ի դեպ, երեկ երեկոյան «ՀայՌուսգազարդը» պաշտոնապես հաստատեց, որ վրաց-հարավօսական հակամարտության պատճառով կիսով չափ կրճատվել է Հայաստան ներկրվող գազի քանակը։ Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, արդեն օրվա վերջում մեզ հայտնի դարձավ, որ դեռ պատերազմական իրավիճակից առաջ են խնդիրներ ծագել. Փոթիում առկա ինչ-ինչ անսարքության պատճառով դեռևս ուրբաթ օրը մոտ 160 վագոն բեռ է մնացել կայանված, և, բնականաբար, կուտակումներն ավելի շատ կլինեն։