Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Բնակչությունը կողմ է, սակայն ի վիճակի՞ է

Բնակչությունը կողմ է, սակայն ի վիճակի՞ է
02.12.2008 | 00:00

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Առողջապահության ոլորտում պարբերաբար խոսվում է բժշկական ապահովագրության ներդրման անհրաժեշտության մասին։ Հետաքրքրական է, որ յուրաքանչյուր նոր կառավարության ձևավորման ընթացքում այս խնդիրը բոլոր կուսակցությունները կարևորում են։ Այս առումով այսօրվա կառավարության քաղաքականությունը բացառություն չէ։ Սակայն իրականում սայլը տեղից չի շարժվում։ Եվ երևի թե սա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ բժշկական ապահովագրության մեխանիզմները մեզանում հստակեցված չեն, այլև, մեծապես բացատրվում է ժողովրդի պահանջարկի բացակայությամբ։ Իհարկե, մի կողմից` առողջապահության ոլորտի պատասխանատուները նախորդ տարի նշեցին, որ բժշկական ապահովագրության ծրագրի շուրջ աշխատում են համատեղ ԿԲ-ի հետ, սակայն, մյուս կողմից, մեզ հետաքրքրեց, եթե անգամ բժշկական ապահովագրության հնարավոր տարբերակը գտնվի, ապա բնակչությունը դրա պահանջարկն ունի՞ և արդյոք պատրա՞ստ է վճարելու։ Այս հարցերին պատասխանելու համար առաջին հերթին որոշեցինք այցելել բժշկական կենտրոններ և հենց բժշկական ծառայություն ստացողներից ճշտել վերջիններիս տեսակետը։

«Մենք շատ գոհ ենք այս հիվանդանոցից, մեզանից ոչ մեկն ավել փող չի ուզում, շատ լավ է, շատ հոգատար են»,- այսպես, առանց մեր հարցը լսելու, միանգամից, մեկը մյուսին ընդհատելով, նշում էին հիվանդասենյակի «բնակիչները»։ Եվ անկեղծացան միայն այն պահին, երբ տեղեկացան, որ մեզ անհրաժեշտ է իրենց անկեղծ խոսքը՝ կապված պարտադիր բժշկական ապահովագրության ծառայության ներդրման հետ։ «Ապահովագրությունը ճիշտ եմ համարում։ Դա կնպաստի նաև մեր առողջության պահպանմանը։ Այսինքն, եթե այդ կուտակված գումարները լինեն, ինչ-որ խնդրի դեպքում չես վախենա վճարներից և հանգիստ կդիմես բժշկին։ Իսկ հիմա անընդհատ համոզում ենք մեզ, որ լավ կլինի, ինչ ա` փող չունենք։ Եվ թողնում ենք, հիվանդությունը բարդանում է ու ստիպված հիվանդանոց ենք ընկնում, և ծախսն ավելի մեծ է լինում»,- մեզ հետ զրույցում ասաց Շահինյան Մարիամը, որը պառկած էր քիթ-կոկորդի բաժանմունքում։ Նկատենք, որ վերջինս չէր աշխատում, սակայն ասաց. «Տանը մեկն է աշխատում (մեր ընտանիքը բաղկացած է չորս հասուն մարդուց), և ամսական եկամուտը 300 հազար դրամ է կազմում։ Համաձայն եմ, որ յուրաքանչյուր ամիս մոտավորապես 5000 դրամ վճարենք որպես բժշկական ապահովագրություն յուրաքանչյուրի՝ միայն մեծերի համար, բայց երեխաների համար՝ ոչ»։ Մեր մյուս զրուցակիցը Հայրապետյան Վիկտորյան էր. «Միայն քթի կաթիլի համար վճարում եմ 2000 դրամ։ ՈՒղղակի մտավախություն ունեմ, որ Հայաստանում այն չի գործի։ Բայց շատ կուզեի, որ ինչպես արտերկրում, այնպես էլ այստեղ այդ հարցը լուծվեր»։ Ի դեպ, նկատենք, որ մեր զրուցակիցների մեծ մասը նույն մտավախությունն ուներ, բայց և այնպես. «Հիվանդանոցի մուտքի վճարի դիմաց մուծել եմ 40 հազար դրամ։ Սրան գումարած տարբեր անալիզների վճարները։ Իհարկե, շատ ավելի լավ կլիներ բժշկական ապահովագրությունը գործեր, և ես էլ խիղճս հանգիստ բուժումս ստանայի»,- հավելեց տիկին Լիանան։ «Եթե տանը մի հոգի է աշխատում, դժվար է գումար փոխանցել ապահովագրությանը, բայց, մյուս կողմից էլ, 10 օրում 100 հազար դրամ եմ ծախսել հիվանդանոցում»,- ասաց Հարությունյան Կիման։ «Ես պատրաստ եմ ամիսը 5000-8000 դրամ վճարել ապահովագրությանը։ Դա մեծ գումար չի, ամսվա մեջ այնպիսի դրամներ ենք ծախսում»,- նկատեց Լուսինեն։ «Բան չունեմ ասելու, լավ կլինի, բայց թոշակառուի համար ո՞վ պիտի ամսական փոխանցումները կատարի»,- ընդգծեց տիկին Հայկուշը։ Իսկ նրա հարևանուհին և անվանակիցը, որը պետպատվերի շրջանակներում էր բուժվում, հավելեց. «Երեք շաբաթվա մեջ 50 հազար դրամից ավելի գումար եմ ծախսել։ Լավ կլինի, որ ապահովագրությունը գործի, բայց ես որտեղի՞ց վճարեմ։ Օրինակ, կենսաթոշակի վճարները տարիների ընթացքում են ձևավորվում՝ մեր փոխանցումների հաշվին։ Հիմա ես թոշակառու եմ, ուրեմն ես էսօր բուժում ստանալու համար մի քանի տարի առաջ պետք է ապահովագրված լինեի։ Մի խոսքով, ինձ համար անհասկանալի է թոշակառուի դեպքում, բայց աշխատողի համար լավ բան է»։
Որպեսզի պատկերը միակողմանի չլինի, նույն հարցումն իրականացրինք առողջ բնակչության շրջանում ևս։ Նկատենք, որ այս դեպքում հետևում էր մեր զրուցակիցների անկեղծ հարցը. «Հայաստանում արդեն գործո՞ւմ է ապահովագրությունը»։ Լսելով, որ դրա շուրջ պատկան կառույցներն աշխատում են, նրանք նշում էին. «Եթե այն ճիշտ ձևով իրականացվի, ապա, անշուշտ, բժշկական ապահովագրությունը շատ անհրաժեշտ ծառայություն է, ինչին կարծում ենք, աստիճանաբար պետք է գալ։ Եթե, գնալով մարդկանց սոցիալական վիճակը համեմատաբար բարելավվում է, ապա, կարծում ենք, կարող են նաև ապահովագրության վճարներ իրականացնել»։ Նկատենք, որ մեր զրուցակիցների կողմից առաջարկվող ապահովագրական վճարի չափը ամսական 5000-10000 դրամն էր։ Սակայն, սրա հետ մեկտեղ, սոցիալապես անապահով խավը, կողմ լինելով ապահովագրությանը, չէր պատկերացնում` ով պետք է իր փոխարեն այդ վճարումները կատարի, ինչ միջոցների հաշվին։ Իսկապես, սա կարևոր հարց է, քանի որ ոչ միայն թոշակառուներն էին այս խնդրով մտահոգված, այլև երիտասարդները. «Շատ ցանկալի է բժշկական ապահովագրության ներդրումը, սակայն ես աշխատանք չունեմ, այդ դեպքում ինչպե՞ս է լուծվելու մեր խնդիրը»։ Բնականաբար, մեր հարցումները թերի կլինեին առանց բժիշկների տեսակետի. «Որոշ հիմնարկներ բժշկական ապահովագրություն կիրառում են իրենց աշխատակիցների շրջանակներում, սակայն քիչ չեն դեպքերը, երբ հիվանդն այնպիսի քաշքշուկի մեջ է ընկնում, որ գերադասում է հաճախ չօգտվել այդ ապահովագրությունից։ Այսինքն, կիրառման դեպքում անգամ մեխանիզմները ճիշտ չեն աշխատում»,- նշում էին բժիշկները։ Ավելին, նրանցից մեկը նկատեց, որ իր հիվանդներից մեկը (միոմայի արյունահոսությունով), բժշկական ապահովագրություն ունենալով «Կասկադ ինշուրանս» ընկերությունում, ստիպված եղավ վիրահատության համար վճարել իր գրպանից, քանի որ ապահովագրական ընկերությունը պնդում էր, որ այդ պահին հիվանդը պարտադիր պետք է բուժզննում անցներ այն կլինիկայում, որի հետ ինքը պայմանագիր ունի։ Բացի դա, ընկերությունը պնդում էր, որ իր հաճախորդին այլևս չի կարող ֆինանսավորել, քանի որ մեկ անգամ արդեն վճարել էր այլ դեպքի համար։
Նկատենք, որ պետական ապարատի միջին դասի մասնագետները համաձայն էին յուրաքանչյուր ամիս վճարելու 7-12 հազար դրամ։ Գործարար խավը պատրաստ էր մինչև 30 հազար դրամ վճարել, իսկ, օրինակ, տաքսու վարորդներն ընդհանրապես դեմ էին ոչ թե գաղափարին, այլ վճարում կատարելուն, քանի որ վստահ էին, որ իրենց ամսական եկամուտը բավարար չէ հատկացում կատարելու համար։
Ինչևէ, եթե ամփոփենք մեր սոցիոլոգիական հարցումները, ապա եզրակացությունը մեկն է. «ներքևը»՝ բնակչությունը, պահանջ է ներկայացնում «վերևներին»՝ իշխանությանը, բժշկական ապահովագրության ներդրման առումով։ Այլ կերպ ասած, սա այն դեպքն է, երբ թե՛ «ներքևները», թե՛ «վերևները» կողմնակից են նշված համակարգի ներդրմանը։ Խնդիրը միայն ոչ թե ճիշտ մեխանիզմների մշակումն է, այլ խիստ սոցիալական լինելը, քանի որ բնակչության զգալի հատվածն ապահովված չէ կայուն աշխատավարձով։ Ինչ խոսք, որ ապահովագրության մեխանիզմը շատ բարդ է և ենթադրում է տարբեր ոլորտների ներգրավում։ Չբացառենք նաև, որ մեր բնակչության սոցիալական վիճակն այն մակարդակին չէ, որ պարտադիր ապահովագրությունը մատչելի լինի բոլորին։ Սակայն փաստը մնում է փաստ, որ դրա պահանջարկը կա, և այդ դեպքում թեկուզ նվազ վճարումներով համակարգը պետք է աշխատեցնել։ Գաղտնիք չէ, որ համապատասխան կառույցներում ամրագրված է բնակչության հարուստ, միջին և անապահով խավի վերաբերյալ տեղեկատվությունը։ Սրանից ելնելով, կարծում ենք, դժվար չի լինի ապահովագրությունը կիրառել հասցեականացված տարբերակով. թոշակառուները և մանուկները բժշկական ծառայությունից օգտվեն պետպատվերի շրջանակներում, միջին խավը ապահովագրական որոշակի վճարումներ իրականացնի յուրաքանչյուր ամիս, իսկ հարուստ խավի համար վճարների չափը սահմանվի շատ ավելի բարձր, և վերջիններս անգամ ծննդօգնության ոլորտում չօգտվեն պետպատվերի ծրագրերից։ Կարծում ենք, այս մոտեցումը սոցիալական արդարության տեսանկյունից ճիշտ է, իսկ հարուստների հաշվին խնայված պետական միջոցները կարող են ավելի նպաստավոր օգտագործվել անապահով խավի համար։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6044

Մեկնաբանություններ