ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Մանկության մշտարթուն վերհուշի նրբերանգները

Մանկության մշտարթուն վերհուշի նրբերանգները
05.08.2008 | 00:00

ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ-80
«Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա։ Եթե ըսեմ չկա, հավատացեք։ Ինչ զորավոր են, հայկական են, հին ու բոլորովին նոր։ Զարմանալի է...»։
Վիլյամ Սարոյան
Ամենաաննշան ու անհրապույր բնակավայրերն առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում իրենց հող ու ջրի ծնունդ տաղանդավոր անհատներով։ Որքան հզոր է տաղանդի ուժը, այնքան խոր է դաջվում նրա բնօրրանի անունը մարդկային, համազգային հիշողության ծալքերում։ Ինչպես Դսեղը, Չանախչին, Ջաջուռը... Հայ գեղարվեստի Մինաս պարգևած Ջաջուռը։ Հնամենի միջնադարյան կամ քրիստոնեական կոթողներով հանրահայտ մյուս բոլոր հարուստ բնաշխարհով հայկական գյուղերից էականորեն տարբերվող այդ լերկ լեռնազանգվածը։ 1928-ին, գյուղի կյանքի համար չափազանց ծանր պայմաններում (սով, համատարած կոլեկտիվացում...) պիտի ծնվեր մշեցի հայտնի դարբիններից սերող Կարապետի և կարսեցի քահանայի դուստր Սոֆոյի որդին՝ Մինասը։ Ծնողների միջև շարունակ վեճեր պիտի ծագեին նրա ծննդյան օրվա, նույնիսկ` ամսվա շուրջ։ Եվ այդպես էլ անորոշ մնային։ Հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածի ո՞ր օրն էր, երբ «գերանդին գնաց գարու մեջ»... Գույնզգույն լաթերով հրապուրվող Մինասը Ջաջուռի բարձունքներում պիտի հանդիպեր բնանկարչությամբ տարված Հակոբ Անանիկյանի հետ։ Անսպասելիորեն բացահայտեր նկարչական ձիրքը և, գյուղի միջնակարգն ամեն տեսակ գնահատականներով ավարտելուց հետո, հայտնվեր Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում։ Մասնագիտական կրթությունը շարունակեր գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա՝ Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ակադեմիայում։ Ակադեմիայի նախագահ Բորիս Իոհանսոնի արվեստանոցում վարպետանալուն զուգընթաց 1956-ից մասնակցեր հանրապետական, համամիութենական և միջազգային մի շարք ցուցահանդեսների։ Գեղարվեստի ակադեմիան ավարտելուն պես առանձնատուն վարձեր Ֆիննական ծոցի ափին գտնվող Լիսինոս գյուղաքաղաքում և երեք տասնյակ պատկերներով վեր հաներ մանկության մշտարթուն վերհուշի նրբերանգներով ուրույն գրավչություն ստացած հայրենի գյուղի ներթաքույց գանձերը։ Ներշնչանքի գլխավոր աղբյուրը բրուտագործությամբ ու որմնագործությամբ զբաղվող հայրենակիցներն էին՝ «մեծ մասամբ մշեցիներ, որոնք իրենց բարքերի մեջ ունեին ամուր կուլտուրա, այդ գավառին հատուկ մարդկանց բնավորություն, արվեստ և արհեստ» (Մինաս)։ Գեղանկարչությունը, գրեթե ողջ ժանրային բազմազանությամբ, Մինասի համար սեփական ապրած հույզերն ու մտորումները կտավից մարդկանց փոխանցելու հնարավորություն էր։ Ընդ որում, կյանքի ու բնության ճանաչողությամբ ճշգրտված, ժամանակի ընթացքում կուտակված այն հույզերն ու մտորումները, որոնք ինքնաբուխ էին դուրս հորդում հոգու խորքերից։ ՈՒստի ամենևին էլ պատահական չէր, որ բազմաթիվ նկարներով («Գորգ են գործում», «Խնոցի», «Գյուղը», «Քնածը»...) ձեռք բերած հմտությունների սինթեզով վրձնած «Ջաջուռ» կտավն ազդարարեց մի նոր շրջան հայ գեղանկարչության պատմության մեջ։ Եվ հանդարտվեցին երևանյան առաջին անհատական ցուցահանդեսում (1960) բորբոքված հակասական խոսակցությունները՝ պայմանավորված նկարչի անսովոր գունային մտածողությամբ։ «Ջաջուռից» հետո հեղինակած «Տարվա եղանակները» նկարաշարը (1961-63), «Իմ ծնողները» (1962), «Շեմին» (1967), մի շարք բնութագրական ինքնադիմանկարներ համընդհանուր ճանաչում բերեցին ինքնատիպ արվեստագետին։ Ռոսսինիի «Տիկնիկների աշխարհում», Ռավելի «Իսպանացի աղջիկը. բոլերո» և Գերշվինի «Նեգրական թաղամաս» բալետ-նովելների, Պրոկոֆևի «Մոխրոտը» և Էդ. Հովհաննիսյանի «Անտունի» բալետների ձևավորումներով բացահայտվեց բեմական տարածքը յուրովի մեկնաբանելու նրա կարողությունը, որն իր ամենացայտուն արտահայտությունը գտավ Խաչատրյանի «Գայանեի» էսքիզներում։
Արդեն արժանացել էր ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչմանը, Մարտիրոս Սարյանի ու Երվանդ Քոչարի, Գառզուի և Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Վիլյամ Սարոյանի և Արամ Խաչատրյանի հիացական գնահատանքին, բայց իրեն համարում էր երիտասարդ նկարիչ։ Իր պատկերացմամբ՝ դեռևս հեռու էր մտահղացման լիարժեք արտահայտչականությունից, հարյուրավոր գործերից քչերն էին պարփակում ամենքին հարազատ ու հասկանալի իր գիտցածն ու զգացածը։ Ինքնակատարելագործման անհագ պահանջով մատիտը ձեռքից ցած չէր դնում։ Ահա թե ինչու ընդամենը 15 տարի տևած ստեղծագործական կյանքը բեղուն եղավ. 500 մեծ ու փոքր կտավներ, գրեթե նույնքան գծանկարներ։ Երևանի, Գյումրիի մի շարք արտադրական ձեռնարկություններում, մշակույթի օջախներում Մինասը կերտեց մոնումենտալ նկարչության 20 մնայուն գործ` խանդավառված միջնադարյան որմնանկարներով։ Իրենց կոմպոզիցիայով, գծանկարչական, գունանկարչական ոճամտածողությամբ ավարտուն այդ աշխատանքները, ցավոք, զոհ գնացին 88-ի երկրաշարժին, ինչպես և Ջաջուռում գտնվող թանգարանը։ Որքան արգասաբեր է եղել Մինասի վրձինը, նույնքան անպաշտպան են գտնվել նրա գործն ու անձը հանկարծահաս դիպվածներից։ Այդպես 1972-ի ձմեռային մի գիշեր բռնկված հրդեհն անխնա լափեց արվեստանոցում հավաքված գործերը, փարիզյան անհատական ցուցահանդեսին ներկայացվելիք հավաքածուն և անձնական արխիվը։ Մնացին միայն խղճուկ լուսանկարներ շատ ու շատ կտավներից։ Այդպես չարաղետ ավտովթարով 1975-ին ընդհատվեց երկրային կյանքը։ Բայց ժամանակի քննությունը բռնած գործերը, հետմահու մասնակցելով երկու տասնյակից ավելի հեղինակավոր ցուցահանդեսների, գտնվելով Ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի մշտական ցուցադրություններում և աշխարհասփյուռ մասնավոր հավաքածուներում, ապրեցնում են անունը, հաստատուն պահում գրաված տեղը հայ գեղարվեստի պատմության մեջ։ Վերստին կանգուն է հայրենի տունը՝ Ջաջուռի թանգարանը, ուր որոշակի զգացվում է հայ կերպարվեստի անցած ճանապարհի արժեքների հավաքականությամբ ներթափանցված վարպետի՝ մեր Մինասի աներևույթ ներկայությունը։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7731

Մեկնաբանություններ