ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Լուրեր

Լուրեր
27.06.2008 | 00:00

«Մեծ լվացք»

ՌԴ քաղաքական վերնախավին մերձ աղբյուրները տեղեկացնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մոսկովյան հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը (ոչ միայն նա) լուրջ դժգոհություն է հայտնել այն առիթով, որ Հայաստանը, ոչ ավել-ոչ պակաս, «приходное двор» է դարձել ռուսաստանյան կրիմինալ աշխարհը ներկայացնող երևելիների համար։ Ըստ նույն աղբյուրի, ՌԴ նախագահը լավագույնս տեղեկացված է, թե ինչ «առաքելությամբ» են սույն երևելիները (ոմանք` նաև ՀՀ քաղաքացիներ) այցելում Հայաստան։ Կրիմինալ աշխարհի համար սովորական ներքին «սխոդկաներից» զատ, Հայաստանում նրանք շատ ավելի լուրջ գործեր էլ ունեն, դիցուք` «փողեր լվանալը». «կեղտոտ» գործ, որի առաջ Ռուսաստանում «շլագբաում» դրեց Պուտինը` դեռևս նախագահ եղած ժամանակ։ Փաստորեն, հայրենի Ռուսիայում «մեծ լվացքի» հնարավորությունից զրկված կրիմինալն այժմ այդ գործը հաջողությամբ գլուխ է բերում Հայաստանում, մասնավորապես, ռուսական հիմնադիր կապիտալով ֆինանսական խոշոր գործարքներ իրականացնող որոշ բանկերի հովանու ներքո, ինչն էլ, բնականաբար, դժգոհության լուրջ առիթ է տվել այդ կապիտալը պետական մակարդակով վերահսկելու մենաշնորհից օգտվող ՌԴ նախագահին։ Իսկ մենք մեր հերթին զարմանում ենք, որ Հայաստանում դոլարն ավելի արագ է արժեզրկվում, քան ողջ աշխարհում։

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Պահանջում են ոստիկաններ

Հուլիսի 4-ի հանրահավաք արտոնելու համար Համաժողովրդական շարժումը հայտ էր ներկայացրել քաղաքապետարան: Երեկ շարժման կենտրոնի հրավիրած ասուլիսում շարժման անդամները փաստեցին, որ օրենքով սահմանված 72 ժամվա ընթացքում քաղաքապետարանը որևէ որոշում չի կայացրել` հանրահավաքը արտոնե՞լ, թե՞ ոչ։ Շարժման անդամ Լևոն Զուրաբյանը նշեց, որ եթե նշված ժամանակահատվածում չի արգելվում զանգվածային, հրապարակային միջոցառման անցկացումը, ապա կազմակերպիչներն իրավունք ունեն այն իրականացնելու։ Դեռևս ճշգրտված չէ հանրահավաքի վայրը` Մատենադարա՞ն, թե՞ Ազատության հրապարակ։ Ի դեպ, քաղաքապետարանն առաջարկել է հիշյալ վայրերի փոխարեն հանրահավաքն անցկացնել այս անգամ էլ Հանրապետական մարզադաշտի հրապարակում: Իր հերթին կենտրոնը հանրահավաքի խաղաղ, անխափան ընթացքն ապահովելու համար ոստիկանական ուժեր տրամադրելու «պահանջով» մտադիր է դիմել իշխանություններին։

Ռ. Խ.

«Պրիչին» են ման գալիս

ՀՀ դիվանագիտական կորպուսի որոշ աշխատակիցների գործունեությանն ուղղված դժգոհությանը, որը, ի դեպ, ավարտվեց «ոմանց» պաշտոնանկությամբ, վերջին ամիսներին գումարվել է նաև ԵԽԽՎ-ում հայոց խորհրդարանի պատվիրակության աշխատանքի նկատմամբ իշխանական վերնախավի ոչ բարեհաճ վերաբերմունքը։ ՈՒ թեև պատվիրակության ղեկավարը արդարադատության նախկին նախարար, հանրապետական Դավիթ Հարությունյանն է, սակայն ոչ բարեհաճ այդ վերաբերմունքի «կուժն ու կուլան», իշխանամերձ աղբյուրի փոխանցմամբ, կարող է կոտրվել մեկ այլ հանրապետականի` ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի գլխին, քանզի հենց նա է ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության գործունեության ուղղորդողն ու պատասխանատուն։ Այս դժգոհությունը, ի դեպ, հենց այն փնտրված պատրվակը կարող է դառնալ, որը պակասում է հայրենի էլիտային` ԱԺ նախագահի աթոռի շուրջ հյուսվող սարդոստայնը կարկատելու համար։

Լ. Մ.

«Սամ վելիտել»

«Աքելան վրիպել է, ոհմակին պետք է նոր առաջնորդ»,- երեկ «Փաստարկ» ակումբում «Մաուգլի» մուլտֆիլմին հղում անելով` հայտարարեց մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, ով, իրեն զգալով «միահեծան միապետ հռչակվածի» երկրում` Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի դաշինքում, իր պատմական, քաղաքական առաքելությունն ավարտված հայտարարեց: «Սամ պառադիլ, սամ ի ուբյու» սկզբունքով Տեր-Պետրոսյանին միացած Հակոբյանն այսուհետ ձեռնամուխ է լինելու ապագա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը նախապատրաստելու աշխատանքին: Նրա կարծիքով` ՀՀՇ-ն Լ. Տեր-Պետրոսյանին կուռք է դարձրել, իսկ վերջինս էլ գերվել է Ազատության հրապարակի հանրահավաքներով: Այսուհանդերձ, իր օրակարգի խնդիրը չհամարելով «ժողովրդական ապստամբության պարտության պատճառները և ապագա դինամիկան» պարզաբանելը, մարքսիստը, ինչպես միշտ, խոսքն ամփոփեց ռուսերենով. «Кто может стать вожаком стай? У кого храброе сердце и учитивая речь»:

Ռ.Խ.

Ընդամենը քոթակ են ուտելու

Երեկ «Հայելի» ակումբում քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանը և Աղասի Ենոքյանը գնահատականներ հնչեցրին ԵԽԽՎ-ում 1609 բանաձևի քննարկման արդյունքների վերաբերյալ: Բանաձևի պահանջների կատարման ժամկետի երկարաձգումը, ըստ Ենոքյանի, բացասական ազդեցություն կունենա Հայաստանի համար, քանի որ «ջարդարարին, կողոպտիչին չպետք է ժամանակ տալ»: «Մարտի 1-ը բացեց իշխանությունների ձեռքը, նրանք դարձան բացարձակ անպատժելի, ավելի ցինիկ և կոպիտ»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ միայն ԵԽԽՎ-ի պահանջների կատարման այս մի քանի ամիսը թեև թույլ, բայց որոշակի զսպան եղավ իշխանությունների համար: Ենոքյանը կարծում է, որ պետք է Հայաստանին ձայնի իրավունքից զրկեին։ Իսկ Ալեքսանդր Իսկանդարյանը, նախ և առաջ կարևորելով քաղաքական գործընթացի առկայությունը, եթե այն նույնիսկ դրական արդյունք չի բերում, համամիտ չէր, որ Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը դրական քայլ է, քանի որ արտաքին ազդեցությունը դրական չի կարող լինել: Կոնկրետ օրինակ բերելով, երբ երեխան երկուս է ստանում դպրոցում, նրան տանն անկյուն են կանգնեցնում, ջղայնանում են, սակայն երբեք չեն հարվածում այնպես, որ ուղեղը գլխից դուրս գա, Իսկանդարյանը փորձեց պարզաբանել, որ ԵԽ-ի պարտականությունը Հայաստանին պատժելը չէ, այլ անել այնպես, որ Հայաստանը կարողանա հաղթահարել առկա ճգնաժամը: Աղասի Ենոքյանն էլ փաստեց, որ Հայաստանում ընթացող գործընթացներն առաջնահերթ կախված են ներքին գործոններից, իսկ միջազգային միջամտությունը միայն երկրորդական կարող է լինել: «Եվրախորհրդում ոչ մեկը չի ցանկանում Հայաստանը Բելառուսի վերածել: Չնայած նրանք գիտակցում են, որ Հայաստանում կատարված քայլերը շատ քիչ են, և դրանք դրական չեն: Նրանց պահանջները ես ընկալում եմ որպես որոշակի քաղաքական գործընթացի բաղադրիչ մաս: Հարցադրումների այսպիսի կառուցվածքը` ուսուցիչ-աշակերտ, գեներալ-սերժանտ, սխալ է»,- շարունակեց Իսկանդարյանը: Իսկ Ենոքյանն էլ վերահաստատեց, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն գնալ ժողովրդավարական ճանապարհով:

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ջրցանները բողոքական զանգվածի համար չեն

«Եվրախորհուրդը հետևյալն է ասում` դուք ձեր երկրում խնդիրներ ունեք, գնացեք լուծեք»,- 1609 բանաձևի պահանջների կատարման ժամկետի երկարաձգումը ԵԽԽՎ-ի կողմից «սպասելի և ընդունելի» համարելով` երեկվա ասուլիսում շեշտեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, հավելելով, թե իրենց խնդիրը ոչ թե միտինգներին դիմագրավելը, այլ հասարակությանը տված խոստումները կատարելն է, որի պարագայում «ջրցան մեքենաների կարիք չի լինելու»: «Ջրցանները բողոքական զանգվածի համար չեն։ Այն մարդկանց համար են, որոնք կարողանում են ժողովրդին ստորաբար խաբել և իրենց անձնական շահերից ելնելով` վտանգել երկիրը»: Անդրադառնալով վերջերս բավականին հաճախ շրջանառվող լուրերին, թե ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին փոխարինելու է Հովիկ Աբրահամյանը` Գալուստ Սահակյանը հերթական անգամ ժխտեց դրանց իսկությունը, ասելով, թե «այսօր Հանրապետական կուսակցությունում և իշխանությունում որևէ քննարկում չկա փոփոխությունների մասին»:

Ռ.Խ.

Ռուսաստանը հայ հանրությանը պետք է բացատրի իր քաղաքականությունը

«Երևանն այսօր չունի բավարար ամուր հիմքեր կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը շարունակելու համար։ Այդ հիմքերն ավելի թույլ են, քան մի քանի տարի առաջ, քանի որ հեռանկարում Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցությունն է, և Ռուսաստանը լուրջ մտահոգություններ ունի Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահպանելու համար։ Այն պայմաններում, երբ ռուսական շահերին Կովկասում ակնհայտ մարտահրավեր է նետված, Հայաստանն իբրև Ռուսաստանի գործընկեր և ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետություն, չի կարող լիարժեք կոմպլեմենտար քաղաքականություն վարել»։ Ըստ «Ռեգնում» գործակալության, այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, որը միաժամանակ պնդել է, թե Հայաստանի արտաքին կողմնորոշումը պայմանավորված կլինի այնտեղ իշխանության գլուխ գտնվող ուժերով։

«Միաժամանակ Արևմուտքն Ադրբեջանին ևս ներքաշում է դեպի ՆԱՏՕ, և այդ իրավիճակում Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանն ավելի քիչ ընդգծի իր միակողմանի կողմնորոշումը դեպի Մոսկվա, որպեսզի Ադրբեջանը չկարծի, թե իր բոլոր պրոբլեմները Ռուսաստանից են բխում։ Հայաստանը պետք է հաշվի առնի այն իրողությունները, որոնք այսօր առկա են տարածաշրջանում։ Եթե հաջողվի Ադրբեջանին ներքաշել ՆԱՏՕ, Ռուսաստանի 200-ամյա ներկայությանը Հարավային Կովկասում վերջ կդրվի»,- նշել է քաղաքագետը պնդելով, որ դրանից ելնելով` Ռուսաստանը, Հայաստանի հետ զուգահեռ, հարաբերություններ է զարգացնելու նաև Ադրբեջանի հետ։

«Մի հատ զանգի, տես, թե Պուտինը գծի վրա՞ է, թող միջամտի»

Եթե ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը որոշի զանգահարել Տիգրան ՈՒրիխանյանին ու գոռգոռալ նրա վրա, ցավոք, չի կարող, քանի որ նրա համարը փոխվել է։ ԱՄՆ նախագահը ստիպված կլինի բավարարվել միայն քաղաքային համարներով։ Այս մասին Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) ղեկավար Տիգրան ՈՒրիխանյանը երեկ իրազեկեց լրագրողներին` ներկայացնելով վերջերս իր և Հայաստանում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպին առնչվող որոշ պարզաբանումներ։ Պարզվում է` ՈՒրիխանյանին դիմել են Դանիելյանի «լկտի ու անբարո պահվածքից» դժգոհ մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնցից ոմանք նույնիսկ տարիների վաղեմություն ունեցող դեպքերը վերջիններիս միջև տեղի ունեցածից հետո են միայն մտաբերել։ Իսկ ՈՒրիխանյանն էլ չի հապաղել, նրանց տեղեկությունները ձայնագրել է։ Ասուլիսից անմիջապես հետո էլ ծրարով ուղևորվեց դեպի Ազգային անվտանգության շենք։ Նա պահանջում է ԱԱԾ-ից` Դանիելյանի նկատմամբ քրեական գործ հարուցել «սեռական ոտնձգություններ կատարելու, բազմակնության, շպիոնաժի» և այլ մեղադրանքներով։ Այս ամենն իբր քիչ էր ՀԱԿ-ի ղեկավարի համար, հիմա էլ նրան սաստիկ նյարդայնացրել է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը պաշտպանում է Հելսինկյան ասոցիացիայի ղեկավարին։ Այս առիթով կուսակցության վարչությունը հայտարարությամբ պատասխանում է Դևիդ Կրամերին` ստախոսության մեջ մեղադրելով նրան։ Ավելին, ՈՒրիխանյանը կարծում է, որ պետք չէ իրենց իշխանամետ համարել, քանի որ «եթե հայացք հետ գցեն` կտեսնեն, որ ով իշխանամետ է, պաշտոն ունի»։ Մինչ ՀԱԿ-ի ղեկավարին պաշտոն կտան, նա ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալին առաջարկում է «թիկունք չկանգնել» Դանիելյանին, իսկ ԱՄՆ-ին էլ` ջանք չգործադրել ՀԱԿ-ից ազատվելու համար։ Քրեական գործը հօգուտ իրեն լուծվելու երաշխիքներից խոսելիս` ՈՒրիխանյանն այս անգամ հիշում է Ռուսաստանին` ի դեմս Պուտինի, և ՄԱԿ-ին։ «Կփորձեմ երևի այս քանի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կապնվել (բառն իրենն է-Ռ. Խ.) կամ` Ռուսաստանի,- հայտարարեց ՈՒրիխանյանը, ապա, դառնալով իր գործավարուհուն, ասաց։- Մի հատ զանգի, տես, թե Պուտինը գծի վրա՞ է, թող միջամտի»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կրկին խոսվում է երրորդ օպերատորի մասին

Ըստ ամենայնի, Հայաստանի բջջային կապի շուկայում երրորդ օպերատորը մուտք կգործի աշնանը` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Մեր այս ենթադրության հիմքում գործող կարգն է, ըստ որի օպերատորն իր գործունեությունը կարող է սկսել շուկայում` մրցույթից 90 օր հետո։ Եթե առաջիկայում մրցույթի հայտարարություն ներկայացվի, ապա մեր կանխատեսումները իրատեսական կլինեն։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից ճշտեցինք, որ այս պահի դրությամբ Հայաստանը մրցույթի հայտ չի ներկայացրել։ Իսկ թե կոնկրետ ե՞րբ կներկայացնի և կներկայացնի՞ արդյոք, դեռևս հստակեցված չէ։ Հակառակ սրան` նորից ու նորից ակտիվորեն շրջանառվում են բջջային կապի երրորդ օպերատորի` առաջիկայում մուտք գործելու մասին լուրերը, որոնց շրջանակներում նշվում են մի քանի անուններ։ Նկատենք, որ ամենահաճախ շրջանառվողը ռուսաստանյան «Մեգաֆոն» ընկերության անունն է։

Ժ. Վ.

Դիտվել է՝ 5423

Մեկնաբանություններ