Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ժամանակն է, վերջապես, իրերն իրենց անունով կոչելու

Ժամանակն է, վերջապես, իրերն  իրենց անունով կոչելու
04.06.2013 | 10:59

Փողը Հայաստանի Հանրապետությունից «փախչում է» արտասահման` օֆշորներ, իսկ դրա «տերերը» հաճախ հրաժարվում են նաև քաղաքացիությունից, և ոչ թե ներդրումային վատ կլիմայի պատճառով, այլ պարզապես սեփական պետությունից։
Ներդրումային կլիման, իրոք, ահավոր է, բայց ոչ թե նրանց, այլ միջին գործարարության համար։ Եվ ոչ այնքան հարկերի պատճառով, որոնք աշխարհի մյուս երկրներից բարձր չեն, որքան կոռուպցիայի, չափազանցված տարիֆների, վարկերի անմատչելիության պատճառով։ Այս ամենը հիմնականում հետևանք է պաշտոնատար անձանց կոռումպացված մասի և իշխանական հովանավորությունը վայելող մենաշնորհատերերի սերտաճման։ Դրա հետևանքները հաղթահարելու համար հասարակական պայմանավորվածություն պիտի լինի պետության ու գործարարության միջև, որի շրջանակներում կարելի կլիներ ստեղծել մասնավոր-պետական թափանցիկ գործընկերություն` հիմնված երկրի տնտեսական զարգացման համար փոխադարձ պատասխանատվության վրա։ Նման պայմանագիրը կարող է օրենքի, հռչակագրի կամ պարզապես ոչ պաշտոնական «ջենթլմենական համաձայնության» ձև ունենալ. դա հանուն համազգային շահերի իշխող վերնախավի համախմբման սովորական պրակտիկա է։ Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, պետության ու գործարարության սերտ համագործակցությունը երկրի հաջող զարգացման անհրաժեշտ և կարևոր պայման է։ Նման համագործակցության առավել վառ օրինակ է, այսպես կոչված, «Japan Incorporated»-ը, երկրի զարգացման մասնավոր-պետական ռազմավարական կառավարման մի մոդել, որն ապահովել է ճապոնական տնտեսական հրաշքը։ Նման մի մոդել էլ ապահովել է կորեական տնտեսական հրաշքի ի հայտ գալը։ Գերմանիայի տնտեսության արագ վերականգնմանը նպաստել է սոցիալական կողմնորոշման շուկայական տնտեսության մոդելը` պետությունն ու գործարարությունը համատեղ պլանավորել են արտադրության վարկավորման մասշտաբներն ու ուղղությունները, գնային կողմնորոշիչները, աշխատավարձի ու հարկերի մակարդակները։ Ֆրանսիական տնտեսության զարգացման գործում առանցքային դեր է խաղացել ռազմավարական պլանավորման մոդելը։ Զարգացման անգլոսաքսոնական մոդելն էլ սկսվել է թագավորական մասնավոր-պետական առևտրական ընկերություններից, որոնք Մեծ Բրիտանիայի համար ապահովել են նրա հսկայատարած անդրծովյան գաղութների յուրացումը։
Ժամանակակից Հայաստանում ձևավորվել է կապիտալիզմի միջնորդ-առևտրական ¥կոմպրադորական¤ մոդելը, երբ ազգային բուրժուազիայի և չինովնիկության զգալի մասը երկրում ստացած եկամուտներն օգտագործում է գործերի կարգավորման, այնուհետև արտասահմանում կապիտալի կուտակման համար։ Գործարարության մոտիվացման միջոցով այն փոխելու պետության փորձերն առայժմ անհաջող են։ «Շատ խելոքներին» տեղեկացնեմ, որ կոմպրադորական կարգն այն է, երբ տնտեսապես հետամնաց երկրների (ինչպես գաղութային, այնպես էլ անկախ) բուրժուազիայի մի մասը, որը միջնորդ գործարք էր իրականացնում օտարերկրյա կապիտալի ու ազգային շուկայի միջև, սերտորեն կապված է գաղութարարների, վերազգային մենաշնորհների հետ և աջակցում է նրանց` ի վնաս ազգային շահերի։ Բայց չէ՞ որ մասնավոր-պետական գործընկերությունը կարող է աշխատել միայն փոխվստահության պայմաններում։ Ընդ որում, պետությունը պետք է որոշի տնտեսական զարգացման պայմաններն ու նպատակային խնդիրները, իսկ գործարարությունը պետք է մասնակցի դրանց առաջադրմանը և պատասխանատվություն ստանձնի իրացման համար։ Իսկ մեզանում, ընդհակառակը, հաճախ գործարարությունն է խնդիրներ առաջադրում, իսկ պետական պաշտոնյաները կատարում են դրանք։ Խոսքը ոչ միայն պետական շահերի տեսակետից անիմաստ սեփականաշնորհման գործարքների մասին է, այլև կեղծ ներդրումային նախագծերի, կասկածելի մաքսային ու հարկային ռեժիմների մասին, որոնք աջակցություն են ստանում շահագրգիռ առևտրական կառույցների կողմից, ելնելով իրենց մասնավոր շահերից` ի հաշիվ հանրայինների։
Ներկա պայմաններում պետության և գործարարության միջև հասարակական պայմանագիրը կարող էր ներառել հետևյալ փոխադարձ պարտավորությունները` չկատարման պատժամիջոցների հաշվառմամբ։
ԿԱՊԻՏԱԼԻ ՇՈՒԿԱ։ Պետության կողմից` արտասահմանից վերադարձվող կապիտալի վերաբերյալ միանվագ հարկային ներման անցկացում և անցում դրամական առաջարկի ճկուն քաղաքականության, որը պետք է հիմնված լինի առևտրային բանկերի երկարաժամկետ վերաֆինանսավորման վրա և արտադրական ձեռնարկությունների ու ձեռնարկատերերի համար ապահովի ընդունելի տոկոսադրույքներով մատչելի երկարաժամկետ վարկեր։
Գործարարության կողմից` օֆշորներից կապիտալի վերադարձ և անցում վարկավորման ներքին աղբյուրների, հարկերից խուսափելու և սեփականությունը օտարերկրյա ենթադատության փոխանցելու նպատակով կապիտալի դուրսբերման դադարեցում։ Այդ հանդիպական պարտավորությունները փոխկապակցված են, քանի որ երկարաժամկետ վարկի ներքին աղբյուրների ստեղծումը պահանջում է համապատասխան գրավային ապահովվածություն, որը պետք է գտնվի ՀՀ ենթադատության ներքո։
ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ։ Պետության կողմից` ավելացած արժեքի հարկի (ԱԱՀ) նվազեցում (վերացում), սարքավորումների ամորտիզացիայի ժամանակակից նորմերի կիրառում, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) վրա կատարվող ծախսերի հարկումից ազատում։
Գործարարության կողմից` տրանսֆերտային գնագոյացման կեղծ գործառնությունների ու մեխանիզմների օգտագործումից հրաժարում (այս կեղծիքների նպատակը ՀՀ ենթադատության սահմաններից դուրս շահույթի հարկումից խուսափելն է)։ Այս համաձայնագրի իրավական ապահովումը կարող է ներառել ներմուծական գործառնությունների ավանսային վճարումների հարկումը, Կենտրոնական բանկի ու ֆինանսների նախարարության վերահսկողությամբ միջոցների լրացուցիչ պահեստավորումը և առևտրային բանկերի կողմից կասկածելի վճարային գործառնությունների կասեցումը։
ԳՆԱԳՈՅԱՑՈՒՄ ԵՎ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Պետության կողմից` կարգավորվող սակագների առաջանցիկ աճի դադարեցում, շուկայական պայմաններում բնական մենաշնորհների ծառայություններին ազատ առնչության ապահովում, բորսային և էլեկտրոնային առևտրի զարգացման պայմանների ստեղծում, ապրանքամատակարարման ցանցերի քրեազերծում։ Գործարարության կողմից` գնագոյացման գործի թափանցիկության ապահովում, մենաշնորհային դիրքի չարաշահման դադարեցում և բարեխիղճ մրցակցության սկզբունքների պահպանում։ Այս համաձայնագրի իրավական ապահովումը կարող էր ներառել սպառողների կողմից բնական մենաշնորհների ծառայությունների սակագների ձևավորման նկատմամբ արտաքին վերահսկողության մեխանիզմների ստեղծում, սակագների նվազեցում, ենթակառուցվածքային մենաշնորհների տնօրենների խորհրդի կազմում սպառողների միավորումների լիազոր ներկայացուցիչների ընդգրկում։
ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ։ Պետության կողմից` «միասնական պատուհանի» կարգով մաքսային վարչարարության ժամանակակից նորմերի կիրառում, բարեխիղճ մասնակիցներին տնտեսական օպերատորի կարգավիճակի շնորհում։ Գործարարության կողմից` գորշ ներմուծման սխեմայի կիրառումից հրաժարում։ Այս համաձայնագրի իրավական ապահովումը կարող էր ներառել ռիսկերի օգտագործումը որպես մաքսային զննման գործողությունների հիմք, Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության շրջանակներում արտաքին և փոխադարձ առևտրի տեղեկատվական համակարգի ծավալումը ԱՊՀ երկրների և ԱՀԿ համապատասխան կառուցվածքի համար։
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ։ Եթե պետությունն ու գործարարությունը կատարեն մատնանշված ուղղություններով ստանձնած փոխադարձ պարտավորությունները, գործարար կլիման կմեղմանա, երկարաժամկետ վարկերը մատչելի կդառնան, արտադրության հարկը կնվազի, գնային համամասնությունները կբարելավվեն։ Դրա համար նախ կարելի է շարունակել համաձայնագրերի լայն քննարկումները առավել ներկայանալի գործարար շրջանակների հետ։ Կարգավորիչ կարող էր դառնալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Քննարկումների արդյունքում ոչ միայն ի հայտ կգան նորմատիվ ակտերի նախագծեր, այլև կմշակվի մասնավոր-պետական հաջող գործընկերության համար անհրաժեշտ փոխադարձ վստահություն, ինչը թույլ կտա համախմբել իշխող վերնախավը` ի շահ երկրի զարգացման, և ապահովել տնտեսության արագ վերելքը` աճի ներքին աղբյուրների հիման վրա։
Այսօր ֆինանսատնտեսական ճգնաժամը թևակոխել է համաշխարհային տնտեսական կապերի վերաձևաչափման վճռորոշ փուլ։ Աշխարհի դրամաշրջանառության մենաշնորհի առաջատարները` Ճապոնիան, ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունն ու Եվրամիությունը (ՃԱՄԵ) ձգտում են ամեն գնով պահպանել գերիշխանությունը, որին տնտեսական զարգացման նոր ալիքի պայմաններում հավակնում են Չինաստանն ու մի խումբ նոր «ասիական վագրեր»։ Այդ գոտեմարտում վճռորոշ նշանակություն կունենա տեխնոլոգիական նոր կարգի արտադրության առաջանցիկ յուրացումը։
Թեև ՃԱՄԵ-ի երկրներն այսօր գիտատեխնիկական և ռազմաքաղաքական գերազանցություն ունեն, սակայն այդ առավելությունը սրընթաց կրճատվում է, նրանց կուտակած ներքին պարտքային պարտավորությունների չափերը լրջորեն դժվարացնում են հետագա զարգացումը։ Նրանք ձգտում են թեթևացնել այդ բեռը, այն բարդելով արտաքին վարկատուների վրա։ Մինչև հիմա շարունակվող կապիտալի խոշոր արտահոսքը, որը հասնում է հարյուր միլիոնավոր դոլարների, արյունաքամ է անում տնտեսությունն ու խոչընդոտում է դրա զարգացման հնարավորությունը։ Հայաստանից դուրս բերված կապիտալի աղբյուրը գլխավորապես հիմնական ֆոնդերի ամորտիզացիան է, բնական ռենտան և էժան աշխատանքը, իսկ հետևանքը` վերարտադրության խափանումն ու տնտեսության ապաինդրուստացումը։
Այսօր ՀՀ, այսպես կոչված, վերնախավը, օգտվելով հանրային, փաստորեն, լիակատար անվերահսկելիությունից ու նրա հանդեպ անպատասխանատվությունից, իր անմիտ արարքներով կորցնում է վարկը բառացիորեն բոլորի աչքում։ «Քավոր-սանիկության» միջոցով պաշտոններ ստացած այդ թերուսները, որպես կանոն, բացարձակապես ոչնչից գլուխ չեն հանում, և պետական գործերում այդպիսիներին մատների վրա խաղացնել կարող է ցանկացած ոք, անգամ ամենամիջակ խաբեբան։ Փուչ ծանծաղամիտների մեր երկրում երկաթե կանոն է դարձել ում ասես և ինչ պաշտոնի ասես նշանակելը, բացարձակապես չկարևորելով նրանց մասնագիտական կարողությունները, միայն թե վերադասից խելացի չլինի և «փախցրած» պատառը ժամանակին բերի-հասցնի ու միաժամանակ հլու-հնազանդ պոչը խաղացնի։ ՈՒր ասես «տնօրեններ» են նստած, որոնք բնավ գլուխ չեն հանում իրենց «վստահված» արտադրությունների տեխնոլոգիաներից, գեներալներ, որոնց հրամանատարության ներքո երբեք ոչ ոք, բացի սեփական կնոջից, չի եղել, «հաջողակ» մենեջերներ, որոնց արդյունավետությունը չափվում է անվերջանալի ֆուրշետներում կոնծած վիսկիի քանակով։ Դեռ երբեք մեր երկրում պրոֆեսիոնալիզմը, բանիմացությունը, իր գործի քննախոր իմացությունն այնքան ցածր չեն գնահատվել, որքան այսօր։ Ասենք, բուն վերնախավը ևս ավելի ու ավելի ձևավորվում է իր համար անհասկանալի ամեն ինչը մերժելու սկզբունքով, իսկ այն մարդիկ, ովքեր հասու են և կարող են հանրօգուտ ինչ-որ բան անել, սկզբունքորեն անհասկանալի են նրան։ Փորձեք ժամանակակից «վստահելի» այդ անձանց հետ խոսել արտադրության, գիտական հետազոտությունների կամ գեղարվեստական ստեղծագործության նրբությունների մասին։ Անմիջապես կտեսնեք, թե թեմայի հանդեպ բացարձակ անտարբերությունից ինչպես են ապակիանում նրանց աչքերը, ինչ տառապանք է դաջվում նրանց դեմքին, ինչպես են տենդագին կերպով առիթ որոնում արագ ավարտելու այդ տհաճ ու իրենց անհասկանալի խոսակցությունը։ Բայց բավական է խոսք բացվի, թե ովքեր պիտի հրավիրվեն առաջիկա հացկերույթին, ինչ խմիչքներ պիտի մատուցվեն, ով պետք է նստի «ամենա-ամենայի» կողքը և ում ինչ «ծռտի-պռտի բան» պիտի ընծայվի, նրանք անմիջապես ոգի կառնեն, աչքները ուրախ կփայլեն, ցեղական հովատակի նման ռունգները կլայնանան վերահաս զուգավորման սպասումից։ Բա ո՜նց, չէ՞ որ դա նրանց հարազատ տարերքն է։ Իսկ դուք` կոմպրադորական տնտեսությո՜ւն, այսինքն` այն, որ հիմնված է հօգուտ օտարերկրյա կապիտալի ազգային շահերը ոտնատակ տալու վրա, որից, այսպես ասած, հարկավոր է հնարավորինս արագ հրաժարվել` հանուն երկրի «գոյատևման»։
Այսպես ուրեմն, համարձակվում եմ պնդել, որ ղեկավար կադրերի «խորագիտակության» այսպիսի ծիծաղելի մակարդակի պայմաններում ոչ մի ուրիշ տնտեսություն մենք պարզապես չենք կարող ունենալ։ Այնպես որ, տնտեսության կոմպրադորական մոդելը վաստակի սոսկ մի եղանակ չէ միայն։ Դա մեր կառավարող խավի հոգեկերտվածքն է ու խելքի աստիճանը, որն իր երկրի համար մի այլ կենսավիճակ գուցե և ցանկանար էլ, բայց, ավա՜ղ, արդեն ընդունակ չէ դրան։ Ավելին, վերևների այդպիսի նպատակաուղղվածությունը հասարակության ստորին խավերի լիակատար քայքայման ազդանշան է, որի զգալի մասը հանկարծ գլխի է ընկել, որ կան եկամուտ ստանալու շատ ավելի պարզ եղանակներ, քան խոր գիտելիքների ու բարձրարտադրողական աշխատանքի վրա հիմնվածներն են։
Մոտեցեք հարցրեք «վերնիսաժի» ու «ֆիրդուսնոցի» կրպակատերերին, թե կուզենայի՞ն, արդյոք, նորից կանգնել գործարանային հաստոցների մոտ և թողարկել այնպիսի եզակի արտադրանք, կյանք տալ այնպիսի գաղափարների, որոնք զարմացնեին աշխարհը։ Հնարավոր է անգամ նրանցից ոմանք ասեն էլ, թե, երևի, վատ չէր լինի։ Բայց ավա՜ղ, ավելի քան քսան տարի է անցել, գիտելիքները ջնջվել-գնացել են, հմտությունները` բթացել։ Այնպես որ, նրանք, ովքեր կարծում են, թե բավական է Հայաստանի ներկա բնակիչներին մատով կանչեն հենց նույն Մաքսային միություն, նրանք անմիջապես կնետվեն կառուցելու նոր գործարաններ և բացելու գիտական նոր լաբորատորիաներ, անկարելիության աստիճանի միամիտ են։ Ամեն ինչ շատ ավելի բարդ ու ողբերգական է։
Մի կերպ գոյատևելու երկու տասնամյակում մեր ազգը կորցրել է իր ստեղծագործական կարողության զգալի, եթե ոչ մեծ մասը, իջել է այն մակարդակի, որ նրա գործարար ընդունակություններից բարձրագույնը մնացել է չինական շալվարների առևտուրը կամ պապուասական բերկրանքը այդ նույն Չինաստանից ուղարկված «պլպլան» տրակտորների տեսքից։ Եվ միայն պատկերացնել կարելի է, թե «կյանքի բուն իմաստը» յուրացրած այդ բնակչությանն ինչ սարսափ է պատում Մաքսային միության անունը լսելիս, որի մեջ մտնելով մեր մաքսային սահմաններն ինքնաբերաբար կփակվեն այն նույն «չուլուփալասի» առջև, որի վերավաճառքն այդ բնակչությանը «կերցնում-խմցնում» է։ Չէ՞ որ Մաքսային միությունը ստեղծվում է հայրենական արտադրողին աջակցելու համար։ Բայց այնտեղ ի՞նչ ունի Հայաստանը, ուր նրանք այլևս չկան և որտեղ տերուտնօրինություն են անում միայն ամեն կարգի ու տիպի կոմպրադորները։ Դուք էլ կարծում եք, թե ինչո՞ւ է այդ «ծաղկուն» հանրապետական կուսակցությունն այդքան մեծ ժողովրդականություն վայելում մայրաքաղաքում և նույնիսկ շուկաներում ու տոնավաճառներում։

Հենց նրա համար, որ նա արտահայտում է այդ կոմպրադորական խավի շահերը` մայրաքաղաքային չինովնիկներից` իրենց «բարեփոխումների» անմիտ որոշումներով ու պայմանագրերով (և նման «սխրանքների» համար լիակատար անպատժելիությամբ) մինչև ներմուծված ապրանքների առևտրականներ, որոնք պատանդ են դարձել նույն այդ կուսակցության ձեռքին, հենց նրա համար, որ նա հանդես է գալիս Ռուսաստանի հետ առևտրական դաշինքի կնքման և մեր սեփական տնտեսության վերականգնման դեմ։ Չէ՞ որ նրանց համար այդ հեռանկարը հավասար է մահվան։ Իսկ որ այդ նույն կոմպրադորական Հայաստանն արդեն «արտասահման» է ճանապարհել իր մոտ մի երկու միլիոնի չափ քաղաքացիների, այն աշխարհ է ուղարկել իր գրեթե քառորդ միլիոն բնակիչների (և մոտ տարիներս մի այդքան էլ կուղարկի, եթե ոչինչ չփոխվի), նրանք թքած ունեն։ Իրենց շապիկն իրենց մաշկին, դե, ավելի մոտ է։
ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ։ Կա՛մ կապիտալի դուրսբերումը կփոխարինվի երկրի ներսում նրա կուտակմամբ, ինչը հիմք կստեղծի տնտեսության արդիականացման ու զարգացման համար, կա՛մ էլ մեզ անխուսափելի գաղութացում է սպասում համաշխարհային տնտեսության մի «պուճախում» սպասարկուի կարգավիճակով։ Երկրորդ սցենարը կհանգեցնի իշխող վերնախավի վիճակի էական վատացմանը` ինչպես բնակչության կենսամակարդակի անկման հետևանքով սոցիալական լարվածության աճի, այնպես էլ օֆշորներում կուտակված կապիտալի նշանակալի մասի օտարման պատճառով։ Դրա համար հետևողականորեն պայմաններ են ստեղծում ՃԱՄԵ-ի երկրները` զտիչներ դնելով օֆշորների ու համաշխարհային մնացած ֆինանսական համակարգի միջև։ Ֆինանսական փոխանցումների մոնիթորինգի համապարփակ համակարգն ու կասկածելի գործառնությունների խափանման կոշտ կանոնները հնարավորություն կտան շրջափակելու ցանկացած ժամկետով օֆշորներում կուտակված կապիտալները (իսկ օտարերկրյա հաշիվների հարկման վերաբերյալ ԱՄՆ-ի օրենքը թույլ է տալիս բռնագանձել անվստահելի բանկերի ցանկացած դրամական փոխանցման 30 %-ը)։ Խոշոր ավանդների հարկման նույնպիսի միջոցներ առայժմ քննարկվում են Կիպրոսում, ինչը կարելի է գնահատել որպես աշխարհում գերիշխող դիրքի պահպանման համար իրենց կողմից մղվող ֆինանսական պատերազմի «զոհերի» վրա ՃԱՄԵ-ի դրած տուգանքի սկզբնական փուլ։ Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, կողոպտվածի բռնագանձումը կապիտալիզմի սիրած հնարքն է եղել ինչպես անցյալում (ներառյալ ցարական Ռուսաստանի ոսկին), այնպես էլ ներկայումս (ներառյալ «երեկվա» արաբ «բարեկամների» և Արևմուտքի ու Ռուսաստանի կուտակումները)։
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ։ Այսօր հայկական պետությունը վերածվել է բյուրոկրատիայի կոռումպացված մասի և առանձնաշնորհյալ մենաշնորհատերերի համակեցության, որը խեղդում է մրցակցությունն ու բարոյազրկում իշխող վերնախավին, իսկ նորմայից վերջինիս շեղումները համակում են օֆշորային արիստոկրատիայից մինչև բացահայտ բանդիտիզմ ընդգրկող միջակայքը։ «Երկրում ներդրումային վատ կլիմայի մասին» մերձիշխանական փորձագետների դատողություններն այս իրավիճակում կառավարող դասակարգի խղճուկ արդարացումն են։ Հազիվ թե հայ օլիգարխները կարողանան ավելի գրավիչ ներդրումային կլիմա գտնել, քան Հայաստանում է, ուր նրանց պաշտպանում են «բտած» չինովնիկներն ու դատավորները, մատների արանքով նայելով հարկերից խուսափումներին, աշխատանքային և բնապահպանական օրենսդրության խախտումներին։
Հայկական օլիգարխիայի «օֆշորային հանգրվանների» (և նրանց առավել հայտնի ներկայացուցիչներից մեկի` Կիպրոսի) միաժամանակյա «վախճանը» խորհրդանշում է կապիտալի նախնական կուտակման կամ, եթե ավելի հասկանալի լեզվով ասելու լինենք, համաժողովրդական սեփականության յուրացման ժամանակաշրջանի ավարտը։ Բայց, անկախ կարծիքներից, իշխող վերնախավն այսօր կանգնած է ընտրության առջև. կա՛մ կառուցել իր էկոնոմիկան, կա՛մ համաձայնել «տեղ գրավելու համաշխարհային էկոնոմիկայի լուսանցքում»։ Մինչև օրս վերնախավը ձեռնպահ է եղել ընտրության հարցում, խոսքով հավատարմություն հայտնելով պետության հայրենասիրական կոչերին, իսկ իրականում կապիտալը հանելով արտասահման։ Այլևս «երկու աթոռի նստել» չի լինի, աշխարհն է փոխվել։


Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հասարակական կառույցների հետ կապի դեպարտամենտի ղեկավար,
«Հակակոռուպցիոն» ՀԿ խորհրդի անդամ

Դիտվել է՝ 16891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ