Սեպտեմբերի 12-ին Մարզահամերգային համալիրում հոծ բազմությունը սպասում էր «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերային: Այն անվանի ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին է:
Նազիկ Ավդալյանի կերպարը մարմնավորում էր Աննա Հարությունյանը (Մաքսիմ): Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը, ռեժիսորը և սցենարի հեղինակը հենց ինքը` Աննա Մաքսիմն էր: Ֆիլմի հիմքում իրական դեպքեր և փաստեր են, բայց գեղարվեստական ժանրի կանոններով մատուցված։
Ամիսներ շարունակ ապագա հանդիսատեսը տեսնում էր ֆիլմից հատվածներ: Այսօր այդ ֆիլմի մասին կարծիքները թնդում են համացանցային բոլոր հարթակներում:
«Մի քանի անգամ առաջարկ ստացել եմ իմ մասին ֆիլմ նկարահանելու, առաջարկները մերժել եմ: Աննայի հետ, առաջին անգամ, երբ 3 ժամ զրույց ունեցանք և´ իր մոտեցումը հարցերին, և՛ իր պատկերացումներն այս ամենի շուրջ շատ լուրջ էր ու ինձ հավատ էր ներշնչում: Ես հենց սկզբում ասացի, որ ծանրաձողը բարձրացնելը, մարզիկի մասին ֆիլմ նկարելը հեշտ չէ: Մարզումների ընթացքում կասկածում էի, մտածում՝ գուցե դադարեցվեն մարզումները և չլինի ֆիլմը, բայց պետք է լիներ: Աննան էլ բնավորությամբ ուժեղ է և հավատն ընթացքում ավելի ամրապնդվեց»,- ասում է Նազիկ Ավդալյանը:
Աննա Մաքսիմը այս ֆիլմում նկարահանվելու համար ստիպված է եղել հավաքել 12 կգ քաշ, անդադար մարզվել, ինչի հետևանքով ձեռք է բերել առողջական խնդիրներ։ Շեշտում է՝ ֆիլմում որպես հիմք դրվել են շատ կարևոր հարցեր յուրաքանչյուր մարդու համար. «Ի՞նչ եմ ես ուզում, ի՞նչն է խանգարում դա անել եւ ամենակարևորը՝ որպես հայ մարդ՝ ինչքանո՞վ է իմ արածը նպաստում Հայաստանի Հանրապետության բարօրությանը։ Նազիկ Ավդալյանն իր ոլորտում և իր օրինակով այս հարցերին պատասխանել է, իսկ մենք մեր ֆիլմով կփորձենք այս միտքը և գաղափարները տարածել։ Ֆիլմում պատասխաններ կան, բայց հիմնական պատասխանները թողնված են դիտողներին։ Ես իմ ամենանվիրականը՝ առողջությունը, դրել եմ խաղատախտակին մի նպատակով, որ վերոնշյալ գաղափարները տարածվեն, վերջապես լինի արվեստի, մտքի և ոգու հեղափոխություն»։
Այս ամենին հաջորդում է հերոսուհու սիրո պատմությունը: Ամուսնու դերում Սոս Ջանիբեկյանն է, որի համար այս ֆիլմը առանձնանում է. «Իմ սիրելի ժանրերից մեկն է՝ իրական հիմքերով կենսագրական պատմություն: Սցենարն եմ հավանել. հայ կնոջ այս տեսակը ներկայացվում է հասարակությանը, բայց ֆիլմը ոչ թե կարիերիստ կնոջ մասին է, այլ՝ չհանձնվող, ով հետևում է իր առաքելությանը»։
Նազիկ Ավդալյանի մարզիչը եղել է բոլորիս հայտնի Արտաշես Ներսիսյանը, իսկ ֆիլմում մարզչին մարմնավորում էր Արտաշես Ալեքսանյանը:
Ֆիլմի երաժշտական հատվածներն ապահովել և ամբողջական էր դարձրել կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը։
Ֆիլմում առանցքային դերերով հանդես են եկել նաև Խորեն Լևոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը, Անահիտ Քոչարյանը և այլք։ Բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։
Հոկտեմբերի 13-ին ֆիլմն արդեն կներկայացվի նաև լոսանջելեսյան հանդիսատեսին՝ AGBU Performance Art Center-ում:
Նատալի Մինասյան