Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Մշտնջենական թատերական հերյուրախտ

Մշտնջենական թատերական հերյուրախտ
03.03.2009 | 00:00

ՆԱԽԱՆՁԱՄԻՑԻՆ
Վերջերս Սունդուկյանի անվան մայր թատրոնում դիտեցի Բերթոլդ Բրեխտի «Կովկասյան կավճե շրջան» պիեսի բեմելը: Արդեն մի քանի տարի կլինի, ինչ այդ թատրոնում (և ոչ միայն այդ) նմանօրինակ գրագետ ու բարձրաճաշակ ներկայացում չէի դիտել: Իրոք: Ես այն հավանեցի, բայց պաշտոնապես հայտարարում եմ. «ԵՍ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՄ, ՈՐ ԱՅՆ ՀԱՎԱՆԵՑԻ»։ Հիմա թույլ տվեք ասել, թե ինչու եմ նման հայտարարություն անում։
Տասնամյակներ է, ինչ մեզ մոտ թե՛ ստեղծագործողները, թե՛ գնահատողները և թե՛ անորոշ մասնագիտության ու սեռի ներկայացուցիչները տառապում են մի անբուժելի հիվանդությամբ, որի բժշկական անվանումն է «Արա՛, տո լավ, է՜, մթոմ ի՞նչ էր էդ»… Հա, ես դրա լատիներենն էլ գիտեմ… Բացատրեմ. ասենք, նոր ներկայացում են նայում, ասենք, հավանում են, ասենք… Բայց… Բայց տեսնելով ու լսելով, որ գորտազգիների ցեղախմբին պատկանող ինչ-որ մի մաս հայհոյում կամ քննադատում է այն, իրենք էլ են սկսում «չհավանել», հայհոյել և, պատռելով մարմնի բոլոր անպատեհ մասերը, պատեհ վայրերում բացում են տափակագույն ու ոչ մի բնագիտական օրենքով չհիմնավորված քննադատությունների շարանը, բամբասանքների տարափը, որից էլ հենց առաջանում է թայվանյան ցունամին, ու համաշխարհային ճգնաժամն առավել լուրջ հիմքեր է ընդունում… Նմանօրինակ դժգոհությունները հիմնականում համեմվում են հին հնդեվրոպական նախանձից առաջացած քենով, «հետևից խոսելու» ազգային-ազատագրական հատկության սրմամբ և հիմնականում վերջանում են նրանով, որ ստեղծագործողն ուղղակի մտածում է՝ «Ի՞նչ անեմ, կրկի՞ն պիեսներ բեմադրեմ, թե՞ թողնեմ-գնամ ու Մակեդոնիայում աշխատեմ որպես լվացքատան աշխատակցի կրտսեր օգնական… Եթե բոլորը դժգոհ են կառավարությունից, որ արվեստին զորավիգ չի կանգնում, եթե խոսում են, որ «թատրոնը չկա, մեռել է», «թատրոնը գնդակահարել են»… հարց է ծագում՝ էդ գնդակահարված թատրոնի վրա հիմա դո՞ւք ինչի եք մի հատ էլ контрольный կրակում, ա՜յ… ա՜յ… վատ մարդիկ… Մի՞թե օբյեկտիվ գնահատական տալու ունակությունը Արտավազդ թագավորի ու Անահիտ աստվածուհու արձանի հետ միասին Մարկ Անտոնիոսը խլեց ու տարավ Եգիպտոս։
Ինչի՞ չեք կարողանում հանգիստ ապրել, խաղաղ բնորոշել, քիչ թե շատ գնահատել եղածը… Լավ, «շատը»՝ շատ ասացինք, գոնե՝ քիչ… Մի քիչ… մի էսքան… Դեհ, ասենք՝ ձեր ուղեղի չափով։ Այս ամենը, իհարկե, միայն, իրարից զզվելու ազգային հինավուրց նկրտումների արդյունք չի… Միայն արյան հարց չի։ Միայն նախանձ էլ չի, միայն սովորություն էլ չի։ Սա մեր այսօրվա ռմբակոծված թատերական աշխարհի կիսամեռ ներկայացուցիչների մշտնջենական հերյուրախտն է։ Հա, դա է դրա բժշկական տերմինը։
Պարոնա՛յք, թատրոնը չի մեռնում պետության պատճառով, չի մեռնում ձեր աշխատավարձի քչության պատճառով։ Այն ընդհանրապես չի մեռնում։ Նա հոգեվարքի մեջ է, և միայն ու միայն ձեզ պես երկպառակությունների հեղինակների ու ջատագովների շնորհիվ։ Ի՞նչն է ձեզ պակասում, հետաքրքիր է։ Ասենք՝ Բրեխտի պարագայում։ Ի՞նչը չհավանեցիք։ Այն, որ ձեզ դեր չեն տվել, հա՞։ Թե՞ Տիգրան Գասպարյանի հետաքրքրառատ լուծումներն ու գրագետ քայլերը ձեզ հասցրին կոմայի։ Միգուցե տաղանդաշատ դերասան Արմեն Մարությանի փայլուն խաղի՞ց մարեցիք ու դարձաք բաստուրմի ջիլ։
Այլ «բանակներ» էլ կան, այս անգամ ոչ թատրոնից, բայց ոչ պակաս ակտիվ կամ պասիվ, դա իրենց համար «արվեստի բազմազանության» հիմնաքարն է։ Հա, ցավոք, որ դրանք էլ են խոնարհվում ԼԻՆԵԼ բայով ու… էնպիսի խարդավանքային աղմուկներ են բարձրացնում, ասես դաշտամկանը գցած լինես տակառի մեջ ու լավ փակես դուրս գալու ելքը… Մի խոսքով, գնալով անտանելի է դառնում այս ամենը։ Ես հավատացած եմ, որ մշակույթի նախարարությունը կսանձի նմանօրինակ կլանչողներին, ամեն բան իր տեղը կընկնի, ամեն ինչ կանցնի։ Դրանք էլ հետը։ ՈՒղղակի բուժվել է պետք էդ մարդկանց։ Բայց… Բայց եթե անգամ մեր բժշկությանը հաջողվի դեղամիջոցներ ստեղծել նմանօրինակ հիվանդություններով տառապող «գործիչների» համար, ասենք՝ «Հերյուրադոլ», «Նախանձամիցին», «Էշազեպամ», միևնույն է, հիվանդությունն ավելի կսրվի։ Գուցե նաև հիվանդներին տանեն ռեանիմացիայի, ու բախտներս բերի, որ նրանց էնտեղից հակառակ կողմով դուրս բերեն։ Չգիտեմ։
Ես միայն մի բան գիտեմ՝ եթե մարդկանց այդ տեսակն անկարող է, անտաղանդ է, բամբասող ու նախանձ՝ նրանց պիտի հավաքագրել և ուղարկել в более отдаленные места, ասենք, թող թշնամական գոտում դրսևորվեն, դեհ, Անկարա կա, Բաքու կա… Սադախլոյի տոնավաճառ կա, ի վերջո։ Շատ տեղեր կան նրանց համար։
Վահրամ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3525

Մեկնաբանություններ