Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

«Միշել Ստրոգոֆֆ»-ն ու Ռուսաստանի ճակատագիրը

«Միշել Ստրոգոֆֆ»-ն ու Ռուսաստանի ճակատագիրը
16.02.2024 | 15:40

Պանթուրքիզմի ժամանակակից դրսևորումներին զուգահեռ, նոր հնչեղություն է ստանում Ժյուլ Վեռնի «Միշել Ստրոգոֆֆ» վեպը` քաղաքական արդի միտումների համատեքստում, երբ

ա) արևմտյան, ավելի ճիշտ` ամերիկյան քաղաքական որոշ ուժեր ձգտում են Ռուսաստանը մասնատելով ջնջել աշխարհի քարտեզից,

բ) «պետություն» անվան տակ «ծնել» ազգային ինչ-ինչ մանր միավորումներ,

գ) վերջապես կյանքի կոչել հարյուրամյակից երկար ձգվող իրենց երազանքը. «սեփականաշնորհել» աշխարհի ամենամեծ երկիրն իր տարածքներով ու բնական հարստություններով:

Այդ տեսանկյուից արդիական է ևընթերցողին, անշուշտ, կհետաքրքրի «Իրատեսի» լուսահոգի հեղինակ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԻ ուղիղ 10 տարի առաջ գրած «Ինչու՞ է արգելվել Ժյուլ Վեռնը» վերտառությամբ հրապարակումը:

Ինչո՞ւ է արգելվել Ժյուլ Վեռնը

Այո, Ժյուլ Վեռնը, այստեղ, այսինքն` նախկին Խորհրդային Միությունում: Ես տեսնում եմ ընթերցողի թերահավատ զարմանքը, այնուհանդերձ, այդպես է. մոտ քառորդ դար ֆրանսիացի մեծ գրողը արգելված է եղել ցարական Ռուսաստանում` 1876-1900 թթ., այնուհետև Խորհրդային Միությունում և առայսօր արգելքի տակ է: Խոսքը Ժյուլ Վեռնի «Միշել Ստրոգոֆֆ կամ ցարի լրաբեր» վեպի մասին է: Նրա «ռուսական», կարելի է ասել` ամենառուսական վեպի:

Արգելքի փաստն առավել անհեթեթ է դառնում, երբ հաշվի ենք առնում, թե նշված վեպը քաղաքական ինչպիսի կարևորություն ուներ Ռուսաստանի համար, և այն փաստը, որ արտաքուստ անվնաս, արկածային այս երկը խնամքով ու հետևողականորեն հեռու է պահվել խորհրդային երկրի ընթերցողներից, շատ խոհերի առիթ է տալիս: Իսկապես, ինչո՞ւ էին աշխատում հատկապես «Միշել Ստրոգոֆֆը» թաքցնել բանվորագյուղացիական զանգվածներից, երբ Ժյուլ Վեռնը սեղանի գիրք էր դարձել Խորհրդային Միության գրեթե յուրաքանչյուր ընթերցողի համար, երբ նրա վեպերը լույս էին տեսնում միլիոնավոր, տասնյա՜կ միլիոնավոր տպաքանակներով: Ինչի՞ց էր զգուշանում խորհրդային իշխանությունը, սա ի՞նչ մեղսալի գաղտնապահություն էր:
Վեպի դիպաշարի համառոտ վերապատումն իսկ միանգամից պատասխան կտա այս հարցականներին: «Միշել Ստրոգոֆֆի» իրադարձությունները տեղի են ունենում Ռուսական կայսրության տարածքում` Ս. Պետերբուրգից մինչև Իրկուտսկ, ամենայն հավանականությամբ XIX դարի 60-ական թվականներին, Ալեքսանդր Երկրորդ ցարի օրոք: Վեպն սկսվում է տագնապալից լուրով. ներքին գործոց նախարարը ներկայանում է ցարին և հայտնում, որ մայրաքաղաքը Իրկուտսկին կապող հեռագրի լարը կտրված է, այլևս կապ չկա կայսրության մի հսկա հատվածի` Արևելյան Սիբիրի հետ: Սակայն տագնապի պատճառը միայն կապի կորուստը չէ, որը, ի վերջո, կարելի է կարճ ժամանակում վերականգնել: Թելը կտրել են ապստամբները: Միջին Ասիայի խանությունները միավորվել են թյուրքալեզու մի շարք ցեղերի հետ և նպատակ դրել Սիբիրը կտրել Ռուսական կայսրությունից ու դարձնել թուրք-թաթարական մի պետություն: Ապստամբ խաներին չի միացել միայն ղրղզների ցեղը:
Այս ապստամբությունը, ռազմական առումով, չի կարող որևէ լուրջ վտանգ ներկայացնել Ռուսական կայսրության հզոր բանակի համար, և թվում է` ըմբոստացած խաների ախորժակը «փակելն» ընդամենը ժամանակի հարց է: Սակայն երկու հանգամանք չափազանց լրջացնում են կացությունը և համայն Ռուսիո կայսրից պահանջում գործել արագ ու վճռական. ապստամբներին է միացել ռուսական բանակի գնդապետ Իվան Օգարյովը, որի մայրը մոնղոլ է (Ժ. Վեռնը այս հանգամանքը մի քանի անգամ շեշտում է վեպում): Փաստորեն նա է, որ միտք ու ոգի է հաղորդում քոչվորների անկազմակերպ, բաշիբոզուկային բանակին: Երկրորդ, ամենավտանգավոր հանգամանքը. Իրկուտսկում է գտնվում ցարի եղբայրը` Մեծ Իշխանը, բանակի գերագույն հրամանատարը: Նա գիտի, որ թրքալեզու խաներն ապստամբել են ցարի դեմ, ուստի իր փոքրաթիվ կայազորով փակվել է Իրկուտսկի բերդում: Սակայն Մեծ Իշխանը տեղյակ չէ, որ Իվան Օգարյովը հայրենիքի դավաճան է դարձել: Կացությունը ծայր աստիճանի վտանգավոր է, քանզի, ստացված լուրերի համաձայն, Իվան Օգարյովն շտապում է հասնել Իրկուտսկ, փրկարարի դիմակի տակ Մեծ Իշխանին դուրս բերել բերդից և հանձնել խաների ձեռքը: Սա նշանակում է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում ապստամբները կկարողանան զորավոր ճնշում գործադրել ցարի վրա, գուցե և հասնել իրենց նպատակների իրագործմանը, այլ խոսքով, Ռուսական կայսրության մասնատումով ստեղծել մի նոր Ոսկե Հորդա, այս անգամ թուրքական թեքումով:
Դրությունը փրկելու մեկ միջոց կա միայն. շտապել և Իրկուտսկ հասնել Իվան Օգարյովից առաջ, տեղեկացնել Մեծ Իշխանին պատրաստվող դավադրության մասին: Ներքին գործոց նախարարը ցարին ներկայացնում է մի քանի խիզախների, որոնք պատրաստ են կյանքի գնով կատարելու հանձնարարությունը: Ցարն ընտրում է Միխայիլ Ստրոգովին` հաղթանդամ և քաջարի մի սպայի` ծնունդով սիբիրցի, որն ստանում է ցարի ձեռքով գրված նամակը Մեծ Իշխանին, նրա օրհնությունը և ճամփա ընկնում:
Իմաստ չունի մանրամասնորեն վերապատմել Միշել Ստրոգովի արկածների, իզախության և բացառիկ նվիրվածության ոդիսականը, վիպական հարուստ անցուդարձը, որի վարպետն է Ժյուլ Վեռնը: Այս ամենն ընթերցվում է լարված հետաքրքրությամբ: Մեծ գրողի ժառանգությանը ծանոթ ընթերցողը կարող է պատկերացնել, թե երևակայության ինչպիսի թռիչքով, տիպերի, հերոսների, իրադարձությունների ինչպիսի բազմազանությամբ պիտի ներկայացվի Միշել Ստրոգովի հերոսական ուղևորությունը Ս. Պետերբուրգից մինչև Իրկուտսկ: Լավագույն վերապատումն իսկ չի կարողանա հաղորդել այս գրավիչ վեպի ամբողջ հմայքը: Ասենք միայն, որ խիզախ պատգամաբերը կարողանում է կատարել ցարի հանձնարարությունը և Ռուսաստանը փրկել վերահաս աղետից:
Մասնագետների վկայությամբ, Ժյուլ Վեռնի ծավալուն վեպում զարմանալի ճշգրտությամբ են ներկայացված Սիբիրի աշխարհագրությունը, բնությունը, կենցաղը… Բայց միայն այս մանրամասնե՞րն էին ճշգրիտ:
Ժյուլ Վեռնը, իհարկե, չէր կարող տեսած լինել Մեծ Թյուրքիո կանաչ քարտեզը, որի մասին միայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հնարավոր դարձավ մամուլում գրելը: Այդ քարտեզի առյուծի բաժինն ընկնում է Կովկասի, Միջին Ասիայի և Մոսկվայից արևելք ընկած ռուսական բոլոր հողերի վրա, հասնում մինչև Մանջուրիա, Կորեա, Դեղին ծով: Ի դեպ, 1993 թ. Թուրգութ Օզալն առանց քաշվելու հայտարարեց, որ «թուրքական հանրությունը» տարածվում է Ադրիատիկից մինչև Դեղին ծով:
Մեծ գրողն այդ քարտեզը չի տեսել, բայց կանխատեսել է այդ ծրագրերի իրագործման արյունալի փորձերը: Մեր զարմանքն այսօր մեծ չէր լինի, եթե վեպին նախորդած պատմական իրողություններն առիթ տային նման կանխատեսումների համար: Թուրք հրոսակը, այո, հասցրել էր իր ասպատակությունները սփռել մինչև Վիեննայի դռները: Ճիշտ է, հետ էր շպրտվել, այնուհանդերձ չէր դադարում անհագ ախորժակով նայել այդ տարածքներին և ամեն առիթ օգտագործել դեսից-դենից կտոր պոկելու համար:
Բայց բոլորովին այլ էր պատկերը ռուս-թուրքական-թաթարական հարաբերություններում: Կուլիկովյան ճակատամարտից սկսած ռուսները հետևողականորեն վերադարձնում էին իրենց կորցրած տարածքները` հասնելով մինչև Ղրիմ, Դանուբ և Կովկաս: Իսկ XIX դարի առաջին կեսին, մինչև 60-70-ական թվականները, Ռուսական կայսրությունը բավական հաջող, առանց որևէ լուրջ դիմադրության, թափանցում էր Միջին Ասիա: ՈՒժերի հարաբերությունը, տարածաշրջանի քաղաքական զարգացման իրապաշտ տրամաբանությունը խոսում էին այն մասին, որ թուրք-թաթարական խուժանը վերջնականապես ճզմվելու է ռուսական արջի թաթերի տակ, և հազիվ թե գտնվեր մի քաղաքագետ, որ նման մռայլ կանխատեսում աներ` Ռուսական հզոր կայսրության մասնատումը թուրանական ցեղերի կողմից:
Ինչ վերաբերում է վեպում ներկայացված փաստերին, ապա դրանք, առաջին հայացքից, կարող էին ոչ միայն անհավատալի, այլև անհեթեթ թվալ: Չէ՞ որ վեպի ստեղծման նախօրեին, 1873 թ., ռուսական զորքերը հեշտությամբ նվաճեցին Խիվայի խանությունը: Ռուսաստանի ներկան այդ օրերին դույզն-ինչ առիթ չէր տալիս ամենահեռավոր ապագայում իսկ թուրք-թաթարական էքսպանսիայի մասին խոսելու: Սակայն Ժյուլ Վեռնի մարգարեացած երևակայությունը տեսնում էր այն, ինչի մասին մտածել անգամ չէին համարձակվի մասնագետները:
«Միշել Ստրոգոֆֆն» ապշեցնող է հենց այս առումով: Հայտնի է, որ Ժյուլ Վեռնի գիտական և հասարակական բոլոր կանխատեսումներն իրականացան, մինչդեռ այս վեպը մյուսներից առանձնանում է իր տեսակով. այստեղ գերիշխողը ոչ թե խիզախ ճանապարհորդների և հանդուգն գիտնականների արկածների նկարագրությունն է, այլ քաղաքական, իսկ ավելի ճիշտ` աշխարհաքաղաքական կանխատեսումները, որոնք, ըստ էության, պիտի սկսեին իրագործվել Ալեքսանդր Երկրորդ ցարի սպանությամբ, Համաշխարհային առաջին պատերազմի սանձազերծումով և 1917 թ. հոկտեմբերյան հեղափոխություն կոչված բոլշևիկյան դավադրությամբ: Վեպի ստեղծումից քառասուն տարի անց պիտի ծնվեր մի պետություն, որն իր էությամբ թուրք-թաթարական էր: Խոսքը միայն բոլշևիկների և թուրքերի ափաշկարա սիրաբանության մասին չէ, որի հետևանքով ցինիկաբար ոտնահարվեցին թե՛ հայկական, թե՛ ռուսական շահերը, այլև բոլշևիկների ստեղծած պետության մասին, որը շատ բաներ որդեգրեց Ոսկե հորդայից. ասիական վայրենի ավտորիտարիզմ, խանական հիերարխիա, կոտորած, մսխում, ավազակային սկզբունքներ ներքին և արտաքին քաղաքականության ասպարեզում և այլն:
«Միշել Ստրոգոֆֆի» աշխատանքներն սկսվել են 1875-ին: Այդ է վկայում արձակագրի նամակագրությունն իր հրատարակչի` Էտցելի հետ. «Ես ուրիշ ոչ մի բանի մասին չեմ կարող մտածել. սա ինձ ծայրաստիճան հրապուրում է: Սյուժեն հրաշալի է և հոյակապ իրավիճակների առիթ է տալիս», - գրում էր Ժյուլ Վեռնը 1875 թ. մարտի 29-ի նամակում:1
Իսկապես, «Միշել Ստրոգոֆֆն» այնպես էր հրապուրել գրողին, որ նա ընդհատեց «Հեկտոր Սերվադակ» վեպի աշխատանքները, որպեսզի կարողանա լիովին տրվել նոր մտահղացմանը: Սակայն հրատարակիչը բնավ չէր կիսում նրա ոգևորությունը: Նա պատճառներ ուներ այդպես կարծելու: Նախորդ տարիներին բավական պաղած ռուս-ֆրանսիական հարաբերությունները վերջապես բարելավվում էին: Փարիզի քաղաքական մթնոլորտը, հետևաբար և գրաքննությունը չափազանց զգույշ էին Ռուսաստանին առնչվող յուրաքանչյուր փաստի հանդեպ, ուստի բնական էր, որ օրվա հոգսերով ապրող հրատարակիչը նախ և առաջ պիտի նայեր, թե քամին որ կողմն է փչում:
Սակայն Ժյուլ Վեռնին այլևս անհնար էր հետ պահել: Գրողի հանճարեղ կանխատեսումը շատ ավելին էր ասում, քան օրվա հոգսերով ապրող հրատարակիչների և կարճատես քաղաքագետների վախկոտ զգուշավորությունը: «Ես ճամփա եմ ընկել Սիբիր, և այնպիսի թափով, որ կանգ առնել չեմ կարող: Իմ վեպն ավելի շատ թաթարական է ու սիբիրյան, քան ռուսական»,- գրում էր Ժյուլ Վեռնը նույն տարվա ապրիլի նամակներից մեկում:2
1875 թ. ապրիլին վեպի առաջին մասը պատրաստ էր: ՈՒղարկելով հրատարակչին, Ժյուլ Վեռնը շարունակում է աշխատանքը երկրորդ մասի վրա: Նույն տարվա հուլիսին գրողը մասնավորաբար գնում է Լե-Տրեպոր, որպեսզի մի քանի շաբաթվա ընթացքում ավարտի վեպի երկրորդ մասը: «Սիրելի Էտցել, - գրում է նա հրատարակչին,- ստացա ձեր նամակը և «Ցարի լրաբերի» սրբագրական էջերը: Ձեր նշումների մեջ շատ օգտակար բաներ կան: Ես ամեն ինչ հաշվի կառնեմ, բայց միայն Տուրգենևի դիտողություններն ստանալուց հետո»:3
Էտցելը, անսալով գրողի պահանջին, ձեռագիրը Տուրգենևին է ուղարկում: Վերջինս մի շարք օգտակար խորհուրդներ է տալիս և անում ընդամենը մեկ դիտողություն. թաթարական արշավանքը չափազանց անհավանական է Ռուսաստանում: «Ժյուլ Վեռնի վեպը ճշմարտացի չէ, սակայն դա չէ կարևորը, - գրում է Ի. Ս. Տուրգենևը Էտցելին` 1875 թ. սեպտեմբերի 23-ին: - Վեպը չափազանց հետաքրքրաշարժ է: Մեր օրերում անհավանական է Բուխարայի խանի արշավանքը դեպի Սիբիր: Դա նույնն է, թե ես ցանկանայի նկարագրել` ինչպես է Հոլանդիան նվաճում Ֆրանսիան»:4
Այս փաստը շատ հետաքրքիր մտորումների առիթ է տալիս: Ծիծաղելի կլիներ ասել, թե ֆրանսիացի գրողը Տուրգենևից ավելի լավ գիտեր Ռուսաստանը: Սակայն մի բան է նյութի, երկրի առօրյա իմացությունը, այլ բան` հավանական կանխատեսումները: Բացի այդ, տվյալ դեպքում գործ ունենք ոչ այնքան ստեղծագործական տարբեր նկարագիրների հետ, որքան ազգային տարբեր աշխարհընկալումների: Ռուսական մտավորականության մեծագույն մասն այդպես էլ չբարեհաճեց ինչպես հարկն է ուսումնասիրել իր հպատակներին, իր նվաճած հողերի վրա ապրող տարբեր ազգերին: Չնչին բացառությունները չհաշված, այդ մտավորականության համար հայը, տաջիկը, վրացին, ադրբեջանցին ու չեչենը եղել և մնում են «կովկասյան ազգության դեմքեր»: Թե՛ Տուրգենևը, թե՛ ռուսական ազնվականությունը, ըստ էության, չտեսան ու չհասկացան, թե ինչ ուժեր են ասպարեզ գալիս, թե ինչ սև հորդա է գլուխ բարձրացնելու:
Այսինքն, ի՞նչ իրավունք ունենք Տուրգենևին մեղադրելու, երբ այսօր, քսանմեկերորդ դարում, ռուս մտավորականության մի հոծ զանգված (ժողովրդի մասին էլ չենք ասում) ինչպես հարկն է չկարողացավ իր բարեկամին զանազանել իր թշնամուց, ինչպես հարկն է չի գիտակցել իր քաղաքական կուրության աղետալի հետևանքները Ռուսաստանի համար:
Հրատարակիչը, վեպը տպագրելուց առաջ, Տուրգենևի միջոցով կապվում է Փարիզի ռուսական դեսպան, կոմս Օռլովի հետ և խնդրում նրան կարդալ սրբագրական էջերը: Դեսպանը վեպում «ոչ մի պախարակելի բան»5 չի գտնում, սակայն խորհուրդ է տալիս փոխել վերնագիրը, այսինքն` «Ցարի լրաբերը» դարձնել «Միշել Ստրոգոֆֆ»: Ռուսական գրաքննությունը չափազանց հիվանդագին էր նայում վեհապետ կայսեր և նրա ընտանեկան պարագաներին առնչվող յուրաքանչյուր մանրամասնի հրապարակմանը:
Ժյուլ Վեռնը մեծ դժկամությամբ համաձայնեց վերնագրի փոփոխությանը: «Ցարի լրաբերը» վերնագիրն արդեն կրում էր որոշակի վերաբերմունք քաղաքական հնարավոր դեպքերի հանդեպ, ինչ-որ առումով դա նշանակում էր ռուսական կայսրության հեղինակության տարածումը և, թեկուզ խորհրդանշական, ամուր պատնեշ էր դնում ասիական հնարավոր բարբարոսության դեմ:
Վեպը լույս տեսավ 1875-ին «Դաստիարակության և զվարճության ամսագիր»-ում և առաջ բերեց մի շարք քննադատների տարակուսանքն իր «անհավանականությամբ»: Կարճատեսությունը, ավելի ճիշտ, անհեռատեսությունը միշտ անվերապահ է լինում: Ժյուլ Վեռնը վրդովված էր։ «Այո, թաթարական արշավանք, իսկ ինչո՞ւ ոչ,- գրում էր նա:- Չէ՞ որ ես գրողական երևակայության իրավունք ունեմ»:6
Հրատարակիչը, վախենալով գրաքննությունից, որոշեց դիմել ընթերցողներին մի նախազգուշությամբ, թե վեպում նկարագրված իրադարձությունները և անձինք հորինված են: Հեղինակն էլ, գլխավորը փրկելու նպատակով, համաձայնեց որոշ երկրորդական կրճատումների և տեքստից հանեց այն ամենը, ինչ կարող էր վերագրվել ներկա ցարին և նրա հորը: Ահա ինչու «Միշել Ստրոգոֆֆի» գործողությունները մի տեսակ ժամանակից դուրս են թվում: Սակայն ցավալին այն էր, որ գրաքննությունը մանրուքների հետևից ընկած չէր տեսնում էականը: «Ափսոս,- գրում էր Ժյուլ Վեռնը, - որ գրաքննությունն այդպես մակերեսային է կարդում գրքերը: Տուրգենևը, որն այդ պարոններից շատ ավելի լավ գիտի Ռուսաստանը, ոչ մի պախարակելի բան չգտավ»:7
«Միշել Ստրոգոֆֆը» առանձին գրքով լույս տեսավ 1876-ին և չլսված հաջողության արժանացավ: Փարիզի «Օդեոն» թատրոնում այդ վեպի հիման վրա ներկայացում դրվեց, որը նույնպես մեծ հաջողություն ունեցավ: Փարիզում, այդ տարիներին, տարածված էր «հրաշալի է, ինչպես «Ստրոգոֆֆը» արտահայտությունը: Գրական այս հերոսի կենսագրությունը պիտի շարունակվեր հետագա տարիների` ֆրանսիացի մի շարք գրողների ստեղծագործություններում: Այս կերպարը շարունակ հիշատակվել է որպես հայրենիքին անմնացորդ նվիրվելու օրինակ:8
Սակայն Ֆրանսիայում ունեցած հաջողությունները բավարար չեղան, որպեսզի վեպը միանգամից թարգմանվի և հրատարակվի ռուսերեն: Չգիտես, դիվանագետների զգուշավորությա՞մբ, քաղաքական գործիչների կարճատեսությա՞մբ, թե՞ ցարական գրաքննության բթամտությամբ բացատրես այն փաստը, որ վեպը մինչև 1900 թ. պիտի արգելված մնար Ռուսաստանում: Արգելքը հանելուց հետո էլ, ռուսաց կայսրության, ցարի պաշտպանությամբ և ռուսական ազգային շահերի օգտին գրված այս ստեղծագործությունն ընդամենը երկու անգամ պիտի լույս տեսներ ռուսերեն: Իսկ երկրորդ արգելքը դրվեց 1917 թվականից անմիջապես հետո, և դա հասկանալի էր. այսպես կոչված հեղափոխությունը` պարվուս-լենինյան դավադրությունը, շատ էր նման վեպում նկարագրված գործողություններին: Բոլշևիկները նման զուգահեռներ չէին սիրում: Դեռ լավ է, որ չարգելվեց Ժյուլ Վեռնի ամբողջ գրականությունը:9
Վեպը ոչ միայն արգելվեց, այլև դուրս մնաց գրականագիտական շրջանառությունից: Ժյուլ Վեռնի գրականության խորհրդային մասնագետներից (Կ. Անդրեև, Ե. Բրանդիս, Լ. Բորիսով) թերևս միայն Ե. Բրանդիսն է, որ խոսում է այս վեպի մասին, իհարկե, հպանցիկ, չանդրադառնալով վեպի բուն էությանը, նույնիսկ շեղելով ընթերցողի ուշադրությունը. «…այս հեքիաթային սյուժեի ողջ անհավանականությամբ հանդերձ, հեղինակին հաջողվել է ստեղծել Միխայիլ Ստրոգովի հմայիչ կերպարը», - գրում է Ե. Բրանդիսը Ժյուլ Վեռնի ստեղծագործությանը նվիրված իր գրքում:10
Արգելքը փաստորեն շարունակվում է առայսօր: Դժվար է ասել, նախկին արգելքի իներցիա՞ն է պատճառը, թե՞ «անհավանական» վեպի աչք ծակող հավանականությունները ներկա քաղաքական կոնտեքստների մեջ: Տարօրինակ ճակատագիր ունեցավ այս վեպը` հրաշապատում հեքիաթից մինչև մղձավանջային իրողություն: Նոր Ռուսաստանում պիտի տպագրվի՞ «Միշել Ստրոգոֆֆը», թե՞ ոչ:11 Եվ ինչպե՞ս կընկալվի քաղաքական ներկա կացության մեջ, երբ մի կողմից չափազանց պատասխանատու անձինք, ամենայն լրջությամբ, հայտարարում են, թե Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ «արդեն երկար ժամանակ է, որ պանթուրքիստական գործելակերպ գոյություն չունի»,12 իսկ մյուս կողմից՝ նորօրյա պանթուրքիզմը, զգեստն ու ֆասադը փոխած, ավելի մեծ թափով շարունակում է նախկին գործունեությունը:
Հետաքրքիր է, հարգարժան պատմաբան-խորհրդականի «երկար ժամանակի» մեջ մտնո՞ւմ են Ալեքսանդրեթի սանջակի պարպումը (1939 թ.), հույների և հայերի զանգվածային ջարդերը Ստամբուլում (1955 թ.), Կիպրոսի մասնատումը (1974 թ.), տխրահռչակ Ալի Աղջայի «սխրանքը» Հռոմում (1981 թ.) կամ թե Սումգայիթը, Բաքուն, Կիրովաբադը և վերջապես ներկա արցախյան արյունահեղությունը «պանթուրքիստական գործելակե՞րպ» են, թե՞ ոչ, թե՞ սա հիպնոսացման նոր եղանակ է, երբ ժանիքները բացած բորենու առջև քնաբեր ես խմում և համոզում ինքդ քեզ, որ քնողը գիշատիչն է լինելու: Սակայն նախագահական խորհրդականն ավելի հեռուն է գնում, հայտարարելով, թե «որպես պատմաբան, ես վստահ չեմ, թե ինչ է նշանակում պանթուրքիզմ»:13
Ինքնամիամտացման (ավելի ճիշտ` այլամիամտացման) այս խոստովանության ամբողջ հմայքն այն է, որ մեծարգո խորհրդականը պանթուրքիզմը «չհասկանալու» իր ջանքերի մեջ շեշտում է իր պատմաբան լինելը: Այս առթիվ արժե հիշել Լև Տոլստոյի դաստիարակչական առակը ծույլ տղայի մասին, որը չգիտեր, թե ինչ է փոցխը, սակայն տեղնուտեղը հիշեց, երբ նշված գործիքի կոթը սաստկորեն զարնվեց նրա ճակատին:
Պանթուրքիզմի դաժան դասերը չսերտած պատմաբանները հնարավոր է այսօր էլ Ժյուլ Վեռնի «Միշել Ստրոգոֆֆը» համարեն հրաշապատում հեքիաթ: Իմաստ չունի նպատակամղված կուրության հետ բանավիճել, անգամ վերջին ամիսների դեպքերից հետո` Թուրքիայի վտանգավոր ակտիվությունը Արցախի հարցում և ավելի քան յոթանասուն տարի տևող քրդերի ցեղասպանության հերթական ալիքը: Այսինքն` քուրդ բնիկ ազգության մշտական ցեղասպանությունը խորհրդական-պատմաբանը և նրան ձայնակցող որոշ «գիտնականներ» հնարավոր է պանթուրքիզմի փաստ չհամարեն: Չէ՞ որ նրանք նկատի ունեն արտաքին քաղաքականության ասպարեզը, մինչդեռ սա Թուրքիո «ներքին քաղաքականության» փաստն է:
Սխալ կլինի նաև Ժյուլ Վեռնի վեպն այսօր կարդալ որպես նոստրադամուսյան կամ էֆեմերդիական գուշակություններ, որոնք ճիփ-ճիշտ, նշված օրն ու տեղում պիտի կատարվեն: Կարևորն աշխարհաքաղաքական միտումների զարգացման ճշգրիտ կանխատեսումն է: Հետևաբար պատմական զարգացման մեջ պետք է դիտել քաղաքական երևույթները: Սա նշանակում է` ծիծաղելի կլիներ այսօրվա Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ կարմիր ֆես դրած և արյունածոր յաթաղան բռնած պանթուրքիզմ փնտրել: Թուրքիայի այսօրվա «պանթուրքիստական գործելակերպը» կաղամբի թերթերի պես պատած է քաղաքակիրթ, նույնիսկ մարդասիրական ֆրազաբանությամբ, սակայն միջուկը նույնն է, ինչ ութսուն տարի առաջ:14
Պանթուրքիզմի վտանգը հենց այս միմիկրիան է, շրջապատին արագորեն հարմարվելը, վարպետորեն նմանվելը: Նպատակն է` շարունակ ձգտել դեպի Եվրոպա, նվաճել հրով ու սրով, իսկ եթե չկարողացավ` խաբեությամբ: Եվ առայժմ հաջողվում է:
Ավելի լավ հասկանալու համար «Միշել Ստրոգոֆֆի» երևույթը, թերևս տեղին կլինի խոսել Ժյուլ Վեռնի ժամանակակից, ռուս փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովի համանման մի կանխատեսումի մասին, որի իրականացման ականատեսներն ենք մենք արդեն մի քանի տասնամյակ: Ինքը` փիլիսոփան, այսպես է մեկնաբանում իր կանխատեսումը. «Այն ամենի մասին, ինչ խոսվում է ինձ մոտ պանմոնղոլիզմի և Եվրոպայի վրա կատարվելիք ասիական հարձակման մասին, անհրաժեշտ է տարանջատել էականը մանրամասներից… Ընդհանուր առմամբ այդ պատմությունը փաստական տվյալների վրա հենված հավանական դիտարկումների շարք է: Անձամբ ես կարծում եմ, որ այդ հավանականությունը մոտիկ է հավաստիության, և միայն ես չեմ, որ այդպես եմ կարծում, այլև ուրիշները, ավելի կարևոր անձինք… Հանուն շարադրանքի կապակցվածության, ստիպված եղա հավանական մոնղոլական սպառնալիքի մասին եղած դատումներիս որոշ մանրամասներ տալ, որոնց ես մտադիր չեմ պաշտպան կանգնել: Ինձ համար կարևոր էր ավելի ռեալ բնորոշել երկու աշխարհների սպասվելիք ահավոր բախումը և դրանով իսկ առարկայականորեն բացատրել խաղաղության և անկեղծ բարեկամության անհրաժեշտությունը եվրոպական ազգերի միջև»:15
Այս տողերը գրվել են 1899 թ., Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, ահա ինչու Վլ. Սոլովյովը եվրոպական ազգերին կոչ էր անում պատերազմելու փոխարեն միավորվել: «Պատմություն Նեռի մասին» փիլիսոփայական վիպակում նա գուշակում էր Ասիայի, այնուհետև Եվրոպայի և Ամերիկայի նվաճումը դեղին ցեղի, իսկ ավելի ճշգրիտ` ճապոնացիների կողմից:
Հիշենք, թե ինչպես կատարվեց ռուս փիլիսոփայի գուշակությունը. Ճապոնիան սկզբում ռազմական ուժով փորձեց իրագործել այս ծրագրի առաջին մասը, այնուհետև, դաժան պարտություն կրելուց հետո, կարճ ժամանակում կարողացավ իսկապես նվաճել աշխարհը, այս անգամ խաղաղ ճանապարհով, բայց ավելի զորավոր կերպով` տնտեսությամբ, տեխնոլոգիայով, ապրանքներով: Համաշխարհային շուկան աստիճանաբար անցնում է Ճապոնիայի, Հյուսիսային Կորեայի, Սինգապուրի, Տայվանի, Հոնկոնգի և Չինաստանի ձեռքը:
Վլ. Սոլովյովի կանխատեսումը կատարվում է: Ոչինչ այսօր ավելի զորավոր չէ, քան տնտեսական գործոնը: Սակայն այս ճշմարտությանը հասնելու համար հարկ եղավ, որ Ճապոնիան անցնի պարտության ողբերգության միջով: Մոտավորապես նույն ողբերգությունն ապրեց Գերմանիան: Թուրքիան ևս ողբերգություն ապրեց, բայց դասեր չառավ: Ավելին, Թուրքիան մտադիր չէ ընդունել բազմաթիվ ողբերգություններ պատճառած լինելու իրողությունը և պատրաստ է հսկայական գումարներ ծախսելու` ժխտելու և ծածկելու այդ ամենը:
Կա նաև կարևոր մի գործոն, որը մեծ մասամբ անտեսվում է, երբ խոսվում է Թուրքիայի ներկա «դեմոկրատացման» մասին` ժողովուրդների քաղաքակիրթ պատմության, մշակութային-հումանիստական ավանդների գործոնը, ինչը կարևոր դեր խաղաց Ճապոնիայի և Գերմանիայի ռազմատենչ մտայնության վերափոխման մեջ: Ավելին, գերմանալեզու մշակույթը ֆաշիզմի ծնունդից առաջ ստեղծեց հակաֆաշիզմը, հիշենք թեկուզ Կաֆկայի գրականությունը, չասած, որ քսանական-երեսնական թվականներին Գերմանիայում հակաֆաշիստական մի զանգվածային շարժում կար` թե՛ մտավորականության, թե՛ ժողովրդի մեջ: Մինչդեռ Թուրքիայի պարագայում միայն վերջին տարիներին հատուկենտ մտավորականների ձայներ հնչեցին, որոնք տեղնուտեղը, ամենայն դաժանությամբ, լռեցվեցին:
Արթնացող խիղճը, այնուամենայնիվ, իր ձայնը կհնչեցնի, սակայն ժամանակ է պետք, որպեսզի հասնի ժողովրդի գիտակցության խորքերը, ուստի այսօր հնարավոր չէ ասել, թե պանթուրքիզմը, սոլովյովական «պանմոնղոլիզմի» պես, կարող է արմատականորեն վերափոխվել և ռազմատենչ նվաճումը դարձնել խաղաղ նվաճում: Առայժմ որևէ փաստ չի խոսում հօգուտ այս վարկածի, հակառակը` որքան կուզեք: Սակայն գուցե և իրավունք չունենք անվերապահ պնդելու, թե առաջիկա տասնամյակների ընթացքում «գորշ գայլի» երազն ուրիշ, խաղաղաբարո կերպարանքով հանդես չի գա: Մի՞թե խելահաս դառնալու համար ազգերն անպայման ողբերգությունների միջով պիտի անցնեն: Ի՞նչ հրաշք պիտի հետ պահի Թուրքիային սեփական և մյուս ժողովուրդներին նոր ողբերգություններ պատճառելուց:16

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ,
1992-2013

---------------
1. ԺՅՈՒԼ ՎԵՌՆ- Երկերի ժողովածու, հատոր 12, Մոսկվա, 1957 թ., էջ 711, ռուսերեն:
2. ԺԱՆ ԺՅՈՒԼ ՎԵՌՆ- Ժյուլ Վեռն, Մոսկվա, 1978 թ., էջ 246, ռուսերեն:
3. ԺՅՈՒԼ ՎԵՌՆ, Երկերի ժողովածու, հատոր 12, Մոսկվա, 1957թ. էջ 712, ռուսերեն:
4. ՏՈՒՐԳԵՆԵՎ Ի.Ս. Նամակների լիակատար ժողովածու, Մոսկվա, 1966 թ., հատոր 11, էջ 127:
5. ԺՅՈՒԼ ՎԵՌՆ- Երկերի ժողովածու, հատոր 12, էջ 712:
6. ԺԱՆ ԺՅՈՒԼ ՎԵՌՆ- Ժյուլ Վեռն, էջ 247:
7. Նույնը, էջ 247:
8. Վեպը 1908 թ. մինչև 2004 թ. տասներկու անգամ նկարահանվեց աշխարհի տարբեր երկրներում` ԱՄՆ, Մեքսիկա, Բրազիլիա, Իտալիա, Ֆրանսիա, Հարավսլավիա, Գերմանիա… Ամենաինքնատիպը, թերևս, իտալացիք էին, ովքեր այս նյութի հիման վրա որոշեցին էրոտիկ ֆիլմ նկարել: Թատերական ներկայացումների թիվն անհամեմատ ավելի մեծ է: Եվ, վերջապես, նշենք, որ այսօր Ֆրանսիայի քաղաքներից մեկում գոյություն ունի Միշել Ստրոգոֆֆի փողոց:
9. Անհավատալի է, բայց վեպի հայերեն թարգմանությունը 1926 թ. լույս է տեսել Թուրքիայում` Կոստանդնուպոլսում, «Միշել Սթրոկոֆ» վերնագրով:
10. ԵՎԳԵՆԻ ԲՐԱՆԴԻՍ. Ժյուլ Վեռն. Կյանքը և ստեղծագործությունը. Լենինգրադ, 1963 թ., էջ 279, ռուսերեն:
11. Վեպը ռուսերեն, այնուամենայնիվ, լույս տեսավ 1994 և 1999 թթ.:
12. «ՄՈՒՆԵՏԻԿ» շաբաթաթերթ, Երևան, N2 10 փետրվարի, 1992 թ., («Արքայի ամբողջ շքախումբը. Ժիրայր Լիպարիտյան», էջ 5):
13. Նույնը, էջ 5:
14. Պանթուրքիզմի կանխատեսմանը զուգահեռ, այս վեպը նոր հնչեղություն է ստանում քաղաքական արդի միտումների համատեքստում, երբ արևմտյան, ավելի ճիշտ` ամերիկյան քաղաքական որոշ ուժեր ձգտում են Ռուսաստանը մասնատելով ստեղծել չորս նոր պետություն:
15. ՎԼԱԴԻՄԻՐ ՍՈԼՈՎՅՈՎ. Երեք զրույց. Մոսկվա, 1991 թ., էջ 11 ռուսերեն:
16. Ի դեպ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երիտթուրքերի արկածախնդրության պատճառով, Թուրքիան ապրեց այդ ողբերգությունը` մարդկային, նյութական և տարածքային հսկայական վնասներ կրելով:

Դիտվել է՝ 2749

Մեկնաբանություններ