Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Գոդո կամ գոդոյին սպասելու․․․ հանցավորությունը

Գոդո կամ գոդոյին սպասելու․․․ հանցավորությունը
24.03.2023 | 11:35

Այնպես չէ, որ Հենրիկ Մալյանի թատրոնում ԱՐՄԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ «Գոդոյին սպասելը շարունակվում է․․․» բեմադրությունը դիտելուց հետո խոսքիս տերը չեղա ու ռեժիսորի հետ չհանդիպեցի տաք թեմաներով զրուցելու համար։ Թեպետ առանց այն էլ ամեն ինչ պարզ է, այդուհանդերձ բացեմ «տաք թեմաներ» ասվածի ենթաշերտը՝ ուրիշ էլ ինչի՞ մասին կարող է լինել արվեստագետի հետ զրույցը, եթե ոչ նրա ու նրա ապրած ժամանակի, այդ ժամանակի հետ նրա ունեցած փոխհարբերությունների մասին՝ դիտարկված պատասխանատվության տեսանկյունից։ «Արվեստագե՞տն է կռում ժամանակը, թե՞ ժամանակն է ձևավորում արվեստագետին» հարցի պատասխանը ես միանշանակ չունեմ, որովհետև դա ավելի շատ նման է այն բանին, որ փորձես բացատրել՝ գետի վերջանալո՞վ է սկսվում ափը, թե՞ ափի վերջանալով է սկսվում գետը։ Ժամանակին, երբ ժամանակն իսկապես ժամանակ էր իր ահագնության մեջ, Արմեն Մեհրաբյանն ի դեմս «Էլեգիա» համարձակաշունչ ներկայացման, ԽՍՀՄ գերտերության քարտեզն ու ողջ պալիտբյուրոն սարքել էր բեմի պալավիկ, հանձնել հանդիսատեսի դատին, իսկ ներկայացման բուն հերոսը Հայաստանն էր։ Ամեն ինչ այնքան առարկայական, այնքան շոշափելի էր հրամցված հանդիսատեսին, որ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չուներ։

Բեմում ծավալվող իրադարձությունների մեջ գլխավոր դերակատարը վաճառքի հանված Հայաստանն էր։
«Այն օրերի մեջ նաև այսօ՞րն էր նկատել ռեժիսորը» հարցի պատասխանը թողնենք ներկայացումը վայելած ու այս պահին մտովի նրա հետ հայտնված հանդիսատեսին, իսկ մենք դառնանք «Գոդոյին սպասելը շարունակվում է․․․» բեմականացմանը՝ փորձելով հասկանալ, թե այդ ի՞նչն Արմեն Մեհրաբյանին դրդեց դիմելու աբսուրդի ժանրի այս կոթողային գործին, դրա մեջ տեսնել Սեմյուել Բեկեթից բաց թողնված տարրեր, համարձակորեն միջամտել հեղինակային խոսքին՝ նույնքան համարձակությամբ բեմականացման ատաղձ ներմուծելով սեփական ասելիքը։
Նման համարձակության համար քիչ է այն ինքնավստահությունը, թե դրամատուրգն իր ասելիքն ասել-ավարտել է, ասպարեզը ռեժիսորինն է։ Այդպես վարվելու համար պիտի լինես առավել քան փաստարկված, այլապես ծիծաղելի կլինի ոչ միայն անձիդ, այլև արածդ գործի ընկալումը։
Գոդո սպասելիս, թե Գոդոյին սպասելիս տարընթերցումն այնքանով է այդպիսին, որքանով անձիդ մոտ շնչավորված կամ անշունչ է Գոդո ընկալումը։
Ի միջի այլոց այս հստակությունը թե հստակեցումը չկա և Արմեն Մեհրաբյանի մոտ, ամեն ինչ բարձված է հանդիսատեսի ուսերին՝ ընկալիր ինչպես կընկալես, սակայն բեմականացման մեջ դրված պայմանն է անխախտ՝ մտածիր, թե որքանով ես մեղսական Գոդոյին սպասելու շարունակականության մեջ և արդյո՞ք այդ քո պասիվությունը, ըհդարմացած վիճակը չէ պատճառը, որ երկրով հանդերձ այս օրի մեջ ես ու արդյո՞ք սա չի գալիս․․․ չլինենք ոչ թե խոսքաշատ, այլ՝ ասելիքաշատ ու հղում անենք «Էլեգիային»՝ երբ քեզ առարկայնորեն ցույց էր տրվում մի ամբողջ ներկայացման պալավիկ դարձած երբեմնի հզոր երկիրդ իր գլխավոր շեշտադրմամբ։
Այն է վաճառքի է հանված Հայաստանդ։
Անկեղծ ասած՝ ես չգիտեմ ժամանակների այս իմ տեսած կապի մեջ իմ խոհերն ու ընկալումները որքանով են համահունչ Արմեն Մեհրաբյանի տեսածին ու ընկալածին, սակայն «Գոդոյին սպասելը շարունակվում է․․․» ներկայացումը դիտելու գնալուց ես հո չէի գնացել ռեժիսորի սրտի զարկերի հետ իմ սրտի բաբախի նույնականությունը կամ աննույնականությունունը գրանցելու համար։ Ես գնացել էի Գոդոյին սպասելու հանցավոր շարունակվելու մեջ իմ մեղսավորության բաժինը հասկանալու համար։
Ներկայացման դերասանական կազմի մասին։
Գեորգի Հովակիմյանի ու Արա Սարգսյանի կողքին ներկայացմանն առանձնահատուկ հմայք է տալիս պոռնիկին ու հրեշտակին մեկտեղած Աստղիկ Աբաջյանը, իսկ գլխատված ծառը, որ ռեժիսորի մեկնաբանությամբ ինքն իրեն խարակիրի է արել, ձեռք է բերել կերպարային միանգամայն ինքնուրույն արժեք։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Հ․Գ․1 Նյութում մեկնակետ է վերցված 1991 թվականին բեմադրված «Էլեգիան», սակայն իրականում այն ռեժիսորի ստեղծագործական ամբողջ տասնամյակի գեղարվեստական, հոգևոր խտացումն էր, բարձրակետը։
Հ․Գ․2 Տեքստում հիշատակված պալիտբյուրոն ԽՄԿԿ կենկոմի քաղբյուրոն է, իսկ պալավիկը՝ բեմահատակի փալասը։

Դիտվել է՝ 16461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ