Երբեմն լինում են դեպքեր, երբ մտավորականը լայն հանրության հետ իր շփումներում հանդես է գալիս իր չմարմնավորված կերպարով, բայց հստակ կենսադիրքորոշումով։ Այդպիսիք հիմնականում սակավ են, և միայն լայն մտահորիզոնի տեր անձինք են իրենցից անկախ սեփականաշնորհում դույզն-ինչ տարակուսելի կերպարը. և եթե Հեգելի՝ «Ցանկացած հակադրություն կամ միտք կարող է իր խորքում հակադրություն ներառնել», ուրեմն մտավորականն է այդ հակադրության կրողը։
Ակամա այս մտածումների «բեռան տակ» մտովի փնտրում էի այնպիսի մտավորականի, որն ինձ «օգներ» լիցքաթափվելու այս մտածումների ծանրաբեռն ներկայությունից, և հանկարծ՝ ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆՆ է ինձ ընդառաջում՝ Լևոն Հովհաննեսիչը, ու «լսում եմ» իր ձայնը. «Այ տղա, էս ե՞րբ ես Բեյրութից եկել, Արմեն Հարությունյանին հանդիպեցի՞ր»։ Արմեն Հարությունյանը լիբանանահայ գործարար, հայ գրականության նվիրյալ-բարերար, իր մտերիմ անձանցից էր, իր դասական սովորության համաձայն, ամեն անգամ, երբ Բեյրութում էի լինում, մեկ շիշ վիսկի էր ինձ հանձնում՝ բարեկամին փոխանցելու համար։ Այս անգամ նույնպես. և ես շշաձեռն բարձրանում եմ Արվեստի ինստիտուտի տնօրեն-ակադեմիկոսի աշխատասենյակ։ Դուռը կիսաբաց է, ինձ տեսնելով ձեռքերը տարածած մոտենում՝ ողջագուրվում է, և սկսվում է մեր զրույցը (ավելի ճիշտ՝ վեճը) որ բանավեճի է վերածվում՝ դասական (մեսրոպյան) ուղղագրության ջատագովի և ընդդիմախոսի միջև. «Իմ գրածները Սփյուռքում կարծես ուրիշ մեկն է գրում, եղբայր, ինչու՞ Հախվերտեան...»։ Իմ բացատրությունները, բնականաբար, գրոշի արժեք չեն ունենում, ու ես հերթական «պարտությունից» չխուսափելով նահանջում եմ՝ խորին հարգանոք իր պատկառելի վաստակի հանդեպ։ Իսկ վիսկիի արդեն կիսադատարկ շիշը ինձ «հուշում» է, որ... դու այստեղ այլևս անելիք չունես, և քայլերս «ի մի բերելով», ինքնաբացարկ եմ հայտարարում։
Զարմանալի մի իրողություն կա Լևոն Հախվերդյանի կենսագրության մեջ. տարիներ անընդմեջ ապրելով չափազանց բուռն ստեղծագործ կյանքով, գրականագետի, թատերագետի, հրապարակախոսի, թարգմանչի իր վաստակով նա այնուամենայնիվ, հանրությանը ավելի ներկայանալի դարձավ, համենայն դեպս ես այդպես եմ կարծում,«Զրույցներ լեզվի մասին» (1998) չափազանց ուշագրավ ու տակավին ուսումնասիրելի գրքով։ Իրավամբ՝ հայախոսության ու հայամտածության դեսպանորդի նվիրյալության տարիների տքնանքի արգասիք... Գոյություն ունի այսպես կոչված «ինքնակենսագրական մեթոդ», այն կարծում եմ նշանակալից է հատկապես Լևոն Հախվերդյանի պարագային. թատերագիտական և գրականագիտական (հատկապես Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները արժևորելու առումով) աշխատություններում, ինչպես նաև հրապարակախոսական հոդվածներում մեծապես առկա է կենսափորձը, աշխարհընկալումը: Երկեր և կերպարներ վերլուծելիս («Երկեր և կերպարներ», 1964), դերեր և դերասաններ արժևորելիս («Դերեր և դերասաններ», 1977), և որևէ արտիստի կյանքի և գործունեության ընդհանուր պատկերը ներկայացնելիս («Սուրեն Քոչարյանի արվեստը», 1959), Լևոն Հախվերդյանը ձգտում է իր տեսանկյունից, փորձառությունից բացահայտել այնպիսի իրողություններ, վերլուծանյութ ընտրել հոգեբանական այնպիսի նրբերանգներ, որոնք մինչ այդ վրիպած են եղել գրականագետների, թատերագետների ուշադրությունից՝ զորօրինակ «Պարույր Սևակը զուգահեռների վրա» հուշագրությունը, որն իր տեսակի մեջ խախտել էր արդեն ընդունված հուշագրական և գրականագիտական ժանրերի սահմանները. մի կողմից մարդու, մյուս կողմից բանաստեղծի կերպարների կերպընկալման դժվարին զուգակշռումն էր իր ուսերին վերցրել հախուռն ու գեղագիտորեն էքսցենտրիկ կյանքով ապրող մտավորականը։
«Ինչո՞ւ թարգմանեցիք Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները», (1956, 1979), «Հին Հռոմ» պատմագիրքը» (1955): Սա իմ հարցաշարի հարցերից հերթականն էր՝ մեր մի հանդիպման ժամանակ։ Երևի ցանկալի հարց էի տվել, անմիջապես ասաց. «Սրիկա, ավելացրու Կոկլեն-Ավագի «Դերասանի արվեստը», թե՞ տեղյակ չես, չես կարդացել, չնայած լավ էլ դերասան ես, գիտես ու՞մ, ի՞նչ, ե՞րբ ես հարց տալիս, բայց նաև օգնում ես... Մեր ընթերցողները իմացության կարիքի մեջ են, տես, ռուսները ինչեր են թարգմանում, հայ գրողը, մտավորականը սնվելու կարիք ունի»։ Ամեն ինչ պարզ էր. հիմա, բնականաբար, ես ճիգեր գործադրելով եմ հիշում նրա մեկնաբանությունը. նա բառերի շեշտադիր առոգանությամբ էր խոսում՝ ստիպելով ինձ դառնալ համակ ուշադրություն։ Համենայն դեպս, Լևոն Հախվերդյանի միտք բանին ջանում եմ ճշգրիտ հաղորդել, և ամենևին «ստեղծագործելու» կարիք չեմ զգում՝ ոչ միայն նրան մեծարելու, այլ նաև իմ դիմանկարային էսքիզը զորում եմ հնարավորինս անխաթար պահելու համար, կարծում եմ` չեմ վրիպել և չեմ դարձել իր «ներքին հույզերի մոտեցման գերին», այսպես միշտ և շարունակաբար։
Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ