ՎԱՐԴԱՆԻ ԱՆՏԵՐ ԱՅԳԻՆ
2019 թ. սեպտեմբերի 8-ին Աղթամար տուրի ուղեկցությամբ մեր խումբը նավով մեկնում էր Աղթամար կղզի՝ մասնակցելու Վանա ծովի Սուրբ խաչ եկեղեցում յոթերորդ անգամ մատուցվելիք պատարագին։ Բացի մեր խմբից՝ նավում կային նաև Կ. Պոլսից եկած հայեր, Վանում, այլ վայրերում ապրող քրդեր։ Սաիդը, որ նստած էր կողքիս, զրուցելու տրամադրված, ձեռքով ցույց տալով ծովի աջակողմում ճանապարհին մերձակա նորակառույց առանձնատներից մեկը՝ գոհունակ ժպիտով ասաց. «Իմ վիլան է»։ Մինչ կղզի հասնելը նա պատմում էր Վանի հայերի մասին, ասում էր, որ հայերը շնորհալի ժողովուրդ են, որ իր պարտեզում Հայաստանից բերված մոշի թփեր է տնկել, պտուղները համեղ են, հյութալի։ Թուրքերեն իմացածս մի քանի բառերի և ժեստերի լեզվով գրեթե հասկանում էի ասածները։ Զգացվում էր, որ աշխատասեր, ձգտումով մարդ է։ Կղզի հասնելուց հետո խայտաբղետ բազմության մեջ այլևս նրան չտեսա։ Ամիսներ անց նա ֆեյսբուքում ինձ ընկերության հայտ տվեց։ ՖԲ թարգմանչի միջոցով հակիրճ նախադասություններով շարունակում էր տեղեկություններ հաղորդել Վանի հայերի մասին, Սիփան, Արտոս լեռների, կիսավեր եկեղեցիների նկարներ էր ուղարկում։ Մի օր անմշակ, փուշ-տատասկոտ հողատարածքի նկար ուղարկեց՝ գրելով. «Սա Վարդանի այգին է»։ Քանի որ հետաքրքրված եմ անցյալ ու ներկա օրերում Վանում ապրող հայերի կյանքով, գրեցի. «Ծանոթացրեք ինձ Վարդանի հետ»։ Պատասխանը դաշույնի հարվածի պես էր. «Վարդանն սպանվել է 1915 թվականին»։ Ինչու՞, ի՞նչ մտածելով Սաիդն այդ դաժան փաստը հաղորդեց ինձ, չգիտեմ, գուցե չենթադրեց էլ, որ Մեծ եղեռնի զոհ դարձած Վարդանի պատմությունն այսուհետ հանգիստ չի տալու ինձ, ամեն օր մտովի ապրելու եմ նրա վախճանի ահավոր ակնթարթը։ Գուցե Սաիդի հոգին էլ խաղաղ չէ, ուզում է հեռու վանել, մոռանալ դրախտավայր Վանում (բնորոշումն իրենն է) 105 տարի առաջ կատարված եղերական իրադարձությունների սարսափն ու ամոթը, այլապես ինչու՞ պիտի ուղարկեր մահաշունչ 1915-ին տիրոջը կորցրած անջրդի հողակտորի նկարը, որը, անկասկած, եղերական այն տարին ծաղկուն այգի է եղել և այսօր, անգամ վայրիացած, շարունակում է կրել իր օրինական տիրոջ՝ Վարդանի անունը։
ՄԻ ՁԵՌՔՆ ԷԼ ԾԱՓ ԿՏԱ
Վերջերս Սաիդը կրկին անակնկալ մատուցեց, այս անգամ՝ ուրախալի. «Դուք պետք է անպայման ծանոթանաք Գևորգ Խաչատրյանի հետ։ Նա շատ լավ հայ է։ Երևանից խմբեր է բերում ձեր երկիրը և շատ բան գիտե հին ժամանակներից ի վեր այստեղ ապրող հայերի մասին։ Ոչ ոք Գևորգից ավելի լավ չի ցույց տա պապերիդ հողը», և ուղարկեց Գևորգի դիմատետրի պատկերը։ Զարմանք բան է Ֆեյսբուք կոչվածը՝ վերացական-իրական անսահման, անծայր աշխարհ, որի միջոցով Վանում ապրող ազգությամբ քուրդ մի մարդ կարող է քեզ խորհուրդ տալ ծանոթանալու Երևանում ապրող հայրենակցիդ հետ։ Պարզվեց՝ Գևորգը նույնպես ֆեյսբուքի ընկերներիցս էր, թեև երբեք չէինք հաղորդակցվել։ Նամակ գրեցի, ներկայացա, հայտնեցի գրելուս պատճառը։ Գևորգ Խաչատրյանն իսկույն արձագանքեց, և, ո՜վ զարմանք, պարզվեց՝ Սաիդի բնորոշած այդ լավ հայն ապրում է մեր տանից ընդամենը երկու կանգառ այն կողմ՝ խորհրդային ժամանակներից հայտնի Օդաչուների շենքում և գուցե երբեք չճանաչեի իրեն, եթե Սաիդը չհուշեր։ Երկար զրուցեցինք։ Գևորգն ուշագրավ պատմություններ պատմեց Արևմտյան Հայաստանի գավառների, գյուղերի անցյալի ու ներկա վիճակի մասին, անգիր թվեց, թե 1915-ին որ գյուղից քանի զոհ է եղել, քանիսին է հաջողվել արյունաշաղախ, կիսամեռ փրկվել, անցնել Արևելյան Հայաստան, և թե այսօր Հայաստանում որտեղ են ապրում նրանց շառավիղները։ Արդեն տասը տարի զոհված, հրաշքով փրկված հայերի սերունդներին, որպես զբոսավար, ուղեկցում է Արևմտյան Հայաստան, գտնում նրանց նախնիների գյուղերը, պապենական տները՝ տակավին կանգուն և կամ ավերակված։ Սիրտ ալեկոծող դրվագներ պատմեց այդ հայտնաբերումներից։ Ասաց, որ իր նվիրական գերնպատակն է՝ որքան հնարավոր է շատ ժառանգների տանել իրենց նախնիների բնօրրանը, որովհետև պատմական հայրենիքը մոռանալն աններելի է, վտանգավոր, որովհետև հայի կենսագրությունն իրենով չի սկսվում, այն սկիզբ է առնում խոր արմատներից։ Մոռանալ արմատները՝ նշանակում է չդիմանալ մեր օրերի սասանող փոթորիկներին, երերալ… Անհուն ցավով էր խոսում այն մասին, որ դարեր շարունակ հային չի վիճակվել ապրել խաղաղ, ստեղծագործ կյանքով։ Արյունռուշտ ցեղերն ավերել են նրա ոստանը, մահ սփռել, խլել ունեցվածքը, ամայացրել բերրի արտ ու այգեստաններ։ Որպեսզի մեր զրույցը մռայլ խոհերով չավարտվի, Գևորգ Խաչատրյանն ասաց, որ հպարտ է Արցախյան ազատամարտի հաղթանակով։ Մինչև 1918 թ. աշխարհի քարտեզի վրա գոյություն չունեցած, արհեստականորեն ստեղծված Ադրբեջանն աչք է դրել հայոց Արցախի վրա, զավթել է ուզում այն, բայց հայը փաստեց աշխարհին, որ լավ կռվող է, խիզախ ռազմիկ, կարողացավ կոտրել իր բնօրրանը տիրել կամեցողի ողնաշարը՝ հետ շպրտել Արցախի սահմաններից, ու հալածված ոսոխը 1994-ի գարնանը ստիպված դիմեց Մոսկվային՝ միջնորդ լինելու հրադադար հաստատելու խնդրում։ Երկար դարերի կորուստներից հետո 20-րդ դարի վերջին հայերը կարողացան հայոց հողեր ազատագրել։ Եվ խորհրդանշական է, հիշատակելի, որ հաղթանակի կայացմանը մասնակցեցին նաև իրենց բնօրրանից հալածված, աշխարհով մեկ սփռված հայերի ժառանգները։ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից 40 մղոն հեռու Վայսելիա ավանում ծնված Մոնթեն, որ ավարտել էր Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի հին ժողովուրդների պատմության ու հնագիտության բաժինը, կյանքը նվիրեց կորուսյալ հայրենիքի վերադարձի պայքարին, այդ պայքարի ճանապարհին մեծ փորձություններ ու տառապանքներ անցած, 1990 թ. հեկտեմբերին եկավ հայրենիք՝ մասնակցելու վտանգված Արցախի ազատության պայքարին, և այն սխրանքները, որ գործեց մարտադաշտում, Արցախյան ազատամարտի տարեգրության լավագույն էջերից են։ Ազատամարտի մասնակիցներից էր և Սարգիս Հացպանյանը՝ նույնպես ծնված Հայաստանից հեռու՝ Թուրքիայի Ալեքսանդրետ քաղաքում։ 1980-ական թթ. Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման պատճառով Սարգիսն ստիպված էր թողնել ծննդավայրը, հարազատներին, բնակություն հաստատել, մասնագիտական կրթություն ստանալ Ֆրանսիայում։
Գևորգ Խաչատրյանը մեր ճակատագրին վերաբերող զգայուն մի պատմությունից մյուսին էր անցնում ցասումնալի, ընդվզուն անցումներով՝ ինչպես կայծակն է խփում, անցնում մթնդած երկնքում։ Հայոց պատմության տարողունակ այդ անդրադարձից ծնվեց մոտակա մի օր «Եռաբլուր»՝ զինվորական պանթեոն այցելելու, Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների շիրմաքարերին ծաղիկներ խոնարհելու միտքը։
…Սպիտակ, կարմիր մեխակների փունջը ձեռքին՝ երիտասարդն իջավ մեքենայից, հեռվից մի պահ ուշադիր նայեց իմ կողմն ու ընդառաջ եկավ։ Գևորգն էր։ Ձեռքսեղմումից անմիջապես հետո նրան նվիրեցի Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի մասին իմ գրած գիրքը՝ «Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք…» վերնագրով։ Երեկոն աննկատ, անշշուկ թևերն էր տարածում Եռաբլուրի վրա, և մենք մարող օրվա սրսփուն լռության միջով անխոս քայլեցինք դեպի շիրմաթմբերը, որոնց շարքերը գնալով ստվարանում են՝ բլրագագաթից ձգվելով դեպի ցած։ Մեր սահմանները ոսոխի հարձակումներից պաշտպանելիս, ցավոք, այսօր էլ ջահել զինվորներ են զոհվում՝ դեռ չապրած առաջին սիրո բերկրանքն ու առաջնեկ զավակի ծննդյան քաղցրությունը։ Այսօր ամբողջ աշխարհում բարդ, խառնակ, անկանխատեսելի իրավիճակներ են։ Մեծ տերությունների խարդավանքները գալիս, դիպչում են մեր սրտի չափ փոքրացած հայրենիքի սահմաններին, ու հարվածի բեկորները նոր կորուստ, կսկիծ ու ցավ են պատճառում մեր երկրին։ Եվ մենք, անցյալի դասերը չմոռանալով, այսօր, առավել քան երբևէ, մեր հույսը չպետք է կապենք «բարի հզորների» հետ։ Հայոց հինավուրց հողում, ինչպես միշտ, ամեն երկիր իր շահին է հետամուտ, և հազարամյակների ընթացքում հազար փորձանք անցած, վայրագ ցեղերի հարվածներից ծվատված, մասնատված և այսօր երբեմնի հզոր իր բնօրրանի խորհրդանշական մի փոքրիկ տարածքում ամփոփված հայ ժողովրդի՝ խաղաղ, ստեղծագործ ապրելու տենչն ու փափագն անտեսվում է աշխարհի՝ մարդասիրության, դեմոկրատիայի փքուն կարգախոսներով պճնված մեծ ու փոքր ատյաններում։ Եվ կրկին, առավել քան երբևէ վտանգալի իրավիճակում հայտնված մեր ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովողը, ապավենը Հայոց բանակն է։ Իսկ բանակի հզորության համար ամենակարևորը հուսալի, ամուր թիկունք ունենալն է, երկրում, պետության մեջ՝ արդարությունը, սերն ու հարգանքը միմյանց հանդեպ։
Երբ հասանք ծաղկեպսակի նմանողությամբ քանդակված ցայտաղբյուրներին, Գևորգը կտրուկ թեքվեց աջ, մոտեցավ, գրկեց Միայնակ գայլի՝ Արայիկ Խանդոյանի շիրմաքարը, սպիտակ, կարմիր մեխակների փնջից զույգ մեխակ ընտրեց, գուրգուրանքով դրեց քարին, և ինձ անլսելի բառեր մրմնջաց։ 1988 թ. տակավին տասնյոթամյա Արայիկը Ծաղկահովիտ գյուղին մոտ գտնվող խորհրդային ռազմաբազայից զենք ու զինամթերք էր հայթայթել վտանգված Արցախին օգնության փութացող կամավորական ջոկատների համար, 1989 թ. մեկնել Արցախ, միացել ինքնապաշտպանության ուժերին և իր հանդուգն, խելամիտ գործողությունների համար ստացել Միայնակ գայլ մականունը։
Մոտեցանք արդարության համար անզիջում ու ըմբոստ պայքարող Սարգիս Հացպանյանի շիրմին։ Ծանր հիվանդ՝ նա հավատով լի մաքառում էր մահվան դեմ, որպեսզի ապրի, շարունակի պայքարել արդարության համար, և, ավա՜ղ, աչքերը փակեց հայրենիքից հեռու՝ Լիոն քաղաքի հիվանդանոցում։ Հպված արդարության մարտիկի հուշաքարին, Գևորգը, ասես իրականությունից վերացած, երկար լռեց, ապա գուցե Սարգսին վերաբերող անցյալ մի հիշողությունից դեմքին կիսաժպիտ երևաց ու անցավ։ Քայլեցինք դեպի բլրագագաթ, սպիտակ ու կարմիր մեխակներ դրեցինք Վազգեն Սարգսյանի, Մոնթեի, Մոնթե հրամանատարի առանձնակի կարևոր առաջադրանքները կատարող, բազմաթիվ անգամ վիրավորված ու դեռ չապաքինված՝ կրկին մարդադաշտ մեկնած և 1994 թ. հունվարի մեկին հերոսաբար զոհված, տանկիստ Սոս Հովսեփյանի շրիմաքարին։ Սոսի հետ հանդիպել էի այստեղ՝ Եռաբլուրում, 1993 թ. հունիսի վերջին, սիրելի հրամանատար Մոնթեի զոհվելու 40-րդ օրվա կապակցությամբ «Առագաստ» շաբաթաթերթի համար հարցազրույց վարելու։ Գուսան Տոտիկի միջոցով պայմանավորվել էինք հանդիպման ժամը, սակայն Սոսն ուշանում էր։ Եղբորս վեցամյա որդին՝ Դավիթը, որ սրտանց ուզեցել էր ուղեկցել ինձ, կիզիչ արևից շառագունել էր, ու, չնայած հորդորներիս, չէր ուզում տուն տանեի։ Հասուն տղամարդու լրջությամբ ասում էր. «Հենց հեռանանք, Սոսը կգա»։ Սոսն Արցախի դիրքերից էր գալու, և ուշանալու ամեն անկանխատեսելի պատճառ կարող էր ծագել։ Ի վերջո, պայմանավորվածից 4 ժամ անց զինվորական հագուստով երկու երիտասարդ նշմարվեցին ճանապարհին։ Հոգնած էին, արևախանձ դեմքերով, զինվորական հագուստի գույնն ասես մարտերի ծխից խամրել էր։ Հոգնաբեկ հայացքներում կրակի կայծեր կային։ Սոսն էր՝ մարտական ընկերոջ հետ։ Նրա հետ հարցազրույցից ամիսներ անց՝ 1994 թ. հունվարի հինգին թե վեցին, երբ տանը ազատամարտին վերաբերող հին ու նոր գրառումներիս տետրերն էի դասդասում, անծանոթ կին զանգահարեց, խստաձայն ասաց. «Ձեր հեռախոսահամարը գտել եմ որդուս թղթերի մեջ։ Ո՞վ եք դուք»։ Հարցրի. «Ո՞վ է ձեր որդին»։ Ասաց՝ Սոս Հովսեփյանը։ «Ի՜նչ լավ է զանգահարեցիք,- ուրախացա,- Սոսի հետ հարցազրույցը տպագրվել է, թերթը տամ , փոխանցեք իրեն»։ Քար լռություն տիրեց…Հետո լսվեց կնոջ խեղդուկ ձայնը. «Հունվարի մեկին Սոսը զոհվեց»։ Հետո Սոսի մարտական ընկերներից շատ բան պիտի իմանամ նրա անցած մարտական ուղու մասին, թե ինչպես է մենակ անցել թշնամու դիրքերը, նստել նրանց տանկն ու բերել մերոնց կողմը, ինչպես ամեն անգամ վիրքերը դեռ չապաքինված՝ շտապել է մարտադաշտ՝ զինընկերներին մենակ չթողնելու համար։ Այսպես՝ նաև վերջին անգամ։ Ափսոս, որ դժվարին մարտական ուղի անցած հայորդին չտեսավ հաղթանակը։ 1994 թ. հունվարի մեկին Քյաթուկի ուղղությամբ դաժան, արյունալի մարտեր են ընթացել։ Մերոնք հետ են մղել թշնամու գրոհները։ Այդ ծանր մարտերից մեկի ժամանակ Սոսը մահացու վիրավորվել է գլխից… Եռաբլուրում ննջող ամեն հայորդի զոհվելու իր չկրկնվող պատմությունն ունի։ Եվ մենք՝ ապրողներս, պետք է լավ հիշենք ու սերունդներին փոխանցենք հայոց նորօրյա հերոսամարտի պատմությունը։
Երբ վերջին զույգ մեխակները հուշիկ սահեցին Գևորգի ափերից, շարունակեցինք շարքեշարք անցնելով՝ ողջունել հավերժության մեջ ննջող հայրենի հողի նվիրյալներին։ ՈՒրիշ մի տխրությամբ կանգնեցինք Ապրիլյան դաժան կռվում հերոսաբար զոհված տղաների շիրմաշարքի առջև, երկար լռեցինք՝ ցավոտ հարցականները չբարձրաձայնելով…
…Թեև մթնշաղը թանձրացել էր, չէինք ուզում հեռանալ «Եռաբլուրից»։ Գևորգին խնդրեցի նստել կենտրոնական ծառուղու նստարաններից մեկին, և ալեկոծ սրտով՝ վերստին քայլեցինք պատմության խոտոր ճամփեքով։ Ասես առաջին զրույցի շարունակությունը լիներ. Գևորգի սեղմված ապրումները կրկին հորդեցին՝ վարարած գետի պես սրբել-տանելով հոգուն խորթ ու օտար ամեն բան։ Ես, որ կարող եմ զրուցակցիս խոսքն ամբողջությամբ թղթին հանձնել, խեղճացել էի, մի կերպ էի հասցնում գրառել՝ երբեմն բառերի փոխարեն միայն ինձ հասկանալի նշաններ դնելով։ Եռաբլուրից ճամփան մեզ տարավ Էրգիր…
Խնդրեցի պատմել Արևմտյան Հայաստան իր ուղևորություններից մեկի մասին։
-Որ մեկի մասին պատմեմ,- միտքը հեռվում՝ ասաց Գևորգը,- ամեն հադիպում մի նոր բացահայտում է, ամեն անգամ նոր հույզեր, ապրումներ եմ ունենում։ Պատահական մարդկանց՝ պարզապես զբոսաշրջիկների, չեմ տանում։ Կիսատաբատով, ոտքերը բաց տղամարդկանց, կուրծքը կիսաբաց, անվայելուչ հագնված կանանց չեմ տանում։ Իմ նպատակը շահույթ ստանալը չէ։ Իմ գերնպատակն է Էրգիր կորցրած, ցեղասպանության զոհ դարձած մեր նախնիների ժառանգներին տանել, ցույց տալ իրենց պապերի բնօրրանը, գտնել նրանց տունը։ Թող գան, տեսնեն բուն հայրենիքը, սեր արթնանա այդ հողի հետ, այդ սերը փոխանցեն զավակներին, թոռներին։
Պատմեմ դվինցի Սերոբ Վարդանյանի մասին։ Նա ազգագրագետ է, 400-ից ավելի ազգային ոգով երգերի հեղինակ։ Նրա ընտանիքում բոլորը երգող, նվագող, պարող են։ Սերոբի պապը Բիթլիսի (Բաղեշի) նահանգի Խզանի գավառի մի քանի գյուղերի ռես է եղել՝ կառավարիչ, հայտնի մարդ։ Ապրել է Կառնա գյուղում։ Երբ Սերոբն ասաց, որ պապի տունը 18-րդ դարի եռահարկ կառույց է եղել, չհավատացի։ 2019 թ. օգոստոսի 4-ին գնացինք, գտանք Կառնա գյուղն ու Սերոբի պապի տունը։ Պարզվեց՝ այն, իրոք, երեքհարկանի է ու նկուղային հարկ էլ ունի։ Այդ տանը հիմա 3 քուրդ ընտանիք է ապրում։ Ընկուզենու ծառը ծանրությունից ընկել էր։ Սերոբն այդ ծառի ընկույզներից հավաքեց, բերեց, Դվինի իր այգում տնկեց։ Արդեն մատաղ շիվեր են։ Աղթամարի կղզու նշենիներից էլ նուշ հավաքեց, ու հիմա Սերոբի այգում աճած նշենիները Վանա ծովի ալիքների զով շունչն են տարածում։
2017 թ. հոկտեմբերին Աղթամարի նշենիներից ես նույնպես նուշ պոկեցի՝ 49 հատ, և որպես խորհուրդ, բերեցի, բաժանեցի Թալինում, Վերին Սասնաշենում, Դաշտադեմում, Դվինում ապրող ընտանիքների՝ 7 ընտանիքի՝ յոթական նուշ։ Երբ գնում եմ Դվին, Սերոբը աչքերը փակում է, որ արցունքը չերևա։ Գաղթականի ցավն ուրիշ է…
ԵՎ ՍԱԼԵՆ ԱՍԱՑ. «ԱՐԻ, ԱՊՐԻՐ ՔՈ ՊԱՊԻ ՏԱՆԸ…»
Արևմտյան Հայաստան այցելության մի հուզիչ դրվագ ևս՝ թե ինչպես է Գևորգը գտել իրենց պապենական տունը Խնուսի Հարամիկ (Բելիթաշ) գյուղում։
-237 համարով տունն էր, որտեղ ապրում էր Սալե անունով մի քուրդ։ Սալեի առաջին հարցն էր. «Եկել ես տանդ մեջ ապրելու՞»։ Ասացի՝ այո՛։ Սալեն պատասխանեց. «ՈՒրեմն պապս ճիշտ էր ասում, որ Սերոբի տունը մենք չենք ստացել»։
Պատմեց Սերոբ պապիս մասին, անգամ գիտեր, որ Սերոբը ճանապարհների գիտակ է եղել, ճամփորդներին ուղեկցել է մինչև Թիֆլիս։ Հետո ասաց.
-Պապս մահացավ 1980 թվականին։ Մահանալուց առաջ պատգամեց. «Ամեն տարի մի գառ կպահես Սերոբի ժառանգների համար։ Եթե այս տան տերը գա, մի գառ կմորթես, մի շիշ էլ գինի կամ օղի կդնես սեղանին։ ՈՒ կթողնեք, կհեռանաք տնից։ Դա կլինի ձեր պարտքը»։ Ամեն տարի հատուկ այդ նպատակով մի գառ էինք պահում, բայց հյուրերը չէին գալիս, գառը մեծանում՝ դառնում էր թոխլի…
Սալեն ուզեց գառը մորթել, չթողեցի։ Ասացի.
-Թան ունե՞ս, խմենք։
Ասաց.
-Շեմից ներս մտեք, խմեք։
Մտանք, խմեցինք, շարունակեցինք մեր ճանապարհը։
Սալեին հյուր եմ գնում։ Ամեն անգամ ասում է.
-Ե՞րբ ես գալու՝ ապրես Խնուսում…
Ամեն այցելության՝ Գևորգ Խաչատրյանն Էրգրից նոր սերմեր է բերում, նոր շիվեր։
-Սարիղամիշից սոճու տնկիներ եմ բերել, բաժանել։ Անաղարտ սերմեր եմ բերում, բաժանում, որ Հայաստանում ծիլ տան, Հայաստանի ժողովուրդն այնտեղի անարատ ցորենի համն զգա, մյուս բույսերի համն զգա, առողջ երեխաներ ծնվեն, չբերություն չլինի։ Մուշից, Բուլանուխից քռիկ ցորեն եմ բերել, Սասունից՝ գլգլի սերմեր, բաժանել եմ 5000 տնտեսության։ Ինչ որ բերում եմ, անվճար եմ բաժանում։ Խնուսից ճերմակ լոբի եմ բերել, Տալվորիկից՝ մանանա։ Մանանա հիմնականում Մշո դաշտում ու Սասունում է լինում։ Ծաղկափոշին շաղի պես իջնում է ծառերի ճյուղերի տերևներին, քարերին, դառնում մեղրանման զանգված։ Հավաքում են, եփում, օգտագործում շաքարի, մեղրի փոխարեն։ Սասունցիներն սկսեցին դյուրավառ գազ կոչվող բույսերը հավաքել, թափ տալ, վրայի մանանան հավաքել, իսկ գազն օգտագործել որպես վառելիք։ Այստեղից էլ մանանայի մյուս՝ գազպե անունը։ Ժողովուրդը մանանան անվանել է նաև Սուրբ Կարապետի հալվա։ Մանանան տալիս են երեխաներին մրսածության, հազի դեմ։ Հիմա քրդերն օգտագործում են որպես դեղ, մեկ կիլոգրամն արժե 100 դոլար։ Ժողովրդական թևավոր խոսք կա. «Երկնքից մանամա է իջնում», կամ երբ մեկը դժգոհ է լինում ձեռքբերածից, ասում են. «ՈՒզում ես երկնքից մանանա՞ թափվի»… Էրգրում մանանան առատության խորհրդանիշն էր։ Տա Աստված՝ Հայաստանի երկինքն այնքան զուլալվի, որ մեր գլխին մանանա տեղա…
Մութ էր, որ իջանք Եռաբլուրից։ Գևորգը բարձրաձայն մտորում էր.
-Վանի Արտամետ գյուղից Շխկան ու Մոլոտիկ տեսակի խնձորի սերմեր պիտի բերեմ, բաժանեմ ժողովրդին։ Թող Արտամետի հայտնի խնձորներն այս Հայաստանում էլ աճեն։ ՈՒղևորությունների ընթացքում Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերի լուսանկարներ եմ արել՝ 150000 հատ։ Դրանցից լավագույնները կընտրեմ, առանձին տեսանյութ կպատրաստեմ, անվճար բաժանեմ Հայաստանի ու Արցախի դպրոցներին, որպեսզի ուսուցիչները դասերի ժամանակ մեր պատմական հայրենիքը իրական, տպավորիչ պատկերներով ներկայացնեն աշակերտներին։
Հիացած լսում էի այդ պարզ ու շիտակ հայորդուն և մտածում՝ որքա՛ն կատարյալ կլիներ մեր կյանքը, եթե ոչ բոլորը, գոնե շատերը կրեին իրենց հոգում ազնվության, բարության, հայրենի հողին ու ժողովրդին նվիրումի այն սերմը, որ կա նրա հոգում։
Տուն մտա՝ ափիս մեջ ամուր սեղմած Գևորգի նվիրած գլգլի սերմերով փոքրիկ փաթեթը։ Գարուն գա, կցանեմ Եռալուրին մոտ գտնվող մեր փոքրիկ տնամերձում։ Գլգլի հասկերը կծլեն ու կանաչ հույսեր կարթնացնեն։
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ