Մշակութային դադար, առցանց ակտիվություն. սրանք համավարակի թելադրած կանոններն են։ Փորձ է արվում մշակութային զարկերակը պահպանելու. երբեմն թույլ փորձեր են լինում, երբեմն էլ ի հայտ են գալիս ուշագրավ նախաձեռնություններ։ Օրերս մեկնարկած «Յոթ սարի հետևում…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնն այն նախագծերից է, որ ցրում է գաղջը, տարակարծության առիթ գրեթե չի տալիս և, ինչ-որ առումով, հիշեցնում է կյանքը՝ մինչ համավարակը։ Նախաձեռնությունը արտակարգ իրավիճակի ծնունդ չէ, բայց ինչպես նշում է Հովհ. Թումանյանի թանգարանի փոխտնօրեն, մրցույթ-փառատոնի ղեկավար ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, արտակարգ դրությունը աշխատել է փառատոնի օգտին. եթե անգամ չլիներ արտակարգ դրությունը, մասնակիցների կապը կազմակերպիչների կամ մասնագիտական խմբերի հետ լինելու էր տեսակապով, քանի որ մասնակցության աշխարհագրությունը խիստ ցրված և մեծ է լինելու:
Փառատոնի մասնակիցները դառնում են հետախույզ-գիտնականներ, որոնց խնդիրն է իրենց հայրենի բնակավայրի մշակութային ժառանգության՝ բոլորին անհայտ կամ քիչ հայտնի օբյեկտի ուսումնասիրումը, պահպանումը և հանրայնացումը: Փառատոնի մասնակիցների համար ուսումնասիրության առարկա կարող են լինել բնակավայրի տարածքում եղած պատմաճարտարապետական հուշարձանները, հնատիպ կառույցները, պաշտամունքային կոթողները, ազգագրական նյութերը, գյուղին կամ քաղաքին բնորոշ ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշները՝ պարեր, արհեստներ, բաղադրատոմսեր, երգեր, առասպելներ և այլն: Լավագույն ուսումնասիրություններն արժանանալու են դրամական և խրախուսական մրցանակների: Փոխտնօրենի տեղեկացմամբ՝ և՛ նյութական, և՛ ոչ նյութական ժառանգության ուսումնասիրման գիտական ձևաչափերը հնարավորություն կտան ներկայացված նյութը դիտարկելու որպես գրանցման օբյեկտ:
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 13 տարին լրացած ՀՀ քաղաքացիները՝ անհատապես և խմբով։ Եթե մասնակիցն անհատ է և անչափահաս, պետք է մասնակցի չափահաս ուղեկցողի հետ (ծնող, ուսուցիչ, եղբայր, քույր և այլն): Ցանկալի է, որ անհատների և խմբերի մասնակցությունը համակարգի համայնքի դպրոցը՝ տնօրենության թույլտվությամբ՝ դասղեկի, պատմության ուսուցչի կամ պատմական գիտություններին հարող մասնագետի անմիջական հսկողությամբ:
Հավելենք, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 10-ն է։
Մրցույթ-փառատոնը կյանքի է կոչում Հովհ. Թումանյանի թանգարանը՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «ԱրխեոԱրտևԼԱԲ» գիտակրթական, գիտահետազոտական, մշակութային, սոցիալ-հասարակական կազմակերպության հետ համատեղ։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ