ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է դպրոցական առարկաների «մաքրազերծումը»։ Նախարարության պատասխանատուները «Ռազմագիտություն» առարկան են նաև համարել ոչ պետքական ու էլի իբր միավորելու անվան տակ հանում են պարտադիր դասաժամերի ցուցակից։ Մի երկիր, որը պատերազմական իրավիճակում է, պետք է այսպիսի առարկաների հանդեպ ավելի լուրջ մոտեցում ցուցաբերի, մեթոդական ճիշտ քայլեր մշակի, ոչ թե այն լրիվ չեզոքացնի։ Սա ի՞նչ նպատակով է արվում ու ինչի՞ կհանգեցնի, հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻՑ։
Մեր զրուցակիցը նախ նկատեց, որ կրթական չափորոշիչներում ձևակերպումները շատ ընդհանրական են տրված ու անգամ հասկանալի չէ, առարկան հանվու՞մ է, թե՞ միավորվում է ֆիզկուլտուրայի հետ։ «Այս ամենը նախ պետք է քննարկվեր, հասկանայինք, թե ինչպես անել, որ առարկան ավելի մեծ արդյունավետություն ունենա։ Իմ մտավախությունն այն է, որ սա արվում է ոչ թե արդյունավետությունը բարձրացնելու, այլ որոշ շրջանակների համար անհարմար առարկան դպրոցական ծրագրից եթե ոչ հանելու, ապա լրջորեն կրճատելու համար»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ դեռ 2018-ի ամռանը ԿԳՄՍ նախարարը հրաժարվեց ֆինանսավորելուց «Պատանի երկրապահների» ակումբները, որոնք ևս նախնական զինապատրաստության համար էին, հայտարարելով, թե ավելի արդյունավետ բան են ուզում մշակել, սակայն ոչինչ չարվեց։ «Եղած համակարգը դադարեց գործել, դրանով զբաղվող մարդիկ այս ու այն կողմ գնացին, իսկ տեղը ոչինչ էլ չստեղծվեց։ Ընդհանրապես վերջին երկու տարում ինչ անում են, անունը դնում են օպտիմիզացիա, այնինչ, դա, ըստ էության, կրճատում կամ լիկվիդացիա է նշանակում»,- նշեց Վրթանեսյանը՝ հընթացս փաստելով, որ կրթության ոլորտի պատասխանատուները երբեք չեն թաքցրել իրենց կեղծ պացիֆիստական գաղափարախոսությունը, այսինքն՝ մենք պիտի սուսուփուս նայենք, թե մեր թշնամին ինչ է անում, չպետք է դիմադրենք, պայքարենք։ «Այս գաղափարախոսությունն է իրականացվում ու գնալով համոզվում ենք, որ այն, ինչ պատերազմող երկրի համար կարևոր է, ոչ միայն չի կատարելագործվում, այլև լիովին դուրս է մղվում, կրճատվում է»,- վստահեցրեց ռազմական փորձագետը։
Դիտարկմանը, թե եթե այս իշխանությունը գնաց իր նախանշած ճանապարհով, ռազմական կրթությունն էլ վերացրեց, ի՞նչ հետևանք դա կարող է ունենալ, Կարեն Վրթանեսյանն ասաց, որ մեզանում այսօր էլ նախաբանակային տարիքի տղաները այնքան էլ պատրաստ չեն ծառայությանը, և եթե այդ փոքր օղակն էլ է թուլացվում, էլ ավելի անպատրաստ են լինում, ծառայության ժամանակ խնդիրները, դժգոհություններն ավելի են մեծանում։ Ըստ մեր զրուցակցի, զինպատրաստությունը միայն առանձին խմբակներով հնարավոր չէ լուծել, համալիր լուծումներ են պետք, պատանիների շրջանում զանգվածային սպորտի զարգացում, ավելի մեծ ուշադրություն ռազմական մարզաձևերին։ «Միայն մեկ առարկայով, պաթոսային ճառերով չպետք է մոտենալ այս հարցին։ Սա բարդ աշխատանք է ու ենթադրում է բազմաթիվ գործողությունների միավորում, անընդհատ պետք է մոտեցումները կատարելագործվեն։ Իսկ մեզ մոտ եղած քիչն էլ վերացնում են»,- եզրափակեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Վերջում ընդամենը հավելենք, որ եթե «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասաժամերը հանում ես, նշանակում է քո ժողովրդի պատմության կարևոր մաս դարձած հոգևոր կյանքի հանդեպ անընդունելի պահվածք ես դրսևորում, բայց «Ռազմագիտություն» առարկան քո ներկան ու ապագան է, որովհետև ռազմական կրթությունից է կախված, թե դու կկարողանա՞ս պայքարել այսօր, որ վաղն ապրելու իրավունք վաստակես։ Այնպես որ, այս առարկայի հանդեպ ուշադրությունը դեռ պետք է կրկնապատկել, ոչ թե եղածն էլ ոչնչացնել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ