Գրող, թարգմանիչ ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ զրույցի թեման ընդգրկուն է՝ համավարակ, աշխարհաքաղաքական զարգացումներ, գրականություն։
-Ի՞նչ է փոխվել ձեր կյանքում ու ստեղծագործական գործունեության մեջ արտակարգ դրության այս ընթացքում։ Կիսատ մնացած ծրագրեր կա՞ն, կամ գուցե ազատ ժամանա՞կ է ընձեռվել կիսատ թողածն ավարտելու։
-Այս վերջին երեք ամիսների ընթացքում աշխարհն է փոխվել հիմնավորապես, բնական է, որ բնակիչներիս կյանքն էլ որոշակիորեն փոփոխվել է, հենց թեկուզ այն, որ տնաբույծ, թերշփվող դիմակավորների հասարակական խավ է ձևավորվել: Մարդը վտանգ է ներկայացնում մարդու հանդեպ՝ որպես վարակի պոտենցիալ հարուցիչ: Ինչ վերաբերում է ստեղծագործական ծրագրերիս, դրանք մի պահ ընդհատվեցին, համավարակի տարածաշրջան մուտք գործելուն պես: Բարեբախտաբար, մարտի սկզբներին ավարտեցի «Եվրոպական մոդեռնիզմի բանաստեղծությունը» ստվարածավալ ուսումնասիրությունը, որում տեղ են գտել XX դարի առաջին կեսի եվրոպական 27 երկրներից ու ևս 3 կիսաինքնավար երկրամասերից սերող 64 բանաստեղծների ստեղծագործությունները՝ թարգմանված 20 և ավելի լեզուներից, հեղինակների գրական դիմանկարներով: Մինչ այդ հրատարակության եմ պատրաստել շվեյցարացի մեծագույն բանաստեղծ և թարգմանիչ Ֆիլիպ Ժակոտեի բանաստեղծական ընտրանին, ժամանակակից բանաստեղծ, որի 95-ամյակը լրացավ հունիսի 30-ին: «Քյուրքչյան» հրատարակչատունը լույս ընծայեց Վիլհելմ Բուշի «Մաքս և Մորից» մանկական չափածո երգիծապատումը: Բանաստեղծական թեմային այս անդրադարձը պայմանավորված էր նախորդած շրջանում եվրոպական արձակի ու դրամատուրգիայի մի շարք նշանավոր երկերի թարգմանությունից ու դրանք աշխատասիրելուց հոգնածությունը թոթափելու մոլուցքով՝ Ռոբերտ Վալզերի «Զբոսանք» և Հերման Հեսսեի «ՈՒխտագնացություն Արևելք» վիպակները, Ռոբերտ Մուզիլի «Ժառանգություն կենդանության օրոք» էսսեների ժողովածուն, նույնի «Երազողները» և Ալֆրեդ Ժարրիի «ՈՒբյու արքան» դրամաները: Անցած տարեվերջին լույս տեսավ Միլան Կունդերայի «Վեպի արվեստը» էսսեների ժողովածուն, տպագրման հանձնվեց Գյուստավ լը Բոնի 1895-ին լույս ընծայված «Ամբոխների հոգեբանությունը» ուսումնասիրությունը, որը համարվում է աշխարհը վերափոխած ամենանշանավոր գրքերից մեկը: Ներկա դրությամբ ընթացքի մեջ է «Եղիշե Չարենցը և եվրոպական գրական ավանդույթը» մենագրությունը և «Զուգաշխարհներ Պարզատումար» խորագրով արդեն ավարտուն պատմվածքների, էսսեների և խորհրդածությունների ժողովածուն: Համավարակը, ինչ խոսք, սառը ցնցուղի ներգործությամբ միառժամանակ կասեցրեց ստեղծագործական մղումս, ինչպես, եթե համաշխարհային պատերազմը պայթելիս լիներ, և սակայն դույզն-ինչ թավշյա դրսևորումներով:
-Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է՝ երկար ժամանակ գրականության, արվեստի հիմնական թեման դառնա համավարակը։
-Համավարակները գրականության և արվեստի տիրապետող թեմաներից են եղել նույնիսկ այն ժամանակներում, երբ ոչ մի լայնամասշտաբ համաճարակ էլ չի եղել, սակայն այդ երևույթի մասին մշտապես գրվել է, պատկերագրվել և անգամ երաժշտության մեջ արտահայտվել: Բնական է, որ այն տիրապետող թեմա կդառնա մեր օրերում ու դեռ նրա հաղթահարումից հետո էլ, քանի որ այն ոչ միայն մարդ անհատի և մարդկային հասարակության էությունը բացահայտելու կամ դրան մոտենալու, այլև արտասովոր իրավիճակներում կառավարման մեխանիզմները դիտարկելու հիանալի առիթ է ստեղծագործող մարդու համար: ՈԻ նաև՝ ինքնաճանաչումի ու աստվածաճանաչման խորքային հնարավորություն:
-Աշխարհը համավարակից հետո ավելի լա՞վը կդառնա, թե՞ ավելի վատը։
-Հրահրող հարց է՝ կանխատեսման մղող, բայց կարճ կպատասխանեմ. գոհ պետք է լինենք, եթե աշխարհը գոնե նույնը մնա, ինչ որ համավարակից առաջ էր:
-Համավարակի սկզբնական օրերին շատ երկրներում ավելացել էր Քամյուի «Ժանտախտը» գրքի վաճառքը։ Ստացվում է՝ ընթերցողին հետաքրքրում է այն, ինչ ինքը ապրում է տվյալ ժամանակի մեջ։ Կամ գուցե գրականության մեջ ելք, պատասխա՞ն են փնտրում։
-Դա խոսում է այն մասին, որ մարդ էակը տոնական տրամադրությունների գերի է, նա կարճ հիշողություն ունի, և մինչև դանակը ոսկորին չի հասնում,նա իրեն չնչին իսկ դժվարություն չի տալիս և ոչինչ չի ձեռնարկում իր աչքերի առաջ հասունացող վատթարագույն արհավիրքի դեմն առնելու նպատակով: Ինչ վերաբերում է Քամյուի «Ժանտախտը» վեպին, դրա թիրախային արժեքն այն չէ, որ նրանում խոսվում է կոնկրետ համաճարակային իրավիճակի մասին: Այլ այն, որ գրողը փորձում է պատասխան տալ այն հարցին, թե ինչպե՞ս մարդս կարող է ապրել մի աշխարհում, ուր ոչ գերագույն իմաստին հաղորդակցվելու ձգտում կա, ոչ էլ վերին օգնության ու երջանկախոստում բարեբախտության ակնկալիք: Այստեղ է, որ Քամյուն մեկընդմիշտ հրաժեշտ է տալիս ներփակվածության ու ինքնօտարման կենսըմբռնմանը և առաջ է քաշում հասարակական պարտքի ու պատասխանատվության Գողգոթան բարձրանալու պահանջը, դեպի ուր և, ենթարկվելով բնազդային անհրաժեշտությանն ու մարդասիրության թելադրանքին, բարձրանում է «Ժանտախտը» վեպի հերոսը՝ Ռիեն, իր հետևից քարշ տալով անհատապաշտության ու հասարակական ինքնամեկուսացումի բոլոր մահացու մեղքերն ու բնածին արատները: Գրողը հանգում է մի գլխավորագույն հետևության. հասարակական արատներից ու ախտերից հարկավոր է ո՛չ թե զզվանքով երես դարձնել ու բնազդային մղումով տրվել ինքնամեկուսացման ու ինքնօտարումի քաղցր թմբիրին, այլ անհրաժեշտ է գործնական, վիրաբուժական միջամտությամբ բժշկել դրանք: Բայց ինչպես «Սիզիփոսի առասպելում», այնպես էլ «Ժանտախտը» վեպում, Քամյուն հակված չէ կարծելու, որ հասարակական վերքերը դարմանելուն ուղղված ջանքերը կարող են ցանկալի արդյունք ապահովել, դրանով կարելի է մատնացույց անել լոկ վերքի գարշահոտման տեղը, որը սակայն չես բուժի ո՛չ հերոսականությամբ, ո՛չ անձնազոհությամբ, ո՛չ գաղափարներով, ո՛չ էլ, առավել ևս, աշխարհի քաղաքական վերակառուցմանն ու վերափոխմանն ուղղված գաղափարական հավակնություններով: Խնդիրը լոկ հասարակական ցավերը հնարավորինս մեղմելուն է վերաբերում: Դրանում է հենց վեպի գլխավոր հերոսի՝ Ռիեի առաքելությունը, որն «այս կյանքի մշտագո ժանտախտի» մեջ միակ շատ թե քիչ հուսալի կետն է, վիշտ ու արհավիրքների օվկիանոսում հարաբերականորեն հաստատուն այն կղզին, առ որը ձգտում են բոլոր-բոլորը՝ այս ժանտախտահար աշխարհում իրենց օտարական և հյուր համարողները, լավագույն աշխարհի ծրագրեր մշակողները, մահապատժի դատապարտվածներն անգամ, որոնք բոլորն էլ ներքուստ համամիտ են մարդկությանը նախասահմանված փորձությանը դիմագրավելու Ռիեի ջանքերին: Մի խոսքով, լինի ժանտախտ, թե թագաժահր, այն մշտառկա է մարդկային հասարակություններում, այն տարբերությամբ, որ այն կա՛մ դեռևս հասունացման փուլում է, կա՛մ արդեն բռնկման գագաթնակետին: Գրականությունը ելքեր նախանշում է, բայց անզոր է պարտադրելու, քանի դեռ գրականության իսկական մշակները, նվիրյալները չեն կառավարում այս վարակակիր հողագունդը: ՈՒ նաև չեմ կարծում, թե ընթերցողին հետաքրքրում է այն, ինչ ինքը ապրում է տվյալ ժամանակի մեջ, այլապես մենք ամեն աստծո օր հենց միայն նորաձևության վերջին ճիչի, աշխատանքային առաջխաղացմանը կամ փող աշխատելուն վերաբերող գրականություն պիտի ընթերցեինք: Բա էլ ու՞ր մնաց հոգին… Բայց չէ՞ որ մենք տրվում ենք շատ հաճախ նաև միջնադարյան միստերիաների հոգեծվատիչ ու վեհացնող վերհուշին:
-Մեկուսացման օրերին կարդում էի Ձեր թարգմանած «Նարցիսն ու Ոսկեբերանը» վեպը։ Գրքում անդրադարձ կա նաև ժանտախտին։ Քովիդ-19-ը նախորդներ ունի, մարդկությունը պարբերաբար նման փուլեր է ապրում։ Ինչո՞վ են առանձնանում այս համավարակն ու նրա թելադրած կանոնները։
-Բացի Հեսսեի «Նարցիսն ու Ոսկեբերանը» վեպից, անցյալ տարեվերջին լույս ընծայեցի նաև ավստրիացի ժամանակակից գրող Քրիստոֆ Ռանսմայրի «Վերջին աշխարհը» վեպը, ուր ևս, իրերի բերումով, խոսվում է ժանտախտի համաճարակի մասին: Սա մի գերժամանակակից առասպելապատում է՝ անցյալի մեջ ներկայիս սաղմերը տեսանելու փորձ: Պատմություն հռոմեացի բանաստեղծ Օվիդիոսի և նրա այրված գլուխգործոցի որոնումների մասին: Կերպափոխված տեղանքում խաղարկվող հոռետեսիլք, որում հին աշխարհը հանդիպում է ժամանակակից կյանքին: Բնազանցական, զգայացունց թաքնատեսություն՝ գերող ու խոր, լեցուն մոգական տեսիլապատկերներով՝ կենսատու ու տագնապալի: Առասպելի ուժով կառավարվող, աղետի եզրին հասցված, խորտակվող մի աշխարհ: Սա նաև ասք է մոլորակի ավերմունքի մասին, մշակութաբանական ու քաղաքական առակախոսություն, զարմանալիորեն արդիական, նաև՝ վերժամանակյա: Այնպես որ, այո՛, Քովիդ-19-ը նախորդներ ունի, հո դատարկ տեղը ծնունդ չի՞ առել: Այս մասին է նաև Ռանսմայրի սույն վեպը, ուր խոսվում է մոլորակի ավերմունքի մասին՝ Օգոստոս կայսեր ժամանակներից մինչև մեր օրերը, և համավարակի զոհ գնացած քաղաքների ու երկրամասերի մասին: Իսկ թե ինչով է առանձնանում այս՝ մեզ այցելած համավարակը, երևի նրանով, որ այն շատ համահունչ է մեր բռնած գլոբալացման աշխարհաքաղաքական ընթացքներին: Թերևս այսքանը: Որքան՝ աշխարհն ավելի փոխներթափանցված, այնքան՝ սպառնալիքներն ավելի համընդգրկուն:
-Ի դեպ, Հեսսեի գործերի թարգմանությունն ավարտու՞մ եք այս վեպով։
-Այո, «Նարցիսը և Ոսկեբերանը» վեպ-առակախոսությամբ ավարտվում և ամբողջանում է Հեսսեի մեծակտավ ստեղծագործությունների հայերեն թարգմանությունների ցանկը:
-Մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ մարդիկ մի քիչ ներփակվել են և կարդում են ավելի շատ իրենք իրենց գրածը, քան շրջապատի: Առհասարակ, գրական դաշտի զարգացման համար ի՞նչն է պակասում կամ ի՞նչը խոչընդոտում։
-Մեր նախորդ զրույցից հետո, աննախադեպ հանգամանքների բերումով, մարդիկ շատ ավելի են ներփակվել, անգամ՝ ինքնամեկուսացել են, հետևաբար՝ ներընկլուզվել: Գիրք կարդալը, չնայած տարվող շահագրգիռ քարոզչությանը, մեծագույն շքեղություն է, որ հասարակությունը դեռևս չի կարող իրեն թույլ տալ, եթե անգամ դրա համար բացառվեր շքեղության հարկ վճարելը: Հայաստանում, որքան էլ կենսապնդիչ ինքնախաբեությանը տրվենք ու ինքներս մեզ մխիթարենք, մեծ հաշվով գիրք չեն կարդում, այլապես գրքերը մեզանում մեծ տպաքանակներով կտպագրվեին, կլինեին շահագրգիռ գրական քննարկումներ, գրական աշխատանքի արժևորումներ, մի խոսքով, կլիներ գրական կյանք, և հեղինակներին էլ արժանապատիվ հոնորարներ կհատկացվեին: Եվ եթե այս ամենը չկա, կնշանակի գիրք կարդալը թեև «մոդայիկ է, բայց ոչ պահանջված»:
-Գրողին, թարգմանչին ավելի շատ կարող են վնասել գրականագետների, գրական միջավայրի լռությու՞նը, քննադատությու՞նը, թե՞ գովաբանությունը:
-Միանշանակ՝ լռությունը: Մյուս երկուսը, դրանցում առկա որոշակի աչառությամբ հանդերձ, նաև «գրական արտադրանքն» արժևորելու, փոքրիշատե գրական ճաշակ ձևավորելու գործառույթով են օժտված:
-Երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակն ի՞նչ ազդեցություն ունի մշակութային, գրական կյանքի վրա։
-Այնպես չէ, որ գրական, մշակութային կյանքը, բարձր արժեքների ստեղծման առումով, ուղղակիորեն կապված է տիրող հասարակական-քաղաքական իրավիճակի հետ: Ջոյսի մեծավեպը ծնվեց պատերազմական իրավիճակում, Հեսսեի «Նարցիսն ու Ոսկեբերանը»՝ հարաբերական անդորրի, բայց տևական խաղաղության ու բարգավաճման տարիներին ևս ծնունդ են առել գրական մեծարժեք երկեր, չթվարկենք: Չարենցը, օրինակ, հանճարեղ երկեր է գրել և՛ հասարակական-քաղաքական լարվածությունների, և՛ պատերազմական ու հեղափոխական վայրիվերումների, և՛ համեմատաբար խաղաղավետ թմբիրի պայմաններում: Խնդիրն այն է, որ գրողը ցանկացած բարվոք կամ չարագուշակ ժամանակներում միշտ էլ մարդ էակի առեղծվածային էության մեջ թափանցելու առանձնահատուկ ձիրք և խորաթափանց դիտողունակություն հանդես բերի, քանի որ մարդու էության մեջ մեծ հաշվով, ոչինչ չի փոխվում. մարդս թեև փոխվում է, հաճախ՝ ոտքից գլուխ, բայց նրա էությունը չի փոխվում, ընդսմին՝ բոլոր ժամանակներում և ամենուր: Եվ սակայն, անկախ հասարակական-քաղաքական տուրևառությունների, լարվածությունների չափաբաժնից, պետությունը, սեփական ռազմավարական անվտանգության նկատառումներից ելնելով, պարտավոր է աջակցելու իր իսկ կենսագործունեության բազիսային ապահովմանը սպասարկու հոգևոր մշակույթի խթանմանը, այլապես, գրականության և մշակույթի կազմալուծմամբ, պետական վերնաշենքի շինարարությունն ինքնին կմատնվի ցամաքեցման:
-Ի՞նչ խնդիր ունեն արվեստագետը, գրողը, մտավորականը Հայաստանում։
-Ձեր կողմից նշված հասարակական խավի խնդիրները նույնն են և չեն փոխվել քաղաքակրթության սկզբնավորումից ի վեր ու նաև ներկա Հայաստանում. սնուցանե՛լ հայ մարդու հոգևոր պահանջմունքները, դրանով իսկ հետ պահելով նրան ժամանակ առ ժամանակ մարդու մեջ գլուխ բարձրացնող մարդադավ ու բնութենակործան նյութապաշտ բռնկումներին տրվելու կործանարար գայթակղությունից, մարդու մեջ բարու, գեղեցիկի, ազնվության և առաքինության սերմեր շաղ տալու մարդասիրական սրբազան ուխտին ի ծառայություն:
-Մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ ֆրանսիական պոեզիա եք թարգմանում, անդրադառնում նաև ֆրանսիացի այն պոետներին, որոնք չեն թարգմանվել հայերեն: Ի՞նչ փուլում են թարգմանությունն ու դրա հրատարակումը։
-Ես խոսքիս տերն եմ և այս ընթացքում թարգմանել եմ ֆրանսիացի ու ֆրանսագիր 10 պոետների ստեղծագործությունները. Ալբեր Սամեն, Պոլ Կլոդել, Պոլ Վալերի, ՍենԺոն Պերս, Ժակ Պրևեր, Ռընե Շար, Բորիս Վիան, Շառլ Ֆերդինանդ Ռամյու, Տրիստան Ցարա, Ֆիլիպ Ժակոտե: Ի դեպ, վերջինիս բանաստեղծական ընտրանին առաջիկայում առանձին գրքով լույս կընծայի «Քյուրքչյան» հրատարակչատունը: Ինչ վերաբերում է մյուս հեղինակներին, նպատակահարմար ենք գտել նրանց ընդգրկելու «Հոգեգրություն» խորագրի ներքո արդեն իսկ հրատարակման պատրաստ «XX դարի առաջին կեսի եվրոպական մոդեռնիզմի բանաստեղծությունը» մեր կողմից նախաձեռնված ստվարածավալ ուսումնասիրության մեջ:
-Նաև 20-րդ դարի եվրոպական գրականության 20 խոշորագույն հեղինակների անթոլոգիա էիք պատրաստել՝ դիմանկարներով։ Հրատարակմանը խոչընդոտում է յուրաքանչյուր ստեղծագործության համար հեղինակային իրավունք վերցնելու խնդիրը։ Մի բան փոխվե՞լ է այս ծրագրերի առումով։
-Այդ անթոլոգիան նույնպես պատրաստ է՝ մոտավորապես 500 էջ ծավալով: Ընդգրկված հեղինակներից են հայ ընթերցողին հայտնի ու նվազ հայտնի, նաև անհայտ այնպիսի անուններ, ինչպիսիք են Ռ. Վալզերը, Ռ. Մուզիլը, Հ. Բրոխը, Ֆ. Վերֆելը, Հ. Հեսսեն, Թ. Բեռնհարդը, Ք. Ռանսմայրը, Ռ. Քիփլինգը, Պ. Վալերին, Լ. Ֆ. Սելինը, Ա. Քամյուն, Բ. Վիանը, Մ. Կունդերան և ուրիշներ: Ցավոք, նման ծաղկաքաղային համահավաք ժողովածուների հրատարակումը բախվում է հեղինակային իրավունքի գրեթե անհաղթահարելի խնդրին: Եվ եթե մեկ հեղինակի պարագայում խնդիրը, ըստ էության, լուծելի է, բազմահեղինակ ժողովածուների դեպքում հաջողելու հնարավորությունը մնում է առկախված, նախ՝ աշխատատարության, և ապա՝ հեղինակային իրավունքի գնման հարուցած նյութական դժվարությունների պատճառով: Անկեղծ ասած, հեղինակային իրավունքի խնդիրը, որպես մտավոր սեփականության պաշտպանության ենթատեսակ, մեծ հաշվով մեռած գրողների կամ արվեստագետների վրա փող աշխատելու բիզնես ծրագիր հիշեցնում: Գրողի կենդանության օրոք դա անշուշտ ճիշտ է և տրամաբանելի, բայց գրողի կամ արվեստագետի մահից հետո չեմ հասկանում դրա իմաստը: Իմ կարծիքն այն է, որ գրահրատարակչական ոլորտում ներդրված ISBN դասիչով կարելի է բավարարվել՝ տվյալ հեղինակի երկերի աշխարհով մեկ հրապարակումների վերաբերյալ ամբողջական քարտադարան ունենալու նպատակով, և վե՛րջ:
-Հայ հեղինակներին՝ նոր ու հին, պարբերաբար ներկայացնում են դրսում՝ տարբեր ծրագրերով։ Ի՞նչ է պետք համաշխարհային գրական շուկայում տեսանելի ներկայություն ապահովելու համար։
-Դրա համար գրողը նախ իր տաղանդի ուժով պետք է իր երկերի թարգմանության պահանջարկն ապահովի, իսկ պետական ու հասարակական մարմիններն էլ համապատասխան նյութական հատկացումներ կատարեն հայ գրականության բարձրարժեք երկերի որակյալ օտարալեզու թարգմանությունները միջազգային շուկա հանելու նպատակով: Ընդամենը այսքանը:
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ