Բարեկամներ, այսօր խոսենք ստալինյան բռնությունների ևս մեկ զոհի՝ մեր ամենաքնարական արձակագիրներից մեկի՝ Ակսել Բակունցի մասին:
...Ինչպե՞ս բացվեց 1937 թվականի հուլիսի 8-ի առավոտը, ի՞նչ եղանակ էր: Այդ մասին լռում են թղթապանակի վավերագրերը: Թողնում են, որ մենք շարունակությունը ենթադրենք: Իսկ ես բնութագրական բառ չեմ գտնում, անքնության տագնապոտ երակազարկի հանգույն մեջս տրոփում է` արյունոտ… Արյունոտ առավոտ էր բացվում, և եղանակը արյունոտ էր: ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական հանձնաժողովի արտագնա փակ դատական նիստը նախօրեին` հուլիսի 7-ին հաստատել էր Ակսել Բակունցի դեմ հարուցված մեղադրանքը և նրան դատապարտել պատժի առավելագույն չափի` գնդակահարության, անձնական ունեցվածքի բռնագրավումով: Ազգային անվտանգության նախարարության արխիվում 4131 համարի տակ պահվող փաստաթղթում անտարբեր արձանագրությունն է. «Խորհրդակցությունը սկսվել է ժամը 11-ն անց քսանին, ավարտվել է 11-ն անց 55-ին, տևել է 35 րոպե: Բակունցը գտնվել է դահլիճում: Վկաներ չեն կանչվել… Մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել և ամբողջությամբ հաստատել նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքները: Վերջին խոսքում ամբաստանյալը խնդրել է իրեն հնարավորություն ընձեռել ազնիվ աշխատանքով քավելու իր հանցանքները»:
Վավերագիրը մեզ է փոխանցում նաև խորհրդային միջնաբերդից ժամանած դատական հանձնախմբի անդամների անունները` նախագահ` Ի. Յ. Մատուլիևիչ, անդամներ` Ա. Մ. Օրլով, Ս. Ն. Ժդան և քարտուղար` Ա. Ա. Բատներ: Սրանք ստալինյան մղձավանջների մարդակուլ մեքենայի փոքրիկ պտուտակներից էին ընդամենը, որ հսկա կայսրության բոլոր անկյուններում հյուսկեն դատական սարդոստայններում սարդի պես բազմած զրպարտչագրերը անողոք դատավճռի էին վերածում: Եթե ուրիշներին գնդակահարել են դատավճիռը կայացնելուց անմիջապես հետո, ապա Ակսել Բակունցին գնդակահարության պատի տակ կանգնեցրել են դատավճռի կայացման հաջորդ օրը: Մի ամբո՜ղջ ցերեկ և մի ամբո՜ղջ գիշեր Բակունցն ապրել է իր մահը: Մղձավանջային, մահահոտ մի ցերեկ և մի գիշեր` խենթացնող, ահասարսուռ, քանզի նա մարդ էր ընդամենը, իր իսկ ձեռքով փորած գերեզմանի եզրին կանգնած` ընդամենը 38 տարեկան մի մարդ…
Բակունցին վերապահված էր ընդամենը 38 տարվա կյանք և ընդամենը տասը տավա ստեղծագործական ուղի: Վերընթաց թռիչքի պահին նրան թևակոտոր գետնին տապալեցին: Ո՞րն էր ուրեմն նրա հանցանքը, ինչու՞ շարունակ հալածվեց, ինչի՞ մեջ էին նրան մեղադրում: Ժամանակի ամենահաճախ հոլովվող մեղադրանքի` նացիոնալիզմի մեջ: Մարքս-լենինյան համաշխարհային հեղափոխության հաղթանակի զառանցանքով տարված մեր արմատական հեղափոխիչները քամահրանքով մերժում էին սեփականը, ազգայինը:
Բանը երբեմն զավեշտի էր հասնում: Նացիոնալիզմի մեջ նրանք մեղադրում էին ոչ միայն ժամանակակիցներին, այլև մեր պատմիչներին: Գեղագիտական նման փայլատակումները տարածվում էին ամենուր: Ահա մի հատված Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի մասին տխրահռչակ Արտաշես Ոսկերչյանի գրած հոդվածից:
«Այն ժամանակ, երբ Նադիր Շահի զորքերի մեջ բողոքի ձայներ են լսվում կռվի դեմ, այն նույն պահին հայ քաջերի` Թաթուլի բանակում տիրում է միասնություն և նվիրվածություն: Թաթուլը ներկայացված է մարդկային բոլոր բարեմասնություններով` առաքինությամբ, քաջությամբ, ազնվությամբ:
Ընկերներ, ահա թե ինչ ձևով են դրսևորվում նացիոնալիստական տրամադրությունները Երևանի օպերայում»:
Հայաստանի գրական աշխարհը դժվար էր շնչում: 1915-ի ապրիլի 24-ից հետո հայ մտավորականության երկրորդ եղեռնն էր իրականացվում, այս անգամ Ստալին-Բերիա երկյակի ձեռքով:
Անդրֆեդերացիայի մեջ ներքաշված Հայաստանը կարծես հայտնվել էր ինքնակալության ժամանակներում, երբ Թիֆլիսից կովկասյան փոխարքան անքննարկելի հրահանգներ էր իջեցնում: Նույն կենտրոնից նման հրահանգներ էր այժմ Երևանի վրա մտրակի պես իջեցնում միահեծան Բերիան: Չարենցի դիպուկ բնորոշմամբ քամուն էր տրվում մեր մտավոր սևահողի բարեբեր շերտը: Հողմը քշում էր նաիրյան հունդը, որ մայր հողի վրա չամրանա.
Որպես գորշ, դեղին տերևներ,-
Ցրում է հողմը, ցրում -
Անդադար, սերնդե սերունդ -
Նաիրյան երգի արևկեր,
Աներկիր հունդը անմահ,
Որ վաղու՜ց, իր հողից հեռու`
Եվ դարեր առաջ, և հիմա -
Քշվել է տաշեղի նման
Աշխարհի բոլոր բացերում…
Եվ կրկին, որպես տերևներ,
Քշում է հողմը նրանց,
Որ չընկնեն նրանք, չամրանան
Հայրենի հողերի վրա,-
Այլ, իբրև դեղին տերևներ,
Թշնամի դաշտերում մեռնեն:
Դա թունոտ մղձավանջ էր, որոմը ճնշում էր հասկին, բանտերը լիքն էին քաղբանտարկյալներով: Հայաստանի գրողների միությունում անառողջ կրքերի հորձանուտում, մի կողմում հայտնվել էին Չարենցը, Բակունցը, Թոթովենցը, Ալազանը, նրանց համակիրները, մյուս կողմում էին Նաիրի Զարյանը, Հրաչյա Քոչարը, Արտաշես Ոսկերչյանը և այլք, ովքեր առաջիններին մեղադրում էին հազար ու մեկ մեղքի, և առաջին հերթին նացիոնալիզմի մեջ:
Ազգային և պրոլետարական խմբակցությունների այդ գրապայքարը նաև մարդկային ճակատագրերի ճամփաբաժան էր: Եթե ազգայիններին սահմանված էր սեփական արյան գնով իրենց գաղափարներն արդարացնելու պատիվը, աքսոր, հալածանք, գնդակահարություն, ապա հակառակ ճամբարի գործիչներին բաժին հասան ղեկավարական աթոռներ, շքանշաններ, նյութական միջոցներ: Գրական ասպարեզից դուրս մղված Չարենցի, Բակունցի, Մահարու, Թոթովենցի, մյուսների թափուր տեղը պրոլետգրողները բազմեցրին աշուղ Աշխույժին, աշուղ Հրկեզին, աշուղ նոր Սոխակին, աշուղ Պարկեշտին, աշուղ Աթային, աշուղ Վերդիին…
Սոցիալիստական ռեալիզմի հաղթանակը կատարյալ էր:
Բակունցի մեղադրական գործը խմբակային ծավալուն գործի մի մասն է: Հայաստանի ազգային արխիվի 571 ֆոնդի 3034 համարը կրող մեղադրական գործը նախորդ դարի 30-ական թվականներին բռնադատվածների ամենախոշոր գործերից է` ութ հատոր, 384 վավերագիր: Նրանցում ընդգրկված են ինը մեղադրյալ` Ներսիկ Ստեփանյան, Ակսել Բակունց, Դրաստամատ Տեր-Սիմոնյան, Մնացական Խաչատրյան, Գուրգեն Բադիկյան, Կենսաբեր Բոխյան, Աղասի Գալոյան, Ռաֆայել Աղամալյան, Միխայիլ Կիրշենբլատ: Դատական մարմինները խմբի պարագլուխ են համարել Ներսիկ Ստեփանյանին: «Խմբի հանցավոր գործունեությունը» բացահայտելու համար գործին կցված են շուրջ երկու տասնյակ մարդկանց հարցաքննությունների արձանագրությունները: Նրանց, ինչպես և հիշյալ խմբակային գործի մասնակիցների գերակշիռ մասը ձերբակալվեց 1936 թվականի օգոստոսի 9-ի շուրջկալի օրը: Այդ օրը ձերբակալվեց նաև Ակսել Բակունցը:
1937 թվականի հուլիսի 6-ին ներքին գործերի ժողկոմ Խաչիկ Մուղդուսին հաստատեց քննիչներ Նիկողոսյանի, Կոստիկյանի և Գևորգովի կազմած «մեղադրական եզրակացությունը», ըստ որի` «Բակունցը իրեն մեղավոր է ճանաչել 1930 թվականից հակահեղափոխական, ազգայնամոլական կազմակերպությանը մասնակցելու, 1933 թվականից Հայաստանի տրոցկիստական ազգայնամոլական-ահաբեկչական կենտրոնի կազմի մեջ մտնելու համար, համամիտ էր Ներսիկ Ստեփանյանի ահաբեկչական հայացքներին, Վաղարշակ Տեր-Վահանյանի հետ կապեր է հաստատել և կազմակերպչական առնչություններ ունենալու նպատակով, տեղեկություն է հաղորդել կազմակերպության հակահեղափոխական աշխատանքների մասին»:
Այս հիմնավորումով Բակունցի գործը1937 թվականի հուլիսի 6-ին ուղարկվեց դատական ատյան և հաջորդ օրն իսկ` հուլիսի 7-ին, կայացավ նրա գնդակահարության վճիռը:
Ներսիկ Ստեփանյանի խմբի դատավարությունը սկսվել է առավոտյան ժամը 9-ին և ավարտվել 14.05 րոպեին: Դատապարտյալներից յուրաքանչյուրի գործի քննությունը տևել է 20-25 րոպե: Աղասի Գալոյանի գործն առանձնացվել է մյուսներից, հայտնի է , որ նա մահացել է բանտում 1938 թվականի մայիսի 6-ին: Բոխյանն ու Կիրշենբլատը դատապարտվել են 10 տարվա ազատազրկման, մյուսները գնդակահարության են դատապարտվել:
Բակունցը 11 ամիս մնաց բանտախցում: Վավերագրերը հաստատում են, որ նրա հարցաքննությունները կրել են շատ դաժան բնույթ: Վանդակաճաղերի հետևում նյութվում էր տմարդի մի ոճիր, գրողին կտտանքների են ենթարկել, ծեծուջարդով ուղեկցվող հարցաքննությունների ընթացքում պարտադրել նրան ստորագրել ստորացուցիչ արձանագրությունների տակ: Ինչ արժե թեկուզ այն ստորագրությունը, որ նա դրել է իր սրտակից և վաղեմի ընկեր Ներսիկ Ստեփանյանի հետ առերեսման արձանագրության տակ: Դահիճները կրկնում են մեղադրյալների անունից արձանագրված կեղծիքները և ստիպում, որ մեկը մյուսի աչքերին նայելով, պնդեն դրա «հավաստիությունը»: Բախտակից ընկերներին ոչինչ չէր մնում, քան ստորագրել:
Այդ հեռավոր օրերի դաժան իրականության հնարավորինս ճշմարտացի վերարտադրման նպատակով այժմ փորձենք ձեզ ներկայացնել բնորոշ հատվածներ արխիվային վավերագրերից՝ «1937 թվական, 2 դեկտեմբերի: Նաիրի Զարյան: «Ո՞վ եմ ես»։ Նամակ Համկ/բ/կ Կենտկոմին իմ աշխատանքի, իմ սխալների և իմ թշնամիների մասին:
,,…1934 թվականին, երբ հակահեղափոխական գրողները հանդես եկան առանձնահատուկ լկտիությամբ և աշկարա քարոզում էին իրենց նացիոնալիստական-տրոցկիստական գաղափարները, երբ նրանք Լինչի դատաստան տեսան բոլոր նրանց հետ, ովքեր կուլտուրայի, հատկապես գրականության հարցերում փորձում էին պաշտպանել լենինյան-ստալինյան գիծը, կատաղի խանջյանականության այդ օրերին ես գրեցի հենց իր` Խանջյանի և նրա ոհմակի դեմ ուղղված պոեմների ու բանաստեղծությունների շարք: Այսպես, «Վաչագան Հատորունի» (երգիծական) պոեմն ուղղված է հակահեղափոխական գրչակներ Թոթովենցի, Ալազանի, Բակունցի, «Իմ երիտասարդ մայրը» պոեմը` Բակունցի ու Չարենցի և, ընդհանրապես, դաշնակցության դեմ:
…Նույն այդ շրջանում դաշնակ Բակունցը գրողների կոմֆրակցիայի ժամանակ մարդկանց վրա նետեց թանաքամանը: Խանջյանը, Աշրաֆյանը, Վահանյանը, Չուբարը սկսեցին հանդիմանել ինձ և մյուսներին այն բանի համար, որ մենք մեր պահվածքով Բակունցին հասցրել ենք հուսահատության: Այն ժամանակ ես երգիծաբար ասացի. «Իզուր Բակունցը ռևոլվերը ձեռքին չի գալիս ֆրակցիայի, քանի որ Կենտկոմը ներում է նրա հակահեղափոխական խուլիգանությունը և մեզ է մեղադրում»:
Այդ օրերին Չարենցի-Ալազանի հակահեղափոխական խումբը Դրաստամատ Տեր- Սիմոնյանի գլխավորությամբ գրական լեզվի մասին կազմակերպեց դիսպուտ: Իմ դեմ դեմագոգային պրովոկացիոն ելույթներ ունեցան այնպիսի «մարդիկ», ինչպես Չարենցը, Բակունցը, Ալազանը, Մկրտիչ Արմենը, Լևոն Արիսյանը, Վանանդեցին, Սողոմոն Տարոնցին, Աղավնին, Զապել Եսայանը, Դրաստամատ Տեր-Սիմոնյանը, Ներսիկ Ստեփանյանը, Գարեգին Բեսը, Գուրգեն Մահարին և ուրիշներ: Այս գարշելի «ծաղկեփնջի» մեծ մասը վաղուց ձերբակալված է: Դիսպուտը տևեց մի ամբողջ ամիս: Ես բառացիորեն միայնակ էի հանդես գալիս այդ հակահեղափոխական բանդայի դեմ, որին ակնհայտորեն պաշտպանում էր սրիկա Խանջյանը:
Կոմֆրակցիայի նիստում ես մերկացրի Բակունցին, պատմելով նրա դաշնակցական անցյալի մասին: Նա ինձ պատասխանեց իր դաշնակցական սովորությամբ… բռունցքներով: Այդ սկանդալից մի քանի օր անց գրողների միության հարցով Կենտկոմում Խանջյանը խորհրդակցություն հրավիրեց: Երբ նրան զեկուցեցին Բակունցի խուլիգանական հարձակման մասին, Խանջյանը ցինիկորեն ժպտաց և հարց տվեց. «Թեթև՞ հարվածեց, թե՞ մի լավ ջարդեց»:
Եվս մեկ վավերագիր՝
10 հուլիսի, 1934 թիվ, Ակսել Բակունցի բացատրականը.
ԿԵՆՏԿՈՄ` ԸՆԿ. ԽԱՆՋՅԱՆԻՆ ԵՎ ԱԿՈՊՈՎԻՆ,
ԵՐԿՈՄ` ԸՆԿ. ՀԱՆԵՍՕՂԼՅԱՆԻՆ,
ԿՈՒՍՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԸՆԿ. ԳԱԼՈՅԱՆԻՆ
Երեկ, հուլիսի 9-ին գրողների միության կոմֆրակցիայի նիստում, ես կորցնելով ինձ, հարվածել եմ Նաիրի Զարյանին: Իմ այս հայտարարությամբ ես նպատակ չունեմ որևէ կերպ արդարացնելու ինձ: Այդ կոմունիստին իսպառ անվայել և անարխիստական քայլը չի բխում ոչ իմ բնավորությունից և ոչ էլ իմ վարքից:
Ինչպես կվկայեն անխտիր բոլոր ընկերները, որոնք ներկա էին ֆրակցիայի այդ նիստին,- ես ոչ մի ռեպլիկ անգամ չտվի այն անպատասխանատու հայտարարություններին, որ մի երկու մասնակից այդ նիստում արեցին իմ հասցեին: Ավելին, երբ ընկերներից մեկը առաջարկեց ֆրակցիայի քննության նյութ դարձնել Արտաշես Ոսկերչյանի զեկուցման ժամանակ, գրողների տանը, հրապարակով իմ հասցեին ասված Տաճատ Ալեքսանյանի և իր` զեկուցողի կողմից, որ ես պետլյուրական եմ, դաշնակցական եմ, Նժդեհն եմ և էլի ինչ ասես ե՛ս եմ,- երբ այդ վայրագությունների մասին վերոհիշյալ ընկերը ֆրակցիայի ուշադրությունը հրավիրեց, վերաբերմունք ցույց տալու իմաստով,- ես չբողոքեցի, երբ ֆրակցիան ուրիշ հարցերի անցավ,- որովհետև համոզված էի, որ վաղ թե ուշ կքննվի այդ հարցը: Երբ ելույթ ունեցավ Հայկ Գյուլքևխյանը և փորձ արեց ապացուցելու, որ ես եմ «ձախը», ռապպականը, գվարդինիստը, ես միայն ծիծաղեցի, նկատելով, որ ընկերների մի խումբ նպատակ են դրել ինձ մեղադրելու մահացու բոլոր մեղքերի մեջ, վարկաբեկելու համար:
Իսկ երբ վեր կացավ Նաիրի Զարյանը և մի քանի անգամ կրկնեց, որ գալով դաշնակցությունից ես մինչև հիմա մնում եմ դաշնակցական,- Նժդեհի համհարզն եմ և այլն,- ինչպես ասում են, լցրեց իմ համբերությունը և բողոքելով այդ ստոր զրպարտության դեմ, ես դիմեցի և՛ նախագահին, և՛ մյուս ընկերներին, խնդրելով ստիպել, որ Նաիրի Զարյանը հետ առնի իր հայտարարությունը: Հենց այդ ժամանակ, ի պատասխան իմ վերջին խնդրին, Նաիրի Զարյանը գոռաց. «Այո՛, դու դաշնակ ես…»:
Ահա այդ ժամանակ ես շուռ եկա նրա կողմը, կորցնելով և՛ գիտակցություն, և՛ կամք, և՛ համբերություն:
Հայտնելով երեկվա այդ պատահարի մասին, ես մի անգամ ևս իմ քայլը որակում եմ կոմունիստին անվայել քայլ և համոզված, որ արժանի եմ կուսակցական ամենախիստ տույժի,- ես խնդրում եմ ձեզ, ընկերներ, պատկերացնել այն մթնոլորտը, որում կատարվել է այդ ամենը և ձեր վճիռը սահմանելիս, անտես չառնել այն ամեն արժանավորը և դրականը, որ ես ունեմ իբրև և կոմունիստ, և գրող…»:
1936 թվականի հուլիսի 9-ից հետո, երբ Թիֆլիսում սպանվեց Աղասի Խանջյանը, Ստալինի ցուցմունքով Բերիան ջանասիրությամբ ձեռնամուխ եղավ «Հայաստանի մաքրազարդումների» գործին: Հիմքում ազգայինն արմատախիլ անելն էր, որպեսզի խորհրդային այդ հանրապետությունը կարողանային մարզի վերածել և այդ կարգավիճակով ընդգրկել Վրաստանի կազմում:
«Փոշիացնել, հողմացրիվ անել սոցիալիզմի թշնամիներին» վերնագիրն է կրում «Գրական թերթի» օգոստոսի 25-ի համարում զետեղված Բերիայի ճառը, որն ուղղված էր Թիֆլիսում, Բաքվում և Երևանում տրոցկիստական-զինովևական խմբակների բացահայտմանն ու մերկացմանը: Առանձնահատուկ թույնով էր շաղախված «Ներսիկ Ստեփանյանի խմբակի» մասին պատմող հատվածը: Մեծ տեղ էր հատկացված Աղասի Խանջյանին, «որը հետևողականորեն չի զբաղվել հանրապետությունում գործող նացիոնալիստական խմբերի մեկուսացմամբ և գիտակցելով իր այդ կոպիտ քաղաքական սխալները, փոխանակ դրանք գործնականորեն ուղղելու, ցուցաբերեց ամոթալի փոքրոգություն և դիմեց ինքնասպանության ակտի»:
«Գրական թերթի» նույն համարի խմբագրականում մերկացվում են Խանջյանի հովանավորչությունը վայելած, «նացիոնալիզմի տիպիկ արտահայտիչներ» Թոթովենցը, Ալազանը, Նորենցը, Մահարին, «մեր կուսակցության շարքերում քողարկված դաշնակ Բակունցը, որը Խանջյանի կողմից հայտարարվեց որպես մեր գրականության վարպետներից մեկը»։
Գույներն ավելի են խտանում թերթի նույն համարի մեկ այլ հրապարակման` Նաիրի Զարյանի «Նացիոնալիստը խորհրդային գրողի դիմակով» հոդվածի մեջ, որն ուղղված էր Բակունցին.
«… Բակունցն իր գրական ողջ գործունեության ընթացքում օձային հետևողականությամբ թույն է արտադրել իր բոլոր գրվածքներում… Բակունցը կոլեկտիվ տնտեսությունը չի տեսնում, չի լսում Լենինին և Ստալինին նվիրված ժողովրդական երգերը համայնական դաշտերում աշխատող կոլտնտեսականների շուրթերից…
Բակունցը զրպարտում է հայ աշխատավոր գյուղացիներին, իր դաշնակցական զոոլոգիական թրքատեցությունը վերագրելով նրանց… Բակունցը ոչ միայն չի բարձրանում Րաֆֆու ռասսայական թրքատեցությունից, այլև մի աստիճան ավելի խորն է թաղվում անասնական շովինիզմի թունավոր ճահիճը: Միթե՞ պարզ չէ, որ Բակունցի բերանով խոսում է դաշնակ խմբապետը… բացարձակ կոչ անելով դեպի Մարութա սարը»:
Երբ Զարյանը գրում էր այս տողերը, Բակունցն արդեն 16 օր նստած էր բանտում, և նրա դեմ ասված յուրաքանչյուր խոսք ավելի էր ձգում պարանի մահացու օղակը:
Առանձնակի կարևորություն է այս առումով ձեռք բերում մեկ այլ ամոթալի իրադարձություն` օգոստոսի 7-ին Հայաստանի գրողների միության կուսակցական կազմակերպության դռնփակ ժողովի մասնակիցները հեռագիր էին ուղարկել երկրի և հանրապետության ղեկավարներին: Առաջին հեռագիրը բնականաբար Ստալինին էր ուղղված:
«Մեր թանկագին ընկեր, մեր ուսուցիչ, մեր սիրելի հայր, մեր հարազատ բարեկամ ու հանճարեղ ուսուցիչ ընկեր Ստալին:
Սրտի անհուն բերկրանքով ընդունեցինք տրոցկիստական-զինովևական ֆաշիստական գարշելի ավազակախմբի ոչնչացման դատավճիռը… Շնորհիվ ՀԿ /բ/Կ Կենտկոմի, շնորհիվ Արդրերկրկոմի և նրա հմուտ ղեկավար ընկեր Բերիայի, դիմակազերծ է արված նաև Հայաստանի խորհրդային գրողների միության մեջ բուն դրած հակահեղափոխական նացիոնալիստ տրոցկիստների խմբակը...
Հայաստանի խորհրդային գրողների միությունը գարշանքով դուրս է շպրտել իր շարքերից հակահեղափոխական այդ ստոր տականքներին, մաքրել իր մարմինն այդ թարախից...»:
Մյուս հեռագիրը հասցեագրված էր Հայաստանի Կոմկուսի կենտկոմի քարտուղար Ամո Ամատունուն.
«Գրողների ընդհանուր ժողովը կատաղի ցասումով լսեց այն հակահեղափոխական տրոցկիստական-նացիոնալիստական գործունեության մասին, որ ծավալել են մեզ մոտ, Հայաստանի խորհրդային գրողների միության շարքերում, հակահեղափոխական- նացիոնալիստական- տրոցկիստական ոհմակի անդամներ Բակունցը, Ալազանը, Նորենցը, Վանանդեցին, Մահարին, Թոթովենցը` հակահեղափոխական տրոցկիստ Ստեփանյանի և երկերեսանի սրիկա տրոցկիստ` գարշելի Դրաստամատ Սիմոնյանի ղեկավարությամբ ու Աղասի Խանջյանի հովանավորությամբ: Հայաստանի խորհրդային գրողների միության ընդհանուր ժողովը զզվանքով դուրս է շպրտում իր շարքերից այդ ստոր երկերեսանի հակահեղափոխական տրոցկիստ նացիոնալիստներին»:
Ահա օգոստոսի 7-ի այս խայտառակ ժողովից երկու օր անց, Խանջյանի սպանությունից ուղիղ մեկ ամիս հետո` 1936 թ. օգոստոսի 9-ին, ձերբակալվում է Ակսել Բակունցը: Նույն օրը ձերբակալվում են հայ գրողներից ու մշակութային գործիչներից շատերը, նրանք, ում անուններն այդքան հոլովվում էին ժողովներում: Սկսվում է անմեղ մարդկանց սպանդը:
...Վավերագրերն անողոք են, նրանք ոմանց կարող են հեղինակազրկել, կարող են հավելյալ լուսապսակով զարդարել ուրիշներին, բայց ժամանակի տրամադրության շեշտադրումներով պետք է մենք փորձենք նայել այդ խունացած թղթերից մեզ փոխանցվող իրողություններին: Մարդուն ստիպում էին ցուցմունք տալ ամենահարազատների մասին, մարդուն ստիպում էին հրաժարվել նրանցից, մարդուն ստիպում էին նաև ինքն իրենից հրաժարվել, ինքն իրեն զրպարտել, ինչպես ձեզ ներկայացվող հաջորդ փաստաթղթում:
Բանտից 1936 թվականի հոկտեմբերի 6-ին Բակունցի գրած նամակն է.
«Հկ/բ/Կ Կենտկոմի քարտուղար ընկ. ԱՄԱՏՈՒՆՈՒՆ
Հայկական ԽՍՀ-ում ԽՍՀՄ ներքին գործերի
ժողկոմիսարիատի լիազոր, պետանվտանգության մայոր
ընկ. ՄՈՒՂԴՈՒՍՈՒՆ
Ձերբակալված Ա. Ս. ԲԱԿՈՒՆՑԻՑ.
ԴԻՄՈՒՄ
Արդեն երկու ամիս է, ինչ ես ձերբակալված եմ, այդ ընթացքում շատ անգամ ես մտովի անցել եմ իմ մոլորությունների, սխալների, հանցագործությունների ճանապարհով, սկսած ամենաաննշան, հազիվ նկատելի ճեղքվածքից և վերջացրած այս աղետով, այսինքն` ձերբակալության ամոթով և ձերբակալության փաստից բխող բոլոր հետևանքներով: Անհրաժեշտություն չկա նկարագրելու այդ ամբողջ ճանապարհը, ինձ հնարավորություն է տրված կուսակցությանը իրազեկ դարձնելու ամենագլխավորի մասին, ինչ կարող է ասել եթե ոչ հենց անդունդում, ապա անդունդի եզրին գտնվող կուսակցության նախկին անդամը:
Այս դիմումով ուզում եմ ձեզ հաղորդել իմ մասին ունեցած իմ իսկ բոլոր մտքերը: Ծանր է, շա՜տ ծանր, ընկերներ... Պետք չէ, որ ինչ որ մեկը կարդա այս մեկ երկու խոսքը և անտարբերությամբ պատասխանի մոտավորապես այսպես. «Ես մտածու՜մ եմ»: Երբ ասում եմ, որ շատ ծանր է, ես նկատի չունեմ խիստ մեկուսացման պայմանների ծանրությունը: Մի քիչ ավելի առողջություն և նյարդերի ամրություն ունենալու դեպքում կարելի կլիներ համեմատաբար հեշտ տանել: Բայց խոսքը դրա մասին չէ, այլ` ահա թե ինչի:
Այստեղ արդեն միայնակ կալանավորման ենթարկված մարդու ամբողջ մերկացված հոգով ես ինքս եմ ինձ բարձրաձայն խոսում: Ահա դու մարդ էիր, քեզ ճանաչում էին, գրքեր էիր գրում, հասարակական-օգտակար էլի ինչ-որ բան էիր անում, գրականության մեջ մտար կուսակցության շնորհիվ, այսինքն` կուսակցությունը քեզ առաջ է քաշել, քո օգտակար գործունեությամբ ազդեցություն ունեիր, իսկ դու ինչպե՞ս օգտագործեցիր այդ ազդեցությունը, չէ՞ որ օգտակարի հետ մեկտող դու բավականին վնասակար գործեր արեցիր, կուսակցությունից թաքցրեցիր նրա իսկական թշնամիներին և այդ ամենի համար նստած ես վանդակի ետևում: Այստեղից սկսվում է ամոթի տանջալի գիտակցությունը, միլիոն անգամ բանտարկման փաստի վերապրումը: Օտարված եմ հանրությունից, ամոթը ստվեր է նետում նաև արված լավի վրա, ստվերում քո մասին եղած հիշողությունը, երկրի վրա աղմկում է ուրախությունը և, ինչպես կռճոններ ճոխ սեղանից. մեզ են հասնում առանձին անհստակ պատառիկներ: Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչև հիշողությունդ փուլ է գալիս և չգիտես գիշե՞ր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետևում: Երբ ես հարցնում եմ, թե ի՞նչ է լինելու հետո, հուսահատվում եմ. գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս, դե, ինչպե՞ս դա ձեզ բացատրեմ: Այ, երբ մարդ խեղդվում է` նա և՛ շնչահեղձ է լինում, և՛ թպրտում է, հույսի հետ մեկտեղ նա նաև մահվան հոտ է առնում: Հիշելով այն օգտակարը, ինչ ես արել եմ, ուրախանում եմ, հուսահատությունը ժամանակավորապես ինչ-որ տեղ է հեռանում, ցրվում է գլխիս միջի մշուշը, լույսն ու ուրախությունը հորդում են հոգուս մեջ. կուսակցությունը ինձ պատժում է, բայց երբ որ բացեն իմ անձնական հաշիվը, նայելով իմ հանցագործությունների ծախքերի թերթիկին, կնայեն նաև մուտքի մասը, ուր ինչ-որ բան գրանցված է Խորհրդային Հայաստանի երկաթե ֆոնդի ցուցակներում: Դա հանգստություն է բերում, բայց միայն մի կարճ ակնթարթ: Ես չեմ սպառվել, որ ինձ հանգստացնեմ արդեն գրածներով, թող նա հանգստանա, ով ոչինչ չունի տալու և չգիտի ինչու՞ ստեղծագործել:
Ես գիտեմ, որ գրում եմ դեռևս չավարտված գործի մասին: Բայց և գիտեմ, որ դիմում եմ կուսակցությանը ինձ գթալու խնդրանքով ոչ անձնական շահերի համար: Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատիտ տվեք:
Ես «Խորհրդային Հայաստանի լավագույն արձակագիրն էի», հայ խորհրդային գրականության կառքին լծված քեղաձի, թողեք որ մնամ Խորհրդային Հայաստանի դռան հավատարիմ շունը»:
Դաժան պատժամեքենան էր նման խոսքեր պարտադրում յուրաքանչյուրին, ով համարձակվել էր համահարթեցման գիծը խախտել:
Բակունցն ստիպված էր իր մեղայականում «խոստովանել» նաև, որ «մեր նացիոնալիստական գիծը ամբողջովին պաշտպանում էր կոմկուսի կենտկոմի նախկին քարտուղար Աղասի Խանջյանը», ինչպես և անդրադառնալ իր և Չարենցի փոխհարաբերություններին, տեղեկացնելով, որ իբր լուրջ տարաձայնությունները հանգեցրել են իրենց բարեկամության խզմանը: Ձեռքը փրփուրներին գցած, փրկության հույս որոնող Բակունցի այս հուսահատ տողերը Ամատունին հրապարակում է Երևանի կուսակցական կազմակերպության քաղաքային արխիվի ժողովում արտասանած իր ճառում:
Չարենցը հոգեկան խռովք է ապրում, կեսգիշերային մտատանջության արդյունքը 1936 թվականի հոկտեմբերի 14-ին գրած «Ա. Բ.-ին» գողտրիկ բանաստեղծությունն է, որի սևագիր առաջին տարբերակում Չարենցը մի պահ կարծես կասկածում է ընկերոջ անբասիրությանը և տրտմությամբ խոստովանում` «ես ներում եմ քո հանցանքը… ներում վերքն անգամ անծայրածիր, որ քո վարքով դժնի դու իմ սրտում բացիր»:
Բայց և նույն պահին գալիս է հոգեկան պայծառությունը, մաքրելով նրա հոգին կասկածանքի ժանգից, և ծնվում է վերջնական տարբերակը:
…Ե՛վ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջընջելի գրերն հնադարյան,-
Եվ մյուռոնի նման սրբազնագույն
Քո երկերի մաքուր սկիհներում պահված
Խորհուրդների համար մշտահըմա,
Որպես խորհուրդը մեր նաիրական ոգու,-
Քո «Միրհավի» համար- և լուսեղեն՝
Արփենիկի հուշով սրբագործված հավետ,
«Ալպիական ծաղկի» այն բուրավետ,
Որ բուրելու է հար աննյութեղեն,-
Եվ վերջապես քո վեհ, հերոսական
«Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ
Սև ցելերի վրա մեր գոյության այս սև,
Շաղում է շողք ու սերմ անանձնական,-
Այս ամենի համար,- և «Ծիրանի»
Հազարամյա փողի՛ համար քո այն,
Որ դարերո՛վ տենչած խաղաղության
Երգն է հնչում,- և մեր ժողովուրդը քանի
Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո՝
Հնչելու է երգեր եղբայրական,-
Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ
Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով…
Այս ամենի համար,- և քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհություն է խառնում քո անաղարտ երգին-
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական…
Եվ ներբողում եմ քեզ ահա կրկին անեղծ
Իմ շուրթերով, ինչպես օրեր առաջ,-
Երբ դեռ դու ա՛յր էիր մի անարատ,
Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ…
«Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ» տողը Բակունցի հանդեպ ժամանակի արվեստագետներից շատերի տածած համակրանքի ու սիրո ընդհանրացումն է կարծես:
-Ակսելը անվիճելի մեծություն էր որպես գրող, անվիճելի գրավչություն ուներ նաև արտաքնապես,- գրում է Զապել Եսայանը և ավելացնում- Խարտյաշ և ողորկ մազեր, նիհար և իմացական դեմք…: Բարձրահասակ էր, մուգ կապույտ աչքերով, նիհար ու ձիգ, երկարավուն դեմք, առնական դիմագիծ: Էությամբ հմայիչ, գրավիչ, զգայուն»։
Վկայակոչենք նաև Գուրգեն Մահարուն. «Լիրիկ էր ոչ միայն իր գրքում, այլև կյանքում: Ինչ որ էլեգիական երանգ կար նրա թե քայլվածքի, թե շարժուձևի... թե նամանավանդ նրա լռության մեջ: Հրաշալի երգում էր, հատկապես Կոմիտաս: Չարենցն ընկերներին հաճախ էր ասում` «գնանք Ակսելի մոտ Կոմիտաս լսենք»։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ հյուրանոցում Չարենցի համարում Ռոմանոս Մելիքյանի կատարմամբ Կոմիտաս լսելուց հետո, Բակունցը հուզված դուրս եկավ պատշգամբ և ազատություն տվեց իր զգացմունքներին: Նա լալիս էր իսկական արցունքներով»:
Բակունցյան թղթապանակի հուզիչ էջերից մեկը նրա կնոջ` Վարվառա Յակովլևնա Չիվիջյանի ցուցմունքներն են ամուսնու մասին, որոնք օգնեցին, որպեսզի բանսարկության զոհ մեծ գրողը արդարացվի 1955 թվականի մարտի 2-ին:
«Ակսելի ձերբակալությունից հետո ինձ թույլատրել են նրա հետ հանդիպել երեք անգամ` սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին: Առաջին հանդիպման ժամանակ շատ հանգիստ էր. համոզված էր, որ շուտով թյուրիմացությունը կպարզվի և ինքը դուրս կգա:
Հոկտեմբերի վերջերին ինձ նորից հրավիրեցին տեսակցության, պնդելով, որ անպայման տղայիս հետ գամ: Չնայած երեխան հիվանդ էր, ես նրան հետս տարա: Տեսակցությունը շատ ծանր անցավ: Բակունցը սաստիկ փոխված էր, նիհարած, աչքերը փոս ընկած: Շապիկի օձիքին արյան հետքեր տեսա: Մի տեսակ կոտրված տեսք ուներ և, ինքնատիրապետումը կորցրած, շարունակ փղձկում էր: Թաշկինակը, որով սրբում էր արցունքները, լիովին թրջվեց… Ապա համակերպված, փոխված ձայնով խնդրեց վերցնել թուղթ ու մատիտ և գրի առնել այն բոլորը, ինչ ինքը կասի:
-Վարվառա, սիրելիս, այն ինչ ես կասեմ, պատահական մտքեր չեն: Անքուն, երկար գիշերների արդյունք են: Ես գիտեմ, որ որդիս առանց հոր պետք է մեծանա, ուստի շատ կարևոր է, որ դու նրա դաստիարակության ընթացքում հաշվի առնես իմ խորհուրդներն ու խնդրանքները: Ես որդուս շատ եմ սիրում և գոնե այդ ձևով կուզեի նրա կողքին լինել:
Ապա դառնալով որդուն ասաց.
-Որդիս, կյանքում ինչքան շատ բան էի ուզում քեզ համար անել, բայց ավաղ, համարյա ոչինչ չկարողացա: Շատ, շատ եմ ցավում որդիս, ներիր ինձ: Այն, ինչ չհասցրեցի ես, մայրդ կաշխատի անել:
Նոյեմբերի վերջին ինձ տվեցին 3-րդ տեսակցության իրավունքը: Ակսելը ավելի զուսպ էր, ճիգ էր գործադրում ինքն իրեն տիրապետել:
-Հարցաքննությունը ավարտել են, սպասում եմ, դատի…,- ասաց;- Վարվառա, հոգիս, ամուր եղիր, հաշվիր, որ ես ավտոյի տակ եմ ընկել… Պետք չէ, սիրելիս, պետք չէ լացել:
Ապա դառնալով որդուն, հարցրեց.
-Իսկ դու` որդիս, շա՞տ կամաչես, եթե հորդ Երևանի փողոցներով դատելու տանեն…
-Ոչ, հայրիկ, ես քեզ սիրում եմ, դու աշխարհի ամենալավ հայրիկն ես,-արագ պատասխանեց մեր որդին:
-Ապրես տղաս, ճիշտ է, դու քո հայրիկի համար մի ամաչի… Հայրդ ոչ մի այնպիսի բան չի արել, որ դու երբևէ ամաչես նրա փոխարեն:
Ապա ամու՜ր, ամու՜ր, փաթաթվեց երկուսիս, և ես զգացի, որ նա հրաժեշտ տվեց մեզ: Մենք նրան այլևս չտեսանք»։
Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ