Հայաստանում Իտալիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանության YouTube-յան ալիքում տեղադրվել է 2019 թ․ սեպտեմբերին Երևանում կազմակերպված Remix Portraits նախագծի մասին տեսահոլովակը։ Նախագիծն առաջին անգամ իրականացվել է Երևանում՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ և Իզաբելլա Ինդոլֆիի համադրումով։ Ֆրանց Չերամիի պատկերները տարածվել են Երևանի կենտրոնում ու արվարձաններում և, ի վերջո, արտապատկերվել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի՝ իտալացի դիրիժոր Մարիո Լեոտայի ղեկավարությամբ և սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետիի մասնակցութայամբ սեպտեմբերի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած համերգի ընթացքում։ Ֆրանց Չերամիի ինստալյացիաները ներշնչված են արվեստի և երաժշտության պատմության հսկաներից․ Լեոնարդո դա Վինչի, Անտոնելլո դա Մեսինա, Ջորջո Վազարի, Արտեմիզիա Ջենտիլեսքի, Տիցիանո Վեչելիո և այլոք։
Ֆրանց Չերամին վերամեկնաբանում է իտալական Վերածննդի դասականներին՝ նրանց արտապատկերելով քաղաքներում․ կամուրջները, մայրուղիները, բնակելի շենքերը, թանգարանները վերածվում են գիշերային արշավների վայրերի։
Երևանից հետո Remix Portraits նախագիծը իրականացվել է նաև Իտալիայի Նեապոլ և Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքներում։
Կարևորելով կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ներկա իրավիճակի պայմաններում համացանցի միջոցով հասարակության կապը արվեստի հետ՝ շնորհակալ կլինենք, եթե ցանկանաք հնարավորության դեպքում տարածել այս տեսահոլովակը։
Հայաստանում Իտալիայի դեսպանություն