Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ` վեց տարի շարունակ մայիսի 10-12-ը անցկացվում է պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ, որը կրում է մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը: Իր ձևաչափով միակը համարվող այս նախաձեռնության շրջանակներում մինչև 18 տարեկան պատանի ստեղծագործողները բաժանվելով երկու տարիքային խմբերի՝ ներկայացրել են իրենց ստեղծագործությունները: Սակայն ելնելով ողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի առկայությունից և ազատ տեղաշարժվելու սահմանափակումներից՝ այս տարի որոշվեց մրցույթի ձևաչափը փոփոխել և դարձնել առցանց մրցույթ-փառատոն՝ Միրզոյանական տոն` բացառելով երեխաների մոտ լրացուցիչ ընկճվածության առաջացումը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ իրականացող այս նախաձեռնությունը նպատակ ունի քաջալերելու պատանի կոմպոզիտորներին անգամ այս օրերին՝ տալով նրանց հնարավորություն լսելի դարձնելու իրենց ստեղծագործությունները մշակութային առցանց հարթակներից: Ելնելով ազատ տեղաշարժման սահմանափակումներից՝ երեխաներն իրենց ստեղծագործությունները կարող են ներկայացնել առցանց տարբերակով՝ տեսագրելով և պատրաստի տեսագրությունն ուղարկելով մրցույթի պաշտոնական էջին (ցանկալի է՝ բարձր որակի, վերջնական պատկերը՝ հորիզոնական ստացված): Կարելի է ներկայացնել ցանկացած մեկ ստեղծագործություն՝ մինչև 5 րոպե տևողությամբ՝ առավելագույնը 3 գործիքի համար (անսամբլային ստեղծագործությունները կարելի է ձայնագրել նաև առանձին-առանձին՝ միացնելով դրանք վիդեոմոնտաժի միջոցով): Նախագծի կազմկոմիտեի կողմից կընտրվեն լավագույն ստեղծագործությունները և կպատրաստվի միասնական տեսանյութ, որը Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը՝ մայիսի 12-ին, կտեղադրվի առցանց երեք հարթակներում, այդ թվում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի պետական կոնսերվատորիայի և Հայաստանի կոմպոզիտորների միության (ներառյալ մրցույթի): Հրապարակված տեսանյութում ընդգրկված բոլոր մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով, իսկ նրանց ստեղծագործությունները կձայնագրվեն Երևանի պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում՝ արտակարգ դրության ավարտից հետո:
Տեսագրությունները կարելի է ուղարկել մրցույթի ֆեյսբուքյան էջին մինչև մայիսի 10-ը՝ կցելով անձնագրի պատճենը, հայտաձևը, ցանկալի է նաև նոտաները (կարող է լինել նաև ձեռագիր): Յուրաքանչյուր մասնակից (մինչև 18 տարեկան) կարող է ներկայացնել 1 ստեղծագործություն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել +37455 07 07 80 հեռախոսահամարով կամ գրել մրցույթի ֆեյսբուքյան էջին: