Երկնքի դարպասներին գրեր չկան
17.04.2020 | 00:59
Թագուհու աչքերը թաց էին, նա մի քանի օր լաց էր լինում: ՈՒ լաց էր լինում առանց ցավի, արցունքները հոսում էին ու հոսում, նա փորձում էր արցունքներով մաքրել իր գտած քարերը: Ավազների մեջ խրված գերեզմանը: Նրա մեջքը ցավում էր, հագուստները արևի ու փոշու մեջ կորած էին, ձեռքերը դողում էին: Թագուհու հիշողության մեջ հայտնվում էին պատկերներ, որ երբեք չէր տեսել, լսում էր ձայներ, որ անծանոթ մարդկանց էին պատկանում: Նա չէր կարողանում քնել: Երբ փորձում էր աչքերը փակել, խառնիճաղանջ արագությամբ պատկերները պտտվում էին շուրջբոլորը, ու ինչ-որ մեկը անընդհատ խոսում էր, խոսում էր, խոսում անհայտ լեզվով ու նրա ձայնի մեջ այնքան ցավ ու հեգնանք կար, որ թագուհին երազում էր խլանալ` այդ ձայնը չլսելու համար: Նրա մեջքը ծալծլվում էր ցավից, բայց ամեն առավոտ թագուհին դուրս էր գալիս քաղաքից ու քայլում էր նույն ավերակի կանչով, խրվում էր փոշու ու քարակույտի մեջ, որոնելով` ինքն էլ չգիտեր ինչ: Հետո գտավ ու հասկացավ միանգամից` ձայնը լռեց, ու երանություն լցվեց նրա ունկերը: Գտավ Հիսուսի գերեզմանը: Եվ որովհետև նա թագուհի էր ու կարող էր հրամաններ տալ, նրա հրամանով քարակույտը մաքրվեց ու նա կառուցեց Հարության տաճարը: Թագուհու ձեռքերը դողում էին այդ ամբողջ ընթացքում: Նա Երուսաղեմում որոնում էր Հիսուսի հետ կապված պատմություններ, վկայություններ, Գողգոթայում գտավ խաչափայտը ու անմիջապես հասկացավ, որ գտել է, որովհետև հենց ձեռք տվեց փայտի կտորին, անցավ մեջքի ցավն ու նա ուղղվեց ողջ իրանով ու երկնային երաժշտությունը նորից լցվեց ունկերի մեջ: Իսկ հաջորդ օրը անհայտ լեզվով խոսող ձայնը թագուհու համար այլևս անծանոթ չէր, նա սկսել էր հասկանալ անծանոթ լեզուն, որ երբեք չէր լսել: Քաղաքի պարիսպներից դուրս գտնվող գերեզմանատեղիում 70 թվականին Տիտոս կայսեր հրամանով քաղաքն ավերելուց հետո Ադրիանոս կայսրը 135-ին նոր քաղաք էր կառուցել: Էլիա Կապիտոլինան նրա կայսրության մարգարիտն էր, ու Հովսեփի դամբարանը դարձել էր Վեներայի տաճար: Հռոմեացիները չէին հասկանում` ինչու՞ իրենց աստվածուհու տաճարում անընդհատ հանգչում է կրակը, փլուզվում է նոր կառուցած պատը, գետնի տակից ջուր է բխում ու առաստաղին ճաքեր են հայտնվում: Նրանք ամեն օր ստիպված էին Վեներայի տաճարը նորոգել ու արդեն դադարել էին զոհեր մատուցել, որովհետև զոհասեղանը անընդհատ ճոճվում էր, ու նրանց ընծաները թափվում էին սեղանից: Իսկ դա վատ նշան էր` աստվածուհին չէր ընդունում նրանց ընծաները: ՈՒ նրանք դադարեցին Վեներայի տաճար գալ…
Ֆլավիա Յուլիա Հելենա Ավգուստան` Կոնստանտինոս կայսեր մայրը` ծնված Դրեպանում, ձիապանի դուստրը, որ գինի էր մատուցում ճանապարհորդներին: Այնտեղ էլ ծանոթացավ Կոնստանցի հետ ու դարձավ նրա կինը: Նաիսում նա ծնեց որդուն` Ֆլավիոս Վալերիոս Ավրելիոս Կոնստանտինին` Կոնստանտինոս կայսրին, որ քրիստոնեությունը դարձրեց Հռոմեական կայսրության պետական կրոն: Երբ Մաքսիմիան կայսրը որդեգրեց Կոնստանցին, նա բաժանվեց կնոջից ու ամուսնացավ կայսեր խորթ դստեր` Թեոդորայի հետ: 293 թվականն էր: Հելենան ապրում էր որդու հետ, և երբ հայրը որդուն արքունիք կանչեց, Հելենան տեղափոխվեց Տրիր: Քրիստոնեություն նա ընդունեց, երբ 60 տարեկան էր, ապրում էր Հռոմում ու իր տանը քրիստոնեական եկեղեցի էր հրամայել կառուցել:
Նա չէր կարող Երուսաղեմ չգալ: 80 տարեկան էր: Երազում նրան ասացին, որ պիտի գնա Երուսաղեմ ու գտնի Տիրոջ գերեզմանը: Գողգոթայում իր ձեռքով նա գտավ խաչափայտն ու չորս մեխերը և գրառումը` INRI` Հիսուս Նազովրեցի` Իսրայելի արքա: Նրան օգնում էր Հուդա Կիրիակը: Թագուհին շրջում էր երկրում ու օգնում մարդկանց` զինվորներին, աղքատներին, տկարներին, փող, հագուստ ու ուտելիք էր բաժանում, ներում բանտարկյալներին ու կյանք շնորհում մահվան դատապարտվածներին: Երուսաղեմում նա կառուցեց սուրբ Հարության տաճարը, Բեթղեհեմում` Սուրբ Ծննդյան տաճարը, ու էլի բազում տաճարներ ու եկեղեցիներ: Հելենան խաչափայտը երկու մասի բաժանեց` արծաթապատ պատյանում մեկը թողեց Երուսաղեմում, մյուսն ուղարկեց որդուն` Կոստանդնուպոլիս: Հելենան որդուն երկու մեխ ուղարկեց, երկուսը թողեց Երուսաղեմում: Հելենան հոգին ավանդեց 325-ին` Նիկեայի տիեզերական ժողովից առաջ: Կոնստանտինոսը նրա մարմինը տեղափոխեց Հռոմ և հուղարկավորեց սուրբ Մարկելինի ու Պետրոսի տաճարում պորփյուրե սարկոֆագում: Հիմա նրա մասունքները սփռված են աշխարհով մեկ: Այսօր ես արթնացա ու գրպանումս մեխ գտա: ՈՒ հասկացա, որ թագուհին ինձ այցի է եկել ու քնած գտնելով` հեռացել է, թողնելով մեխը գրպանումս: Հինգերորդ մեխը, որ պահում էր իր մոտ ու որի մասին ոչ ոք իրենից բացի չգիտեր: ՈՒ` ինձնից: Հելենան այնքան էր երկաթե գամը սեղմել մատներում, որ գամը փայլում էր ու նույնիսկ ուղղվել էր, թեպետ ի սկզբանե ծռված էր: Բայց ինչու՞ էր Հելենան եկել: Երբ նա առաջին անգամ հայտնվեց Գողգոթայում, ես լսեցի մորս ձայնը, ու մայրս ինձ ասաց. «Օգնիր նրան, նա արժանավորագույնն է կանանց մեջ»: ՈՒ երբ Հելենան Երուսաղեմում կառուցեց Տիրամոր տաճարը, մայրս ինձ երկրորդ անգամ ասաց. «Օգնիր նրան, նա արժանավորագույնն է կանանց մեջ»: Այսօր երրորդ անգամ մայրս ինձ ասաց. «Օգնիր նրան, նա արժանավորագույնն է կանանց մեջ», ու ես գրպանումս գտա հինգերորդ մեխը: Սա պատմություն է ամեն ինչի մասին, որ ոչ ոք չի հասկանում երկրի վրա: ՈՒ ես հիմա մատներիս մեջ եմ սեղմում հինգերորդ մեխը, որ նորից ինձ ցավ է պատճառում, թեպետ մարմնիս մեջ խրված չէ ու ես նույնիսկ կարող եմ պատուհանից դուրս շպրտել, որ ինչ-որ մեկը գտնի ու տուն տանի: Կամ` մնա փողոցում այնքան, որ ժանգոտի ու մոռանա իր պատմությունը` մինչև ինչ-որ մեկը ցավ զգա ու երազի ցավից ազատվել: Այս պատմությունը երկրի վրա ոչ ոք չի հասկանում, ոմանք տեսել են, ոմանք հավատում են:
Մուհամեդն ասում էր` երբ Բուդդային հարցրել է` չե՞ս ուզում Երուսաղեմ գալ, նա ծիծաղել է ու տրտնջացել` «Այնտեղ ամենուր աստվածներ են, ոտք դնելու տեղ չկա»: Բուդդան, որ ամեն ինչ մարդու ներսում է տեսնում ու մարդուն, բնությանը, տիեզերականը մարդու կատարելագործմանն է ծառայեցնում, Երուսաղեմում իրեն տեղ չի՞ գտնում: Ճշմարտության ու հավատի որոնումը կատարելագործման հիմքը չե՞ն: Չէ, պիտի հավատաս ու պիտի ճշմարիտ լինես, որ կարողանաս կատարելագործվել: Պիտի զգաս: Չզգաս` չես հավատա: Բանականությունը խանգարում է: Բանականությունը հարցեր է տալիս ու պատասխաններ է ուզում: Բանականությունը թելադրում է: Բանականությունը պահանջում է հարմարվել ու պրագմատիկ դառնալ: Բանականությունը ապրելու հարցն է լուծում: Բանականությունը հերքում է հոգին: Իսկ հոգին հարցեր չի տալիս: Ինչպե՞ս միասնական ու ամբողջական Աստված իր մասը առանձնացրեց ու Սուրբ Հոգու հետ ուղարկեց Երկիր: Հոգին երբեք նման հարց չի տա: Բանականությունը պիտի պրպտի եռամիասնության կառուցման պատճառներն ու իմաստը, նպատակ դնի: Հետո որոշի` հավատա՞, թե՞ ոչ: Բանականությունը չի զգում, որ մարդը, բնությունն ու աստվածայինը մեկ ամբողջություն են: Բանականությունը ապացույցներ է որոնում ու ուզում է իր ծալքերում դասդասել` ո՞րն ի՞նչ է անում ու ինչի՞ համար է պատասխանատու: ՈՒ` դարեդար քայլում է հոգու հետևից` չխոստովանելով ու անգամ չգիտակցելով, որ իր ճանապարհն ինքը չի անցնում, ընդամենը ստվեր է, որ ուզում է ինքնուրույն գոյության իրավունքն ապացուցել: Եվ առանց հոգու ինքը ոչինչ է, որովհետև երբեք մասը ամբողջ չի դառնա, իսկ հոգին ինքնին ամբողջություն է: Մենք քայլում ենք այն ճանապարհը, որ թելադրում է մեր հոգին, ու շեղվում ենք ճանապարհից այն ուղղություններով, որ թելադրում է մեր մարմինը: ՈՒ մեր զիգզագների մեջ նույն օրենքն է, որ թույլ չի տալիս տիեզերքին քանդվել ու փշրվել: Աստվածամոր արցունքի մեջ մարդկության ցավն է: Մարիամն անձրև է որոնում, որ կարողանա շնչել, նրա սիրտը սեղմվում է ցավից առանց անձրևի, որովհետև իր տիեզերքը նա փակել է անձրևի կաթիլներում ու այլևս ոչինչ չի ուզում զգալ: Ցավի նրա զգացումը փակել է բոլոր մյուս զգացումների ճանապարհը: Մարիամը մահվան առաջ բաց է, ու մահը նրան չի սիրում: Մայրս ինձ ուներ, Մարիամը մենակ է աշխարհում` իր հիշողությունների մեջ, որտեղ ինքը կա միայն ուրիշների մեջ ու ոչինչ չունի: Մորս արցունքի մեջ Մարիամն էլ կա: Բայց մորս ուրախության մեջ Մարիամը չկա, որովհետև միայն մայրերը կարող են ուրախանալ: Մուհամեդը այս ամենը չի հասկանա` նա ընդամենը յոթերորդ մարգարեն է ու նրան տրվել է պատմություն, բայց ոչ սկիզբ լինելու իրավունք: Նա ամեն ինչ գիտի ու ամեն ինչ կարող է: Մուհամեդի կինը` Այիշան, պատին էր փակցրել կենդանի պատկերներով սքանչելի կտավը, ու երբ Մուհամեդը տուն եկավ, նույնիսկ չցանկացավ սենյակ ոտք դնել, որովհետև միայն ալլահը կարող է կենդանի պատկերներ ստեղծել: Այիշան կտավը հանեց պատից, քաթանին աստառ կարեց ու դարձրեց բարձ և նույնիսկ այն բազմոցին դրեց, որտեղ հանգստանում էր Մուհամեդը: Մուհամեդը Այիշային ոչինչ չասաց: ՈՒ` ի՞նչ: Ոչինչ: Նրա դրախտի դարպասները Ղուրանի գրառումներով են պատված, ու նա ասում է, որ երկինքն ու երկիրը ալլահն է իր ձեռքում պահում: Բառերը կարևոր չեն, կարևորը աղոթքն է: Աստվածային էությունը բառերի մեջ պարփակել հնարավոր չէ, միշտ կա բառից ավելին, որ չի բացատրվում ու տարածվում է բառի շուրջբոլորը կամ մեռնում բառի մեջ: Հովհաննեսը սիրում է ինձ ու ուզում է իր բառերի մեջ ճառագի հոգին, անմահության ու ճշմարտության ցավը: Հովհաննեսը հեռանում է, որ վերադառնա: Կրակն ու ջուրը նրա մեջ համատեղվում են` կրակը ջուրը չի գոլորշիացնում ու ջուրը կրակը չի հանգցնում: ՈՒ նա միշտ վերադառնալու է: Երկնքի դարպասներին գրեր չկան: Այդ դարպասները երբեք չեն փակվում: ՈՒ չեն բացվում: Երկնքի դարպասների բանալին հոգին է: Կործանման ու արարումի մեջ սկզբունքային տարբերություն չկա: Երկուսն էլ նույն նպատակն ունեն` նորը աշխարհ բերել: Քանի՞ մեհյան է եկեղեցի դարձել ու քանի՞ եկեղեցի է մզկիթ դարձել: Որտեղի՞ց եմ ես, ո՞րն է իմ տունը, ո՞րն է իմ տեղը կյանքում: Բանականությունը չէ, որ պիտի այս հարցերին պատասխանի: Պարտվում են այն սերունդները, որ իրենց պատասխանները տալիս են պրագմատիզմի մեջ: Հաղթում են հոգու մեջ պատասխանը գտնողները: Աստվածային էությունը պատվիրաններին հետևելով չեն գտնում, այլ իրենց էության մեջ: ՈՒ դա այն մեծ գաղտնիքն է, որ Մուհամեդը գիտի, բայց չի զգում, որովհետև չի եղել առաջինը, ընդամենը հետո է եկել: Եվ Բուդդան էլ գիտի ու իրավունք ունի Երուսաղեմ չգալու` Շամբալայում նա իր Երուսաղեմն ունի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հատված «Ego eimi» գրքից
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ