Ցեղասպանություն իրականացրած, ոճրագործ երկրից ոչինչ չունե՞նք պահանջելու
14.04.2020 | 00:34
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո Հանրապետության հրապարակում «Դըմփ-դըմփ-հու՜» հեղափոխական օպերայի բեմադրությամբ և հեղափոխության երգիչ Հրագի անզուգական կատարմամբ կմեկնարկի «Քաղաքացու օր» միջոցառումը»:
Չի բացառվում, որ առաջիկա օրերին նմանատիպ հայտարարության կամ տեսաուղերձի ականատեսը լինենք, քանի որ կառավարությունում քաղաքացու օրը նշելու հարցը դեռ քննարկվում է: Իշխանության անհեռատեսությունը սահմաններ չի ճանաչում: Վաղուց եմ համոզվել՝ անտրամաբանական ու պոպուլիստական քայլեր նախաձեռնելու համար կառավարող ուժի խելքն իրենը չէ: Չեմ բացառում, որ վարչապետ Փաշինյանը հերթական «լայվի» միջոցով կտեղեկացնի, որ բարի կամք դրսևորելով՝ պարետ Տիգրան Ավինյանին խնդրել է մեկ օրով թույլատրել մարդկանց տեղաշարժը, ու բոլորին հրապարակ կհրավիրի: Կհորդորի սոցիալական հեռավորություն պահպանել միմյանցից ու հերթական սրտակեղեք ելույթը կձոնի նախկիններին, գողացողներին, թալանածներին, լափողներին և այդպես շարունակ:
Այս ամենին զուգահեռ` վարչապետի որոշմամբ պաշտոնապես չեղարկվել են ապրիլի 24-ի և մայիսի 9-ի զանգվածային միջոցառումները: Հերթական շոուն մատուցելու հնարավորություն բաց թողնելու մտքերով տարված իշխանավորները երևի չեն նկատել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ մտահոգվելու տեղիք տվող հորդորը: «Եթե չկան զոհ կամ վերապրող հարազատներ, ապա տեղադրեք Ցեղասպանության զոհ արևմտահայ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների, ֆիդայիների, շարքային զինվորների ու զորավարների լուսանկարները։ Դրեք արևմտահայության մշակութային ժառանգության գանձերի լուսանկարները, կիսվեք Արևմտյան Հայաստանի ձեզ հասանելի պատկերներով։ Եվ ընդամենը մեկ պարզ գրությամբ՝ ՀԻՇՈՒՄ ԵՄ կամ ԿԸ ՅԻՇԵՄ»,- գրված է թանգարանի տարածած հայտարարութան մեջ: Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ու ոգեկոչման միջոցառումների ժամանակ ստեղծված ու շրջանառված լոզունգը՝ «Հիշում եմ և պահանջում»-ը, փաստորեն, այժմ աղճատվել է, «պահանջում» բառը դուրս է մղվել: Նոր կարգախոսով՝ «Հիշում եմ»-ով, ստացվում է՝ ցեղասպանություն իրականացրած, ոճրագործ երկրից ոչինչ չունենք պահանջելու, իսկ իշխանությունները քաղաքացու օրը նշելու դարդուցավով են տառապում:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ