«Անմա՞հ է այն գործը, որի համար ես մեռա…»
07.04.2020 | 01:08
ՀԱՂԹԱՐՇԱՎ
1910 թ. հոկտեմբերի 24-ին նա տարբեր քաղաքական, հասարակական ու գրական շրջանակներ ներկայացնող պոլսահայ մտավորականության առջև դասախոսությամբ հանդես եկավ Բերայի արհեստանոցի դահլիճում: Դա յուրատեսակ այցեքարտ էր, որով տիրեց բոլորին ու դարձրեց իրեն դաշնակից:
Այդ առթիվ «Տաճար» շաբաթաթերթը գրեց. «Անցեալ կիր. օր Բերայի արհեստանոցի մէկ բաժնին մէջ մեծանուն երաժշտագէտ Տ. Կոմիտաս Վ., սակաւաթիւ բայց իր կարողութիւնը և արժանիքը գնահատող ընտրեալ բազմութեան մը ներկայութեանը կատարեց իր առաջին հրապարակախօսութիւնը հայ գեղջկական երաժշտութեան վրայ: Իր խղճամիտ ուսումնասիրութեանց վրա հիմնուած՝ հաստատեց թէ այդ երաժշտութիւնը հաւաքական ստեղծագործումն է գեղջկական համայնքներու: Ատոր գլխաւոր առիթներն են վանքերու ուխտագնացութիւնները և այդ առթիւ կատարուած պարերն և ուրախութիւնները, որու միջոցին երգեցիկ երիտասարդներ կը հաւաքուին քաջ երգիչի մը շուրջը, որուն գրեթէ մէկ պարզ խօսքը՝ կրկնակի մը լծորդուած, զանազան ձայնաստիճաններով և ելևէջներով արտաբերուելով կը կազմուի եղանակ մը ամբողջ:
…Խօսելէ ետքը այն օրէնքներուն վրայ, որով կազմուած է գեղջուկ երաժշտութիւնը, հմուտ բանախօսը ի վեր հանեց, թէ բնակակից ազգեր ազդած են սովորաբար անոր վրայ, և շատ անգամ միևնոյն երգին եղանակները պարսկական նահանգներուն մէջ այդ տեղի դրոշմը կը կրեն ու քրդական և թրքական գաւառներու մէջ ալ տեղական ազդեցութեան ենթարկուած են՝ գլխաւորապէս առնական բերաններու մէջ, մինչ կիներու քով պահպանուած է անոնց հայեցի դրոշմը: Բանախօսն եզրակացուց թէ պէտք չէ արհամարհել հայ գեղջուկ երաժշտութիւնը, ընդհակառակն պէտք է օգտուիլ անկէ և ի բաց վանել մանաւանդ թոյլ և մեղկ երաժշտութիւնը որ այնքան յոռի ներգործութիւն մը կ՛ընէ:
Տ. Կոմիտաս իր խօսքերուն իբր փաստ մէջ կը բերէր երգերու հատուածներ: Խորունկ տպաւորութիւն գործեցին իր խօսքերը ունկնդիրներու վրայ, հաւաստիքը տալով իր խղճամիտ պրպտումներուն ու ուսումնասիրութեանց և անվիճելի արժանիքին:
Փափաքելի էր որ աւելի ժողովրդական և լայն շրջանակի մէջ խօսելու առիթը ունենար, արուեստին սէրը և գնահատութիւնը մտցնելու համար անվարժ և սովորամոլ ուղեղներու մէջ»:
Սկսվեց ծանր ու տքնաջան մի աշխատանք: Վարդապետը ձեռնամուխ եղավ երգչախումբ ստեղծելուն, որի ատաղձը կազմեցին Եսայան վարժարանի աշակերտներն ու ուսուցիչները, բայց և շատ էին ապագա համերգին մասնակցելու ցանկություն ունեցողները, որոնց մեկ առ մեկ ձայնաքննեց և ընտրեց: Ապա սկսեց փորձերը, որոնց կտրականապես թույլ չէր տալիս ներկա գտնվել կողմնակի անձանց:
300-հոգանոց «Գուսան» երգչախումբը՝ նրա ղեկավարությամբ, պետք է ելույթ ունենար դեկտեմբերի 4-ին «Պտի շան» դահլիճում, և հայտագիրը պատրաստ էր: Բայց համերգից մի քանի օր առաջ ստացավ հարվածը՝ նրան հանձնեցին պատրիարքական փոխանորդի ստորագրությամբ հետևյալ գրությունը.
«Գերաշնորհ Տ. Կոմիտաս ծ. վ. Սողոմոնեան,
ի Կ. Պոլիս
Կը ցաւինք ի տեղեկութիւն հաղորդել Ձեր գերապատուության, որ Հայոց Եկեղեցւոյ սրբազան օրինաց եւ կարգաց բացարձակ հակառակ է Եկեղեցւոյ Ս. Պատարագի երգեցողութիւնը աշխարհիկ թատերաբեմին վրայէն, որպիսին է Բըթի Շանի բեմէն երգելը: Հետեւաբար կարգիլենք Ձեր յայտագրին Ա. մասը ի գործ դնել, ի բուժումն գաղթակղեալ մտաց եւ կ՛արտոնենք Երկրորդ մասը ի գոհացումն Ձեր անզուգական տաղանդաւոր երգեցողութեանց հետաքրքիրներուն:
Մնամ Ձեզ անձնուէր
Պատր. Փոխանորդ
Ղեւոնդ ծ. վ. Դուրեան»:
Կոմիտասը, բնականաբար, չենթարկվեց այդ պահանջին, որովհետև վաղուց ձևավորված հայացք ուներ. «Ես տարիներուս աշխատանքով շիներ եմ իմ ուղեգիծը, ուրկէ ընթացեր եմ մինչև ցարդ և պիտի ընթանամ ասկէ ետք ալ որքան ատեն ուժ զգամ երակներուս մէջ. ոչ մէկ խոչընդոտ չի կրնար կասեցնել զիս իմ առաքելութեանս մէջ, որուն նուիրականութեանը համոզուած եմ ես բոլոր սրտովս»: Եվ համերգը կայացավ ըստ հայտագրի: Երեք ժամ շարունակ հնչեցին խմբերգեր, մեներգներ, երկերգեր, եռերգեր, կարոտի երգեր, հովվերգեր, իսկ վարդապետն ինքը կատարեց հին տաղեր:
Դա Կոմիտասի լիակատար հաղթանակն էր, ինչը փաստեցին երկու ամենահեղինակավոր լրագրերը՝ դաշնակցության օրգան «Ազատամարտը» և պահպանողական «Բիւզանդիոնը»:
Արձագանքն այնքան զրնգուն էր, որ անմիջապես հրավեր ստացավ Զմյուռնիայից ու մեկնեց: Կազմեց 135 հոգուց բաղկացած երկսեռ երգչախումբ, 1911 թ. հունվարի 30-ին հանդես եկավ դասախոսությամբ ու համերգ տվեց շքեղաշուք Մարզակումբի (Sporting Club) դահլիճում: Կրկին՝ շռնդալից հաջողություն: Ահա թե ինչ է գրում ականատեսը՝ գրող ու հրապարակախոս Սուրեն Պարթևյանը. «Ամբողջ հայ հոգին էր որ թրթռաց Սբօրթինկի թատերասրահին մէջ, իր միսթիքական վերասլացումներէն մինչև իր հողի կեանքին խայտանքները, խռովքները, տարփանքներն ու տուայտանքները արտայայտելով:
Հայկական գոյութեան պատմութիւնն էր,-հրաշալի ու սքանչելի լեգենտան, եթէ կ՛ուզէք,-որուն ես մտիկ ըրի Կոմիտաս Վարդապետի նուագահանդէսին մէկ ծայրէն միւսը: Այդ պատմութիւնը, այդ աւանդավէպը կը յօրինուէր իմ յափշտակուած մտածումիս մէջ եկեղեցական երաժշտութեան շքեղ կտորներովը, որոնք Հայուն հաւատքի ու իտէալի անցեալը կը խորհրդանշէին և ապա անոր դարաւոր կեանքին եղերերգութեամբը և մինչև անոր վերջին գալարումներուն, հուսկ ազատախնդիր խոյանքներուն դիւցազներգութեամբը, որ կը խտանայ «Սիփանի քաջեր» վսեմաշունչ քայլերգին մէջ…
Կոմիտաս Վարդապետ մեր անհուն երախտագիտութեան արժանի պիտի մնայ մեզի պարգևած ըլլալուն համար հայ գեղարուեստական այս անզուգական ու անմոռանալի վայելքը»:
Կոմիտասը վերադարձավ Պոլիս և փետրվարի 20-ին «Գուսանի» հետ «Յունիոն Ֆրանսեզի» դահլիճում տվեց երկրորդ համերգը:
Բայց նա չէր մոռանում իր երազանքի իրականացման մասին: Կազմվեց արվեստասեր ազգային գործիչներից բաղկացած մի հանձնաժողով, որը պիտի ստանձներ համերգներ կազմակերպելու գործը, իսկ ստացված շահույթը տրամադրեր կոնսերվատորիայի հաստատմանը: Հանձնախմբի կազմի մեջ ընդգրկվեցին Աստվածատուր Հարենցը, բժիշկ Վահրամ Թորգոմյանը, Արամ Հալաճյանը, Արմենակ Մանուկյանը, Արսեն Արսենյանը, Էդուարդ Կարագյոզյանը, Մարտեն Հակոբյանը, Մարտիկ Էքսերճյանը և Սիսակ Աշճյանը:
Անգամ վեց սան ընտրեց՝ Վարդան Սարգիսյանին, Միհրան Թումաճանին, Բարսեղ Կանաչյանին, Վաղարշակ Սրվանձտյանին, Հայկ Սեմերճյանին և Արտաշես Ապաճյանին, որոնք պիտի իրեն օգնեին երաժշտություն դասավանդելու ու տարածելու գործում:
Կոնսերվատորիայի նպատակը պիտի լիներ. ա) մշակել հայ երաժշտությունը՝ հիմք ընդունելով արևմտյան երաժշտության գիտական հիմունքները, արևելյանը համարելով դրա ամբողջականության մաս, բ) տարածել հայ երաժշտությունը՝ համերգներ տալով, դասախոսություններ կարդալով, թերթ ու ժողովածու, երկեր ու երգեր հրատարակելով, գ) հիմնել երաժշտական դպրոց, թատրոն՝ երգի, երաժշտության ու ներկայացումների համար, տպարան և երաժշտական ձեռնարկների, նոտաների ու գործիքների վաճառատուն, դ) պահել մեկ մշտական արհեստավարժ երգչախումբ ու երկու նվագախումբ:
Ֆինանսական միջոցները պիտի գոյանային հիմնական դրամագլխից, անդամավճարներից, ներկայացումներից ու հրատարակությունների վաճառքից գոյացած հասույթներից, նվիրատվություններից:
Զուր չէ, որ արևմտահայ անվանի բանաստեղծ Արտաշես Հարությունյանը, որին վիճակված էր չորս տարի անց նահատակվել ցեղասպան թուրքի ձեռամբ, Նյու Յորքում լույս տեսնող «Արագած» շաբաթաթերթում գրեց. «Եթէ պոլսահայ մտքին մէջ ընդունակութիւն կայ Կոմիտաս Վարդապետի գործին անսահման կարևորութիւնը հասկնալու, անհրաժեշտ է ի գլուխ հանել Պոլսոյ մէջ հայ երաժշտանոցի գաղափարին գործադրութիւնը: Հայ գեղջուկ երաժշտութեան ոգին պէտք է տարածուի ամբողջ հայ ժողովուրդի հոգիին մէջ ու վերակենդանացնէ զայն հինաւուրց երազներուն ու յոյսերուն համեմատ, վասնզի ինծի կը թուի թէ, այնպիսի ժամանակի մը մէջ, ուր ըլլալու կամ չըլլալու բախտեր կը վճռուին, մեր ցեղը պէտք ունի ինքզինքը գտնելու, ինքզինքը զգալու, և ընդհանրական վերադարձ մը, օտարօտի սահմաններէ դէպի հարազատ ակունքը ցեղային բնազդներուն՝ պիտի ըլլար մեզի համար բարեգուշակ ու սրտապնդող»:
Սակայն Կոմիտասի համար պարզ էր, որ թեպետ բազմաթիվ պոլսահայ մեծահարուստների առկայությանը, այնուամենայնիվ կոնսերվատորիայի հիմնման ամբողջ բեռը մնում էր իր ուսերին: Անհրաժեշտ էին ֆինանսական զգալի միջոցներ, որոնց հայթայթմամբ ինքը պիտի զբաղվեր: Մի բան, որն ստեղծարար գործունեությունից ժամանակ էր խլելու, այնինչ նա ոչ միայն դրամից ու դրա հետ առնչվող գործարքներից հեռու էր, այլև բացարձակապես անարծաթ մարդ էր:
Այս ամենն էր պատճառը, որ ապրիլի 1-ին, հօգուտ ապագա կոնսերվատորիայի, «Գուսանի» հետ համերգ տվեց:
Ընդամենը մեկ շաբաթ անց՝ ապրիլի 8-ին, ի նպաստ Սբ Փրկչյան ազգային հիվանդանոցի, համերգ տվեց «Պտի շանի» լեփ-լեցուն ձմեռային քառահարկ համերգասրահում, որտեղ ներկա էին թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ և օտարերկրյա դիվանագետներ:
Այդտեղ էր գտնվում նաև Թագուհի Եղիազարյանը՝ հետագայում Ռոմանոս Մելիքյանի և Սպիրիդոն Մելիքյանի հետ Երևանի կոնսերվատորիայի հիմնադիրներից մեկը: Նա ստացել էր եվրոպական բարձրագույն երաժշտական կրթություն, դաշնամուր էր դասավանդում Պոլսի ամերիկյան «Ռոբերտ» քոլեջում, արևմտյան երաժշտարվեստի թունդ երկրպագու էր և իր խոսքով՝ հայկական կոկորդային ու ռնգային ձայներ չէր ուզում առհասարակ լսել: Ընկերուհու հորդորներին անսալով, ի վերջո, գնում է «Պտի շան»… Եվ առաջին իսկ հնչյուններից քաշվում է օթյակի խորքը ու… լաց լինում: Գրում է. «Աննկարագրելի էր յուզումս, կարծես տաք գինի մը խմցուցին ինծի, աչքերս բացի, տեսարանին վրայ տեսայ մեր հայ օրիորդներու սպիտակ շարք մը, որոնց ետև կեցած էր տղամարդոց սև զգեստներու շարքը. ինքը՝ վարդապետը, իր սև սքեմին մէջ, նիհար իրանով, սլացիկ հասակով, ջղուտ, կանգնած էր. կը նմանէր հայ սարկաւագի մը՝ մեր մագաղաթներուն մանրանկարներէն պոկուած: Աջ ձեռքին բռնած էր ճպոտը ու ձախ ձեռքով կարծես կը շոյէր աղջիկներուն ձայնը:
Կոմիտաս երգեց «Կռունկը»:
Այս բոլորը նոր աշխարհի մը յայտնութիւնն էր ինծի համար: Իր պարիդոնի հովուական ձայնի շեշտը թաւշային էր, ինչպէս հայ աչքերը, բուղխ էր, ինչպէս մեր տաքուկ հացը, ջերմ էր, ինչպէս մեր զգայուն սիրտը: Այդ ձայնը բարձրացաւ, բարձրացաւ և ինձ թուեցաւ, որ թատրոնի պատերը անհետացան, ու ես տեսայ Սևանի մոգական լիճը, Արարատը, Ալագեազը, համայն հայրենիքս, որ ծիրանափայլ տեսիլքով մը դիմացս լուսաւորեցաւ. տեսայ բոլոր բարձր լեռները, դաշտերը, գիւղացիները, արօրը, ոչխարները, հողմածածան բարդիները. ի՜նչ կ՛ըսեմ, վարդապետն ինքն ալ անյայտացաւ, իր սև սքեմը մեր Լոռիի կանանչ անտառներուն գոյնը առաւ, աչքերը մէյ մէկ աստղ դարձան, թևերը արեգակի երկայն ճառագայթներ, որ մեր ազգային լուսաւորութիւնով լուսաւորեցին ամբողջ տիեզերքը:
Ով որ այսպիսի բանդագուշանք մը կուտայ, հանճար մըն է»:
Կոմիտասի հաղթարշավը սկսվել էր: 1911 թ. մայիսին հրավեր ստացավ Եգիպտոսից, անմիջապես մեկնեց ու երեք ամիս այնտեղ մնաց: Ինչո՞վ զբաղվեց: ՀԲԸՄ կազմակերպած դաշտահանդեսի ժամանակ երգեց «Կռունկը» և բոլորին գերեց: Հուզմունքը, դյութանքը, ջերմությունն այնքան ազդու էին, որ նրան մեկեն վերածեցին կուռքի: Նախ, երկու դասախոսությամբ հանդես եկավ Կահիրեում և Ալեքսանդրիայում: Ապա մեկ ամսվա ընթացքում ձայնաքննում կատարեց, 190 հոգուց բաղկացած երկսեռ երգչախումբ կազմեց, փորձեր անցկացրեց ու երկու համերգ տվեց: Առաջինը՝ հունիսի 16-ին Ալեքսանդրիայի «Ալհամբրա» շքեղ դահլիճում, որին ներկա գտնվեց Եգիպտոսի վարչապետ Մուհամեդ Սաիդ փաշան՝ իր բոլոր նախարարների հետ: Երկրորդ համերգը՝ նույն երգչախմբի հետ, կայացավ հուլիսի 23-ին Կահիրեի «Աբբաս» թատերասրահում, որին ներկա էին ոչ միայն Եգիպտոսի հայոց հոգևոր առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Աղավնունին՝ քահանայաց դասի հետ, այլև պապական պատվիրակը, հայ կաթոլիկ ու ղպտի հոգևոր պետերը: Տեղի հայ, արաբական, հունական մամուլը չզլացավ հիացմունքի ու դրվատանքի խոսքեր շռայլել:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ