«Անմա՞հ է այն գործը, որի համար ես մեռա…»
03.04.2020 | 01:27
ՈՒսումնառության տարիներին Կոմիտասը բնակվում էր Բեռլինի Կրոյցբերգ շրջանի Կոխշտրասե փողոցի 5-հարկանի տներից մեկում:
Մանուկ Աբեղյանը 1896-ին այցելել է իր ճեմարանական դասընկերոջը և, ցավոք, չնշելով ստույգ հասցեն, թողել է սենյակի նկարագրությունը: Այն գտնվում էր ամենավերին հարկում: Զույգ պատուհանները բացվում էին ոչ թե փողոցի կամ բակի, այլ հարևան շենքի քիչ ցած ընկած տանիքի վրա: Սենյակը բավականին ընդարձակ էր, լավ կահավորված և Կոմիտասին դուր էր գալիս, որովհետև առանձնացված էր, կարող էր երգել ու նվագել առանց որևէ մեկի խանգարելու, և չէին կարող խանգարել իրեն:
Պրոֆեսոր Շմիդտը Կոմիտասին հետևում է, նրա հետևից մտնում այդ տուն ու տանտիրուհուն խնդրում, առանց իր ուսանողին տեղյակ պահելու, հնարավորություն տալ պարզելու, թե նա դասերից հետո ինչով է զբաղվում:
Բարձրանում են չորրորդ հարկ: Ֆրաու տանտիրուհին մի սենյակ է առաջնորդում պրոֆեսորին և ասում, որ ճիշտ վերևում ապրում է նրա ուսանողը:
Շմիդտը մնում է մենակ: Անցնում է 2-3 ժամ, որի ընթացքում վերևից շարունակաբար լսվում է Կոմիտասի երգեցողությունը և սրինգի նվագը: Երբ դառնում է գիշերվա 10-ը, պրոֆեսորը մի հարկ բարձրանում է ու թակում Կոմիտասի դուռը:
Բացվելուն պես Շմիդտը զայրացած ասում է.
-Այո, այո, ես եմ, մի զարմացեք: Լսեք, այս ի՞նչ եք անում: Ես դասից հետո Ձեր ետևից եմ եկել և արդեն 3 ժամ մի հարկ ներքևում նստած լսել եմ Ձեզ: Դուք անընդհատ նվագում ու երգում էիք և այդ ընթացքում ոչինչ չեք կերել: ՈՒրեմն այսպես, դուք այլևս ինձ ոչինչ չեք վճարի և պիտի խոստանաք, որ մեր ամեն պարապմունքից հետո կճաշեք իմ տանը: Ոչ մի առարկություն չեմ ընդունում:
Այդպես էլ եղավ: Ավելին, ամեն շաբաթ ճաշից հետո, պրոֆեսորը սկսեց Կոմիտասին տանել Բեռլինի օպերա:
1913 թ. Կոմիտասը հերթական անգամ կարճ ժամանակով այցելեց Բեռլին և բնակություն հաստատեց Շառլոտենբուրգ շրջանի Կանտշտրասե փողոցի թիվ 40 հասցեում գտնվող երկհարկանի մի տանը: Նրան այստեղ այցելեց արվեստագետ, «Գեղարուեստ» հանդեսի խմբագիր, Աշուղ Ջիվանու որդի Գարեգին Լևոնյանը: Իր վաղեմի բարեկամին տեսնելով, Կոմիտասն անչափ ուրախացավ. «Ա՜, դու՞ ես, այ զուռնաչի…»:
Գերմանիայում ստացած դասական կրթությունը Կոմիտասին զարմանալիորեն հանգեցրեց սեփական ժողովրդի երաժշտարվեստի գնահատմանը. «Այս ժողովուրդը երգ ունի: Եվ այդ երգին ոյժը բոլոր մեծ ազգերու ունեցածէն նոյնիսկ գերազանց է, որովհետև կը բղխի ուղղակի ժողովուրդի սրտէն ու դարերու երակներէն:
Մենք շատոնց մտքի ու սրտի զէնքն էինք բռնելու և ոչ թէ փայտի ու մետաղի, որոնք հզօրագոյն հարուածով մէկէն ջախջախուեցան, բայց մեր մտքի ու սրտի զէնքն այնքան թափանցիկ, այնքան կենսունակ է, որ օտար մտքերն ու սրտերը ուզեն-չուզեն պիտի ընդունեն: Ահա՛ այս է կենդանի զէնքը, որի զինուորն եմ և՛ ես, և՛ դու, և՛ բոլոր նոքայ, որոնք իրենց ցեղի ազնիւ միտքն ու սիրտն են հրապարակ հանում և այնու շարժում սառն քաղաքագէտի պաղ սիրտը՝ մի փոքր էլ մեր կենսունակ ու մարդկութեան պիտանի ժողովրդին ու ազգին նայելու, խնայելու և նրա մասին մտածելու»:
1899 թ. հունիսին Կոմիտասը վերադարձավ էջմիածին և առաջին բանը, որ արեց, Շմիդտին ուղարկեց իր չվճարած գումարը…
Նա նշանակվեց ճեմարանի երաժշտության ուսուցչապետ՝ դպրաց դասի ղեկավար: ՈՒ սկսեց աներևակայելի բեղմնավոր, արդյունավետ, եռանդով առլեցուն գործունեություն:
Հավաքեց ժողովրդական երգերը (նա դա անվանում էր «ծաղկաքաղ անել»), դրանց տարբերակներով լսեց, ընտրեց, ջոկջկեց, նոտագրեց (դա էլ անվանում էր՝ «ականջս լսում է, ձեռքս՝ գրում»), բառերը գրեց, երաժշտագիտական տեսքի բերեց, հրատարակեց: Ապա ինքը երգեց, իր կազմած երգչախմբերով կատարեց:
ԵԼՔ ԷՋՄԻԱԾՆԻՑ
Էջմիածնից հեռանալու պատճառների, Մայր Աթոռի հոգևոր պետերի հետ տարաձայնությունների մասին շատ է գրվել ու խոսվել:
Այո, Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսից հետո Սբ Էջմիածնում ձևավորվեց չորս հոգուց բաղկացած խմբակ, որն սկսեց հալածել, այսպես կոչված, օրմանյանականներին, այդ թվում և երիտասարդ վարդապետներին, որոնց շարքում էր նաև Կոմիտասը:
Այո, կաթողիկոսական տեղապահը կրճատեց նրա ամսական ռոճիկը:
Այո, օրմանյանականները հույսեր էին կապել նոր կաթողիկոս Մատթևոս Իզմիրլյանի հետ, սակայն դրանք ի դերև ելան, և հալածանքը շարունակվեց:
Այո, 1909 թ. հուլիսի 14-ի նամակում գրեց. «Լավ է այսքանով գոցեմ գիրս. սիրտս լեցված է. եթե չամաչեմ լաց լինելու՝ ցավերս շատացել են: Տես աչքովդ, թե ինչպես մարդիկ ավերում, կործանում են պատիվ, անուն, եկեղեցի, սրբություն, ազգայնություն և ինչպես գործիք են դառնում չարի ձեռքին և ապա մի՛ լցվիր, մի՛ լար, մի՛ ողբա Խորենացու պես, իր իսկ ողբով. այժմ նույն պատկերն է մեր շուրջը և նորա ուրվականն է ողբում մեր անբուժելի ցավերը»:
Այո, 1909 թ. սեպտեմբերի 5-ին Կոմիտասը Իզմիրլյան կաթողիկոսին գրեց. «Վեհափառ Տէր: Քսան տարի է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան եմ: Մտել եմ այս հաստատութեանը ծառայելու նպատակով: Քսան տարուան ընթացքում շրջապատն ինձ թոյլ չի տուել այն անելու, ինչ կարող էի, որովհետև տեսայ միայն որոգայթ և ո՛չ արդարութիւն: Նյարդերս թուլացել են, այլևս տոկալու ճար ու հնար չունեմ: Որոնում եմ հանգիստ, չեմ գտնում: Ծարավի եմ ազնիվ աշխատանքի, խանգարվում եմ, փափագում եմ հեռու մնալ, խցել ականջներս՝ չլսելու համար, գոցել աչքերս՝ չտեսնելու համար, կապել ոտքերս՝ չգայթակղուելու համար, սանձել զգացումներս՝ չվրդովուելու համար, բայց զի մարդ եմ՝ չեմ կարողանում: Խիղճս մեռնում է, եռանդս պաղում է, կյանքս մաշվում է, և միայն վարանմունքն է բուն դնում հոգուս ու սրտիս խորքում:
Եթե հաճոյ է Վեհիդ ինձ չկորցնել, այլ գտնել, արտասուելով աղերսում եմ՝ արձակեցէք ինձ Ս. Էջմիածնայ Միաբանութեան ՈՒխտից և նշանակեցէք Սևանայ Մենաստանի մենակեաց: Քսան տարին կորցրի, գոնե մնացած տարիներս շահեցնեմ և անդորրութեամբ գրի առնեմ ուսումնասիրութիւններիս պտուղները՝ իբր առաւել կարևոր ծառայութիւն հայ տառապեալ Սուրբ եկեղեցւոյ և գիտութեան»:
Կոմիտասի համար ստեղծվեց հոգեբանական հեղձուկ վիճակ: Մի կողմից՝ հոգևորականի կոչմանը հավատարմությունը, մինչև ուղն ու ծուծը կրոնավոր լինելը, մյուս կողմից՝ Առաքելությունը, որի համար կոչված էր ի վերուստ:
Կոմիտասն ստիպված եղավ բարոյական ահռելի ջանքերի շնորհիվ մեկտեղել հոգևորականին և աշխարհիկ մարդու գործը՝ առաջնությունը մշտապես վերապահելով առաջինին: Նա հոգևորականի և աշխարհականի բացառիկ համադրում էր, նրա արվեստը, ստեղծագործությունն էր այդպիսին, զուր չէ, որ ասաց. «Եկեղեցական երաժշտութիւնը ընդհանրանալով առաջ կը բերէ ժողովրդին մէջ մաքուր ջերմեռանդութիւն և սերտ համախմբութիւն եկեղեցիին շուրջը:
Ազգային երաժշտութիւնը եկեղեցիէն դուրս կը տարածէ հայրենի շունչ և միամիտ ու պարզուկ զգացումներ՝ դաստիարակուող սերունդին մէջ»: Այսպիսով, նրա Գործն էր աշխարհիկ, Գործ, որը կատարում էր հոգևորականը, ճիշտ այնպես, ինչպես դարեր շարունակ վանքերում ու եկեղեցիներում հոգևոր այրերն էին արել:
Սակայն կար ևս մեկ՝ ընդհանրական, համակարգային կողմ:
Հանճարը ծնվում է դարը մեկ, նա ունենում է հոգու ու մտքի միանգամայն այլ կառուցվածք, հանրային հարաբերությունների այլ ընկալում, վարքականոնային այլ դրսևորումներ, որոնք հասարակությունն ի վիճակի չէ ըմբռնելու:
Մարդկության պատմության մեջ ո՞ր հանճարին չի հալածել ամբոխը, չի նախանձել շրջապատը, չի ձաղկել հասարակությունը: Ակամա մտաբերում եմ Կոմիտասի մտերիմներից Եղիշե Թադևոսյանի 1909 թ. «Հանճարը և ամբոխը» կտավը: Արդյոք պատկերված չէ՞ հենց Կոմիտասն ինքը, հենց հալածական վարդապետը:
Նա հրավեր ստացավ Կոստանդնուպոլսից ու հեռացավ Էջմիածնից:
1909 թ. աշնանը Կ. Պոլսից նամակ ստացավ իր ճեմարանական ընկեր Կարապետ Պարտիզպանյանից, որն ապրուստ էր վաստակում կոշկակարությամբ, միաժամանակ երգում Ղալաթիայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դպրաց դասում ու երգչախմբում: Նամակով նա Կոմիտասին կոչ արեց գալ ու ստանձնել դպրաց դասի ու երգչախմբի թափուր մնացած ղեկավարի պաշտոնը: Թեպետ վարդապետը հրավեր ուներ նաև Թիֆլիսից, բայց նախընտրեց Պոլիսը, և այդ ընտրությունը պատահական չէր:
ՈՒներ մի բաղձալի նպատակ՝ հիմնել կոնսերվատորիա, ուր կպատրաստվեին հայ երգի նորանոր նվիրյալներ: Որտե՞ղ և ինչպե՞ս կարող էր իրականացնել իր երազանքը: Այնտեղ, ուր կենտրոնացած էր հայոց տնտեսական ներուժը, ազգային կապիտալը, այն է՝ կամ արևելահայոց Թիֆլիսը, կամ արևմտահայոց Պոլիսը: Ընտրեց վերջինը մի քանի պատճառներով:
Թուրքիայում քաղաքական իրադրություն էր փոխվել՝ 1908 թ. հուլիսի 23-ին ընդունվել էր Սահմանադրությունը: Թեպետ Պոլիս մուտք էր գործել Իթթիհադ վե թերաքքի (Միություն և առաջադիմություն) կուսակցությունը, բայց հայերն ու թուրքերը միմյանց «ջան-ջան» էին ասում, համատեղ համերաշխական երթեր անցկացնում: 1909-ին անկաշկանդորեն թևածում էին հայոց ազգային խրոխտերգերը: Ազատ տեղաշարժվելու հնարավորություն էր ընձեռվել թե երկրի ներսում, թե արտասահմանի հետ:
Կոմիտասին թվաց, թե առկա էին բոլոր նախադրյալները իր նպատակի իրականացման համար, և նրան հետ չպահեց անգամ 1909 թ. մարտի 31-ին սկսված Ադանայի կոտորածը, որը խլել էր 30000 ազգակցի կյանք:
ԿԱՐՄԻՐ ԿՈՇԻԿՆԵՐԻ
ՈՒ ԵՐԳԻ ՀԵՏԵՎԻՑ
Կ. Պոլիս եկավ 1910 թ. գարնանը, եկավ անաղմուկ, առանց այցելություններ տալու և իր ներկայությունը հայտնելու, ինչպես ընդունված էր: Ստանձնեց աշխատանքը և անմիջապես մեկնեց ծննդավայր:
Կուտինացի Առնակը՝ Համբարձում Զորթյանը, 1937-ին, շարադրելով Կուտինայի պատմությունն ու ներկայացնելով նշանավոր անձանց, գրեց. «Կուտինայի հայութեան փառապսակը կը կազմէ, սակայն, այն չարաճճի տղան, զոր կուտինացին արհամարհած և մէկ կողմ նետած էր, ա՛ն, որուն կեանքը մանկութենէն մինչև յաւիտենութեան անցնիլը հոգեկան գալարում մը եղաւ, ա՛ն, որ մեր աննման հայրենիքին ամեհի լեռներուն հողմերէն, հովիտներու վրայ արածող ուլերէն ու գառներէն, դաշտերը հերկող գոմշուկներէն, ձորերու մէջ գլգլացող առուներէն և իր սիրեկանին ետևէն հառաչող շինականէն հունչեր խլեց և աստուածային դաշնակութիւններ յօրինեց հիացնելով ու փղձկեցնելով ռամիկն ու արուեստասէրը, հայն ու օտարը: Հա՞րկ է որ անունը տամ, երբ զայն չգիտցող չկայ՝ Կոմիտաս Վարդապետը»:
Կուտինացի Կոմիտասը մի անգամ ասել էր. «Ծնողքէս ժառանգեցի զոյգ մը կարմիր կօշիկ և երգ մը: Կօշիկները հօրմէս էին, երգը մօրմէս էր. ան յօրինեց երաժշտութիւնը և շինեց բառերը»: Անշուշտ, ասվածն ամբողջությամբ այլաբանություն էր, պատկերավոր խոսք:
1881-ից հետո, երբ տարել էին Էջմիածին, դա նրա երկրորդ այցն էր ծննդավայր: Առաջին անգամ եկել էր 1892-ին, երբ ընդամենը Սողոմոն սարկավագ էր, իսկ հիմա՝ փառքի ու հաղթանակի դափնի կրող Կոմիտաս վարդապետ: Այս անգամ եկել էր իր անցյալի, հուշերի ու հիշատակների ետևից, հայրենի հող ու ջրի ետևից, Գևորգ հոր շինած կարմիր կոշիկների ու 17-ամյա հասակում վախճանված Թագուհի մոր կաթով փոխանցված երգի ետևից:
Նախ այցելեց կույր հորաքույր Զմրուխտին, որը պահել էր որբին, ապա հորեղբորորդիներին և մյուս ազգականներին: Դրանից հետո ոտք դրեց փայտաշեն ու կիսավեր հայրական տուն: Արցունքն աչքերին շոշափեց պատերը, լուսամուտները, ապա ձեռքն առավ այն ժանգոտ մեխը, որից կախված էր եղել մոր լուսանկարն ու հեկեկաց… Ապա գնաց Վարի թաղի Սբ Էջմիածին անունը կրող վարժարան, ուր մի քանի տարի աշակերտ էր եղել, և նստեց իր խարխուլ ու սևացած նստարանին:
Բայց համաքաղաքացիներին ապացուցելու բան ուներ. որոշել էր Թուրքիայում առաջին համերգը տալ ծննդավայրում: Հավաքեց շուրջ 100 թրքախոս հայ երեխաների, սովորեցրեց իր մշակումները և նրանց հետ փորձեր անցկացրեց Վերի թաղի Սբ Թորոս եկեղեցու ընդարձակ գավթում: Երբ ամեն ինչ պատրաստ էր, մի կիրակի երեկո համերգ տվեց տղամարդկանց, իսկ հաջորդ երկուշաբթի՝ կանանց համար: Այդ համերգի ականատեսներից մեկը հետագայում գրեց. «Թովիչ, խելահեղ բան մըն էր ան ու անսովոր երևույթ մը գավառի խաղաղ ու միօրինակ կյանքին մեջ: Կարծեք հրեշտակներու մելանույշ մեղեդիներ կհոսեին աղոթավայրի առիքին վրա տարածվող աստղազարդ երկինքեն: Ժողովուրդը չուզելով բաժնվեցավ, երբ համերգը վերջացավ:
Համակրելի անձնավորություն մըն էր՝ կենսուրախ, համակ զգացում ու համակ մեղեդի: Սեր ուներ ամեն բանի, որ գեղեցիկ էր ու ազնիվ՝ ազգականներուն, հայրենակիցներուն, ազգին, մարդկության ու մտքի և հոգիի ստեղծագործություններուն հանդեպ: ՈՒշագրավ էին իր խրոխտ հասակն ու կիսաքարձ մորուքը (քարձ=ցանցառ- խմբ.): Կեցվածքով պարզ, բայց վսեմ էր: Իր մտավոր զարդարանքից այնքան պսպղուն էր, որ պետք չուներ տարազի պերճանքին: Ան Կուտինայի մեծագույն տուրքն էր հայության և հայության ալ պարծանքը»:
Համերգից գոյացավ մոտ 120 թուրքական ոսկի՝ Կուտինայի նման գավառային քաղաքի համար աներևակայելի գումար, որը նվիրեց եկեղեցու վարչությանը՝ պատվիրելով դպրոցի համար հարմար շենք գնել, որը կունենար դահլիճ, ընթերցարան, ու խոստացավ հարկ եղած դեպքում պակասող գումարը Պոլսից ուղարկել:
Շենքը գնեցին, բայց Կոմիտասի մտահղացմանը վիճակված չէր իրականանալ…
Երրորդ ու վերջին անգամ նա Կուտինա այցելեց 1912-ին՝ մտերիմ ընկեր Փանոս Թերլեմեզյանի հետ: Գնացին քաղաքի մերձակա Հաստաս կոչվող վայրը, որտեղ տաք ջրերից՝ ջերմուկներից, գոյացել էր ավազան: Մյուս կուտինացիների նման իրենք էլ վրան խփեցին ու հանգիստ անցկացրին: Փ. Թերլեմեզյանն ունի մի գունեղ ու խորհրդանշական կտավ, որտեղ պատկերված են Կուտինայի երեք խորհրդանիշները՝ գորգը, հախճապակե կուժն ու բաժակը և Կոմիտասի կարմիր, շքեղ կոշիկները: Բայց կտավում կա ևս մեկ խորհրդանիշ՝ Կոմիտասն ինքը: Ժամանակի մեջ նյութը, առարկաներն անէացան, իսկ Կոմիտասը մնաց…
1910 թ. սեպտեմբերին՝ երեք ամիս անց, նա թողեց Կուտինան ու վերադարձավ Կ. Պոլիս: Նետվեց մի հորձանուտ, որտեղ իրեն չէին ճանաչում և որն իր համար էր խորթ: Որտեղ իրեն սպասում էին փառք ու փշեր: Նա պետք է նվաճեր Պոլիսը, որպեսզի կարողանար կոնսերվատորիա հիմնել:
Կուտինան Կ. Պոլսի և Զմյուռնիայի հետ երրորդ բնակավայրն էր, որ զերծ մնաց ջարդից ու տեղահանությունից: Բայց տվեց մեկ նահատակ՝ Կոմիտասին, որը, ասես, իրենով փրկեց ծննդավայրի հայությանը:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ