Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է Պոլիտեխնիկի կողմից ստեղծված հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակին
31.03.2020 | 01:19
Մարտի 23-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է Հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը։ Ինչպես հաղորդում է պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը, դեռևս մարտի 13-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, ի դեմս ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի, որոշում է կայացրել արագացնել առցանց ուսուցման գործիքների ստեղծման և ներդրման աշխատանքները։
«Արտակարգ դրությամբ պայմանավորված Պոլիտեխնիկում ձևավորվեց աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում ապահովեց հեռավար կրթության համար անհրաժեշտ նյութերի թվայնացման և առցանց ուսուցման հարթակի ծրագրային աշխատանքի համակարգումը»,- նշում է Գոռ Վարդանյանը։
Պրոռեկտորի խոսքով այժմ տեսաձայնագրվել է ավելի քան 100 դասախոսություն, հավաքագրվել է ավելի քան 1000 ուսումնական նյութ, որպեսզի Պոլիտեխնիկի սաները միասնական ձևաչափով անցնեն առցանց ուսուցման։
«Այս բոլոր նյութերի, այդ թվում՝ դասախոսների, ուսանողների, ուսուցիչների, աշակերտների և ղեկավարության կապի, որպես նոր ծրագրային հարթակի բուն աշխատանքները մեկնարկել էին դեռևս մինչև ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելը` Պոլիտեխնիկի «Սևունի | Sevuni» աշխատանքային խմբի կողմից։ Վերջինս հարթակը բրենդավորել է iUniversity անվամբ՝ իրականացնելով բոլոր աշխատանքները»,- նշում է Գոռ Վարդանյանը։
Ինչպես ուղիղ միացման ընթացքում նշվել էր, iUniversity հարթակը հնարավորություն է տալիս ցանկացած ուսումնական հաստատության գրանցելու իր դասախոսներին, ուսանողներին, ուսուցիչներին, աշակերտներին և ղեկավարությանը, յուրաքանչյուր խմբի, դասարանի համար ստեղծելու առարկաների ցանկ, ստեղծելու տնային աշխատանքներ, առցանց քննություն անցկացնելու, ներբեռնելու ուսումնական նյութեր, ստեղծելու գրադարան, ներբեռնելու տեսա-դասախոսություններ, ուսանողների, աշակերտների կողմից հարցեր ուղղելու դասախոսներին, ուսուցիչներին, ունենալու առարկայի քննարկման միջավայր և գնահատելու։
Հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, Վիվա-ՄՏՍ ընկերությունը տրամադրում է ինտերնետի հասանելիություն առանց հավելյալ վճարի՝ իր ծառայություններից օգտվող ուսանողներին և աշակերտներին՝ հայկական առաջին առցանց ուսուցման iUniversity հարթակից օգտվելու համար։ Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցի բաժանորդների համար iUniversity հարթակից օգտվելիս՝ օգտագործած ինտերնետի ՄԲ համար տարիֆիկացում չի կիրառվի:
«Պոլիտեխնիկը իր խորին շնորհակալությունն է հայտնում Վիվա-ՄՏՍ ընկերությանը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, այս կարևոր պահին Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներին աջակցելու համար»,- նշել է ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը։
iUniversity հարթակը ընդարձակ և ճկուն գործիքների հնարավորությամբ, օգտագործման պարզությամբ, ինչպես նաև ըստ կրթական աստիճանների, որպես առանձին առցանց կրթական միջավայրերի օգտագործման հնարավորությամբ՝ համալսարանների, դպրոցների, քոլեջների (միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների) հարթակ է, որը կարող է դառնալ էլեկտրոնային միասնական կրթական ցանց։
Մեկնաբանություններ