38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հաղթանակների պայծառ գույները

Հաղթանակների պայծառ գույները
25.11.2008 | 00:00

ՍՊՈՐՏ
38-ՐԴԻ ՎԵՐՋԻՆ ԳՐՈՀԸ
Եվս մեկ տուր, և Դրեզդենը հրաժեշտ կտա 38-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի մասնակիցներին։ Այսօր կկայանան վերջին՝ 11-րդ տուրի հանդիպումները։ Հայաստանի հավաքականը վճռական ճակատամարտը կմղի Չինաստանի ընտրանու հետ։ Ի դեպ, երկու տարի առաջ Թուրինում մեր հավաքականը 10-րդ տուրում 2,5։1,5 հաշվով պարտության մատնեց նույն չինացիներին, և կարծես դրանով էլ պայմանավորվեց չեմպիոնի տիտղոսին արժանանալը։ Իսկ չին շախմատիստներն այն ժամանակ բավարարվեցին երկրորդ տեղով։ Ավելացնենք նաև, որ այս երկու հավաքականները մինչ այժմ միմյանց հետ հանդիպել են չորս անգամ, տոնել են մեկական հաղթանակ, երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։ Ինչպիսի՞ն կլինի հինգերորդը: Սպասենք, տեսնենք։
Նախավերջին տուրում Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Սերբիայի ընտրանու հետ և տոնեց հերթական հաղթանակը՝ 3։1։ Վերջին արարվածից առաջ Հայաստանի և ՈՒկրաինայի հավաքականները վաստակել են 17-ական միավոր, և լրացուցիչ ցուցանիշներով առջևից են ընթանում մեր շախմատիստները։ 16-ական միավորով հաջորդ երկու տեղում են Իսրայելի և Չինաստանի պատվիրակները, ևս չորս թիմ՝ Ռուսաստանը, Հոլանդիան, Իսպանիան և ԱՄՆ-ը, իրենց ակտիվում ունեն 15-ական միավոր։ Այսօր ուկրաինացիները կհանդիպեն ԱՄՆ-ի, Իսրայելը՝ Հոլանդիայի, իսկ Ռուսաստանը՝ Իսպանիայի հավաքականի հետ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Դրեզդենում տղամարդկանց Հայաստանի հավաքականը միևնույն՝ 4։0 հաշվով պարտության է մատնել Իտալիայի և Ֆարերյան կղզիների, 3,5։0,5 հաշվով՝ Ֆրանսիայի, 3։1 հաշվով՝ Մոլդովայի և Սերբիայի, 2,5։1,5 հաշվով՝ Հոլանդիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի հավաքականներին, ոչ-ոքի՝ 2։2 խաղացել ուկրաինացիների հետ և 1,5։2,5 հաշվով զիջել միայն Իսրայելի ընտրանուն։
Կանանց Հայաստանի հավաքականը 4։0 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցիներին և Գերմանիայի երկրորդ թիմին, 3,5։0,5 հաշվով՝ Իտալիայի և Արգենտինայի ընտրանիներին, 3։1 հաշվով՝ ավստրիացիներին, 2,5։1,5 հաշվով՝ չեխերին ու ֆրանսիացիներին և կրել երեք պարտություն։ Մեր մարզուհիները 0,5։3,5 հաշվով զիջել են Չինաստանին և ՈՒկրաինային, 1,5։2,5 հաշվով՝ լեհերին։ Վերջիններս տասը տուրից հետո 17 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, ՈՒկրաինայի, Վրաստանի և Սերբիայի հավաքականները 16-ական միավորով բաժանում են 2-4-րդ տեղերը։ Հաջորդ երկու տեղում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակները։ Վերջին տուրից առաջ մեր շախմատիստուհիները 14 միավորով ընթանում են 8-րդ տեղում և այսօր ուժերը կչափեն Հնդկաստանի հավաքականի հետ։
Եվ այսպես, այսօր կկայանան վերջին՝ 11-րդ տուրի հանդիպումները, որից հետո հայտնի կդառնան չեմպիոններն ու մրցանակակիրները։
ԵՎՍ ՄԵԿ ՉԵՄՊԻՈՆ
Թուրքիայում ավարտվեց կուրաշի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Հաղթողի կոչումը վիճարկող 40 երկրների թվում էին նաև մեր հանրապետության չորս ըմբիշները։ Մեր պատվիրակներից հատկապես գերազանց հանդես եկավ Արտյուշա Մկրտչյանը։ Սամվել Ասատրյանի սանը տոնեց երեք հաղթանակ և նվաճեց ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4335

Մեկնաբանություններ