38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հանգստանալ. բայց ինչպե՞ս և որտե՞ղ

Հանգստանալ. բայց ինչպե՞ս և որտե՞ղ
11.08.2009 | 00:00

ԹԵԺ ԱՄԱՌ
Այս տարվա առաջին կիսամյակում հանրապետություն է ժամանել 207 հազար 721 զբոսաշրջիկ՝ 2008 թ. նույն ժամանակաշրջանի 207 հազար 479-ի դիմաց: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 202 հազար 774 մարդ, որոնց թիվը 2008 թ. հունվար-հունիսի ցուցանիշների նկատմամբ նվազել է 1,6 տոկոսով: Նշենք, որ Հայաստան են այցելում հիմնականում Եվրամիության երկրներից, ԱՄՆ-ից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից:
Համաշխարհային զբոսաշրջային այցելությունները, ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության, այս տարվա առաջին կիսամյակում, 2008 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, անկում են ապրել երեք տոկոսով, մինչդեռ Հայաստանում թեև չնչին, սակայն աճ է ապահովվել:
Զբոսաշրջությունը հայաստանյան տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից է։ Թեև ներգնա զբոսաշրջությունը մեր երկրում զարգանում է՝ տարեցտարի գրավելով օտարերկրյա նոր այցելուների, այդուամենայնիվ, ներքին զբոսաշրջության զարգացման առումով կան բազմաթիվ խնդիրներ։ Յուրաքանչյուր ամառ մեր հազարավոր հայրենակիցներ նախընտրում են հանգիստն անցկացնել արտասահմանում, այլ ոչ թե հայրենիքում։ Պատճառները բազմաթիվ են և օբյեկտիվ. հայաստանյան բարձր գները, տուրիստական օպերատորների համար աշխատելու բարդ պայմանները՝ կապված հարկային դաշտի հետ, հայաստանցի զբոսաշրջիկի համար սեփական երկրի առավելություններին ծանոթ չլինելը։ Ի վերջո, ի՞նչ խնդիրներ պետք է լուծվեն, որպեսզի Հայաստանի քաղաքացիները նախընտրեն հանգիստն անցկացնել Հայաստանում։
Տուրօպերատորների կարծիքով՝ պետք է ընդլայնվի հյուրանոցների և հանգստյան տների աշխարհագրությունը։ Ծաղկաձորը և Ջերմուկը հագեցած են հյուրանոցներով և հանգստյան տներով: Փոխարենը դրանք գրեթե չկան Գորիսում, Ալավերդում: Սանահինը, Հաղպատն ու Տաթևը զբոսաշրջիկներին ներկայացնող ընկերությունները չգիտեն՝ որտեղ տեղավորեն իրենց հյուրերին: Բացի այդ, մարզային հյուրանոցների և հանգստյան տների գները բարձր են, ինչը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում ներքին զբոսաշրջության սեզոնը շատ կարճ է՝ 2 ամիս ամռանը և 20 օր՝ ձմռանը: Այդ ընթացքում բարձր պահանջարկ է ձևավորվում, և գներն էլ բարձր են լինում:
Մեկ հանգամանք ևս. Հայաստանում ներքին զբոսաշրջության մշակույթ դեռևս չի ձևավորվել։ Ներքին զբոսաշրջության ոլորտում Հայաստանի քաղաքացիները չեն ցանկանում օգտվել տուր-օպերատորների ծառայություններից: Փաստորեն, ստացվում է, որ տուրօպերատորները գովազդում են փաթեթը, իսկ քաղաքացիները զանգում են և ինքնուրույն մեկնում այդ հյուրանոցը կամ հանգստյան տունը:
Ներքին տուրիզմի զարգացմանը խոչընդոտող մեկ այլ խնդիրն էլ այն է, որ եթե արտերկրից Հայաստան եկող զբոսաշրջությունն ազատված է ավելացված արժեքի հարկից, ապա ներքին տուրիզմը՝ ոչ: Տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները նշում են, որ վերջերս հանդիպել են ՀՀ վարչապետի հետ, ներկայացրել իրենց խնդիրներն ու ոլորտը զարգացնելու խոչընդոտները և հույս ունեն, որ առաջիկայում դրանք լուծում կստանան։
Ի դեպ, տուրիստական գործակալություններում մեզ հայտնեցին, որ հայաստանյան հանգստյան տների ամենաթեժ շրջանը սկսվում է հուլիսի կեսերից ու տևում է մինչև սեպտեմբերի սկիզբ։ Մեկշաբաթյա հանգիստը Դիլիջանի, Ծաղկաձորի, Սևանի, Աղվերանի, Ջերմուկի էլիտար հանգստյան տներում մեկ անձի համար կազմում է միջինը 100-150 հազ. դրամ (300-450 դոլար)։ Օրինակ, մեկ հյուրանոցային համարը Սևանա լճի ափին գտնվող «Հարսնաքար» էլիտար հանգստյան տանն արժե մոտ 30 հազ. դրամ (մոտավորապես 100 դոլար)։ Սակայն մեր հայրենակիցների մեծ մասը նախընտրում է ոչ թե հայրենի հանգստավայրերը, այլ Վրաստանի սևծովյան ափերը՝ Քոբուլեթի, ՈՒռեկի, Բաթում կամ Անթալիա, Լառնակա, Բուլղարիա։ Բայց ոչ այն պատճառով, որ բարեկեցության որոշակի մակարդակ արդեն հասանելի է մեր հասարակության ավելի լայն շերտերի, պարզապես հանգիստն Աջարիայում և Թուրքիայում անհամեմատ մատչելի է։ Տուրգործակալությունների տվյալներով, Քոբուլեթիի հյուրանոցում 7-օրյա հանգիստը (ներառյալ ճանապարհածախսն ու օրական երեք անգամ սնունդը) սկսվում է 50 հազար դրամից։ Բաթումում գներն ավելի բարձր են։ Երկտեղանոց սենյակի օրավարձն այստեղ մոտ 25 դոլար է։ Մոտավոր հաշվարկներով՝ Աջարիայում 7-օրյա հանգիստն արժե մոտ 300 դոլար։ Մի ուշագրավ ու նախանձելի հանգամանք, որ Հայաստանի սպասարկման ոլորտում, չգիտեմ, կհանդիպենք, թե ոչ։ Նախորդ օգոստոսին ռուս-վրացական պատերազմի պատճառով Աջարիայում հանգստացողներից շատերը ստիպված էին կիսատ թողնել հանգիստը և վերադառնալ Հայաստան։ Ոմանց հաջողվեց հետ ստանալ նախապես վճարած իրենց գումարները, ոմանք էլ պայմանավորվածություն ձեռք բերեցին` չկայացած հանգիստը տեղափոխել մյուս տարի։ Եվ պատկերացրեք, Քոբուլեթիի հանգստյան տների սեփականատերերը, հավատարիմ մնալով իրենց պայմանավորվածությանը, առանց լրացուցիչ գումարի ընդունում են նախորդ տարվա իրենց հանգստացողներին։ Չնայած այս ամենին՝ տուրիստական գործակալություններից հայտնում են, որ Աջարիա հանգստանալ մեկնողների թիվն այս տարի, այնուամենայնիվ, նվազել է՝ պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամով (մարդիկ որոշել են իրենց գումարները խնայել), ինչ-որ տեղ նաև Վրաստանում արձանագրված խոզագրիպի դեպքերով։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3079

Մեկնաբանություններ