ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԲԱՑ ՈՒ ՓԱԿ ՀԱՐՑԵՐ

ԲԱՑ ՈՒ ՓԱԿ ՀԱՐՑԵՐ
30.04.2010 | 00:00

Պուտինը երեկ գնացել Արկտիկա ու «մեդվեդին» էր կշռում: Պիտի արագ կշռեր, թե չէ գարուն է, ու «մեդվեդն» ամեն րոպե կարող էր զարթնել: Հարցին, թե «մեդվեդին» ձեռքով բարևելիս ի՞նչ զգաց Վլադիմիր Վլադիմիրովիչը, վերջինս պատասխանեց` «тяжелую лапу:
Համ էլ հասկացվեց, որ Պուտինը գիտի` Արկտիկայի տիրակալը «մեդվեդն» է` սպիտակ, փափուկ:
Հիմա վիրտուալ ու միստիկ աշխարհում, եթե պնդենք, որ այս ամենում ենթատեքստ չկա, թե ընդամենն արջ-Պուտին փոխհարաբերություններն են, անկեղծ չի լինի:
Ճիշտ է, ո՛չ թե Արկտիկայի, այլ Ռուսաստանի տիրակալ Մեդվեդևի հետ կռիվը երկար վազքի մարաթոն է լինելու պարոն Պուտինի համար, այնուհանդերձ, Դմիտրին արդեն իսկ զարթնել է, ու եթե մինչ այս կարծում էր, որ իրենք 2012-ին Պուտինի հետ կորոշեն, թե իրենցից որ մեկն է դնում թեկնածությունը, նախորդ օրը սկանդինավյան երկրներից մեկում Դմիտրի Անատոլևիչն ասել էր, որ, այո՛, իր «լապան» սկսել է շատ ծանրանալ, ու չի բացառվում, որ թե՛ ինքը, թե՛ Պուտինը (երկուսն էլ) դնեն իրենց թեկնածություններն այդ ընտրություններում: Զուգահեռ էլ Մեդվեդևը քննադատել էր «Եդինայա Ռոսիային», որպես մոնոպոլ քաղաքական կառույցի:
Փաստորեն, վերջնական լիդերության, ներքաղաքական ամենակարևոր խնդրի առումով Ռուսաստանում հարցը բաց է: Իսկ այդ հարցը նաև գեոպոլիտիկ նշանակության է, ու շատ բան է կախված նրա լուծումից:
Շարունակությամբ` Ռուսաստանը փաթեթով «վերցնում» է Լատինական Ամերիկան` Վենեսուելան, Արգենտինան, Բոլիվիան, այդ անչափ էկզոտիկ երկրների նույնքան էկզոտիկ նախագահների հետ ջան ասում-ջան լսում` ընդդեմ այլոց:
Հարաբերություններն այդքան «ջանջիգյար» չեն, սակայն, հաջորդ «ֆրոնտում», ուր Ռուսաստանը «սապոգ» հագած` կրակելով տարածվում է հետխորհրդային երկրներով մեկ: Իհարկե, թե՛ Ղրղզստանում, թե՛ ՈՒկրաինայում նրա հաղթանակներն ավելի շատ պարտությունների են նման, նախ, որ պետք է լինելու «հավաքել» թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես ցաքուցրիվ եկած Ղրղզստանը, հետո պահել այնտեղի սոված ժողովրդին, իսկ բոլորին է հայտնի, որ Ռուսաստանը «ձրի դագաղ» սիրողների ցանկում է ու չի սիրում երբեք փող ծախսել:
Եվ հետո` ՈՒկրաինայում նրա «ձվային» հեղափոխության դեպքում նույնպես հարցը բաց է այն պարզ պատճառով, որ իրականում Ռուսաստանը գազային կարկանդակը, այլ կերպ ասած` իր հարկատուների 40 մլրդ փողը տվեց ոչ թե «ֆլոտին», այլ, այո, Յանուկովիչին, ու պիտի կարողանա հետայսու ևս նրան պահել-պահպանել իր աչքի լույսի պես, որովհետև, ըստ ամենայնի, ՈՒկրաինայում ցանկացած նոր իշխանություն «անուլիրովկա» է անելու ռուսական ռազմաբազան Ղրիմում տեղակայելու մեկ քառորդ դարի պայմանագիրը։ (Ի դեպ, ամերիկացիք «շոկի» մեջ են հատկապես այն պատճառով, որ Յանուկովիչը համաձայնել է 25 տարով երկարացնել այդ պայմանագիրը։ Նրանք գիտեին, որ «այդպես» կլինի, բայց որ նաև այդքան երկար կլինի, չէին սպասում։ Հետևապես, չի բացառվում, որ այդ «շոկի» արձագանքները շատ արագ իրենց զգացնեն առաջիկայում ոչ միայն Յուլյայի հեղափոխական գործունեությամբ, այլև արդեն իսկ ակնառու է` Օբաման Կարմիր հրապարակում հաղթանակի 65-ամյակի շքերթին չի մասնակցի։ Դրան չի մասնակցի նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը, իսկ սա արդեն շատ բան է նշանակում. ասում են` «սապոգավոր» «նաշա ռաշաները» շատ ծանր են տարել այդ «հարվածը»):
Իսկ Բելառուսի մասով ամեն ինչ պարզ է: Բատկան մեզ պես չէ, որ ռուսական ռազմաբազան պահելու համար փող չուզի «մեդվեդի» ծանր «լապայից»: ՈՒկրաինական «ֆլոտին» փող տված Ռուսաստանից նա ևս պահանջել է փող, զի երկու ռուսական ռազմաբազա է պահում-պահպանում օրը ցերեկով: Բատկան հետն էլ սպառնացել է` դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե «ռաշաներն» իրենց «սապոգն» իրենց չպահեն: Դուրս չի գա, բայց «լիքը» գլխացավանք կստեղծի «նաշա Ռաշայի» համար:
Այսպիսով, Ռուսաստանի համար բաց են մնում հարցերը նաև հետխորհրդային գրեթե ողջ տարածքում (հա, ի դեպ, Բատկան նույնպես չի մասնակցի Մեծ հաղթանակի 65-ամյակի շքերթին. ինչպես դա կտանեն Ռուսաստանում, կերևա առաջիկայում):
Քիչ հետո կանդրադառնանք Հարավային Կովկասում մնացած ռուսական «բացերին», մինչ այդ արձանագրենք, որ միջազգային փորձագիտական կարծիքը ռուսական այս «առաջխաղացումների» առնչությամբ տարաբնույթ է: Ոմանք կարծում են, որ Ռուսաստանը շատ լավ է առաջ գնում` նախաձեռնությունը վերցնելով Միացյալ Նահանգների ձեռքից, իսկ Միացյալ Նահանգները ոչինչ չի անում այդ նույն ուղղությամբ:
Փորձագետների մյուս մասն էլ պնդում է, թե դա այսրոպեական առաջխաղացում ու հաջողություն է, նախ, որ հաղթանակներ կան, որ պարտությանը շատ նման են, ու ապա` հեռագնա ռազմավարության առումով Ռուսաստանն այդ երկրներում ահավոր շատ խնդիրներ կունենա, որովհետև տեխնոլոգիական ու վիրտուալ «պատերազմներում» նա ահավոր հետ է մնում, իսկ այդ ասպարեզում «սապոգով» առաջ չեն գնում. առաջընթացն այնտեղ կարող է վայրկյանների ընթացքում գլոբալ ու գեոպոլիտիկ ողջ աշխարհագրությունը փոխել:
Հասանք Հարավային Կովկաս ու տարածաշրջան: Ինչպես կընթանան զարգացումները Վրաստանում, պետք է սպասել այնտեղ ընթանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, չնայած ռուսական «սապոգը» վերջին շրջանում սկսել է «աշխատել» նաև առանց հաշվի առնելու ընտրությունների ռեժիմի առկայությունը «հեղափոխական» երկրներում, ինչպես, ասենք, Ղրղզստանում եղավ:
Եվ այնուհանդերձ, Հարավային Կովկասում նույնպես հարցերը բաց են: Եվ շատ բան պայմանավորված է Մեդվեդևի` Թուրքիա կատարելիք այցի արդյունքներով:
Բոլոր փորձագետները հարցադրում են` «կտա՞» ԱՄՆ-ն այս տարածաշրջանը, ինչպես «տվեց» ՈՒկրաինան ու Ղրղզստանը, թե՞ ոչ: Ասում են, «կտա» այնքանով, որքանով:
Հաջորդ հարցն էլ այն է, թե ԱՄՆ-ը Հարավային Կովկասում մնալու իր բոլոր ձևերից` էներգետիկա, անվտանգություն, մարդու իրավունքներ, ողջ «փո՞ւնջը» կնախընտրի, թե՞ մի քիչ էլ «կտա» Վրաստանը... Եվ ընդհանրապես, ի՞նչ կասի Հայաստանի առնչությամբ: Ադրբեջանի էլ:
Պնդումը, թե հայ-թուրքական արձանագրությունների սառեցումից հետո առաջնային կդառնա ղարաբաղյան հարցը, կյանքի իրավունք ունի: Սակայն որևէ ճեղքում այս հարցում, ասել ու ասելու ենք, չի լինելու: Եվ այնքան էլ այնպես չէ, որ Հայաստանը պահեստային ու մանևրի քայլեր չունի: Եվ հավատալ, թե Մեդվեդևի Թուրքիա այցի ընթացքում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվելու Ղարաբաղի հարցում, ու որպես կայացած պոստ-ֆակտում այն մատուցվելու է Հայաստանին, երբեք այդպես չէ:
Այո՛, ոչ ոք չի ժխտում, որ Ռուսաստանը ցանկանում է «անուլիրովկայի» ենթարկել ԵԱՀԿ ՄԽ-ն: Այո, «մայր-Ռուսիան» փորձում է խաղի մեջ մտցնել ԵԱՀԿ-ում այս տարի նախագահող Ղազախստանին, այնտեղից էլ ձեն է տալիս Իրանին և, իհարկե, «նապարնիկ» Թուրքիային: Իհարկե, «սապոգավոր» Ռուսաստանը լավ է հասկանում, որ ՄԽ-ում համանախագահող ԱՄՆ-ն (Բրայզայի` Ադրբեջանում դեսպան նշանակվելն այլ կերպ «թարգմանել» հնարավոր չէ) ու ոչ էլ Ֆրանսիան երբեք չեն ողջունի նրա այդ ցանկությունը ու թույլ չեն տա որևէ «անուլիրովկա» ՄԽ-ի հաշվով:
Ռուսական այդ ցանկության պատճառը, արդեն ասել ենք, մեկն է. համոզել Իրանին ու Թուրքիային բարձրաձայնել իրենց ցանկությունն առ այն, որ խաղաղապահական մանդատը լինի ռուսական: Ընդ որում, նույն պատճառով է պտույտի մեջ դրված նաև Ֆիզուլի-Աղդամ շրջանների «հետվերադարձի» տարբերակը, որպես կոմպրոմիս:
Բայց եթե լինենք անկեղծ ու ելնենք ամենակոշտ հաշվարկից, ապա պետք է նաև արձանագրենք. այս պահին, որքան էլ զարմանալի, «սապոգավոր» «նաշա Ռաշայի» համար էական, սակայն ամենակարևոր հարցն իր խաղաղապահներին հակամարտության գոտում տեղակայելը չէ: Այդ «գոտին» նրան հարկավոր է իր առուտուրն անմար պահելու, հավերժ առնել-շահելու «բազարների» համար:
Ռուսաստանի համար ավելի էական է Հայաստանի կողմից «նույնանուն»` ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարացման հարցը: Գիտենք, ռուսներն առաջարկում են` մինչև 2049-ը: Մերոնք դեռ լռում են (ըստ որոշ տեղեկությունների` պայմանագիրը ողջ-առողջ, կազմված-պատրաստ է): ՈՒ թե սապոգով-շանտաժով, իրեն հայտնի մեթոդներով «նաշան» կարողանա հասնել պայմանագրի վավերացմանը, ապա, խոշոր հաշվով, նրա ինչի՞ն է պետք (պետքը պետք է) իր խաղաղապահների առկայությունն «այս պահին» հակամարտության գոտում:
Ի՞նչ կլինի, դժվար է ասել: Սակայն կարծում ենք, որ այս խնդրով Հայաստանն էլ իր հերթին մանևրի տեղ ունի։
Ինչպիսի՞ն։ Այդ մասին` զարթնած Մեդվեդևի «ծանր լապան»` Էրդողանի սեղմելուց, թուրքական այցից հետո:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3245

Մեկնաբանություններ