Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Լուրեր

Լուրեր
29.07.2008 | 00:00

Ընդամենը 7 գերազանց
Հուլիսի 20-ից հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընթանում են ընդունելության քննություններ։ Երեկ հաշվիչ կենտրոնում ներկայացվեց հուլիսի 20-27-ն ընկած ժամանակահատվածում բուհական քննությունների վիճակագրությունը։ Գրեթե բոլոր քննություններում արձանագրվել են միջին միավորներ։
Ըստ այդմ՝ անցկացվել է 5584 քննություն, 1156 աշխատանք արժանացել է 8-ից ցածր գնահատականի, 18-20 միավոր գրանցվել է 247 քննությունից։
Առավելագույն 20 միավոր առայժմ արձանագրվել է միայն «Անգլերեն բանավոր» (5 ուսանող) և «Իսպաներեն բանավոր» (2 ուսանող) առարկաներից։ 18-20 միավորներ առավելագույն չափով արձանագրվել են «Ֆրանսերեն բանավոր» (23,2 տոկոս), «Ընդհանուր պատմություն» (10,8 տոկոս), «Անգլերեն բանավոր» (7,9 տոկոս), «Ռուսաց լեզու բանավոր» (7,6 տոկոս) առարկաներից։ Բացասական միավորներ ամենաշատը գրացվել են «Ռուսաց լեզու բանավոր» (33,9 տոկոս), «Ստեղծագործական մրցույթ» (28,5 տոկոս), «Ֆիզիկա» (24,6 տոկոս), «Հայոց լեզու և գրականություն բանավոր» (24,3 տոկոս), «Հայ. ժողպատմություն» (22,7 տոկոս) առարկաներից։ Ամենաշատ բացակայությունները գրանցվել են «Հայ. ժող. պատմություն» առարկայից (10 տոկոս), «Ընդհանուր պատմությունից» (8 տոկոս)։ Ամենաշատը բողոքարկման ենթարկվել են աշխարհագրության, կենսաբանության քննությունների աշխատանքները։ Ինչ վերաբերում է առաջադիմությանը՝ ըստ մարզերի, ապա պետք է նշել, որ մայրաքաղաքի դիմորդներն աչքի են ընկնում օտար լեզուների (հատկապես անգլերենի) իմացությամբ։ Գեղարքունիքում հատկապես բարձր է ֆրանսերենի և ռուսաց լեզվի դասավանդման մակարդակը։ Սյունիքի դիմորդներն աչքի են ընկնում աշխարհագրության, ընդհանուր պատմության, նկարչության գիտելիքներով։ Տավուշում լավ են դասավանդում «Քիմիա» առարկան, Վայոց ձորում՝ հայ. ժող. պատմությունը և կենսաբանությունը, Արմավիրում՝ ընդհանուր պատմությունը, հայ. ժող պատմությունը, աշխարհագրությունը, Արագածոտնում՝ աշխարհագրությունը, ընդհանուր պատմությունը, կենսաբանությունը։ Առաջադիմության բարձր մակարդակով աչքի է ընկնում հատկապես Կոտայքի մարզը, իսկ Արարատն իր ցուցանիշերով հետ է մնում մյուս բոլոր մարզերից։ Շիրակի մարզը, որն ավանդաբար լավ ցուցանիշեր է գրանցում ֆիզիկայից, այս տարի ցածր արդյունքներ է ունեցել։
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դեսպանները՝ «մանրադիտակի տակ»
Արևմտյան վերլուծական աղբյուրները համոզմունք են հայտնել, որ հարավկովկասյան տարածաշրջանում համաշխարհային ուժի կենտրոնների կողմից վերջին շրջանում իրականացվող ազդեցության գոտիների վերաբաշխման գլոբալ ծրագրի արդյունքում էապես կարող է աճել Հայաստանի դերը։ Սրա մասին է վկայում նաև այն իրողությունը, որ արևմտյան մի շարք երկրներ սկսել են «մանրադիտակով» զննել Հայաստանում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների և, առաջին հերթին, դեսպանների գործունեությունը։ Մասնավորապես, տեղեկատվություն կա այն մասին, որ նման հետաքննությունից հետո սեփական դեսպանուհու աշխատանքից խիստ դժգոհ են մնացել Գերմանիայի իշխանությունները՝ ՀՀ իշխանությունների հետ ոչ դիվանագիտական սերտ հարաբերությունների մեջ «թաթախված» լինելու համար, և Բունդեստագը մտադրություն ունի առաջիկայում հարցը քննարկել ամենաբարձր մակարդակով։ Չի բացառվում, որ այդ քննարկումից հետո կին դեսպանի լիազորությունները մեր երկրում դադարեցվեն ժամանակից շուտ։

Հանձնաժողովում «շպիո՞ն» կա
Արևմուտքի վերլուծական կենտրոններից արմատական ընդդիմությանը հաջողվել է տեղեկություն «պոկել» այն մասին, որ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամներից մեկը դեռևս ԽՍՀՄ-ի օրոք երկար տարիներ եղել է Խթը-ի գործակալ՝ ընդհուպ մինչև կայսրության փլուզումը, իսկ անկախությունից հետո «գործակալություն» էր անում արդեն ազգային անվտանգության հայրենի կառույցում։ Այս տեղեկությունն ավելի է խորացրել հանձնաժողովի գործունեության նկատմամբ ընդդիմության տածած անվստահությունը, կասկած սերմանելով, թե լրտեսական խաղերի մեջ «շուն խեղդած» այս երեսփոխանի ջանքերով էլ որոշակի ուղղորդում կմտցվի հանձնաժողովի վերջնական եզրահանգման մեջ՝ հանրությանը դեմ տալով մարտի 1-ի հանցագործների՝ վերից վար աղավաղված մի ցանկ։

«Սլաքավարները» կհայտնվեն վերջին պահին
Իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ «երրորդ ուժ» ձևավորելու ծրագիրը մշակվել է մոսկովյան հեղինակավոր քաղտեխնոլոգիական կենտրոնների կողմից՝ Ռոբերտ Քոչարյանի գործուն աջակցությամբ։ Այս պահին իրականացվում է մինիմում ծրագիրը՝ ստեղծել անհրաժեշտ հող՝ «երրորդ բևեռի» ի հայտ գալու համար, իսկ մաքսիմում ծրագիրը կյանքի կկոչվի այն բանից հետո, երբ Քոչարյանի քաղաքական «պլատֆորմի» այնպիսի «սլաքավարներ», ինչպիսին, օրինակ, Վարդան Օսկանյանն է, իրենց ձեռքը կվերցնեն «երրորդ ուժի» ղեկը։

Փայատերերն են փոխվել
Եթե «տուռնիկների» և բասկետբոլի «սետի» նկատմամբ ընդգծված թուլություն ունեցող Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորի գեղատեսիլ անտառների հաշվին նպատակային ձևով զարգացնում էր այս տարածքում սպորտ-բիզնեսը և նոր բացվող յուրաքանչյուր «բազայում» իր փայաբաժինն ուներ, ապա ներկա իշխանություններն ավելի շատ կենտրոնացել են տուրիզմի զարգացման վրա և դրան միտված բիզնես-ծրագիրը տեղափոխել Դիլիջան ու Ջերմուկ։ Այստեղ կառուցվող և արդեն կառուցված ժամանցի ու հանգստի կիսաէլիտար «օբյեկտներից», որոնք, նախատեսվածի համաձայն, հասանելի պիտի լինեն ոչ միայն «պուզատիների», այլև միջին խավը ներկայացնող հայերի համար, իշխող վերնախավը ևս, շրջանառվող լուրերի համաձայն, իր «փայաբաժինը» կունենա՝ ոչ ավել, ոչ պակաս հիսուն-հիսուն հարաբերակցությամբ։

ՀՅԴ պատգամավորը համաներում է առաջարկում
«Պետք չէ փորձել հետևողականորեն քաղաքական Նոստրադամուսի կարգավիճակ ձեռք բերել: Դաշնակցությունն ունի այնքան կամք, որպեսզի ինքնուրույն որոշումներ կայացնի»,- երեկ «Հայացք» ակումբում ասաց ՀՅԴ ԱԺ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի այն դիտարկումը, թե ճիշտ կլիներ, որ նախագահի ընտրություններից հետո ՀՅԴ-ն դառնար ընդդիմություն: Իսկ «երրորդ ուժ» դառնալու նույնատիպ կանխատեսման առիթով էլ ասաց, թե «նման հայտարարություն անում են չակերտավոր երրորդ ուժի ներկայացուցիչները, և դա արվում է պառակտում մտցնելու համար, որպեսզի գործելու դաշտ ունենան»: Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերը հետաքննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, որի անդամ է նաև ինքը, դաշնակցական պատգամավորը նախ նշեց, որ մասնավոր զրույցներում փաստահավաք խումբ ստեղծելու Համմերբերգի առաջարկն այժմ քննարկվում է, թեև հանձնաժողովն էլ նման փաստահավաք առաքելություն իրականացնում է: «Եթե հանձնաժողովի նկատմամբ կա իրական անվստահություն, ի՞նչ է եղել, ստեղծենք այդպիսի մի մարմին և հնարավորություն տանք, որ փաստահավաք խումբը հավաքի ամբողջ տեղեկատվությունն ու ներկայացնի զեկույց, որի հիման վրա հանձնաժողովը կկարողանա տալ իր գնահատականը»,- ասաց Մինասյանը` շարունակելով, որ այդ պարագայում պետք է որոշել, թե հատկապես որ ընդդիմադիր ու իշխանական ուժերը պետք է ներգրավվեն այդ խմբում: Դաշնակցական պատգամավորը տեղեկացրեց նաև, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամներ Սամվել Նիկոյանը, Արտաշես Շահբազյանը, Արամ Հարությունյանը, ինքն ու հանձնաժողովի փորձագետ Սարգիս Հակոբյանն անցած ուրբաթ այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել այնտեղ գտնվող Մուշեղ Սաղաթելյանին, Սուրեն Սիրունյանին և Շանթ Հարությունյանին: «Նրանց խափանման միջոցը պետք է փոխվի, ու պետք է կիրառվի համաներում: Գերնպատակը սպանությունների հանգամանքների պարզումն է, մեղավորների հայտնաբերումը և պատժումը»,- հավելեց բանախոսը՝ վստահեցնելով, որ երբեմն դժվար է որոշել՝ որտեղ է ավարտվում խնդրի քաղաքական մասը և սկսվում քրեականը, և որ քրեական օրենսգիրքը պետք է «ապաքաղաքականացվի»: Չշրջանցվեց նաև ԵԽԽՎ-ի բանաձևերի կատարման հարցը, ինչի առնչությամբ Մինասյանը նկատեց. «Պետք է ձգտել 1620 բանաձևի բոլոր դրույթներն ամբողջությամբ կատարել, և դա ենթադրում է ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության կողմից դրսևորվող իրական ձգտում: Եթե իշխանությունը բավարար չափով ջանք չի գործադրում բանաձևի կատարման ուղղությամբ, դա ընդդիմությանը հիմք չի տալիս ընդհանրապես որևէ ջանք չգործադրել»:
Իսկ շրջանառվող այն լուրը, թե դաշնակցական պատգամավոր Արթուր Աղաբեկյանը հեռանում է Հայաստանից, նրա կուսակից ընկերը, իհարկե, հերքեց՝ պարզաբանելով. «Նա հայի այն տեսակը չէ, որ այդքան հեշտությամբ լքի Հայաստանը: Աղաբեկյանն իսկապես վաճառում է իր գույքը, բայց ոչ թե Հայաստանից հեռանալու նպատակով, այլ այն պատճառով, որ մտադիր է ներդրումներ անել Հադրութում: Այդ ներդրումը Արցախի, հատկապես Հադրութի տնտեսության համար բավական լուրջ նախադեպ կարող է լինել»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մալխասյանի առողջական վիճակը բարդացել է
Երեկ հայտնի դարձավ, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո կալանավորված և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի առողջական վիճակը վատացել է։ Նա տառապում է շաքարախտով։ «Ա1+»-ի տեղեկացմամբ, վերոհիշյալ քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը հաստատել է Մալխասյանի առողջական վիճակի բարդացման փաստը։ «Նրա շաքարը բարձրացել է, և նա այժմ բժիշկների վերահսկողության տակ է գտնվում»,- հայտարարել է Բաբայանը՝ նշելով, թե Մալխասյանն առայժմ ստացիոնար բուժման կարիք չունի, սակայն նման խնդիր առաջանալու դեպքում նրան, անկասկած, կցուցաբերվի բժշկական օգնություն։

Անիմաստ երկու ամիս ևս
Երեկ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել քաղբանտարկյալներ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի և ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Արզումանյանի պաշտպան Հովիկ Արսենյանը՝ հուլիսի 3-ին, իսկ Միքայելյանի պաշտպան Արթուր Աթարբեկյանը՝ հուլիսի 7-ին բողոքարկել էին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, սակայն Վերաքննիչը, վայրկյան իսկ չկորցնելով, դակեց այդ որոշումը: Հիշեցնենք, որ Արզումանյանը կալանավորվել էր մարտի 10-ին և մեղադրվում է զանգվածային անկարգությունների պետական իշխանությունը յուրացնելու փորձի մեջ: ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ կալանավորվել էր մարտի 12-ին: Նա մեղադրվում էր ոչ միայն զանգվածային անկարգություններ կազմակերպելու, այլև պետական իշխանությունը բռնությամբ զավթելու փորձի մեջ:

Նալին և մեխին կամ մուրճին ու զնդանին
Օրերս Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն իր մոտ 150 համակիրների հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև Ժիրայր Սէֆիլյանը, ընդունել է քաղաքական հայտարարություն, ուր առկա են մի շարք շեշտադրումներ և քննադատություն՝ ուղղված ոչ միայն իշխանություններին, այլև ընդդիմությանը։ «Նախագահական ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումների ամենացավալի կողմերից մեկը հայ ժողովրդի արհեստական բաժանումն էր հայաստանցիների և ղարաբաղցիների։ Դրանում մեղքի առյուծի բաժինը, իհարկե, պատկանում է իշխող վարչախմբին և նախագահի իշխանական թեկնածուի թիմին։ Սակայն ընդդիմադիր ճամբարում նույնպես եղան անվայել դրսևորումներ, որոնք մի կողմից նպաստեցին պառակտման խորացմանը, մյուս կողմից՝ ընդդիմությանը մեղադրելու առիթ տվեցին»,- նշվում է հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակներն անթույլատրելի են համարել ինչպես Ղարաբաղի հարցում ծայրահեղ բևեռացումը և ընդդիմության թեկնածուին Ղարաբաղը հանձնելու պատրաստ դավաճան ներկայացնելը, այնպես էլ «մոնղոլ-թաթարական իշխանություն» և այս կարգի այլ բնորոշումները, որոնք շռայլաբար ընդդիմախոսներին բաժին էր հանում ընդդիմությունը։ Ակնհայտ է, որ նախաձեռնողները փորձել են կազմել հավասարակշռված հայտարարություն։ Իհարկե, հայտարարության մեջ առկա է պահանջ՝ ազատ արձակել մարտի 1-ի իրադարձություններից հետո ձերբակալված քաղկալանավորներին։

Ցեղակրոնի խոսքը
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կողմնակից է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման։ Այս մոտեցումով և գաղափարախոսությամբ է ՀՀԿ-ն առաջնորդվել նաև Անդրանիկ Մարգարյանի ղեկավարության օրոք։ Տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նա նշել է, որ ՀՀԿ-ն կողմ է առանց նախապայմանների հարաբերությունների ստեղծմանը»,- երեկ հայտարարեց ՀՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։ Նա հրաժարվեց մեկնաբանել, թե որքանով է Ռոբերտ Քոչարյանի վարած արտաքին քաղաքականությունն անցած 10 տարիներին համապատասխանել ՀՀԿ գաղափարախոսությանը, սակայն ընդգծեց, թե Թուրքիայի հետ սահմանները բացելը չի նշանակելու, թե հայերը հրաժարվում են ցեղասպանության հարցում պահանջատիրությունից։ «21-րդ դարում պետք է գնալ պատեր քանդելու, ոչ թե դրանք կառուցելու ճանապարհով»,- նշեց ցեղակրոն կուսակցության ներկայացուցիչը։

Մահացավ Ռասել Ջոնսթոնը
Նախօրեին՝ կիրակի օրը, Փարիզում մահացել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, 1999-2002 թթ. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, լորդ Դևիդ Ռասել Ջոնսթոնը։ Վերջին տարիներին նա գլխավորում էր Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեն։ ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պյուչը ցավակցական հեռագիր է ուղարկել Ջոնսթոնի ընտանիքին, ընդգծելով, որ ԵԽԽՎ-ում 23 տարվա պատգամավորության ընթացքում վերջինս աչքի է ընկել կարևոր քաղաքական և հումանիտար գործունեությամբ։

1265 երեխա է ծնվել հուլիսի 24 օրերի ընթացքում
Հուլիսի 1-24-ին Երևանի բոլոր ծննդատներում ծնվել է 1265 երեխա, և այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է 9,7 տոկոսով։ Այս մասին «Panorama.am»-ին տեղեկացրել է քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Արմեն Սողոյանը։ Հուլիսի մեկից հանրապետությունում ներդրված ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի կապակցությամբ Արմեն Սողոյանը հավաստել է, որ բոլոր ծնունդներն ընդունվել են պետական պատվերի շրջանակներում, և քաղաքապետարանի ու առողջապահության նախարարության կողմից այդ նպատակով հղիներին տրամադրվել է 3915 ծննդօգնության պետական հավաստագիր։ Ըստ Ա, Սողոյանի, տարվա առաջին կիսամյակում Երևանի ծննդատներում ծնվել է 7411 երեխա, ինչը 5 տոկոսով ավելի է 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Լույսը չի թանկանա
Հայաստանում էլեկտրաէներգիայի գնի բարձրացում մինչև տարեվերջ չի լինելու, երեկ հայտարարեց Հայաստանի էներգետիկ բաշխիչ ցանցերի ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը։ Ըստ նրա, էլեկտրաէներգիայի թանկացում տեղի չի ունենա նույնիսկ գազի գնի բարձրացման պարագայում։
Եվգենի Գլադունչիկի ներկայացմամբ, ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ Հայաստանի էներգահամակարգում ներդնել 70 մլն դոլար, իսկ 20 մլն դոլարին համարժեք ներդրումներ արդեն կատարված են։ Ընկերությունը 10 տարի ժամկետով 50 մլն եվրո վարկ է վերցրել, որը, տնօրենի պնդմամբ, ծախսվելու է 17 ամենից մաշված ենթակայանների փոխարինման համար, որոնցից 10-ը գտնվում է մայրաքաղաքում։ Բացի այդ, Գլադունչիկի պնդմամբ, էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված ամենամեծ խնդիրները հենց Երևանում են։ Մայրաքաղաքում այսօր կա 120 տրանսֆորմատոր, որոնք տեխնիկական թերությունների պատճառով չի կարելի շահագործել։ Եվս այդպիսի 40 տրանֆորմատորներ կան մարզերում։ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» տնօրենն ընդգծեց նաև, որ ՌԱՕԵԷՍ-ի լուծարումը Ռուսաստանում որևէ կերպ չի ազդել իրենց ընկերության գործունեության վրա։ Նրա պնդմամբ, այդ քայլն իրենց համար անսպասելի չէր։

Արևի խավարումը՝
օգոստոսի 1-ին
Այս ուրբաթ օրը՝ օգոստոսի 1-ին, սպասվում է արևի խավարում, որը կանցնի 13 ժամային գոտիներով և Գրինվիչի ժամանակով կտևի մի քանի ժամ։ Արևի լրիվ խավարումը կսկսվի առավոտյան Կանադայից և արևամուտին կանցնի Չինաստանով։ Արևի լրիվ խավարման առավելագույն պատկերը կդիտվի Ռուսաստանի Նադիմ քաղաքի մատույցներում։ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Հյուսիսային Իրաքի բնակիչները արևի խավարմանն ականատես կարող են լինել ժամը 14.40-ից 14.50-ի սահմաններում։

Դիտվել է՝ 2406

Մեկնաբանություններ