Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Հայ արվեստագետի կյանքը «Մի՛ նայիր հայելուն» նոր ֆիլմում

Հայ արվեստագետի կյանքը «Մի՛ նայիր հայելուն» նոր ֆիլմում
23.09.2008 | 00:00

ՍՈՒՐԵՆ ԲԱԲԱՅԱՆ. 30 ՏԱՐԻ ԿԻՆՈԱՇԽԱՐՀՈՒՄ
«Կինոն իմ կյանքն է: Ես մեծ պատրաստակամությամբ տվեցի կյանքս, նա էլ մեծ սիրով վերցրեց այն ինձնից»,- ասում է կինոաշխարհում իր երեսուն տարին բոլորած ռեժիսոր ՍՈՒՐԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ:
1978 թվականին նկարահանված նրա առաջին` «Չեզոք դրություն» ֆիլմը լուրջ նշանակություն ունեցավ ռեժիսորի հետագա գործունեության համար։ Նրան հաջորդեցին մի շարք ֆիլմեր` «Արարման ութերորդ օրը», «Սիրամարգի ճիչը», «Ռեժիսորի դիմանկարը. Ֆրունզե Դովլաթյան», «13-րդ առաքյալը», «Արյուն», «Խենթ հրեշտակը», «Ժանո»: Վերջերս ավարտվեցին նաև «Մի՛ նայիր հայելուն» ֆիլմի նկարահանման աշխատանքները, որին աջակցել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնը: Այստեղ արվեստագետի կյանքն է` իր դժվարություններով, հոգեկան ապրումներով: «Այս ֆիլմն իմ սերնդի այն մարդկանց ապրած կյանքի մասին է, ովքեր արդեն նշանակալի դիրք ու դեր ունեին արվեստում, ի վերջո, պատիվ ու հարգանք ունեին, բայց Խորհրդային Միության փլուզման ժամանակ որպես արվեստագետ կարծես կորցրին այդ ամենը, նաև իրենց կյանքի տարիների մի մասը` ի վիճակի չլինելով շարունակել իրենց գործունեությունը, բացառությամբ մի քանի հոգու: Մի մասը հեռացավ հայրենիքից, ոմանք էլ դուրս եկան այդ ասպարեզից: Արդյունքում ստացվեց այն, որ հայ կինոն փայլուն արվեստագետների լուրջ կորուստ ունեցավ»,- ասում է ռեժիսորը: Ըստ ռեժիսորի` այն նկարահանվել է հայ կինոյում դեռևս չնկարահանված մի ժանրում` տրագիֆարսում: Եթե «Ժանո» ֆիլմում ողբերգականը միաձուլվում է կատակերգականին, այստեղ ողբերգականը ներկայացվում է հեգնական տարրերով: «Սյուժեի այսպիսի լուծումը, կարծում եմ, պայմանավորված է ապրածս տարիների փորձով: Այդպես է, ապրածդ տարիներն ի զորու են ժամանակի ընթացքում փոխելու հայացքներդ ու զգացողություններդ նույն երևույթի վերաբերյալ»,- նկատում է Ս. Բաբայանը: Ֆիլմի գլխավոր դերակատարն է ներկայիս լավագույն դերասաններից մեկը՝ Ժան Պիեռ Նշանյանը: Դերասանական կազմը համալրում են Ռաֆայել Քոթանջյանը, Ռոբերտ Հարությունյանը, Լևոն Հարությունյանը: «Այսօր մենք պրոֆեսիոնալ դերասանական մեծ սով ունենք, խոսքս, իհարկե, նոր սերնդի մասին է: Տաղանդավոր մարդիկ շատ կան, բայց չկա այն դպրոցը, որտեղ պետք է ձևավորվեն ու հղկվեն նրանք, գործեն պրոֆեսիոնալ մակարդակով»,- ավելացնում է ռեժիսորը:
ԱՐՄԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 6847

Մեկնաբանություններ