ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ՈՉ ՄԻ ՓՈԽԶԻՋՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ»

«ՈՉ ՄԻ ՓՈԽԶԻՋՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ»
04.06.2010 | 00:00

Մեկ ամիս է` մայրաքաղաքում և՛ շարքային, և՛ «VIP» ջուր սպառողները դժգոհում են, սակայն այս անգամ ոչ թե ջրամատակարարումից կամ ջրի որակից, այլ վերահսկողությունից։ «Էսպես բան չի լինի. ո՛չ ընկեր են ճանաչում, ո՛չ էլ «բարձրաստիճան» զանգերին են պատասխանում»,- նմանօրինակ դժգոհության ականջալուր լինելով` փորձեցինք հասկանալ` ո՞րն է խնդիրը։ Պարզվեց` ջրային հաշվեկշռի համակարգման և վերահսկողության նորաստեղծ տնօրենությունը լայնածավալ վերահսկողական ուսումնասիրություն է սկսել մայրաքաղաքում, որի ընթացքում բացահայտվել են լուրջ խախտումներ, և ջուր սպառող բողոքավոր «VIP» բաժանորդները, որոնք սովոր են իրենց կատարած խախտումները կոծկել զանգերի միջոցով, այժմ «լաց են լինում»։ Նշենք, որ վերահսկողական այս կառույցը ձևավորվել է մեկ ամիս առաջ` «Երևանջուր» ընկերության ներսում։ Ո՞րն է կառույցի ստեղծման անհրաժեշտությունը, և ինչո՞ւ ընկերությունը որոշեց ինքն իրեն վերահսկել։ Խնդրի շուրջ զրուցում ենք ջրային հաշվեկշռի համակարգման և վերահսկողության տնօրենության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ԴԱՎԹՅԱՆԻ հետ։
-Այս կառույցի ստեղծման անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է ջրի կորուստների պատճառը հայտնաբերելու անհրաժեշտությամբ,- ասում է պարոն Դավթյանը։- Սա լուրջ խնդիր է, որը մտահոգում է «Վիոլա» ընկերությանը, ի դեմս «Երևանջուր» ընկերության կառավարչի, և պետական բաժնետիրոջը` ի դեմս Երևանի քաղաքապետի։ Այս պահին մայրաքաղաքում ջրի կորուստը 85 տոկոս է, որում քիչ չեն ջրագողության դեպքերը։ Սակայն ովքե՞ր են «ջրագողերը»` իրավաբանական, ֆիզիկական անձի՞նք, թե՞ տեսուչները։ Այս հարցերին ստույգ պատասխանելու համար մանրակրկիտ ուսումնասիրություն ենք իրականացնում։ Մեր հիմնական նպատակն է խնդիրը պարզել, բացահայտել և այն անօրինական դաշտից բերել օրինական դաշտ։ Մայիսի 3-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արդեն իսկ կազմել ենք 580 ակտ, որից 219-ը` ապօրինի ջրամիացման, 53-ը` անսարք ջրաչափերի, 45-ը` վնասված ջրաչափերի, 71-ը` պետստանդարտի կնիքի, և 201-ը` հոլոգրաֆիկ կնիքի խախտման դեպքեր են։ Հաշվետու 30 օրերին մեր ուսումնասիրությունները փաստում են, որ նշված խախտումներում առկա է և՛ տեսուչի անփույթ աշխատանքը, և՛ սպառողի անբարեխիղճ մոտեցումը։ Ո՞վ կարող էր պատկերացնել, որ բազմաբնակարան շենքում ապօրինի ջրամիացման դեպքեր կարող են հայտնաբերվել։
-Բացահայտումների արդյունքում որքա՞ն գումար է գանձվել։ Ընդհանրապես, ինչպե՞ս է աշխատում խախտումների բացահայտման մեխանիզմը։
-Տասն օրվա ընթացքում տուգանքների հաշվին արդեն իսկ գանձել ենք 4 մլն դրամ։ Սա մեծ թիվ չէ, սակայն հուսադրողն այն է, որ անբարեխիղճ ջրօգտագործողներն արդեն կատարել են վճարումները և անդորրագրերը ներկայացրել մեզ։ Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա բացահայտումից հետո ակտը ներկայացնում ենք առևտրային տնօրենությանը, վերջինս էլ իր տեսուչներին ուղարկում է տեղում խնդիրը կարգավորելու, ապօրինի բաժանորդին օրինական դաշտ բերելու։ «Երևանջուր» ընկերության գլխավոր տնօրենի կարգադրությամբ` անօրինական դաշտում գործողները հինգ օրվա ընթացքում պետք է բերվեն օրինական դաշտ` դառնալով բաժանորդ։ Այդ մասին տեղյակ են պահում գլխավոր տնօրենին և մեզ։ Համոզված եմ, որ բացահայտված խախտումները կնպաստեն օրինական բաժանորդների թվի մեծացմանը։
-Բոլորովին չեմ ուզում «լվանալ մեր սպառողների երեսը», սակայն համոզված եմ, որ ջրի կորստի առյուծի բաժինը տեխնիկական պատճառներ ունի։ Արդյո՞ք Ձեր կառույցը տեխնիկական վիճակի վերահսկողություն ևս իրականացնում է։
-Երբ որոշվեց ձևավորել վերահսկողական նոր տնօրենություն, ապա, ինչպես նշեցի, նպատակը ջրի կորստի հայտնաբերումն էր. այս առումով խնդիրն ուսումնասիրվում է բոլոր ուղղություններով, այդ թվում` տեխնիկական վիճակի։ Մեր ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել է տեխնիկական 15-20 թերություն։ Այս դեպքում նույնպես համապատասխան փաստաթղթեր են կազմվում, որոնք ուղարկվում են շահագործման տնօրենությանը, որն էլ անմիջապես արձագանքում է, և խնդիրը լուծում է ստանում։ Կարծում եմ, այս պահին սպառողական կորուստներն ավելի մեծ են, քան տեխնիկականը։
-Իսկ սպառողն այլ կարծիքի է։ Նա համոզված է, որ ջրագծերը ժամանակին չեն վերանորոգվել, և կորուստները ոչ թե տեխնիկական, տեղային բնույթի են, այլ շատ ավելի խորքային` հողի տակ։
-Ես չբացառեցի տեխնիկական կորուստները, սակայն մեկ ամսում մեր իրականացրած աշխատանքների արդյունքում պարզվեց, որ սպառողական կորուստները մեծ տոկոս են կազմում։ Իսկ թե աշխատանքների ընթացքում այդ հարաբերակցությունն ինչպե՞ս կփոխվի, ժամանակը ցույց կտա։ Համենայն դեպս, պետք է նկատեմ, որ տեխնիկական վիճակի արդիականացման ուղղությամբ ընկերությունը լուրջ աշխատանքներ է իրականացնում։
-Վերահսկողությունը ծանր ոլորտ է հատկապես փոքր քաղաքներում, որտեղ ընկեր-բարեկամ ասվածը լուրջ դերակատարություն ունի։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում անպարտաճանաչ բաժանորդների զգալի մասը պետական բարձրաստիճան պաշտոնյա է կամ նրանց բարեկամը, ինչպես նաև խոշոր գործարարները։ Այս տեսանկյունից Ձեզ վրա ճնշումներ չե՞ն լինում, երբ վերջիններիս մոտ լուրջ խախտումներ եք հայտնաբերում։
-Անբարեխիղճ սպառողներ լինում են ինչպես Ձեր նշած սոցիալական խավի, այնպես էլ միջին խավի շրջանում։ Կարող եմ ասել, որ իրավաբանական անձանց մոտ հայտնաբերված ապօրինի ջրամիացումների թիվը 219 է, այսինքն, մարդիկ ջուրն օգտագործել են առանց որևէ պարտավորություն կատարելու։ Ինչ վերաբերում է ճնշումներին, քանի որ ջրի կորստի հայտնաբերման խնդիրը քաղաքապետի ուշադրության կենտրոնում է, հետևաբար, կորուստների նվազեցմանն ուղղված աշխատանքներում մեզ աջակցում է ոչ միայն ֆրանսիական «Վիոլա» ընկերության տնօրենությունը, այլև անձամբ քաղաքապետը։ Մի կողմից` ասում ենք` ջուրը կյանք է, մյուս կողմից` շատերը չեն մտածում, որ կորուստների հետևանքով մեկ բաժակ ջուրն ապագայում կարող է խնդիր դառնալ։ Ի դեպ, չմոռանանք, որ նաև բաժանորդների վճարած գումարներով են նորոգվում ջրագծերը։ Եթե որևէ մեկը չի ուզում հասկանալ, որ իր թույլ տված խախտումը վնաս է ողջ բնակչությանը, դա իր խնդիրն է։ Մենք հետամուտ ենք լինելու մեր գործին և վստահեցնում եմ, որ ոչ մի փոխզիջում չի լինելու։
-Եթե ճիշտ հասկացա` նման տեմպերով աշխատանքներն իրականացնելու դեպքում ջրի կորստի քանակը համեմատաբար պետք է նվազի։ Ըստ Ձեզ` ինչքա՞ն։
-Կանխատեսումներ չեմ սիրում անել։ Հստակ կարող եմ վստահեցնել, որ բոլոր տիպի խնդիրների բացահայտման ուղղությամբ ծավալուն աշխատանք է իրականացվում։ Հույս ունեմ, որ վեց ամիս հետո ջրի կորստի մակարդակը կնվազի։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հ. Գ. -Ի դեպ, ջրային հաշվեկշռի համակարգման և վերահսկողության տնօրենությունն իր ուսումնասիրություններն իրականացնում է 25 աշխատակիցներով։ Կարծում ենք` սա փոքր թիվ է, հատկապես, եթե նկատի ունենանք, որ, մայրաքաղաքից բացի, ուսումնասիրություններ են իրականացվելու նաև հարակից 30 գյուղերում։ Ինչ խոսք, որ այս ոլորտում վաղուց անհրաժեշտ էր վերահսկողական կառույց ձևավորել, սակայն շատ ավելի կարևոր է, որ վերահսկողությունը լինի հետևողական։ Ո՞րն է երաշխիքը, որ եթե ոչ այսօր, ապա վաղը, մյուս օրը, այսպես կոչված, ԽԾԲՊ (խնամի-ծանոթ-բարեկամ-պաշտոնյա) «համակարգի» ճնշումներից կառույցը չի «կոտրվի»։ Մեր այս մտավախությանը համամիտ չէին կառույցի աշխատակիցները։ Նրանցից տեղեկացանք, որ առաջին խոշոր տուգանք վճարողը եղել է ջրային հաշվեկշռի համակարգման և վերահսկողության տնօրենության ղեկավարի ընկերը։

Դիտվել է՝ 1379

Մեկնաբանություններ