ՀԻՄՆԱԽՆԴԻՐ
Դժբախտաբար, մեր հանրապետությունում բավականին մեծ թիվ են կազմում ֆիզիկական սահմանափակումներ ունեցող մարդիկ, ովքեր այդ վիճակում են հայտնվել տարբեր պատճառներով: Չնայած ամեն պատեհ առիթով հայտարարվում է, որ այդ մարդիկ մեր հասարակության լիարժեք և լիիրավ անդամներն են, թվարկվում են բազմաթիվ իրականացված ու կատարվելիք միջոցառումներ և ծրագրեր, որոնց վերջնական նպատակը հասարակությանը նրանց ինտեգրացնելն է, սակայն իրականությունն այն է, որ մեր երկրում շուրջ 160 հազար մարդ իրեն համարում է հասարակությունից մեկուսացված:
Ֆիզիկական սահմանափակումներով մարդկանց մեծամասնության համար դժվարություններն ամենուր են, կյանքի բոլոր ոլորտներում` սկսած հասարակության մյուս անդամների հետ սովորական մարդկային շփումներից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելը: Եթե անգամ ֆիզիկական որևէ սահմանափակում չունեցող մարդկանց և այդպիսի խնդիր ունեցող անհատներին որոշակի նեղ շրջանակի ներսում հաջողվում է կոտրել հոգեբանական արգելքները, միևնույն է, հետագայում ծառանում է գրեթե անխորտակելի մի պատնեշ` աշխատանք գտնելու գործնականում անլուծելի հարցը, որն էլ իր հերթին առաջ է բերում մի շարք այնպիսի խնդիրներ, որոնց մի մասն ունի օբյեկտիվ պատճառներ և վերաբերում է մեր հասարակության մեծամասնությանը, իսկ մյուս մասը խիստ հատուկ է միայն ֆիզիկական սահմանափակում ունեցողներին: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ֆիզիկական սահմանափակում ունեցող մարդիկ, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով և ընդունվելով բարձրագույն ուսումնական հաստատություն, հաճախ էլ գերազանցությամբ ավարտելով այն, տիրապետելով օտար լեզուների, համակարգչին, հնարավորություն ունենալով կատարելու մեխանիկական, կիսաավտոմատ և ավտոմատ աշխատանք, համալրում են գործազուրկների շարքերը:
Այս դեպքում պարզ է դառնում, թե որքան խոցելի է հասարակության այս խավը: Միաժամանակ պարզորոշ երևում են նախկինում պետության թույլ տված և այժմ շարունակվող բացթողումներն ու անելիքները: Ասվածը վերաբերում է հատկապես ֆիզիկական սահմանափակում ունեցող անձանց և հասարակության մյուս անդամների իրավահավասարության և իրավական պաշտպանվածության հարցերին: Պետք է նշել, որ այս ուղղությամբ օրենսդրական դաշտում մեծ անելիքներ կան, և Հայաստանի Հանրապետությունը դեռևս ոչ սոցիալական, ոչ էլ իրավական պետություն է: Անշուշտ, հասկանալի է, որ շատ խնդիրների հնարավոր չէ արագ լուծում տալ, սակայն համոզված ենք, որ ցանկության դեպքում հնարավոր է կարգավորել ուսման, տեղաշարժման և անգամ զբաղվածության հետ կապված շատ խնդիրներ, մանավանդ որ նմանատիպ խնդիրները վաղուց արդեն իրենց լուծումը ստացել են, և անհրաժեշտ է միայն մեր երկրում կիրառել զարգացած երկրների դրական փորձը։
Այս խնդիրները կարգավորելու համար անհրաժեշտ է մանրամասն մշակել և կյանքի կոչել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պետական քաղաքականություն: Պետությունը պետք է առանձնացնի այն ոլորտները, որտեղ հնարավոր կլինի օգտագործել ֆիզիկական սահմանափակումներով մարդկանց հնարավորությունները, մասնավոր ընկերություններին խրախուսելու նպատակով պետությունը պետք է սահմանի որոշակի թվով տեղեր և արտոնություններ` նրանց աշխատանքի ընդունելու համար:
Հակոբ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ