Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հոգու թռիչքներ դեպի հայկականության խորհուրդ ու խորհրդանիշ

Հոգու թռիչքներ դեպի հայկականության խորհուրդ ու խորհրդանիշ
10.01.2023 | 11:03

Ընկերոջս` ԼԻՊԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ լուսե հիշատակին Մեզ վաղուց ծանոթ խոսակցության նյութ, զրույցի, կամ գրականագիտական վերլուծությունների համար առանձնահատուկ թեմա է ստեղծագործող անհատի տառապանքը:

Տառապանք, որը կարող է բխել իրականության և երևակայության, մտքի ու զգացմունքների բախումներից, աշխարհակարգի «սխալ» դրվածքի անհանգստությունից, մարդու կամ մարդկային արժեքների կորստի ցավից և այլն: Բանաստեղծական տառապանքի գագաթը հասցնողը, անշուշտ, նույն բանաստեղծի ապրումներն են, որ թղթին են հանձնվում հոգուց բխող հավատով ու հույսով, լաց ու ծիծաղով, համադրվելով ու հակադրվելով... Ընթերցողը տեսնում ու զգում է բանաստեղծի տառապանքը և նույն չափով, որ չափով ազդվում է նրանից, այդքանով էլ կրում է այդ ազդեցությունը սեփական կյանքում՝ փոխվելու ու փոխելու համար, մեծ հաշվով՝ աշխարհը: Սակայն, մի հետաքրքիր նկատառումով եմ ուզում մոտենալ իր համեստության մեջ վեհ արժանիքներով անձնավորության, անվանի գրող ու բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանի ստեղծագործական աշխարհին, մասնավորապես, նրա «Իմ երգաշխարհը» բանաստեղծությունների ժողովածույին, որը հրատարակվել է բանաստեղծի 80-ամյակի առիթով: Այստեղ հավատով ու հույսով, լաց ու ծիծաղով, անհանգիստ, նյութեղենից վեր ու կարոտագին ապրումներով են ծնվել ու շունչ առել գրողի կողմից ընթերցողին մատուցված բանաստեղծությունները:

Անշուշտ, տառապանքի կրակներ են բոցկլտացել բանաստեղծի հոգում, սակայն, ինչպես ժողովրդական իմաստնությունն է վկայում՝ կրակը մի դեպքում կարող է այրել ու ոչնչացնել, մի այլ դեպքում՝ ջերմացնել և արարումների աղբյուր դառնալ: Լիպարիտ Սարգսյանի բանաստեղծական տառապանքը ընթերցողին չի տանում դեպի այրող կրակներ, անհարկի ճնշվածություն, ցավից ընդվզում, տենդագին խոհեր՝ կյանքիմաստի շուրջ, անհանգստություն, անվերջ փնտրտուք... Ականջալուր լինելով բանաստեղծի «Ես ցավի լեզուն լավ եմ հասկանում//Գինը լավ գիտեմ ես տառապանքի» խոստովանությանը, այնուամենայնիվ, հրաշալիորեն գտնված տարբերակ է այն, որ Լիպարիտ Սարգսյանի բանաստեղծական աշխարհը փարվել է նրա հոգու տառապանքի ակից բխող երգի թևերին ու երգաշխարհ դարձել: Եվ նա երջանիկ է այդ երգաշխարհն ունենալու համար. Ես իմ հարազատ երգաշխարհն ունեմ, Առաջնորդում են ուր իմ քայլերը... Արդյո՞ք որտեղից է գալիս բանաստեղծությունը՝ երգի, իհարկե, ոչ թե՝ երգեցողության վերաճելու այս տենդենցը: Հարցն ինձ կրկին ետ է տանում, դեպի Լիպարիտ Սարգսյանի հոգուց բանաստեղծորեն ծնված խոստովանություն.

Ծնված օրից իմ մեջ Լույսի շող է եղել,

Ծաղիկ, մեղու, թիթեռ, Երազող է եղել...

Երկինք թևող ծիծեռ՝ Հայրենի տուն կանչող,

Եվ կարոտից ծնված Երգի տող է եղել...

Մի կողմից երկինք թևող թռչունի պես է զգում հոգուց դուրս հորդող իր բանաստեղծական ապրումը անվանի բանաստեղծը, մյուս կողմից՝ այն տանում է հայրենի տան կարոտալի ճամփաներով: Հայրենի տուն... Արդյո՞ք երգեր կային այնտեղ և ինչի մասին էին դրանք. Մեր պապերը երգով էին արթնանում, Եվ օրհնանքով վայելում հացն ու գինին, Աստծո պարգև լուսաբացով հիանում, Հետո անցնում իրենց գործին ու բանին: Նրանց ամեն գործում երգ ու մեղեդի. Հարսանիք էր, կնունք, ծնունդ, անգամ մահ, Իրենց կյանքով, իրենց փորձով գիտեին՝ Լավ գործերը երգերի մեջ են անմահ... Երգ, կամ երգաշխարհ, այսինքն՝ հոգու թռիչքներ, լավ իմանալով ցավի լեզուն ու տառապանքի գինը:

Երգ, կամ երգաշխարհ, այսինքն՝ հոգու թռիչքներ դեպի հայկականության խորհուրդ ու խորհրդանիշ, ուր «Քարն ի հեճուկս քարսիրտ աշխարհի», արարման նյութ է, աղբյուր՝ բերք ու բարիքի: Երգ, կամ երգաշխարհ, այսինքն՝ հոգու թռիչքներ դեպի բավականության աղբյուր հանդիսացող հայրենական թեմաներ, որոնք կարելի է նախշազարդել այսպես՝ Իմ երգի տողն էլ մի ցորնահատիկ, Մի ոսկի հասկ է հայրենի արտում, Որ արտույտն առած իր սուրբ կտուցին Ամեն առավոտ օրհներգ է կարդում... Երգ, կամ երգաշխարհ, այսինքն՝ կյանքի ուղեկից, որ տանում է քեզ լույսի ճամփաներով, ...Եվ դուք այդ լույսով կգտնեք ինձ, Երբ որ որոնեք օրեր հետո: Բանաստեղծը երջանիկ է սիրուց, թախծից ու կարոտից ծնված իր երգաշխարհով, որի մեջ տեսնում է իր բավականության ու բավարարվածության աղբյուրը:

«Էլ ի՞նչ ունես այս երկնքի ներքո» ինքն իրեն տրված հարցը ունի իր պատասխանը, որն էլ իր հերթին, ինքն իր անձի հետ տարվող ազնիվ ու անկեղծ զրույցի, խոհի ու խորհրդի արժեք ունի. Էլ ի՞նչ ունես այս երկնքի ներքո, Ծնված ջերմ սիրուց, թախծից, կարոտից, Ամեն վայրկյանը, ամեն ժամը քո Թող մի տող դառնա, երգ դառնա սրտի... Իսկապես, երջանկություն է ունենալ սեփական երգաշխարհը, ասել է թե՝ զգալ բանաստեղծի հոգի ունենալու հրաշքը: Եվ մի՞թե հրաշք չէ զգալ քեզ ինչպես՝ ...Կանաչ մի թուփ, մի ծաղկազարդ մասրենի, Սարերի մեջ ծփացող ջինջ մի լճակ, Որպես հանդում կորած չքնաղ հայելի... Լիպարիտ Սարգսյանի երգաշխարհը նաև կյանքի անցողիկության, ժամանակների հերթափոխի վերաբերյալ նրա խոհերն են՝ իմաստնության հասած հանդարտության մեջ. Մահկանացու է մարդը և իրավ, Վայելի պիտի կյանքը, գոհանա, Զգա բերկրանքը սիրով արարման, Եվ այս աշխարհից սիրով հեռանա...

⃰⃰⃰ Մենք կգնանք աշխարհից,

Այս սարերը կմնան,

Այս քարերը կմնան,

Մենք կգնանք աշխարհից:

Գերի է մարդը մահին, Ուր էլ հասնի մի օր նա. Մենք կգնանք աշխարհից, Այս սարերը կմնան: Լիպարիտ Սարգսյանի ստեղծագործական աշխարհը առաջին տողից ի վեր արարչագործության ամբողջական պատկերն է, որն իր մեջ է առել մարդ ու բնություն գոյաձևերը: Ավելի մանրամասնելով այդ փոխկապակցությունը, կարող ենք ասել, որ այնտեղ Արարման մեծ ոգին զգալու հետ զուգահեռ մարդու անցավորության փիլիսոփայությունն է: Անցավորության իմաստախոհության հետ զուգահեռ՝ հայրենական եզերքների ու բնության օրհնաբեր կենդանությունն է: Օրհնաբեր այդ կենդանության հետ զուգահեռ օջախի կրակն ու ընտանեկան սիրո դրախտային թագավորությունն է... Եվ այդ ամենը հոգուց բխող երգի թև է, երգի թրթիռ ու երգաշխարհ, որի մասին խոսելուց առաջ վայելել է պետք այն, ինչպես դա ես ինքս արի:

Ֆելիքս Բախչինյան

Դիտվել է՝ 14116

Մեկնաբանություններ