Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ի վերջո, արդարությունը հաղթելու է, և «Տատիկիս վարսերը» ֆիլմը ներկայացվելու է հանդիսատեսին»

«Ի վերջո, արդարությունը հաղթելու է, և «Տատիկիս վարսերը» ֆիլմը ներկայացվելու է հանդիսատեսին»
17.05.2022 | 07:33

«Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում, ֆիլմի բուլղարական ներդրողը դատի կտա ՀՀ կառավարությանը՝ իր ներդրումների և ակնկալվող շահույթի կորստի համար։
Հրավիրում եմ բոլորի, հատկապես՝ հետաքննող լրագրողների ուշադրությունը։

«Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման ապօրինի կասեցման գործով ընդդեմ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի մեր ընկերության հայցով հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 6-ին։ Խոստացել էի, որ ապահովելու եմ ՀՀ երկու պետական կառույցների կողմից ՀՀ քաղաքացու, անկախ ֆիլմարտադրողի շահերի բիրտ ոտնահարման բացառիկ այս գործի ընթացքի հնարավոր առավելագույն լուսաբանում, ուստի հնարավորինս կարճ շարադրում եմ հանրությանը արդեն իսկ քաջ հայտնի գործի նախապատմությունն ու ընթացքը՝ հրավիրելով ուշադրություն և կոչ անելով լուսաբանել այն։


ՄԱՍ 1. Ապօրինությունների բուրգի մասին
2018-ի ամռանը, ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ձևավորված և ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի ղեկավարած «Ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովը» կայացնում է օրենքի տեսանակյունից ապօրինի, իսկ հայ կինոյի պատմության տեսանկյունից աննախադեպ մի որոշում՝ մերժել ռեժիսոր Մարինե Զաքարյանի հայ-բուլղարա-գերմանական «Տատիկիս վարսերը» ֆիլմի հայտը, ինչի արդյունքում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը դադարեցնում է ֆիմի ֆինանսավորումը։
Որոշման անօրինականությունը կայանում է նրանում, որ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի գեղարվեստական խորհուրդը դեռ 2015-ի նոյեմբերին ընդունել է որոշում, ըստ որի, 2016-2018-ին «Տատիկիս վարսերը» միջազգային ֆիլմին հատկացվելու է ֆինանսավորում՝ ֆիլմի ամբողջ բյուջեի 30%-ի չափով, իսկ ՊՈԱԿ-ի գործող տնօրենը, 2015-ի նոյեմբերի 15-ի թիվ 329 պաշտոնական գրությամբ, այդ մասին տեղեկացրել է ֆիլմի միջազգային արտադրողներին։ 2016-2017-ին կինոկենտրոնը փոխանցել է ֆիլմին 17մլն ՀՀ դրամ, իսկ ֆիլմի հեղինակները, ավելի քան 40 մլն ՀՀ դրամի ներդրումների շնորհիվ իրականացրել են նկարահանումների մի մասը՝ 44 րոպե տևողությամբ։ Նյութը հանձնվել է կինոկենտրոն, արժանացել է բարձր գնահատականի, կինոկենտրոնի տնօրենը դիմել է ՀՀ Լոռու մարզի մարզպետարան՝ «Տատիկիս վարսերը» ֆիմի 2018-ին նախատեսված նկարահանումներին աջակցելու դիմումով։


Սակայն «Ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովը» մերժում է ֆինանսավորումը շարունակելու հայտը և մերժումը հմնավորում է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿԻ-ի 2018-ին ընդունված նոր կանոնակարգի 15-րդ կետով, ըստ որի, «նախկինում կինոկենտրոնից ֆինանսավորում ստացած և արտադրությունը չավարտած արտադրողները իրավունք չունեն դիմել կինոկենտրոնին նոր ֆիմի ֆինանսավորում ստանալու համար», անտեսելով օրենքի հետադարձ ուժի բացառման հայտնի կանոնը։ Ապօրինի այս որոշումը որևէ կերպ հիմնավորելու համար, կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատարը մի գրություն է ուղարկում ՀՀ գլխավոր դատախազին, որով տեղեկացնում է «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրողի կողմից նախկինում մեկ այլ՝ «Թողություն» վերնագրով ֆիլմով իբր թույլ տված խոշոր հափշտակումների փաստի մասին, ըստ որի հարուցվում է քրեական գործ։
Այսպիսով, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, ներգրավելով երկու հանձնաժողովների, ամրապնդելով իր ծրագրածը զանգվածային լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով կազմակերպված ապատեղեկատվության տարածմամբ, կասեցնում է «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը, իսկ արդեն ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար դարձած Նազենի Ղարիբյանը նամակով դիմում է «Տատիկիս վարսերը» ֆիլմի միջազգային արտադրողներին՝ ֆիլմում կատարվելիք ներդրումները սառեցնելու խնդրանքով։


ՄԱՍ 2. Բուրգի փլուզման մասին
Ապօրինությունների այս բուրգը երկու տարում փլուզվում է։ 2018-ի դեկտեմբերին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրավիրած միջգերատեսչական հանձնաժողովը հրապարակում է եզրակացություն, ըստ որի՝ «Ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովի կողմից կինոկենտրոնի նոր կանոնակարգի 15-րդ կետը չէր կարող կիրառվել «Տատիկիս վարսերը» ֆիլմի դեպքում», այսինքն, հաստատել է հանձնաժողովի որոշման անօրինականությունը։
2019-ին կինոկենտրոնի դիմումի փաստի առիթով հարուցված թիվ 10101319 քրեկան գործը կարճվում է՝ հանցակազմի բացակայության հիմքով, և ըստ այդ քրեական գործի նյութերի հարուցվում է նոր՝ թիվ 10105020 քրեական գործը, որով ինձ տրվում է տուժողի դատավարական կարգավիճակ։ Այս գործը մինչ օրս նախաքննության փուլում է, և այժմ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական փորձագետները հաշվում են «Տատիկիս վարսերը» ֆիլմի դեմ գործած ապօրինությունների արդյունքում ֆիլմին հասցված վնասի չափը։


Մաս 3. Որպես վերջաբան
Այսպիսով, ակնհայտ է, որ իմ երկու՝ «Տատիկիս վարսերը» և «Թողություն» ֆիլմերի դեմ, ՀՀ պետական երկու կառույց՝ ՀՀ մշակույթի նախարարությունը և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացրել են հետևողական, ծրագրված ապօրինությունների շղթա, որն այս պահին գրեթե ամբողջովին բացահայտված է կամ առնվազն բացահայտման ավարտական փուլում է։ Ավելի քան չորս տարի իմ ընկերությունը գտնվում է տոտալ բռնաճնշումների ներքո, ինչի արդյունքում մենք զրկված ենք «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի խողովակով կինոյին հատկացվող պետական ֆինանսավորումից, սահմանափակված են մասնագիտությամբ զբաղվելու իմ հնարավորությունները, իմ ընկերությունը կանգնած է սնանկացման եզրին։
Ես հուսով եմ, բայց համոզված չեմ, որ ՀՀ գործող իշխանության օրոք դատարանները կկարողանան ամրագրել ՀՀ պետական կառույցների կողմից ՀՀ քաղաքացու հանդեպ իրականացված ապօրինությունների փաստերը՝ պաշտպանելով ՀՀ քաղաքացու իրավունքները և նպաստելով արդարադատության հաղթանակին։


Սակայն ես վստահ եմ արդարության հաղթանակի հարցում։ Կհասնենք այդ արդարությանը ներհայաստանյան դատական համակարգով անցնելու և Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան հասնելու ճանապարհով, թե Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների արդյունքում իշխանության կգան նոր ուժեր, որոնք կազատեն դատական համակարգը իշխանության ճնշումներից և դատարանները կաշկանդված չեն լինի ՀՀ պետական կառույցների կողմից կատարված ապօրինությունները բացահայտելու հարցում՝ սրանք ռազմավարական հարցեր են։ Ի վերջո, արդարությունը հաղթելու է, և ես, իմ գործընկերնեի հետ, հանձնելու եմ «Տատիկիս վարսերը» ֆիլմը հանդիսատեսին։


Հովհաննես Գալստյան

Դիտվել է՝ 12791

Մեկնաբանություններ