Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Սոնետ 101»-ի ստեղծագործական առեղծվածը

«Սոնետ 101»-ի ստեղծագործական առեղծվածը
03.02.2022 | 11:43

(ԱՐՄԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ լուծման բանալին)


ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ


Ես մեծ ուշացումով, միայն 2011-ին առերեսվեցի այս, բառիս խորը իմաստով, եզակի գեղարվեստական երևույթի հետ։
«Սոնետ 101»-ը պարզապես թատրոն չէ, այն, ըստ իս, հայությանը գոնե վերջին հազար տարում (այն է՝ Նարեկացու ՄԱՏՅԱՆ-ից հետո) արարչական ինքնությունը խարխլող հակահամակարգի թատերական դատավճիռ-օրատորիան է։
Տարեսկզբին հյուրընկալվեցի Արմեն Մեհրաբյանին։ Մեր հանդիպման արդյունքը հանձնում եմ ընթերցողի դատին։
Այժմ ներկայացնեմ հայ թատրոնի թերևս ամենաուրույն ստեղծաբանող հեղինակին։
Նրա երախայրիքը (դիպլոմային աշխատանք) Ժակ Պրևերի «Հրաշքների թատրոն» բեմականացումն էր Լուսաշխի բեմում, 1980-ին։ Այս երախայրիքը բավականին պտղաբեր էր, քանզի ծնունդ տվեց ՍՈՆԵՏ 101-ին։

ԹԱՏՐՈՆԻ ԸՆԹԱՑՔԸ ՏԱՐԵԳՐՈՒԹՅԱՄԲ


1981 թ. Նույն բեմահարթակում բեմադրվում է Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները»։
(Գեղագիտական դաստիարակության կենտրոնի «Մանկական թատրոնում» շարունակվում են բեմականացումները)։
1982 թ. «Էլեգիա» բեմադրության նախնական տարբերակի բեմելը:․
1983 թ․ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» դրամայի բեմականացումը յուրահատուկ էր. պիեսի հերոսները խոսում են տարբեր լեզուներով։
1984 թ․ «Հազարան բլբուլ» հեքիաթի բեմադրությունը, որի հենքում Աստվածաշնչյան «Ով ականջ ունի՝ թո՛ղ լսի, ով աչք ունի՝ թո՛ղ տեսնի» իաստնությունն էր։
1985 թ․ Անսովորի սպասումով թատրոն այցելած հանդիսատեսին ներկայացվեց Թումանյանի «Չարի վերջը»։ Գթասրտությունը այստեղ գերակա արժեք էր, անտարբերությունը մերժման ենթակա չարիք։
1986 թ․Երկրորդ տարբերակով բեմականացված «Չարի վերջը» ՝ «Երգչախմբային ընկերության» բեմում։
1989 թ․ ՍՈՆԵՏ 101-ը ներկայացնում է ամանորյա «Անմահական բլբուլ» հեքիաթը։
1989 թ․Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում հանդիսատեսի դատին է հանձնվում «Էլեգիա» ներկայացման երկրորդ տարբերակը: ՍՈՆԵՏ 101-ը հրավիրում է հայության «անբուժելի հիվանդության» հետ առերեսման։
(Ժամանակը նպաստավոր էր նման զրույցի համար, դահլիճում Արմեն Մեհրաբյանի հեղինակած թատրոնի խորհրդանշական զուգորդումներն էին, դահլիճից և թատրոնից անդին՝ ազգային ինքնության հերթական զարթոնքն էր: Հայաստանը իր պատմության հերթական կանգառ-բուժկայանում էր)։

1991 թ․ Անկախացած Հայաստանի Հանրապետություն. ՍՈՆԵՏ 101 թատրոն- ստուդիան արդեն անկախացած թատերասեր հայ հանրության դատին է ներկայացնում թատրոնի հայեցակարգային շոգեքարշ բեմականացումը՝ «Էլեգիան»։
(Ներկայացման ժամանակ հնչում է Ավետ Տերտերյանի միստիկ երաժշտությունը)
Գլխավոր դերում ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է։
Մյուս դերերում հանդես են գալիս․
ՀԱՎԱՏԸ (սպիտակ կնոջ հանդերձով)
ՀՈՒՅՍԸ (սև կնոջ հանդերձով)
և կարմիր տիկնոջ զգեստով ՍԵՐԸ։

ՀԱՎԵԼՈՒՄ ԲՈՒՆ ԱՍԵԼԻՔԻՆ


Արմեն Մեհրաբյանը հեռավոր 1987-ին, տակավին երիտասարդ բեմադրիչի կարգավիճակում ձեռք է մեկնել Նորայր Ադալյանի «Ներկաներ և բացականեր» բարդ դրամային։
Երեք տարի անց նույն հեղինակի «Սպանության վկաներին»։
1983-ին բեկանացնում է Կարլո Գոցցի «Ագռավը»՝ Երիտասարդական կամերային թատրոնում,
1996-ին Մնջախաղի պետական թատրոնում բեմականացվում է Ալեքսանդր Հովսեփյանի «Անավարտ վեպը»:
Նույն տարում պատրաստում է Գևորգ Շահինյանի «Ցլամարտ» հեռուստաֆիլմը, 2014-ին՝ Գուրգեն Խանջյանի «Արտավազդ Շիդարը»։
Մի անգամ նա դիմում է հանդիսասրահին,գուցե թե ոչ այնքան ականջահաճո բանաձևումով․ «Ես ներկայացումներից առաջ միշտ ասել եմ հանդիսատեսին ՝ շնորհակալ եմ, որ այսքան քիչ եք, շնորհակալ եմ, որ ես հեշտ հասկանալի չեմ»։
(Մի՞թե հեշտ հասկանալի է Հայաստան աշխարհը)

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՇԵՂՈՒՄ


ՍՈՆԵՏ 101-ը դուրս է թատերարվեստի ավանդական թե՛ գաղափարներից, թե՛ կաղապարներից։ Բնականաբար նյութը կառուցելիս փորձեցի տեղակայվել գաղափարների և կաղապարների միջակայքում, ընդամենը հնչեցնելով ահազանգ արդի հայ ստեղծագորական մտավորականության հասցեով․ «Հարգարժան տիարք և տիկնայք,մեր ազգային և պետական ինքնության ամրոցը խարխլվում է, մեր պատմության նավարկող առագաստանավին հուսալի խարիսխ է պետք։ Գուցե ժամանա՞կն է, որ բազմագույն օրհներգ հնչեցնենք՝ մեր ազգային և պետական ինքնության գերագույն ախտանիշները ախտահանելու ուղղությամբ, ինչն արել և դեռ անելու է ՍՈՆԵՏ 101-ը»։

ԱՅԺՄ Ի ԸՆԹԵՐՑՈՒՄ


Արդեն վաղուց է, որ հիվանդ ես, քեզ խնամքով փաթեթավորում են հիվանդության պատմությամբ, հավատը քեզ լքում է՝ կոչելով երբեմնի զորեղությանը:
Սնանկ ճանաչելով քեզ աճուրդի են հանում, միջնորդները խոստանում են քեզ անմնացորդ իրացնել։ Մարմինդ մասնատված տարվում է, սակայն «հոգիդ ու միտքդ տկար են, հիվանդ, նրանք մեզ պետք չեն» ասելով հեռանում են։
Դու ցնո՞րք ես, պատրա՞նք, եղե՞լ ես, թե՞ կաս ու պիտի լինես, Հայաստան։
(Ներկա Հայաստանը լսու՞մ է այս կոչը)։
Մեհրաբյան ռեժիսորի և նորարարի հավերժ անլուծելի հարցերի պատասխանը նախորդ դարասկզբին փորձում էր գտնել հրեղեն Եղիշը (Չարենց գրական ազգանվամբ) քարագրելով իր գուցե և խենթ ու ալեկոծող որոնումների գլխավոր տողերը․ «Գուցե սուտ է Նաիրին,Նաիրին չկա... Գուցե հուշ է միայն,-ֆիկցիա, միֆ։-ՈՒղեղային մորմոք, սրտի հիվանդություն...»։
Չարենցի մտատանջանքները վերընթերցվում են «Էլեգիա» խորհրդավոր ներկայացման ընթացքում։


Հեղինակային թատրոնի անկանխատեսելի մուտքը ժամանակին տակնուվրա է անում շատերի հոգին և միտքը, գեղարվեստական կաղապարումների գոլ ճահճում բուսած պաշտոնական գեղագիտությանը։ Մեհրաբյանին «բերման են ենթարկում»։
Երևանի քաղաքապետարանի մշակությի վարչության պաշտոնատարների համար անըմբռնելի, նաև վտանգահարույց էին ո՛չ միայն թատրոնի աշխարհայացքը և ձևաչափը, անգամ արտառոց անվանումը՝ ՍՈՆԵՏ 101։
Ռեժիսորը ակամա «լիկբեզի» է ենթարկում պաշտոնատարներին, պարզաբանելով, որ թատրոնի անվանումը բխում է Շեքսպիրի 101-րդ սոնետի բովանդակությունից. «Ճշմարտությունը պետք չէ գունազարդել»։
Թերևս զավեշտի թատրոն հիշեցնող նշյալ հանդիպումից հետո մայրաքաղաքի քաղաքապետարանում սերտում են 101-րդ սոնետը։
(Ռեժիսորի համոզմունքը կարգախոսի է վերածվում․ «Կարևորը ինչն է, ոչ թե ինչպեսը»)։
Կարգախոսին հետևում է բացատրությունը՝ նախնադարում սպանում էին կացնով, 20-րդ դարում ատոմային ռումբով։ Երկու դեպքում էլ մարդ է սպանվում։)
1994 թ. հեռակա կարգով ծանոթանալով ՍՈՆԵՏ 101-ի թատերական փորձարարություններին (դիտելով ներկայացումների տեսագրությունները) կառավարական մակարդակով նորարար ռեժիսորին հրավիրում են Ֆրանսիա։
Արմեն Մեհրաբյանի թատրոնի մուտքը ողջունողներից էր անկրկնելի մշակութային անհատականություն Հենրիկ Իգիթյանը։ Վերջինս մի առիթով խոստովանում է, որ տասն ամիս հյուընկալվել է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում, այցելել շատ թատրոններ, բայց նման երևույթի չի հանդիպել (Իգիթյանը Գերմանիա էր այցելել դեռևս ԽՍՀՄ տարիներին)։

ՌԱԲԻՍԻ ՎՏԱՐՈՒՄԸ


ՍՈՆԵՏ 101-ը վերջերս ստեղծել է թատրոն- ստուդիա, մանուկների և պատանիների համար։ Ռաբիս արժեհամակարգի վտարումը երկրից պետք է սկսել երկրից քաղաքացու ձևավորման վաղ շրջանից։ Սա Արմեն Մեհրաբյանի և նրա համախոհների համուզմունքն է, ինչը, անշուշտ, բխում է ՍՈՆԵՏ 101-ի գաղափարախոսությունից։ Չէ՞ որ մի առիթով նա ասել է․ «Ժամանակները նման գործերի համար բարվոք չեն, այսօր տեղ են տալիս ժամանցային ներկայացումներին, զվարճանքին։ Ես կուզեի մի օր տեսնել իրավիճակային կատակերգություն, ոչ թե կապիկություն»։
Դժվար չէ կռահել ,որ ռեժիսորը այսօր պատրաստում է մի սերունդ, որը չի հաշտվելու «հիվանդ Հայաստանում» ապրելու տխրահռչակ մտքի հետ, չի հաշտվելու իր երկրի այն անփառունակ վիճակի հետ, որը պատկերագրել է ռեժիսորը։

ԴՐՎԱԳՆԵՐ ՄԵՐ ԶՐՈՒՅՑԻՑ


-Պարոն Մեհրաբյան, ՍՈՆԵՏ 101-ի գեղագիտական, իմացաբանական հենքը «Էլեգիա» ներկայացու՞մն է:
-Այո։ Ներկայացման սցենարը, ի դեպ, իմն է։ Անվանումը նույնպես։ «Էլեգիա» հայերեն նշանակում է եղերերգ։
-Եղերե՞րգ։ Գուցե բացե՞նք հոծ փակագծերը։
-Ախտորոշել եմ հայոց հավերժական հիվանդության պատմությունը։ Այն կար և՛ Հին Հռոմի, և՛ Բյուզանդիայի ժամանակներում։ Այն այսօր էլ կա, հիմա էլ Հայաստանը ենթարկվում է գույքագրման։ Վաճառվում է նյութական ամեն բան։ ՈՒ ընդվզում է Հայաստանի ոգին, ասելով՝ ինձ էլ գնեք, քանի որ ոգեղեն արժեքները պետք չեն որևէ մեկին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ․Գ․ Հանդեսը դիմում է մեր օրերի այն գործարար այրաց ու տիկնանց,որոնց համար անպատվաբեր է հայրենիքի հավերժ հիվանդ վիճակը։ Դիմում է,խնդրելով սատարել մեր օրերում ավելի քան պահանջված ՍՈՆԵՏ 101 թատրոնի կայացմանը և անխափան ընթացքին։
Հարգարժան տիարք և տիկնայք,եթե առաջարկը հետաքրքրեց Ձեզ,ապա խնդրում ենք դիմել «Ռոսլին» արվեստի հանդեսի խմբագրությանը։ Մենք սիրով կհյուրընկալվենք այս թատրոնում։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 38311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ