Այսօր մեկնարկել է Դիսնեյի «Սառցե սիրտը» բարեգործական մուլտֆիլմ-համերգների շարքը։ Օսկարակիր մուլտֆիլմը Հայաստանում ներկայանում է նոր ձևաչափով։ Անիմացիոն ֆիլմը ցուցադրվում է մեծ էկրանին‚ իսկ երաժշտական հատվածները հնչում են բեմից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ‚ դիրիժոր` Միխայիլ Գալիկով, մեներգային հատվածները կատարում է երգչուհի Կարինա Ադեգամովան։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տեղեկացրեց‚ որ փոքրիկների համար շատ մեծ ոգևորությամբ են պատրաստել այս նախագիծը‚ որն իրականացվում է Դիսնեյի հետ համատեղ՝ ստանալով վերջինիս պաշտոնական թույլտվությունը‚ ինչը մեծ նվաճում է։ Սերգեյ Սմբատյանը հիշատակեց‚ բոլոր գործընկերներին‚ որոնց շնորհիվ նվագախումբը կյանքի է կոչել այս գեղեցիկ ամանորյա միջոցառումը՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր‚ Sure. օնլայն հարթակ, «Гармония детства» բարեգործական հիմնադրամ և Zapomni ընկերությունների խումբ‚ Mastercard միջազգային վճարման համակարգ:
«Մենք սկսեցինք այս ծրագիրը՝ պատկերացում անգամ չունենալով‚ թե որքան գումար կպահանջվի։ Մենք կենտրոնացրինք մեր ռեսուրսները երեխաներին այս բացառիկ նվերը մատուցելու համար։ Ամենակարևորն այն է‚ որ մենք փոխում ենք միջավայր‚ փոխում ենք երեխաների տրամադրությունը։ Մենք այսօր շատ դժվար իրավիճակ ունենք‚ սակայն երեխաների համար պետք է անենք ամեն ինչ‚ որպեսզի նրանց հաղորդենք դրական էմոցիաներ իրենց սիրած մուլտֆիլմի միջոցով»‚- ասաց Սերգեյ Սմբատյանը։
Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը նկատում է‚ որ երեխաներին‚ հատկապես Արցախյան պատերազմի հետևանքով տուժած երեխաներին պետք է փորձենք տոն պարգևել է‚ քանի որ հեքիաթին հավատալը կբերի վաղվա մեր զարթոնքին։ Պարոն Ղազարյանն ընդգծեց նաև այն փաստը‚ որ այս ծրագրի շնորհիվ երեխաները կարողանում են շփվել բարձր արվեստի հետ։
Համերգները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 27-ը։ Երեխաների համար այս մուլտֆիլմ-համերգներն անվճար կազմակերպելու նպատակով իրականացվում է դրամահավաք kids.sure.so հարթակի միջոցով, որտեղ նվիրաբերված միջոցները հրավիրատոմսերի տեսքով բաշխվում են համայնքների ղեկավարներին` երեխաներին փոխանցելու համար: Դեռևս նշված առցանց հարթակից տոմս գնելու և այս նախաձեռնությունից օգտվող երեխաների թիվը մեծացնելու հնարավորություն կա։