Համավարակն ու պատերազմը բնականոն հունից շեղեցին ամեն ինչ։ Մշակութային շատ իրադարձություններ, այդ թվում՝ ամենամյա միջոցառումներ, չեղարկվեցին, հետաձգվեցին կամ վերափոխվեցին։ Պատերազմի օրերին Կինոյի տանը Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում ցուցադրվում էին հայ ռեժիսորների նկարահանած ֆիլմերի համահայկական առաջնախաղեր։ Ցուցադրությունները բացառապես տոմսերով էին, և գոյացած ողջ հասույթը փոխանցվում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին։ Նախագծի գործընկերներ IDBank-ն ու Idram-ը եռակողմ հուշագիր էին կնքել «Ոսկե ծիրանի» հետ, որի արդյունքում երկու կառույցները հիմնադրամին կփոխանցեն նույնքան գումար՝ կրկնապատկելով նվիրատվությունը։
Մշակույթ, քաղաքականություն, կինո ու պատերազմ. այս համատեքստում է մեր զրույցը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ։
-Նոյեմբերի 1-8-ին ոսկեծիրանյան «Նվիրում Արցախին» նախագծի շրջանակում ներկայացվում էին արցախյան թեմայով ֆիլմեր։ Ինչպե՞ս է կատարվել ֆիլմերի ընտրությունը։ Պատերազմի ընթացքով պայմանավորված՝ շա՞տ եք շեղվել նախատեսված ծրագրից։
-Շատ քիչ է եղել շեղում հիմնական ծրագրից։ Թեև ոչ հաճելի զուգադիպությամբ, բայց այնպես է ստացվել, որ փառատոնի այս տարվա շատ ֆիլմեր, այս կամ այն կերպ, կապված էին Արցախի հետ՝ պատերազմյան և ոչ պատերազմյան համատեքստում: Այսինքն, այդ ֆիլմերը, այսպես թե այնպես, պետք է ցուցադրվեին։ Պարզապես, երբ սկսվեց պատերազմը, և հարցականի տակ էին փառատոնի անցկացման միտումը, անհրաժեշտությունն ու արդարացված լինելը, որոշեցինք այդ խնդիրը հաղթահարել ծրագրերի վերակազմակերպմամբ։ Ֆիլմերը, որ պետք է ընդգրկվեին տարբեր ծրագրերում, միավորեցինք մեկ ցուցաշարի մեջ՝ մեկ ծրագրում, կոչեցինք «Նվիրում Արցախին»՝ միանալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին։ Այսպիսով, կինոդիտողի համար կինո գնալը դարձավ ոչ թե հանդիսանք, ինչը անհապատասխան էր այդ օրերին, ինչ-որ առումով նաև անընդունելի, այլ արտահայտչաձև՝ կինոյի միջոցով միանալու այն գործին, ինչով զբաղված էր յուրաքանչյուրս։ Դրան զուգահեռ կազմակերպվեց նաև պատերազմի և խաղաղության թեմայով պաստառային աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Տոմսերի վաճառքից, վաճառվող աշխատանքներից գոյացած ողջ հասույթը փոխանցվեց համահայկական հիմնադրամին։
-Հաջորդ երկու շաբաթներին ցուցադրությունները շարունակվեցին «Կինոպարկում» և «Սինեմասթարում»՝ «Աջակցություն կինոթատրոններին» նախագծի շրջանակում։ Սա նու՞յնպես նոր ձևաչափ էր։
-«Կինոպարկում» և «Սինեմասթարում» ներկայացվել են փառատոնի մրցութային ծրագրերով նախատեսված ֆիլմերը։ Ֆիլմերի ընտրությունը նախապես է կայացել, ձեռք է բերվել նաև միջազգային հեղինակավոր կինոփառատոներում մրցանակների արժանացած ֆիլմերի ցուցադրության իրավունք։ Ափսոս էր դրանք չեղարկելը։ ՈՒ քանի որ համավարակով պայմանավորված, կինոթատրոններն ունեին կինոցանկի խնդիր, մենք նրանց ապահովեցինք խիտ ֆիլմացանկով, միաժամանակ կյանքի կոչելով «Ոսկե ծիրան» 2020-ի մրցութային ծրագրերը։
-Փորձե՞լ եք օգտագործել փառատոնի հեղինակությունը, նշանավոր արվեստագետների հետ կապը՝ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու նպատակով Արցախի դեմ սանձազերծած թուրք-ադրբեջանական ագրեսիային։
-Մինչև փառատոնի սկսվելը միջադեպ եղավ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի առնչությամբ։ Մոսկվայի 42-րդ կինոփառատոնում ընդգրկված Արցախի մասին այս ֆիլմը, քաղաքական նկատառումներով, հանվեց ծրագրից։ Հենց այդ ժամանակվանից մենք սկսեցինք ձայն բարձրացնել, կինեմատոգրաֆիստների միության, կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի, ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ դիմեցինք միջազգային կինոհանրությանը և հենց Մոսկվայի կինոփառատոնին։ Եթե վերջնարդյունք համարենք ֆիլմի վերականգնումը կինոփառատոնում, դա տեղի չունեցավ։ Բայց մեզ հաջողվեց ձայն բարձրացնել, ուշադրություն հրավիրել խնդրի վրա, ինչն ուղղակիորեն առնչվում էր նաև արցախյան հարցին։ Հետո արդեն մշակույթի ու արվեստի գործիչները միավորվեցին և կոչ հնչեցրին՝ ի պաշտպանություն Արցախի ու Հայաստանի։ Նրանց թվում էին նաև կինոգործիչներ, որոնք ընդհանուր այդ գործին միացան «Ոսկե ծիրանի» կապերի միջոցով։ Հասկանում ենք, որ այդ ձայները աշխարհաքաղաքական դրությունը փոխել չեն կարող, բայց կարևոր են այն իմաստով, որ մենք ճանաչեցինք այն նշանավոր արվեստագետներին, որոնք, երկկողմանի զսպվածության կոչեր անելու փոխարեն (ինչպես ընդունված է), դատապարտեցին թուրք-ադրբեջանական ագրեսիան։
-Երբ Ջիվան Ավետիսյանի ֆիլմը հանվեց փառատոնից, քննադատաբար մատնանշվեց այն, որ Մոսկվայի կինոփառատոնի ցուցադրության ծրագրերի ղեկավար Կիրիլ Ռազլոգովը «Ոսկե ծիրանի» մշտական հյուրերից է։ Ինչպե՞ս եք բացատրում ռուս կինոգետի այս մոտեցումը։
-Ռազլոգովը որոշիչ դերակատարում չի ունեցել այս դեպքում, ընդհակառակը, նա է ընտրել այդ ֆիլմը ցուցադրության համար և դուրս է թողել պետական ատյանների որոշմամբ՝ խուսափելու համար կինոթատրոնը նյարդային այդ օրերին ազգամիջյան կոնֆլիկտի հարթակ դաձնելու վտանգից։ Հանդիսատեսների շրջանում լինում էին և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ կարող էր տեղի ունենալ։ Իհարկե, մենք համոզված ենք, որ կար այլընտրանքային լուծում։ Օրինակ, կարող էին ֆիլմը, անվտանգության նկատառումներից ելնելով, չհանել ծրագրից, բայց առցանց ցուցադրել, կամ առհասարակ չցուցադրել, բայց պահպանել վերնագիրը, որպեսզի այն մնար կինոփառատոնի պատմության մեջ, որպես ծրագրում ընդգրկված ֆիլմ։ Սակայն ընտրվեց ամենաոչկոնֆլիկտային տարբերակը, որը, սակայն, վիրավորական էր հայկական կողմի համար։ Այստեղ կան որոշակի հարցեր, որ կարելի է ուղղել Ռազլոգովին, բայց ամենակարևոր հարցը՝ ֆիլմը դուրս հանելու որոշումը, Ռազլոգովինը չէր։
-«Ոչկոնֆլիկտային» որոշման արդյունքում «Դրախտի դարպասը» դարձավ աղմկահարույց, արգելված ֆիլմ։ Փառատոնային կյանք ունենալուն այս հանգամանքը կարո՞ղ է խոչընդոտել։ Առհասարակ, փորձ արվելու՞ է ֆիլմը ներկայացնելու այլ հարթակներում։
-Իհարկե, հնարավոր է ներկայացնել, բայց այս ընթացքում և՛ ես, և՛ Ջիվանը Արցախում էինք, զբաղված էինք ավելի շատ պատերազմական գործողություններով, հետագա փառատոների մասին խոսելու առիթ չի եղել։ ՈՒրիշ փառատոներում ներկայացվելուն մոսկովյան փառատոնի միջադեպը չի կարող խոչընդոտել, նույնիսկ կօգնի՝ որպես արգելված ֆիլմ հետաքրքրության կարժանանա։ Այս հանգամանքը հետագայում էլ, Ջիվան Ավետիսյանի հաջորդ ֆիլմերն ընտրելիս, որոշ փառատոներ կդիտարկեն ու հաշվի կառնեն։
-Մեր երկրում կատարված շրջադարձային իրադարձություններից հետո «Ոսկե ծիրանը» վերանայելու՞ է իր քաղաքականությունը՝ թուրքական ֆիլմերի մասնակցության առումով։
-Այս տարիների ընթացքում, երբ փառատոնը հյուրընկալել է թուրք արվեստագետների, ներկայացրել նրանց աշխատանքները, հաշվի է առել նրանց հայացքները։ Երկխոսությունը եղել է այն կինոգործիչների հետո, որոնք այլախոհ են, դատապարտում են Ցեղասպանությունը, էրդողանական քաղաքականությունը կամ թուրքական կայսերական նկրտումները։ Այսինքն, դրանք հաճոյախոսություններ չեն եղել Թուրքիայի հասցեին, այլ երկխոսելու փորձ մեզ համար կարևոր մտավորականների հետ, մեր տեսանկյունից, կարևոր հարցերի շուրջ։ Սակայն դա բնավ չի նշանակում, որ իրավիճակը, որում հիմա մենք ապրում ենք, հաշվի չի առնվելու և որոշակի եզրակացություններ չեն արվելու։
-Մեր ապրած պատերազմը, Արցախյան հիմնահարցի նոր ընթացքը արտացոլվելու են ամեն ինչում։ Ըստ այդմ՝ փոփոխություններ սպասվու՞մ են փառատոնում՝ նոր շեշտադրում, նոր թեմաներ, նոր ծրագրեր։
-Որոշ մտորումներ եղել են այդ հարցի շուրջ։ Կան ծրագրեր, որ անփոփոխ են՝ մրցութային ծրագրերը, երևանյան պրեմիերաները և այլն։ Կան նաև ծրագրեր, որ ավելի ճկուն են՝ ստեղծվում են օրակարգի արդյունքում, ինչպես եղավ այս տարի։ Մյուս տարի հետապատերազմական շրջան է ստացվում, որը նույնպես ինչ-որ կերպ պետք է արտացոլվի փառատոնի ծրագրերում։ Ժամանակ է պետք՝ համադրելու, ընդհանրացնելու համար, որ հասկանանք՝ ինչպես պետք է այդ ամենը ներկայացվի փառատոնի ժամանակ։ Իսկ որ ներկայացվելու է, դրանում վստահ եմ։
Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ