«Հնարավորությունը միայն դիմելն է, ֆունկցիոնալ առումով անդամահատված ենք»
13.11.2020 | 01:49
Ի՞նչ ճակատագիր է սպասում մեր բանտվող հնամենի եկեղեցիներին ու հուշարձաններին։ Սոցցանցերում թե՛ մասնագետները, թե՛ մտահոգ անձինք հարցը բարձրացնում են, պատասխան ակնկալում, հորդորում՝ փրկել, ինչ հնարավոր է։ Մի կողմից՝ պատմությունը կտրել-բերելով կորցնում ենք մշակութային հետքերը, մյուս կողմից՝ Նախիջանի հուշարձանների (և ոչ միայն) օրինակով գիտենք՝ ինչի են ընդունակ ազերիները, ու հարկ եղած դեպքում որքան լուռ ու անտարբեր են միջազգային համապատասխան կառույցները։ Գուցե լուռ, համակարգված ու խելամիտ գործելու կարիք կա նաև քաղաքական խնդիրներից խուսափելու համար։ Թեև, երբ գիտես, որ օրերի, ժամերի ընթացքում կորցնում ես ամեն ինչ, դժվար է խուճապին չտրվելը։
Խնդրի առնչությամբ զրուցել ենք ԿԳՄՍ նախարարի տեղեկալ ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ հետ։ Պարզեցինք, որ գրություններ են պատրաստում, ուղարկելու են և՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, և՛ առանձին դեսպանություններ։ «Եվրոպական մի շարք երկրներում կան պատմամշակութային հուշարձանների պահպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ, որոնք պատրաստ են գալու, տեղում իրավիճակը գնահատելու, մոնիթորինգ, չափագրումներ անելու (թեև այդ 5 հազար հուշարձանների չափագրումներն արված են),- ասաց Նարինե Խաչատուրյանը,- Բայց պիտի հասկանանք, որ Ադրբեջանը պետք է իր թույլտվությունը տա, ցավոք սրտի։ Մեր կամ մեր բարեկամ երկրների մասնագիտական խմբերի ցանկությամբ չի կարող լուծվել հարցը։ Ամեն դեպքում, ինչ մեզնից կախված է, մենք կանենք, անշուշտ նաև արտաքին գործերի նախարարության խողովակներով»։
Մի գրություն էլ պատրաստվել է վեհափառի գիտությամբ, որը կուղղվի տարբեր երկրների բարեկամ մտավորականներին, գիտնականներին, հատկապես Ռուսաստանի, որ նրանց խաղաղապահները ինչ-որ առումով ստանձնեն նաև հուշարձանների անվթարության երաշխավորությունը։ Եվ դա կանեն կոնկրետ անձանց միջոցով, ասենք, Պիոտրովսկուն դիմելով, որովհետև նրա ձայնը լսելի է։
Ի՞նչ կարող ենք անել, եթե, չնայած միջնորդություններին, կոչերին, վնասվեն հուշարձանները կամ անթույլատրելի գործառույթներ իրականացվեն մեր եկեղեցիներում, մշակութային օջախներում։ Մեր զրուցակիցն ասաց, որ հնարավորությունը միայն դիմելն է, ֆունկցիոնալ առումով իրենք անդամահատված են։
«Արդեն իսկ այսօր տարածվեց մի լուր, որ Շուշիում եկող տարի պատրաստվում են կերակուրների միջազգային փառատոն կազմակերպելու։ Շրջանառվեց նաև մի կեղծ տեղեկություն, թե Դադիվանքը ալբանական է։ Նման դեպքերում պետք է պատասխանեն մեր գիտնականները՝ մասնագիտորեն հիմնավորելով պատմական իրողությունը»,- ասաց նախարարի տեղակալը։
Ստացվում է՝ անելիք ունենք։
«Անելիք ունենք, բայց մեր ձեռքերն ու ոտքերը կապված են, մեր անելիքը թուղթ գրելն է ու որոշակի լոբինգ անելը, բայց կոնկրետ քայլ անել չես կարող, որովհետև անմատչելի են դառնում արդեն Քարվաճարը, Քաշաթաղը և այսպես շարունակ»,- ցավով ընդգծեց մեր զրուցակիցը։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ