Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ինքս իմ գրածների հանդեպ անհանդուրժող եմ, ինչո՞ւ պիտի բարեհաճ լինեմ այլոց խզբզոցների նկատմամբ»

«Ինքս իմ գրածների հանդեպ անհանդուրժող եմ, ինչո՞ւ պիտի բարեհաճ լինեմ այլոց խզբզոցների նկատմամբ»
25.09.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրը գյումրեցի բանաստեղծ ԳԵՎՈՐԳ ԹՈՒՄԱՆՅԱՆՆ է:


-Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում քիչ թե շատ աշխուժացել է գրական կյանքը (ինչը գուցե և կապ չունի Երևանի «տիտղոսի» հետ): Գրական միջոցառումները նոր որակ, նոր ձևաչափ են ստացել, մարդաշատ են, նշվում են գրախանութներում, այգիներում, ձևավորվում են գրական տարաբնույթ ակումբներ և այլն: Այս առումով` ինչպիսի՞ն է պատկերը «հայրաքաղաքում»:
-«Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ասվածը լոկ սիրտ շահող, ականջին հաճելի ձևակերպում է: Ակումբների մասին չեմ լսել` ոչինչ չեմ կարող ասել: Իսկ Գյումրիում ամեն ինչ «հրաշալի» է. գեղարվեստական գրականության համար չնախատեսված երկու գրախանութ, երեք զառամյալ և փոշեկոլոլ գրադարան, մի հազար ընթերցող, տասը բանաստեղծ (տասը հաստատուն թիվ է արդեն մի տասնհինգ տարի) և, ժամանակ առ ժամանակ, գրական միջոցառումների հանպատրաստից ձևականություն:
-Գրքի շնորհանդեսն աստիճանաբար վերածվում է շնորհանդես-վաճառքի: Նվիրելու դեպքում գիրքը գոնե ընթերցող է ունենում, իսկ վաճառքի դեպքում ի՞նչ է մնում գրողին: 500 օրինակով տպագրվող գրքերից քանի՞սն են վաճառվում:
-Շնորհանդես-վաճառքը, ըստ իս, լավ գաղափար է: Մի քանի տարի առաջ շնորհանդեսները սկզբում հերթական դատարկ խոսքերի տեղատարափ էին, միջնախաղում վերածվում էին գինեձոնի, իսկ վերջում` կերուխումի: Ի միջի այլոց, Գյումրիում մինչև հիմա էլ այդպես է: Շուտով Երևանում լինելու է իմ գրքի շնորհանդեսը: Վաճառքից անմիջապես հետո ոչինչ չի մնալու ինձ. ես հրատարակչության հետ նախօրոք պայմանագիր եմ կնքել և գրքի ամբողջ տպաքանակի սպառման դեպքում կստանամ որոշակի գումար, իհարկե ոչ մեծ, նշանակալի գումար, բայց, համենայն դեպս, գումար: Լսել եմ, որ առավելագույնը վաճառվում է մոտ հարյուր գիրք կամ մի փոքր ավելի:
-Գիրքը նյութակա՞ն, թե՞ հոգևոր արժեք է: Գրքի բիզնես ասվածին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Չմոռանանք, որ գիրքը նաև առարկա է, և յուրաքանչյուր առարկայի նման այն պետք է պատրաստվի, այսինքն` գրքի դեպքում հրատարկվի մեծ սիրով, նվիրվածությամբ և պատասխանատվությամբ: Ամերիկաներում ու եվրոպաներում վաղուց գրքի բիզնեսը կայացած և եկամտաբեր գործ է, որը, ինչ խոսք, ձեռնտու է նաև գրողին: Բայց այնքան էլ միամիտ չլինենք, կարծելով, թե այնտեղի բոլոր գրողներն իրենց գրքերի վաճառքից վաստակում են մեծ գումարներ: Հայաստանում այդ ուղղությամբ որոշակի բաներ նշմարվում են, իսկ հետագայում ավելի լավ կլինի: Իսկ այն, որ գիրքը հոգևոր արժեք է, հայտնի է վաղուց:
-Ավագ սերնդի «բաժակաճառերից» մեծապես դժգոհող նոր սերնդի գրականագետներն ի՞նչ են առաջարկում փոխարենը:
-Միանշանակ այդպես չէ. ավագներից ոչ բոլորն են բաժակաճառ ասում, թեպետ հիմա այլ բան չեն էլ ասում: Ժամանակին ինձ դուր է եկել այն, ինչ անում էր Ալեքսանդր Թոփչյանը: Նրա վերլուծական և անաչառ խոսքի շնորհիվ, կարելի է ասել, ձևավորվեց և կայացավ վաթսունականների բանաստեղծ սերունդը: Ինձ համար միշտ բարձր և առինքնող չափանիշ են եղել և ե՛ն Հակոբ Մովսեսի գրականագիտական աշխատությունները, նույնիսկ հարցազրույցները: Մեր սերնդի մեջ Հակոբ Մովսեսի նման խոսքի մշակույթով և վերլուծությամբ առանձնացող ո՛չ բանաստեղծ կա, ո՛չ բեղմնավոր թարգմանիչ, ո՛չ էլ համաշխարհային գրականության խորքերը պեղող տեսաբան: Հետաքրքիր են նաև Հենրիկ Էդոյանի, Արտեմ Հարությունյանի վերլուծություններն ու հոդվածները: Գրավիչ են Վարդան Ջալոյանի բոլորովին ոչ ավանդական գրականագիտական մոտեցումով գրված հոդվածները: Մեր սերնդի լավագույն գրականագետներից են Արքմենիկ Նիկողոսյանը, Հասմիկ Հակոբյանը, Գոհարիկ Աքելյանը, Ալլա Խառատյանը և այլք, որոնք բոլորն էլ առաջնորդվում են թոփչյանական առաքելությամբ: Արքմենիկը և Հասմիկը նաև ամսագիր և գիրք են խմբագրում. դա գրականագիտական աշխատանք չէ՞, երբ ընթեցողին այլ կերպ ես ասում, թե ժամանակակից գրականության մեջ ինչ կա-չկա: Ինձ համար ընդունելի է և հոգեհարազատ ստեղծագործող գրականագետի տեսակը: Այն գրականագետի, որը կարող է ընդամենը բանաստեղծական մեկ տողի զարմանահրաշ վերլուծությամբ ընթերցողին ճանաչելի և շոշափելի դարձնել զվարթ գիտության գաղտնատեսական օրինաչափությունը և բացարձակորեն ճշգրիտ բնազանցությունը:
-Facebook-ում «Օրվա բանաստեղծություն» խումբ ունեք, ուր գրականության սիրահարներն ու գրողները իրենց գործերն են տեղադրում (կամ սիրած գործերը): Ինչպե՞ս եք գնահատում ֆեյսբուքահայության բանաստեղծական ճաշակը:
-Խումբը ստեղծվել է յոթ ամիս առաջ: Նպատակներից են` ընթերցողին վերջապես պարտադրել իսկական, ընտիր բանաստեղծություն, հայտնաբերել նոր անուններ, օգնել նրանց, ստեղծագործությունները վերլուծել և այլն, հանիրավի մոռացված և մոռացվող բանաստեղծներ ունենք` նրանց լուսաբանել, անցկացնել գրական խաղեր և մրցույթներ: Ֆեյսբուքահայության բանաստեղծական ճաշակի երանգապնակը բավականին խառնիճաղանջ է` անճաշակության երանգներից սկսած մինչև ընտիր գրականության սահմանները տեսանող հայացք:
-Մեր ժողովուրդը սիրում է գրել, բոլորն էլ քիչ թե շատ բանաստեղծ են, չգիտեմ ուրիշ երկրներում ոնց է: Կարծես, «վատ» տողի նկատմամբ «յուրահատուկ» վերաբերմունք ունեք, երբեմն շատ կոպիտ եք արձագանքում:
-Լավ էլ նկատել եք` բոլորն են գրում: Ոմանք իրենց խզբզանքը գրականություն համարելու մեծ հավակնություններ ունեն: Առաջ թուղթն էր ամեն ինչ հանդուրժում, հիմա` համացանցը: Պատկերացնենք, որ գիրք տպելը ջուր խմելու պես բան լիներ` օրական տասնյակից ավելի անիմաստ և փուչ գրքեր լույս կտեսնեին: Եվ լավ է, որ գոնե համացանցը մերօրյա «հանճարներին» արտահայտվելու, իրենց անզուգական եռանդը մաշեցնելու հնարավորություն է տալիս: Ֆեյսբուքում այլազան ճաշակները բավարարող խմբեր կան` ամեն մեկը պետք է արդեն իմանա, թե իր գրածը որտեղ հրապարակի: Բայց ոմանք իրենց գլուխգործոցները մի քանի խմբերում «ռասկրուտկա» են անում և մեծ ակնկալիքով սպասում, թե ինչ կասեն մյուսները, կամ քանի «լայք» կհավաքեն: Հենց այդտեղ էլ նրանք կարծես թակարդն են ընկնում, երբ մեծ սպասումով և խելացնորությամբ մի քանի գործերով շնչահեղձ են անում «Օրվա բանաստեղծություն» խումբը: Ես ինքս իմ գրածների հանդեպ անհանդուրժող եմ` ինչո՞ւ պիտի բարեհաճ լինեմ այլոց խզբզոցների նկատմամբ: Առաջ չբանաստեղծությունները խմբից չէի ջնջում` մտածելով, որ կվիրավորեմ դիմացինին, և արդյունք չտվող բանավեճն անիմաստորեն կարող էր երկարաձգվել. հիմա պարզապես հեռացնում եմ:
-Հե՞շտ են ծնվում բանաստեղծությունները:
-Դա երկրորդական խնդիր է. կան բանաստեղծություններ, որ ծնվում են դյուրին, և կան, որ ոչ: Բայց միշտ էլ, անընդհատ բոլորին անդրադառնում եմ:
-Ձեր գործերը առաջին հայացքից կարող են պարզ թվալ, բայց իրականում կյանքին նայում եք խորքից, մի քիչ վերևից, մի քիչ հեգնանքով: Ճի՞շտ եմ նկատել:
-Չէ, հաստատ վերևից չեմ նայում: Հեգնանքը և գրոտեսկը կան, բայց կա նաև մաքուր ապրումը:
-Պոետիկ տողի անկեղծությանն այնքան ենք հավատում, որ նույնացնում ենք բանաստեղծին ու տողը:
-Պոեզիան և կյանքը ինձ համար անքակտելի երևույթներ են: Գրում եմ այնպես, ինչպես ապրում եմ, և ապրում եմ այնպես, ինչպես գրում եմ: Դրանք նույն բանն են:
-«Չեմ դժգոհում` ինքս ինձ հետ եմ» («Անքնություն»)։ Անքնությունից չե՞ք դժգոհում:
-Ես չեմ սիրում շատ քնել` օրական 5-6 ժամ:
-Ո՞րն է ավելի անտանելի, մենակությո՞ւնը, թե՞ երբ ինքդ քեզ հետ մենակ լինելու ժամանակ չես ունենում:
-Առաջ, երբ ջահել էի, մենությունն անտանելի էր: Հիմա, հաճախակի, մենանալու կարոտ եմ քաշում, մանավանդ բնության մեջ մեկուսի լինելու ցանկությունն անդադար զնգզնգում է իմ մեջ:
-«Հավանականությունների տեսությունը» որքանով է հավանական մաթեմատիկայում և կյանքում, էլ չասեմ` Ձեր պոեզիայում:
-Պոեզիան նույն մաթեմատիկան է և` հակառակը: Ինչպես ասում է Պուշկինը` «Պոեզիայում, ինչպես երկրաչափության մեջ, անհրաժեշտ է ոգեշնչում»:
-Իսկ «քաղաքայի՞ն» տեսությունները: Օրինակ, Գյումրիում քաղաքապետին նվիրված Ձեր ձոնն անարձագա՞նք է մնացել։ Ոչ ոք չի՞ խլացնում ազատության (գրողի) ձայնը:
-Ընկերներս կեսկատակ-կեսլուրջ ասում են, որ այդ շարքը մարգարեական է և աստիճանաբար կատարվում են նրանում արծարծված եղելությունները: Արձագանքները շատ են և տարաբնույթ. ոմանք նույնիսկ խիստ անհանգստացած են իմ կյանքի համար: Ինչևէ, ինձ հետ դեռ ոչ մի վատ բան չի պատահել, քաղաքապետն էլ գահընկեց է արվել: Եթե թողնեին, որ նա նորից վերընտրվի, հնարավոր է, որ ես դեպքերի այլ զարգացումների ականատեսը և մասնակիցը լինեի:
-Աղմկո՞տ քաղաք է Գյումրին: Քաղաքապետը «աղմկահարույց» է, Մինասի գործերը` նույնպես, Վանյանի ակցիաները` առավել ևս…
-Գյումրին միշտ անկանխատեսելի է: Յուրահատուկ քաղաք է. ինքնահավան, դաժան, ծաղրող, բայց նաև` ուրախ, մարդամոտ, բայց նաև` քրեականացված, գողական գնացող, բայց նաև` հյուրասեր, հյուրամեծար, բայց նաև` կեղծ արժեքներ դավանող, կեղծ թասիբի հետևից վազող, բայց նաև` գնահատող։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ