38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Բոհեմական»

«Բոհեմական»
22.04.2024 | 06:55

Հեռվից տեսա, որ Հրաչյա Սարուխանը մի անծանոթ երիտասարդի հետ նստած է «Առագաստ» (Պապլավոկ) սրճարանի «տախտակամածի» սեղաններից մեկի մոտ. հնարավոր չէր, որ Իսահակյան փողոցով անցնեիր և «Առագաստում» ոչ թե մեկ, այլ մի քանի, երբեմն՝ մի քանի խումբ ընկեր-ծանոթ չհանդիպեիր:

Երբ մոտեցա՝ Հրաչն ինձ ծանոթացրեց սեղանակցի հետ և ասելով, որ կարևոր հանդիպում ունի, արագ հեռացավ: Ես «իմ կողմից» մի երկու շիշ գարեջուր և երկու բաժակ սուրճ վերցրած նորից մոտեցա սեղանին:

Թուխ դեմքով և գանգուր մազերով անծանոթը դարձյալ կրկնեց անուն-ազգանունը՝ Ռոմիկ Սարդարյան և հարցական նայեց ինձ: Ես նոր հասկացա, որ ստուգում է, թե ինձ իրո՞ք ծանոթ չէ իր անունը:

Ի՞նչ կարող էի անել՝ չէի լսել: Լսած կլինեի՝ եթե «Ավանգարդ» թերթի մշտական ընթերցողը լինեի, որովհետև այդ թերթում Ռոմիկը գրել էր մեկը մյուսից «պրոբլեմատիկ» ու փայլուն հոդվածներ:

Իսկ հիմա, Ռոմիկի ասելով, հեռուստատեսության լրատվական ծառայությունը ոտքի կանգնեցնելու համար Ստեփան Պողոսյանի նախաձեռնությամբ «Ավանգարդից» այնտեղ են տեղափոխվել Վյադիմիր Մուրադյանը (գլխավոր խմբագիր), Ռոմիկ Սարդարյանը ( տնտեսական հատվածի նյութերի պատասխանատու) և Արևշատ Ավագյանը (մշակութային ոլորտի նյութերի պատասխանատու):

«Ես իմն ասացի, ինքն իրը պատմեց», և մի քանի ժամում կարգին մտերմացանք (Հրաչն այդպես էլ չեկավ, Ռոմիկն ասաց՝ աղջկա «հաշիվ» է), այնքան, որ նոր ընկերս, իմանալով, որ ասպիրանտուրա չընդունվելուց հետո մոտ երկու ամիս է, ինչ Երևանում անգործ թափառում եմ, երկուշաբթի հրավիրեց Նորք, հեռուստատեսություն, որտեղ կարող է հանկարծ մի գործ ճարվել:

Գնացի: Ճարվեց, բայց լուսավորողի «չարքաշ» գործ. Մուրադյանը խոստացավ, որ ամենաշատը երեք ամսից ես խմբագրի (այդպես էին անվանում գրական աշխատողին) հաստիք կզբաղեցնեմ: Այդպես էլ եղավ:

Ավանգարդցիների թիմը շատ վճռական էր տրամադրված: Շատ չանցած խմբագրության աշխատողների միջին տարիքը 25-ից չէր անցնում, և նրանք ամբողջ ուժով գործի էին լծվել:

Ռոմիկը, որ ամենաջահելներից հազիվ 1-2 տարով էր մեծ, նրանց և´ ուսուցանում էր, և´ տեքստերն ուղղում, և´ թեմա հուշում: Կարճ ժամանակում նա տիրապետել էր հեռուստատեսության տեխնիկական նրբությունները, և քանի որ ստեղծագործական անսպառ երևակայություն ուներ, տեղին խորհուրդ կարող էր տալ թե´ օպերատորին, թե´ ռեժիսորին:

Բայց Ռոմիկն, իհարկե, նախ և առաջ և ուղնուծուծով բանաստեղծ էր: Երբ աշխատանքից հետո «սարից իջնում էինք քաղաք» և հանգրվանում որևէ սրճարանի հարմարավետ անկյունում, նա շարունակում էր մեր խմբի առաջնորդը լինել:

Շատ կարդացած էր և հիմա էլ կարդում էր, ուսումնասիրում մեծ գրողների ստեղծագործական «խոհանոցը», հաճույքով արտասանում էր սեփական գործերը. փաստորեն մեր աչքի առաջ ամբողջանում էր նրա առաջին գիրքը՝ «Վայրկյանների երգը»:

Երբեմն մեր գրպանի պարունակությունն ավելի շուտ էր վերջանում, քան խմիչքի ծարավը՝ հագենում:

Ռոմիկը մեկ անգամ էլ հայացքով «պանորամա» էր անում մեր դեմքերի վրայով և համոզվում, որ ամեն մեկս սեղանին է դրել իր վերջին կոպեկը, նույնիսկ ուշ գիշերը տաքսիով տուն հասնելու ճմրթած ռուբլիանոցը:

Այդ ժամանակ թնդում էր նրա ձայնը.

-Կարո´, պիստոնչիկդ:

Կարոն փորձում էր ինչ-որ բան բացատրել.

-Ախր Ռո´մ ջան…

Բայց Ռոմիկն անխնա էր հատկապես իր ղափանցի հայրենակցի նկատմամբ.

-Պիստոնչի´կդ…

Կարոն ճարահատյալ վեր էր կենում, ձեռքը տանում տաբատի փոքրիկ գաղտնագրպանը և հանում մի հատ հինգանոց կամ նույնիսկ տասանոց:

Դա նշանակում էր, որ կարելի է ամբողջովին թարմացնել սեղանը՝ շշերով հանդերձ…

Այսպես, Ռոմիկ Սարդարյանի «թեթև ձեռքով» ես հայտնվեցի հեռուստատեսության «ջրապտույտում», և երբ մեկ էլ աչքս բացեցի՝ անցել էր… 35 տարի:

Կարլ Յալանուզյան

Դիտվել է՝ 8445

Մեկնաբանություններ