ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բերանը սրտի ավելցուկից է խոսում

Բերանը սրտի ավելցուկից է խոսում
10.06.2008 | 00:00

«ՉԿԱ՛Ն ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՔԱՂ-ԲԱՆ-ՏԱՐԿ-ՅԱԼ-ՆԵ՛Ր»

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ (ՀՀ գլխավոր դատախազ)

-Պարոն Հովսեփյան, նախագահական ընտրություններից հետո, որպես օրինաչափություն, նախագահը համաներում է հայտարարում։ Ըստ Ձեզ` սպասվո՞ւմ է նման բան:

-Համաներումը նախագահի լիազորությունների մեջ է մտնում, և ես չեմ կարող ասել` նա ինչպես կվարվի, ինֆորմացված չեմ:

-Իսկ ի՞նչ եք կարծում. Հայաստանը մինչև հունիսի 20-ը կկատարի՞ ԵԽԽՎ բանաձևի պահանջները, մասնավորապես քաղբանտարկյալներին առնչվող:

-Քաղբանտարկյալներ մեր երկրում չկան:

-Իսկ Ալիկ Արզումանյա՞նը, Արշակ Բանուչյա՞նը, Արարատ Զուրաբյա՞նը, Շանթ Հարությունյա՞նը...

-Չը-կա՛ն մեր երկրում քաղ-բան-տարկ-յալ-նե՛ր:

-Բա իրենք ի՞նչ են ¥էստեղ պարոն Հովսեփյանը զարմացավ մեր «անհասկացողության» վրա, «առգրավեց» մեր ձայնագրիչը և սկսեց անձամբ ինքն իրեն ձայնագրել¤:

-Ես նորից եմ Ձեզ ասում` չկան մեզ մոտ քաղբանտարկյալներ. որևէ փաստաթղթում չկա արձանագրում, որ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ գոյություն ունեն, հասկացա՞ ք:

-Լրիվ (պարոն Հովսեփյանը գոհ-երջանիկ` հետ վերադարձրեց ձայնագրիչը և արագ մտավ նիստերի դահլիճ):


«ՊԵՏՔ Է ՊԱՐԶԵԼ` ԱՐԴՅՈՔ ԻՐԱՎԱՉԱ՞Փ ԷՐ ՀՐԱՄԱՆԸ»

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)

-Պարոն Հարությունյան, այնուհանդերձ, անկեղծ լինենք ու ասենք, որ «օմբուդսմենի շուրջ» քննարկումների ենթատեքստը հետևյալն էր` մարտի 1-ի դեպքերի հիմնական պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է։ Դրան էին միտված նաև մի շարք պատգամավորների, ասենք, Վիկտոր Դալլաքյանի շատ ուղղակի հարցերը: Դուք նման բան նկատեցի՞ք:

-Բնական է, որ նման քաղաքական հարցադրումներ կարող էին լինել, սակայն ես չեմ կարծում, թե օմբուդսմենի զեկույցն այդ տենդենցի վրա էր կառուցված: Ամենևին: Օմբուդսմենը փորձ արեց խուսափել այդ հարցից, և շատ արդարացիորեն: Նրա զեկույցի հարցադրումներն անմիջականորեն վերաբերում են մարդու իրավունքներին, և փորձ է արվում ներկայացնել, որ մարդու իրավունքների ոչ լիարժեք գործադրումն է Հայաստանի Հանրապետությունում հանգեցրել հասարակության բևեռացման, ինչի արդյունքում էլ տեղի ունեցավ մարտի 1-ը:

-Բոլոր դեպքերում հրաման տվողը մեկն է, չէ՞. «միակ տղամարդանոց» երկրում հո չէի՞ն կարող մի քանի հոգի հրաման տալ: Առանց Արմեն Հարությունյանի նման հարցից խուսափելու, ընդհանուր ճշմարտություններ ասելու, խնդրում եմ շատ ուղղակի և կոնկրետ պատասխանեք. ըստ Ձեզ, ո՞վ է, ի վերջո, հրաման տվել:

-Հարցին կարող է պատասխանել պառլամենտական հանձնաժողովը, որն օրերս կստեղծվի: Դրան պատասխան կտա նաև իրավապահ մարմինը: Այս պահին, իսկապես, անպատասխանատու կլինի որևէ մեկի կողմից` տալ այդ հարցի սպառիչ պատասխանը:

-Ձեռնպահ մնալով «անպատասխանատվությունից», հարգելով անմեղության կանխավարկածը՝ զուտ ճանաչողական իմաստով կցանկանայի իմանալ. եթե պարզվում է` մեղավորը Քոչարյանն է, իսկ նա սահմանադրական բարեփոխումներով անձեռնմխելիություն ունի, ո՞նց է լինելու էդ ժամանակ:

-Նախ` սահմանադրական անձեռնմխելիությունը բացարձակ արժեք չէ, և ապա` ես չեմ ցանկանում անձերի մասին խոսել: Պետք է խոսել ոչ թե հրաման տալուց, այլ` արդյոք իրավաչա՞փ է եղել հրամանը, թե՞ ոչ:

-Իրավաչա՞փ է եղել:

-Այդ հարցին պատասխանել կարող է միայն դատական մարմինը, ի տարբերություն ժամանակավոր հանձնաժողովի, որը կարող է բարձրացնել իր հարցադրումներն ու քաղաքական գնահատականներ տալ:

-Դուք, որպես քաղաքացի, ապա պաշտոնյա, համաներման սպասում ունե՞ք, եթե չասեմ ավելի բարձր սպասում` ձերբակալված մեր գործընկերներին ազատելու հարցում:

-Որպես քաղաքացի, համաներմանը դեմ եմ և չեմ համարում համաներումն այն գործիքը, ինչը կծառայի նպատակին, որը մեր առջև դրել ենք: Հարցադրումը բարձրացվել է քաղաքական երանգների մասին և չպետք է լուծում ստանա համաներման միջոցով, որովհետև համաներումը երկրի ներողամտությունն է հանցագործություն կատարած անձանց հանդեպ...

-Ապրե՛ք, Դուք էլ եք, չէ՞, կարծում, որ նրանք հանցագործներ չեն:

-Ես չեմ կարծում, ես ընդհանրապես այդ հարցի վերաբերյալ որևէ կարծիք չեմ ցանկանում արտահայտել: Ավելի ստույգ` այսօր չեմ արտահայտում: Հարցին պետք է պատասխան տա դատարանը: Անաչա՛ռ դատարանը: Եվ մեր այսօրվա թիվ մեկ խնդիրն է` ապահովել այդ դատարանի անկախությունն ու անաչառությունը:

-Ինչպե՞ս, ինչո՞վ և իհարկե` ումո՞ վ:

-Առաջին հերթին քաղաքական պահանջով:

-Է՜, իրենք էլ պահանջեցին ու ձերբակալվեցին: Պահանջեցին արդարություն, անկախություն ¥ընտանիք-հաղթանակ-Կ.Դ.¤, նաև անաչառություն, իսկ հիմա քաղբանտարկյալ են... չե՞ք վախենում քաղբանտարկյալ դառնալ:

-Չէ, այս պահին ես չեմ վախենում:

-Որովհետև իշխանությունում «ձերո՞նք» են:

-Միգուցե:

-Օ՜հո, ուրեմն «այն պահին» վախենալու բան կար. մենք էլ հենց դրանից ենք խոսում: ՈՒրեմն` կան քաղբանտարկյալներ:

-Ո՜չ, ես այսօր դրա մասին կարծիք չեմ հայտնում։ Դուք ինչ-որ ձևով ուզում եք դա «ստանալ», չի ստացվի:

-ՈՒրեմն` կարծում եք, որ Ալիկ Արզումանյանը Արշակ Բանուչյանը, Արարատ Զուրաբյանը, Շանթ Հարությունյանը... քաղբանտարկյալնե՞ր են:

-Ո՛չ, չեմ կարծում: Բայց միևնույն է, իմ կարծիքը հրապարակավ ես կհայտնեմ ավելի ուշ:

«ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲՀԿ-Ն ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ»

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ (ԲՀԿ)

-Պարոն Սաֆարյան, խոսակցությունները, որ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ ու տեր կանգնել ԲՀԿ-ին, ճի՞ շտ են:

-«Բարգավաճ Հայաստանի» քաղաքական խորհրդում և խորհրդարանական խմբակցությունում երբեք նման քննարկումներ չեն եղել, այդպիսի գաղափար երբեք չի առաջադրվել, այդ առնչությամբ երբեք կարծիք չի արտահայտվել:

-Իսկ կլինի՞ նման բան:

-Ես չեմ պատրաստվում գուշակություններ անել այդ ասպարեզում. եթե իրադարձությունների զարգացման արդյունքում նման հարց առաջանա, կքննարկենք, կասենք:

-Խնդրի մեջ տրամաբանություն կա՞:

-Աշխարհում ամեն ինչի մեջ էլ տրամաբանություն կա. լիազորված եմ հայտարարելու, որ նման «տրամաբանություն» առայժմ չկա:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ձեր ֆրակցիայի ներկայացուցիչներից մեկի ¥համատեղությամբ նաև ԲՀԿ փեսայի¤` Մուրադ Գուլոյանի որդու «շուրջ» տեղի ունեցող անցուդարձին: Արդյոք դա քննարկման առարկա եղել է «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական խորհրդում, խորհրդարանական խմբակցությունում, արդյոք Դուք լիազորվա՞ծ եք ինչ-որ բան հայտարարել՝ «նման բան»:

-Այդ մասին տեղեկատվություն ունեմ միայն լրատվամիջոցներից, համոզված եմ` ընթացող քննությունը կպարզի` ով է մեղավոր:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ նախագահի մամլո խոսնակն իր առաջին հայտարարությունը «նվիրեց» հատկապես այդ թեմային:

-Էդպես է ստացվել. դա է եղել իրադարձությունը, դրա մասին է խոսել։ Ինչո՞ւ փնտրել հատուկ միտում:

-Հատուկ միտում, որովհետև էնքան հանցագործություն է տեղի ունենում, էնքան քաղբանտարկյալներ ունենք, բայց էս մեկին խիստ են ուշադրություն դարձնում:

-Այդ մասին հարցրեք նախագահի մամլո խոսնակին:


«ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ»

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ (ՀՀԿ)

-Պարոն Շարմազանով, իրականությանը համապատասխանո՞ւմ են մերձհհկական այն «հոսքերը», որ Ջոնիկ Աբրահամյանը մանդատը վայր է դրել ոչ միայն Արտաշատի գինու գործարանի տնօրեն դառնալու իր մանկության բյուրեղյա երազանքն իրականացնելու, այլև ԱԺ նախագահի շուրջ «կոլցո» օպերացիայի համար. աշնանը տեղի կունենա ԱԺ նախագահության «շտուրմ», և խորհրդարանում «կխոսնակվի» Հովիկ Աբրահամյանը:

-ԱԺ նախագահն այդ հարցի առնչությամբ արդեն իսկ տվել է իր մեկնաբանությունը: Հանրապետական կուսակցության խորհրդում ԱԺ նախագահի փոփոխության հարց չի քննարկվել:

-Ձեր անձնական ցանկությունը:

-Քաղաքականության մեջ պետք է առաջնորդվել պրագմատիզմով ու ռացիոնալիզմով:

-Հենց էդ էլ անում եք, տեսակետ կա, որ Դուք արգամիչական ¥ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանին Արգամիչ են անվանում-Կ. Դ.¤ թևից եք:

-Ես ՀՀԿ անդամ եմ, շատ լավ եմ վերաբերվում և՛ պարոն Թորոսյանին, և՛ պարոն Աբրահամյանին, իսկ քաղաքական մկրտությունս ստացել եմ Անդրանիկ Մարգարյանի օրոք:

-Ի՞նչ եք կարծում` Անդրանիկ Մարգար-յանն ո՞ւմ կցանկանար ԱԺ նախագահի պոստում տեսնել:

-Նա բոլոր դեպքերում կցանկանար, որ Հայաստանում ժողովրդավարությունը զարգանար, իսկ թե Ձեր ասած հարցում ինչ կցանկանար, իր փոխարեն չեմ կարող ասել:

-Դե, չէ, Շարմազանով, շատ լավ գիտես` ում կցանկանար. անկեղծ չես:

-Անկեղծ եմ. Անդրանիկ Մարգարյանը կցանկանար, որ Հայաստանի Հանրապետությունը զարգանար, որ Հայաստանի Հանրապետությունում արյունահեղություն չլիներ...

-Որոշել եք աշնանը համ էլ «արյունահեղությո՞ւն» անել... Ասում են` ՀՀԿ-ն շատ դժգոհ է...

-Տիգրան Սարգսյանի՞ց:

-Դու ասացիր։ Ասում են` բերանը սրտի ավելցուկից է խոսում, բայց դեռ կհասնենք Տիգրան Սարգսյանին։ Հարցնում էի, որ ՀՀԿ-ն դժգոհ է իր քվոտաներից, քիչ պաշտոններ ստանալուց ու բաժանվել է մի քանի բեկորների և խիստ խանդով է վերաբերվում նոր կայացող կուսակցություններին:

-Նշանակումների մասով. հանրապետական կուսակցության խորհրդում երկրի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ խորհրդի անդամները հնարավորություն են ունեցել իրենց կարծիքները հայտնելու: Վարչությունը միաձայն պաշտպանել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

-Դարձյալ Տիգրան Սարգսյանից եք խոսում: Լավ, ոչինչ: Իսկ շա՞տ եք նեղվում, որ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ խմբակցության սենյակ չի մտնում:

-Մտնում է, չի մտնում, իրեն պետք է հարցնեք:

-Լրատվություն կա, որ ՀՀԿ-ի երիտասարդներն արդեն իսկ ինտեգրվում են առավել «մոդեռն» կուսակցություններին, որի վրա բևեռվել է իշխանության ուշադրությունը. խոսքը ՄԻԱԿ-ի, ՕԵԿ-ի միակցությամբ ապագա կուսակցության մասին է, որը, ի դեպ, չի բացառվում, որ ղեկավարի հենց Տիգրան Սարգսյանը:

-Այդ լրատվությունն իրականության հետ որևէ կապ չունի, ՀՀԿ-ն երիտասարդ, լավ, նորմալ կադրեր ունի, որոնք նույնքան էլ նորմալ աշխատում են:

-Իսկ Դո՞ւք:

-Հստակ եմ ասում` Էդուարդ Շարմազանովին Դուք երբեք, բացի Հանրապետականից, ուրիշ տեղ չեք տեսնի:

-Խորհուրդ մարդկանց, կամք Աստծո. բա որ տեսա՞նք. էնքան մարդու էնքան տեղ տեսա՜նք:

-Ասում են` երբեք մի ասա` երբեք, բայց ես էսօր որևէ նման բան չեմ տեսնում:


Ճեպազրույցները՝

Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 5898

Մեկնաբանություններ