ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ծուռ մռութ ունենալու համար պետք չէ հայելուն մեղադրել»

«Ծուռ մռութ ունենալու համար պետք չէ հայելուն մեղադրել»
05.05.2009 | 00:00

«ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»
Տարածաշրջանում և նրանից դուրս նկատվող գլոբալ զարգացումներում այսօր առկա է մի շատ բնութագրական հանգամանք. մոսկովյան ռազմավարների «բզած» երկու գործընթացներ` Վրաստանի հետ ռազմական հակամարտությունը և ՈՒկրաինայի հետ գազային կարճատև պատերազմը շարունակում են իրենց հետևանքներն ունենալ հետխորհրդային տարածքի վերակողմնորոշման զարգացումներում։
Այս իրավիճակը հանգեցրեց նրան, որ Արևմուտքում շատ արագ ձևավորվեց հետխորհրդային պետություններին ռուսական ազդեցության առումով այլընտրանք առաջարկելու քաղաքականությունը։ Եվ շատ շուտով Լեհաստանի ու Շվեդիայի առաջ քաշած «Արևելյան գործընկերության» եվրոպական նախաձեռնությունը սկսեց ձեռք բերել կոնկրետություն ու դառնալ առավել քան արդիական։ Անշուշտ, դրան նպաստեցին նաև Կրեմլի անճոռնի փորձերը` պահպանել գազային մոնոպոլիստի իր դիրքը Եվրոպայում, ինչը հանգեցրեց Արևմուտքում այն համոզման, որ հնարավորինս արագ պետք է հրաժարվել ռուսական էներգետիկ ասեղից։ Հետևանքն այն է, որ մայիսի 7-ին Պրահայում տեղի կունենա «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում առաջին գագաթաժողովը, որին մասնակցելու են հրավիրվել Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան, ՈՒկրաինան։ Նախկին խորհրդային այս 6 պետությունների հետ կստորագրվեն ոչ միայն քաղաքական, այլև էներգետիկ ոլորտում կարևորություն ունեցող մի շարք փաստաթղթեր, զուգահեռ Չեխիան, որպես Եվրամիության նախագահող երկիր, բանակցություններ կանցկացնի կենտրոնասիական պետությունների ներկայացուցիչների հետ` գազամատակարարման այլընտրանքային ուղիների շուրջ։
Իսկ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին, դիվանագետների պնդմամբ, թեկուզ և չի նախատեսվում Եվրամիության բոլոր 27 երկրների ղեկավարների ներկայությունը, սակայն մասնակցությունը լինելու է բավականին բարձր մակարդակով։ Նույնիսկ նախատեսված է, որ եթե Բելառուսի նախագահն անձամբ չկարողանա մասնակցել գագաթաժողովին, Մինսկը վարչապետի մակարդակով անպայման ներկայացված կլինի, ինչը Մոսկվային գրգռող լրացուցիչ հանգամանք է։ Համարժեք է լինելու նաև Մոլդովայի մասնակցությունը, սակայն «ներկայացուցչական նրբերանգները» եվրոպացիների նախաձեռնած մեծ աշխարհաքաղաքական խաղի խորապատկերի վրա, այդքան էական չեն։
Ավելի կարևոր են մտադրությունները, իսկ դրանք շատ լայն են ու խորքային։ Մայիսի 7-ին Պրահայում ամենից առաջ կստորագրվի «Արևելյան գործընկերության» հռչակագիրը, որի յոթ էջանոց տեքստում նշվում է. «Գագաթաժողովի մասնակիցները համամիտ են, որ «Արևելյան գործընկերության» ծրագիրը հենված է լինելու հիմնարար արժեքների նկատմամբ պարտավորվածությունների վրա, ներառյալ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը։ Ինչպես նաև միջազգային իրավունքի սկզբունքները, շուկայական տնտեսությունն ու կայուն զարգացումը»։ Իբրև «Արևելյան գործընկերության» գլխավոր նպատակ նշվում է այն անհրաժեշտ պայմանների ձևավորումը, որոնք պետք է նպաստեն գործընկեր պետությունների (նկատի ունի 6 հետխորհրդային երկրները) և Եվրամիության երկրների միջև տնտեսական և քաղաքական ինտեգրացիային։
Հռչակագիրը նախատեսում է եվրոպական օժանդակություն գործընկեր պետություններին, արևմտյան տիպի հասարակական ինստիտուտների ձևավորման, տնտեսությունների վերամոդելավորման` եվրոպական շուկայում գործելու համար, ազատ առևտրի գոտիների ստեղծում, գործընկեր պետությունների և Եվրոպայի միջև վիզային ռեժիմի աստիճանական լիբերալացում։ Եվրամիությունն այսօր արդեն առաջարկում է «Արևելյան գործընկերության» շրջանակներում քննարկել ՈՒկրաինայից մինչև Հարավային Կովկաս ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունը, որի շնորհիվ 6 երկրների տնտեսությունն ավելի հեշտ կվերակողմնորոշվի դեպի եվրոպական շուկա։ Եվրամիությունը միաժամանակ նախատեսում է, որ «Արևելյան գործընկերության» ծրագրի գործնական իրականացումը տեղի է ունենալու ծրագրում ընդգրկված պետությունների և եվրոպական երկրների միջխորհրդարանական ասամբլեա ստեղծելու, պետությունների ղեկավարների պարբերական գագաթաժողովներ անցկացնելու ճանապարհով։ Նույնիսկ որոշակի նորմատիվներ են նշվում, որ նախագահների և վարչապետերի հանդիպումները տեղի կունենան երկու տարին մեկ անգամ, իսկ արտգործնախարարները կհանդիպեն տարին մեկ։ Միաժամանակ Եվրամիությունը 600 մլն եվրո վարկ է տրամադրելու հետխորհրդային 6 պետություններին` «Արևելյան գործընկերության» շրջանակներում տնտեսության կայունացման համար, քանի որ բոլոր 6 երկրների տնտեսություններն էլ տուժել են համաշխարհային ճգնաժամից։
Միաժամանակ հարկ է նշել, որ «Արևելյան գործընկերության» ծրագիրը բազմակողմ բնույթ ունի փորձագետների մեծամասնության կարծիքով, ըստ էության, նշանակում է եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակների ընդլայնում։ Այն իր մեջ պարունակում է Եվրամիության կողմից հետխորհրդային տարածքում տարաբնույթ նախաձեռնությունների դրսևորում, միաժամանակ ձեռնպահ մնալով արևելյան ուղղությամբ Եվրամիության ընդլայնումից։ Խնդիրն այն է, որ միասնական Եվրոպան այս պահին ակնհայտորեն չի ցանկանում իր կազմում ընդգրկել տնտեսական և քաղաքական առումով պրոբլեմային երկրների, սակայն միաժամանակ, իր ազդեցության գոտուց նրանց դուրս թողնելը ևս չի մտնում Եվրամիության ծրագրերի մեջ։ Այլ կերպ ասած, «Արևելյան գործընկերության» նախաձեռնությունը քաղցր դեղահաբ է, ասենք` ՈՒկրաինայի կամ Վրաստանի եվրոպական կողմնորոշումը պահպանելու նպատակով, և միաժամանակ ազդեցիկ գործիք և՛ ձուկ բռնելու, և՛ ձեռքերը չթրջելու առումով։ Ամենակարևորը, սակայն, այն է, որ ամենայն հավանականությամբ հետխորհրդային պետությունների առաջին վեցյակով գործընթացը չի սահմանափակվելու, և համագործակցության առաջարկի երկրորդ ալիքը վերաբերելու է արդեն կենտրոնասիական պետություններին։ Ղազախստանի, ՈՒզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի համար նախատեսված ճանապարհ էլ կա, որի շրջանակներում կառաջարկվեն զարգացման նույնպիսի հնարավորություններ, ինչպիսիք առաջարկվում են նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական և հարավկովկասյան հանրապետություններին։
Բնութագրական է նաև այն, որ «Արևելյան գործընկերության» ծրագիրը, փաստորեն, չի նախատեսում Ռուսաստանի հետ համագործակցություն նույն ձևաչափով։ Այդ համագործակցությունն իր դրսևորումը կունենա միայն սահմանափակ խնդիրների շուրջ, ասենք` Կալինինգրադի մարզի հետ կապված հարցերի շրջանակում։ Այսինքն` «Արևելյան գործընկերության» ծրագիրը ոչ թե հակառուսական բնույթ ունի, այլ Ռուսաստանի ներգրավվածությունը բացառելու ուղղվածություն, ինչը հերթական անգամ առիթ հանդիսացավ Մոսկվայից կոշտ գնահատականներ հնչեցնելու, թե այս նախաձեռնությունը «հետխորհրդային տարածքի ապակազմակերպվածությունը խորացնելու նպատակ է հետապնդում»։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չխուսափեց շուտափույթ մեղադրել Եվրամիությանը հետխորհրդային տարածքից իր համար «ազդեցության գոտի» պոկելու մտադրության մեջ, իսկ Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Կոստանտին Կոսաչովն այն կարծիքին է, որ «Արևելյան գործընկերության» նախաձեռնությունը չպետք է բաժանարար գծեր ստեղծի Եվրոպայում, իսկ դա տեղի կունենա, եթե Եվրամիությունը «չկարողանա դիմանալ գայթակղությանը և բոլոր 6 պետություններին կանգնեցնի երկընտրանքի առջև, թե` դուք կա՛մ մեզ հետ եք, կա՛մ Ռուսաստանի»։ Ռուսական փորձագետներն ավելի կտրուկ են իրենց գնահատականներում, և տարածված է այն կարծիքը, թե «Արևելյան գործընկերության» նախաձեռնությունը նպատակ ունի Ռուսաստանին դնելու կայացած փաստի առջև և խճողված ձևով առաջարկել հրաժարվելու իր աշխարհաքաղաքական հավակնություններից կամ հետխորհրդային տարածքը ռուսական «հատուկ շահերի գոտի» դիտարկելուց։ Ռուսական որոշ փորձագետներ նույնիսկ կասկած են հայտնում, թե «Արևելյան գործընկերության» նախաձեռնության առաջին գագաթաժողովը մայիսի 7-ին` Դ. Մեդվեդևի երդման արարողության տարեդարձին և հաղթանակի օրվան համապատասխանեցնելը նույնպես պատահական չէ։ «Այդ նախաձեռնության` «Արևելյան գործընկերության» քայքայիչ սցենարը պետք է ջարդել, ինչպես Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, երբ մենք գիտեինք, որ ազատությունը պետք է պաշտպանել ցանկացած գնով»,- ռուսական բազմաթիվ ինտերնետային կայքերով կարծիք է հայտնում նորահայտ մի «քաղաքագետ»` Յուրի Բարանչիկ շատ բնութագրական անուն-ազգանունով։
Սակայն հարկ է նշել, որ եվրոպական ինտեգրացիոն նախագծին հակադրվելուց Մոսկվան ոչինչ չի շահում։ Կրեմլում կարծում են, թե հետխորհրդային տարածքի պետությունների համագործակցությունը Եվրամիության հետ իբր չպետք է հակադրվի ԱՊՀ շրջանակներում նրանց ստանձնած պարտավորություններին։ Բայց հետխորհրդային տարածքում բոլոր անցած տարիներին այդպես էլ գոյություն չի ունեցել և չի ձևավորվել քիչ թե շատ փոխշահավետ և ամուր ինտեգրացիոն միավորում։ Եվ, ըստ այդմ, «Արևելյան գործընկերության» նախաձեռնության ի հայտ գալն ու Եվրամիության ակտիվացումն առհասարակ, պարզապես հետևանք է հետխորհրդային տարածքում ռուսական հովանավորությամբ ստեղծված կառույցների անարդյունավետ գործունեության (ԱՊՀ, ՀԱՊԿ, Եվրազես և այլն)։ Ռուսական առածն ասում է` «Ծուռ մռութ ունենալու համար պետք չէ հայելուն մեղադրել»։ Եվրամիության ակտիվությունը բնական գործընթաց է, իսկ «Արևելյան գործընկերության» նախաձեռնության շրջանակներում ընդգրկված հետխորհրդային պետությունները, նաև նրանք, որ հետո են ընդգրկվելու, ավելի մեծ ցանկությամբ ընդառաջ կգնան եվրոպական նախաձեռնություններին` իրական հեռանկար տեսնելով։ Սուրբ տեղը դատարկ չի մնում, և չգրված օրենք է` ցանկացած պետություն ընտրության իրավունք ունի։ Եթե Ռուսաստանը փորձի արհեստական այլընտրանքի առջև կանգնեցնել հետխորհրդային երկրներին, ապա նրանք իրավասու են ընտրություն կատարել հօգուտ ավելի անվտանգ ու բարեկեցիկ ապագայի։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2593

Մեկնաբանություններ