Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Չկա եկեղեցական համընդհանուր ժողով կամ մի մարմին, որը քննի երկուստեք ներկայացվող մեղադրանքները

Չկա եկեղեցական համընդհանուր ժողով կամ մի մարմին, որը քննի երկուստեք ներկայացվող մեղադրանքները
11.11.2008 | 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ ԾԵԾԿՌՏՈՒՔ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ
Անցած կիրակի հույն և հայ հոգևորականների միջև հերթական ծեծկռտուքն է բռնկվել Երուսաղեմի Փրկչի Հարության տաճարում: Ընդ որում, հրեա իրավապահների հաղորդման համաձայն, այս անգամ ևս երկու կողմից կռվին մասնակից են դարձել բազմաթիվ հավատացյալներ, ովքեր այդ պահին իրենց հարգանքի տուրքն են մատուցելիս եղել Փրկչի գերեզմանին: Արդյունքում Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է մեկ հայ և մեկ հույն հոգևորականի և երկուսին էլ ձեռնաշղթաներով ուղեկցել համապատասխան բաժին:
Ականատեսները, սակայն, մինչև հիմա շոկի մեջ են հոգևորականների պահվածքից, և սրա մասին վկայում էին նաև «Եվրանյուզի» կադրերը. հույները եկեղեցուց վերցնում ու մերոնց վրա էին շպրտում ինչ ձեռքներն էր ընկնում, նույնիսկ եկեղեցական ծանր վարագույրները պոկեցին` դրանցով «հակառակորդներին խեղդելու» նպատակով, իսկ հայերն էլ «տակ չէին մնում» և, պետք է խոստովանել, «համարժեք ծեծ տվին» հույներին…
Լավ, իսկ ինչո՞ւ են հույները մեղադրում հայերին, կհարցնեք։ Պարզվում է՝ նրանք պահանջում են «պահպանել վաղուց ի վեր հաստատված կարգուկանոնը», իսկ հայերն էլ, որ առանց այդ էլ անպաշտպան են մնացել այստեղ թե՛ մեր պետության, թե՛, ցավոք, առաքելական եկեղեցու կողմից, ստիպված են «շատ ավելի վաղ հաստատված կարգուկանոն հիշեցնել»` պահանջելով հարգել դեռ միջնադարում, այսինքն՝ Սուրբ վայրում ի սկզբանե հաստատված ստատուս-քվոն:
Նշենք, որ այս անգամ էլ ամեն ինչ սկսվել է այն բանից, որ հայերը որոշել են հերթական անգամ ավանդական պաշտոն կատարել` Սուրբ Խաչի գյուտի առիթով, իսկ հույները դրան ընդդիմացել են և կամ Փրկչի գերեզմանի մոտ անպայման կամեցել են նաև իրենց հոգևորականին տեսնել: «Սա ստատուս-քվոյի կոպիտ խախտում է: Հույներն այս էլ որերորդ անգամ փորձում են որպես «զինվորական ու պահանորդ»` իրենց հոգևորականին դնել Փրկչի գերեզմանի մոտ, ասես դա իրենց սեփականությունն է, բայց նրանք այդպիսի իրավունք չունեն, չեն կարող այդպես վարվել հայկական արարողությունների ընթացքում»,- եվրոպական ճանաչված գործակալությունների փոխանցմամբ` իր մեկնաբանությունն է արել կատարվածի առնչությամբ մի հայ հոգևորական, ով «այդ խառը պահին չի կամեցել ներկայանալ»: Իրենց հերթին հույները նշել են, թե պատրաստվում են բողոքարկել այն հանգամանքը, որ հայերն իրենց չեն թույլատրում Սրբության ներսում լինել այս կամ այն պաշտոնի ընթացքում, մինչդեռ ֆորմալ առումով այն միաժամանակ պատկանում է հույներին, հայերին, կաթողիկե եկեղեցուն, ղպտի, ասորի և սիրիական եկեղեցիներին: «Այո, բայց դրանով հանդերձ, ամեն մի եկեղեցի այդտեղ առանձնացված անկյուն ունի, բացի այդ, պաշտոններ կան, որ կատարվում են միայն մի եկեղեցու կողմից, ինչի կատարման ժամանակ կոնկրետ հայերս «ոստիկան-հոգևորականների» կարիքը չենք զգում»,- հայտարարել է նույն հայ հոգևորականը:
Լավ, սա ի՞նչ խայտառակություն է. զորօրինակ, երբ Սուրբ Մյուռոնի օրհնության առիթով պատվիրակների թվում Մայր Աթոռ էր ժամանել նաև հունաց տիեզերական պատրիարքը, հնարավոր չէ՞ր գոնե այդ պատեհությունն օգտագործել` հարցը քննարկելու համար: Ինչքանո՞վ է գեղեցիկ տարին մի քանի անգամ ծեծկռտուքի մասնակից լինել Սուրբ վայրում, եթե անգամ իրապես էլ մենք ենք ճշմարիտը: «Չկա՞ մի եկեղեցական համընդհանուր ժողով կամ մի մարմին, որը քննի երկուստեք ներկայացվող մեղադրանքները և, ի սկզբանե հաստատված ստատուս-քվոյից ելնելով, մեջտեղ բերի մեղավորին` նաև որոշակի պատժամիջոցներ ձեռնարկելով»,- հարցրինք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանային: «Գիտե՞ք, ես լավ չեմ տիրապետում նախ` այս վերջին միջադեպի մանրամասներին և հետո` հարցի իրավական կողմին: Կարծեմ դրա առիթով մեր պատրիարքարանն ավելի ճշգրիտ պատասխաններ կտա Ձեզ, եթե հարցերը ձևակերպեք, և իմ օգնությամբ դրանք ուղարկենք Երուսաղեմ: Մի բան միայն գիտեմ, որ հայերն այնտեղ երբեք նախահարձակ չեն լինում և միայն իրենց իրավունքներն են պաշտպանում»,- պատասխանեց տեր Վահրամը, ինչից, անկեղծ ասած, փոքր-ինչ զարմացանք: Ի վերջո, այո, Երուսաղեմում մենք պատրիարքարան ունենք, որ շատ հեղինակավոր կառույց է, բայց նա էլ Էջմիածնին է պատկանում, և կարծեմ` այստեղ եթե ոչ ավելի լավ, գոնե հավասարապես պիտի խնդրին տիրապետեն ու անմիջապես արձագանքեն: Ինչ որ է, առաջիկայում մենք հարցը հաստատ քննարկման կդնենք, և եթե կան նախանձախնդիրներ, պիտի խնդրենք, որ անպայման արձագանքեն։
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4457

Մեկնաբանություններ