Պատերազմը, նույնիսկ ամենակարճաժամկետ, շատ երևույթներ է բացահայտում, այդ թվում՝ թե ինչպես են գործում հին ու նոր կապերը, ինչպես են իրենց պահում իրական դաշնակիցներն ու հակառակորդները։ Ինչպես և ցանկացած ճգնաժամ՝ պատերազմը նույնպես հնարավորություն է` բացահայտելու որոշակի իրողություններ, արձանագրելու իրական փաստերը՝ մերժելով տարբեր առասպելներ, քարոզչական կարծրատիպերը և այլն։
Այս առումով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանային հատվածում՝ Տավուշի մարզում‚ տեղի ունեցող ռազմական գործողությունները լակմուսային թղթի դեր խաղացին Հայաստանի շուրջ դիրքավորված տարածաշրջանային, նույնիսկ աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների առումով։ Վերջին օրերի լոկալ ռազմական գործողություններն ու մինիպատերազմը նաև որոշակի բացահայտումներ արեցին՝ ցույց տալով, թե մեր տարածաշրջանում արտաքին քաղաքական խաղացողներն իրականում ինչպես են միմյանց հետ շաղկապված, ինչպես են շահերը համընկնում կամ զատվում միմյանցից։
Հասկանալի է, որ այս հանգամանքներում հայաստանյան հանրության համար առավել հետաքրքրական էր, նույնիսկ կենսական նշանակություն ուներ Հայաստանի ռազմավարական դաշնակցի տիտղոսը կրող Ռուսաստանի Դաշնության վարքագիծը։ Կա տասնամյակներով, եթե ոչ դարերով, ամրագրված պատկերացում, թե Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և ցանկացած պարագայում ՀՀ-ի կողքին է լինելու։ Վերջին տասնամյակներում, հատկապես հետանկախության շրջանում, հասարակության որոշ խավերի, այսպես կոչված, արևմտյան գաղափարախոսությունը կրողների մոտ տեսակետ կա, որ Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցության գործոնը գերուռճացված է և հիմնականում քարոզչական բնույթ է կրում։ Այս առումով հայ-ադրբեջանական մինիպատերազմը, որ շարունակվում է և կրելու է սոսնձող բնույթ, փաստերի վրա հիմնված որոշակի եզրահանգումների առիթ դարձավ։
Թերևս հատկանշական է Ադրբեջանի նախագահ, վերջին շրջանում ադեկվատությունը կորցրած և նյարդային կեցվածք ընդունած Ալիևի հայտարարությունը։ Ալիևը ռազմական հերթական անհաջողությունից հետո, իր ելույթներից մեկում դիմելով Հայաստանին, նեղսրտած հայտարարեց՝ կռվեք մեզ հետ մեն-մենակ, և մենք կտեսնենք՝ ինչ կլինի։ Իհարկե‚ այստեղ առանձնապես նոր բան չկա։ Ադրբեջանական քարոզչամեքենան տարիներ շարունակ պնդում է, որ եթե չլինի Ռուսաստանի գործոնը, ՌԴ քաղաքական ու ռազմական օգնությունը, ապա Հայաստանի հետ հարցեր լուծելը ժամերի, ծայրահեղ դեպքում օրերի հարց է։ Սակայն այս անգամ Ալիևի հայտարարության մեջ հուսահատություն է նշմարվում։
Ըստ էության, եթե զգացմունքներից փորձենք զերծ մնալ, Ալիևի հայտարարությունը որոշակի նրբերանգներ արձանագրեց։ Թե որքանով է ուռճացված Ռուսաստանի աջակցության գործոնը, դիտարկենք զարգացող իրադարձությունների համատեքստում։
Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանում սկսվեցին ռազմական գործողություններ, ինչի արդյունքում հայկական զինված ուժերը բարելավեցին իրենց դիրքերը՝ զբաղեցնելով երկու բարձունք։ Ընդ որում, այդ բարձունքներն աշխարհագրորեն Հայաստանի տարածքում են, սակայն երկար ժամանակ փաստորեն տնօրինվել են ադրբեջանական ուժերի կողմից և, ըստ էության, օգտագործվել են հայկական գյուղերը պարբերաբար հրետակոծելու, գյուղատնտեսական աշխատանքները խափանելու համար։ Երբ պարզվեց, որ հայկական ուժերը գրավել են այդ բարձունքները, և դիրքային իրական առավելություն են ստանում‚ հայկական նշանառության տակ են հայտնվում ադրբեջանական բնակավայրերն ու միջպետական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհը, խոցելի են դառնում միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները, արտաքին աշխարհի կողմից ստացվեց առաջին արձագանքը‚ և դա Թուրքիայից էր։ Այն անմիջապես հայտարարեց Ադրբեջանին թև-թիկունք կանգնելու մասին, սպառնալից նոտաներ հնչեցրեց, և այդ ամենը հիմնավորվում էր շատ պարզ թեզով՝ Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն են, մեկ ազգ, որից հետո Թուրքիան իրեն իրավունք վերապահեց մեծ եղբոր լիազորություններ՝ հայտարարելով, որ բոլոր մակարդակներով ամեն ինչ անելու է, որպեսզի աջակցի իր փոքր եղբորը։ Թուրքիան ուղղակիորեն սկսեց սպառնալ Հայաստանին՝ միջազգային մակարդակով փորձելով ներքաշվել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ որպես կողմ։ Կրկին առաջին պլան եկավ թուրքական վտանգի դարերից եկող թեզը, ըստ որի՝ Թուրքիան ուղղակիորեն վտանգում է Հայաստանի գոյությանը։
Պատերազմական գործողությունները սկսելուց անմիջապես հետո հայ հասարակությունը, անկախ նրանից ռուսամետ է, թե ռուսատյաց, հայացքն անմիջապես ուղղեց դեպի Ռուսաստան, ոմանք՝ հույսով, որ Ռուսաստանը ռազմավարական դաշնակցի իր պարտականությունները կսկսի կատարել, մյուսները շահարկում էին, թե ՌԴ-ն այնուամենայնիվ ձեռնպահ կմնա Հայաստանին աջակցելուց։ Ինչպես միշտ առաջին պլան մղվեց ՀԱՊԿ հարցը, որը‚ ըստ մեր պատկերացումների‚ պետք է Հայաստանին պաշտպաներ արտաքին վտանգներից։
Ռուսաստանի համար Հայաստանը ռազմավարական դաշնակից է, որը ՀԱՊԿ անդամ է։ Սակայն չմոռանանք նաև, որ Բաքուն Մոսկվայի ռազմավարական գործընկերն է։ Այսինքն՝ Ռուսաստանը հայտնվել է ռազմավարական դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ հակամարտության արանքում։ Եվ այս պայմաններում Ռուսաստանը նախընտրեց քաղաքական հայտարարությունների փոխարեն անցնել կոնկրետ գործողությունների՝ իր ռազմավարական դաշնակցին կոնկրետ աջակցություն ցուցաբերելու առումով։ Ի՞նչ արեց Ռուսաստանը։ Նախ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մինսկի խմբի անդամ երկրները, որոնց թվում է նաև Թուրքիան, չպետք է միակողմանի հայտարարություններով հանդես գան՝ փորձելով զսպել Թուրքիայի ախորժակը։ Ռուսաստանը հասկացրեց նաև, որ ՀԱՊԿ-ը ոչ այնքան ռազմական միավոր է, որքան ռազմաքաղաքական ակումբ, որն առանձնապես արդյունավետ գործող կառույց չէ, և ՀԱՊԿ մակարդակով կոչ արվեց երկու երկրներին խաղաղ ապրել, բայց դրա փոխարեն ՌԴ-ն հարավային օկրուգի իր զինված ուժերը բերեց բարձր պատրաստվածության։ Դա Թուրքիային և Ադրբեջանին ակնարկ էր, որ գործողությունների որևէ ծավալում թույլ չի տալու, քանի որ այս տարածաշրջանը Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրությունների գոտում է։ Ռուսաստանն անմիջապես ցույց տվեց իր մկանները ոչ միայն Լավրովի քաղաքական հայտարարության, այլև պրակտիկ ռազմական մակարդակով՝ ասելով, թե ով է տարածաշրջանի իրական տերը։ Բնականաբար, սա անմիջապես հասկացվեց Թուրքիայի կողմից, և հետագայում շատ մեծ ակտիվություն Թուրքիան չցուցաբերեց։ Վերջին իրադարձություններից հասկանալի էր, որ պետական մակարդակով որպես ռազմավարական դաշնակից Ռուսաստանն իր պարտականությունները կատարեց՝ զսպելով Ադրբեջանին ու Թուրքիային։ Նույնիսկ ռուսական քարոզչական միջոցներով հասկացվեց, որ ռուսական հեռուստաալիքները պաշտոնական հրահանգ ունեն Կրեմլից՝ աջակցել հայկական դիրքորոշումներին։ Դա անգամ նկատելի էր պատերազմի ծիրանային ճակատում։ Պաշտոնական առումով Ռուսաստանը ցույց տվեց, որ Հայաստանն իր համար ռազմավարական դաշնակից է։
Սակայն զուգահեռ այն բանի, որ Հայաստանի քարոզչական մեքենան և իշխանամետ զանգվածները փորձում էին այս լոկալ պատերազմում ՀՀ զինված ուժերի հաջողությունները վերագրել Հայաստանի քաղաքական իշխանությանը, հանկարծ սառը ջուր լցվեց նրանց վրա, երբ ՌԴ գլխավոր քարոզիչը՝ Մարգարիտա Սիմոնյանը, հանկարծ բավականին կոշտ տեքստով հանդես եկավ հենց այն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունները որոշեցին ռազմական հաջողությունները վերագրել փաշինյանական իշխանությանը։ Մարգարիտա Սիմոնյանի միջոցով ՌԴ-ն իր կարծիքը ներկայացրեց հայաստանյան կառավարման մասին։ Եթե վերծանենք բավականին կոշտ տեքստը, ապա պարզ է, որ ՀՀ այս իշխանության հետ ՌԴ ղեկավարությունը գործընկերային որևէ հարաբերության ծրագիր չունի, քանի որ ՀՀ գործող վարչախմբին Ռուսաստանը համարում է ոչ վստահելի գործընկեր, ավելին՝ այլ աշխարհաքաղաքական ուժերի կողմից կառավարվող ուժ և այլն։ Մարգարիտա Սիմոնյանի տեքստում շատ հստակ ասվում է, որ կոշտ բնորոշումներն ուղղված են ոչ թե հայ ժողովրդին, այլ Հայաստանի իշխանություններին։
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ վերջին օրերին Ռուսաստանը հանդես եկավ երկու հարթությունում՝ մի կողմից ցույց տվեց, որ հայկական պետության հետ որևէ խնդիր չունի, և անկախ նրանից, թե Հայաստանում իշխանությունն ում դեմքով է, Ռուսաստանը մեզ վերաբերվում է որպես ռազմավարական դաշնակցի։ Եվ անկախ նրանից, թե ով է ՀՀ իշխանության ղեկին, ՌԴ-ն իր ռազմավարական դաշնակցի պարտավորությունները հստակ կատարում է, սակայն ոչ թե ամրացնելով ՀՀ իշխանություններին, այլ իր ռազմավարական հետաքրքրություններից ելնելով։ Տվյալ պարագայում Ռուսաստանին հետաքրքրում են թե՛ Հայաստանը, թե՛ հայ ժողովուրդը, թե՛ զբաղեցրած տարածքը, որը գտնվում է աշխարհաքաղաքական հետաքրքրությունների տարածաշրջանում՝ Իրանի, Սիրիայի, Վրաստանի և այլ երկրների հարևանությամբ։ Այս հետաքրքրությունների շրջանակում մի կողմից պաշտպանեց մեր շահերը, մյուս կողմից շատ խիստ հարված տվեց ՀՀ իշխանություններին՝ բացահայտելով, թե իրականում ինչ հարաբերություններ են Նիկոլ Փաշինյանի և ՌԴ բարձրաստիճան վերնախավի միջև։
Մարգարիտա Սիմոնյանը պայթեցրեց այն առասպելները, որոնք ստեղծել էր հենց ՀՀ վարչապետը ՌԴ վերնախավի և անձամբ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների շուրջ։ Հուլիսյան մինիպատերազմը ցույց տվեց, որ անցած երկու տարում Ռուսաստանը Հայաստանի հետ աշխատել է միայն երկու վեկտորով՝ ԱԳՆ-ի և ամենակարևորը՝ բանակի ուղղությամբ։ Եվ անկախ նրանից, թե ինչպիսի ցածրագույն մակարդակի են հայ-ռուսական տնտեսական, քաղաքական, հումանիտար հարաբերությունները, դրանք ոչ մի կերպ չեն անդրադարձել զենք-զինամթերքի մատակարարման, ռազմական հարաբերությունների վրա։
Պատահական չէ, որ արդեն շատ վաղուց Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի համար անհասանելի մարդ է։ Նույնիսկ մեր սահմանին ռազմական գործողությունների պայմաններում Փաշինյանը հասավ Մինսկ՝ հանդիպելու ՌԴ վարչապետ Միշուստինի հետ, որովհետև վաղուց՝ դեռևս Մեդվեդևի վարչապետության օրոք, Փաշինյանին հասկացրել էին, որ իր շփման մակարդակը լավագույն դեպքում ՌԴ վարչապետն է։ Պուտինի մասին նա պետք է մոռանա, իսկ թե ինչու, Մարգարիտա Սիմոնյանը շատ հստակ բացատրեց։
Այս համատեսքստում ՀՀ իշխանությունը փորձեց դիմել իր սիրելի մանիպուլյացիայի հնարքին՝ պողոսներին, մտավորական որոշակի շրջանակներին սրելով Մարգարիտա Սիմոնյանի դեմ։ Երկրի ներքին խնդիրների ուղղությամբ աշխատող ամբողջ ռեսուրսն ուղղորդվեց Մարգարիտա Սիմոնյանի դեմ։ Իսկ մանիպուլյացիան այն էր, որ ըստ էության ռուսաստանաբանակ մեր հայրենակցուհու կոշտ քննադատությունն իշխանությունները փորձեցին ներկայացնել որպես Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ ուղղված հայտարարություն՝ աշխատելով մոռացության տալ հեղինակի այն թեզը, թե իր խոսքն ուղղակիորեն ուղղված է ՀՀ իշխանություններին և անձամբ Փաշինյանին։ Այս մանիպուլյացիայի պատճառով հավաքական պողոսներն իսկապես ուղեղներն անջատած կուլ տվեցին խայծը, եղան նաև տարբեր խավերի գործիչներ, մտավորականներ, որոնք միտումնավոր ենթարկվեցին իշխանական քարոզչամեքենայի խաղերին, քանի որ նրանց խնդրել էին կամ ինչ-որ բան էին խոստացել։
Այս իրավիճակն իրականում որևէ բան չի փոխում, քանի որ կարևորն այն է, որ հայաստանյան հասարակությունը, և ոչ միայն, հստակ հասկացավ, թե իրականում ինչ վիճակ է հայ-ռուսական հարաբերություններում։ Մի կողմից ռազմաքաղաքական ճակատում խնդիր չկա՝ նախ և առաջ ռուսների աշխարհաքաղաքական շահերից ելնելով, մյուս կողմից ՀՀ գործող իշխանությունների հետ ռուսներն ըստ էության չեն աշխատելու, ինչի մասին արդեն բացահայտ են ասում։ Սա է հայ-ադրբեջանական վերջին բախումների հետևանքով արված բացահայտումներից մեկը, ինչը շատ կարևոր էր բացահայտել ու վերլուծել ապագայի մեր ծրագրերի համար։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ