(Նախորդ մասը)
Բայց թելադրանքով ընտրությունը դեռ դժբախտության կեսն է և Վրաստանի համար ամենաբացասական սցենարը չէ։ ԱՄՆ-ի թելադրանքով շատ ավելի վտանգավոր սցենար է ծավալվում Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ, և Հարավային Օսիայի սահմանների մոտ ներկայիս սրումը հիմնական գործողության սոսկ նախերգանքն է։ Բանն այն է, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «հաստիքային» պրոպագանդիստներից մեկը չափազանց բացբերան դուրս եկավ։ Կամա թե ակամա, գոյություն ունեցող պլանները բացահայտեց Վրաստանում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի գլխավոր «հոգաբարձուներից» մեկը՝ Եգոր Կուրոպտևը, որը Հարավային Կովկասում գլխավորում է «Ազատ Ռուսաստան» հիմնադրամը և զբաղվում տարածաշրջանում ռուսական քաղաքականության հակազդեցությամբ։ Վերջին շրջանում Կուրոպտևն իր հարցազրույցներում ու մեկնաբանություններում Վրաստանում ամերիկյան ռազմաբազա ստեղծելու կոչեր է անում, ընդ որում ցանկալի է՝ Գորիում, և վրացի հասարակությանն ապացուցում նման քայլի առավելությունները։ Հաշվի առնելով ռուս փախստականի սերտ շփումները Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության և ամերիկյան վերնախավի ներկայացուցիչների հետ, որոնք հանդես են գալիս հօգուտ Ռուսաստանի հետ հարաբերություններում կոշտ սցենարի, դժվար չէ ենթադրել, որ Կուրոպտևն այդ հայտարարություններն անում է իր գործատուների գիտությամբ։
Իսկ դա նշանակում է, որ «սահմանային» թեմայով բոլոր սադրանքներն ու աղմկալի հիստերիկան ուղղված են Վրաստանի և արևմտյան հանրությանը համոզելուն, որ գոյություն ունի ռուսական վտանգ, և դրանով իսկ բացառելու Վրաստանի տարածքում ԱՄՆ-ի զինծառայողների ներկայության դեմ բողոքները։ Հիշեցնենք, որ հենց Վրաստանում դեռ համեմատաբար վերջերս հասարակության ու քաղգործիչների մի մասը, ներառյալ երկրի նախագահ Զուրաբիշվիլին, որին դժվար է կասկածել Ռուսաստանի հանդեպ համակրանքում, հանդես էին գալիս Վրաստանում ամերիկյան ռազմաբազայի ստեղծման պլանների դեմ՝ վախենալով հետևանքներից։ Ըստ երևույթին, վաշինգտոնյան ճուռակները որոշել են արագացնել գործընթացը՝ նախաձեռնելով հասարակական կարծիքի մշակում և կազմակերպելով սադրանքներ Հարավային Օսիայի սահմանին։ Ինչ վերաբերում է վրացական ղեկավարության ներկայացուցիչներին, որոնք ավելի իրատեսաբար են գնահատում իրադրությունը և համակված չեն ԱՄՆ-ի շահերի համար թնդանոթի միս դառնալու ցանկությամբ, ապա Օքրուաշվիլուն և ՈՒգուլավային ազատ արձակելու միջադեպը ցույց տվեց, թե ինչ մեթոդներ կիրառելու են պատրաստ Վրաստանի, այսպես կոչված, գործընկերները նրանց համոզելու համար։
Նախապատրաստական անհրաժեշտ միջոցառումներ են կատարված նաև այլ գծով, մասնավորապես, լեհ դիվանագետ Մարեկ Շչիգելին ԵՄ դիտորդների առաքելության ղեկավար նշանակելը։ Շչիգելի կենսագրությանը ծանոթանալիս դժվար չէ հասկանալ, թե ինչի համար է կատարված այդ կադրային փոփոխությունը ԵՄ առաքելության ղեկավարության մեջ, որը պատասխանատու է սահմանամերձ գոտում անվտանգության համար։ Դեռ ոչ վաղուց, որպես Լեհաստանի ԱԳՆ կիբերանվտանգության գծով միջազգային քաղաքականության համակարգող, Շչիգելն զբաղվում էր Լեհաստանի, ՈՒկրաինայի, Վրաստանի և մի շարք այլ երկրների հակառուսական քաղաքականության համակարգմամբ՝ համարվելով հիբրիդային վտանգներին դիմակայելու ոլորտի մասնագետ։ Հաշվի առնելով Շչիգելի ծառայության այդ ցուցակը՝ հեշտ է բացատրել նրա ենթակաների վարքը, որոնք չեն խոչընդոտում Հարավային Օսիայի սահմանների մոտ վրացի ուժայինների սադրանքներին։ Ժամանակին լայնորեն նման կադրային մոտեցում էր կիրառվում նաև Վրաստանում ԵԱՀԿ առաքելությունում, ուր նույնպես մեծ մասամբ հավաքագրում էին արևմտյան այնպիսի դիվանագետների, որոնց մտածողությունը գտնվում էր սառը պատերազմի հունում։ Հասկանալի է, որ այդպիսի կադրերից դժվար է պահանջել օբյեկտիվություն և անվտանգության սպառնալիքներին ժամանակին արձագանքում։
Բացառված չէ, որ Դավիթ Գարեջա վանքի շրջանի սահմանային լարվածությունը նույնպես կապ ունի ԱՄՆ-ին ստրկաբար ծառայող որոշ բթամիտների՝ Վրաստանում ամերիկյան ռազմաբազայի ստեղծմանը նպաստելու մտադրության հետ։ Հավանաբար այդ շրջանը պահեստային կամ այլընտրանքային տարբերակ է, որը պատրաստվում է Գորի քաղաքի տարբերակին զուգահեռ, այն դեպքի համար, եթե Գորիում ամերիկացի զինվորականների հայտնվելու դեպքում Հարավային Օսիայի և ՌԴ-ի արձագանքը լինի չափազանց կոշտ ու կտրուկ։ Ադրբեջանի իշխանությունները երևի տեղյակ են Վրաստանի հակառուսական նոր նախապատրաստություններին, դրա համար էլ համաձայն են խրախուսելու, անգամ «հրավիրելու», որ վրացական շրջանակներն ինչ-որ բան նախաձեռնեն Դավիթ Գարեջա վանքային համալիրի նկատմամբ։ Չէ՞ որ այդ ժամանակ արտաքին ուժերը (այսինքն ՆԱՏՕ-ն` ի դեմս ԱՄՆ-ի և Թուրքիայի) կստանան իրենց ուզած առիթը, տվյալ դեպքում՝ կամ Թուրքիայի, կամ ԱՄՆ-ի կողմից Վրաստանն օկուպացնելու առիթը։
Պատկերն ամբողջական չի լինի, եթե չհիշատակենք ևս մի գործոն, որն ապագայում նույնպես կարող է պայթեցնել Այսրկովկասի իրադրությունը։ Հարց է առաջանում. «իրենց գլխին կախված» շատ խնդիրներ ունեցող Ադրբեջանի իշխանությունների ինչի՞ն է պետք այդքան բացահայտ ու հիմար ձևով Վրաստանում ՆԱՏՕ-ի (ԱՄՆ-ի և Թուրքիայի) արկածախնդրությանը խառնվելը։ Մենք նուրբ ակնարկներ ենք նկատել Ադրբեջանի թալիշ բնակչության իրավունքների հայտնի պաշտպան Զահիրիդդին Իբրահիմիի հունիսի 7-ի հրապարակային ելույթում, որի երկիմաստ հիշեցումներն ու նախազգուշացումներն ակնհայտորեն ուղղված էին ոչ միայն Բաքվի իշխանություններին։ Մեր կարծիքով, Զ. Իբրահիմիի ելույթի կարևորությունը պարզապես արտակարգ է, ուստի ծավալուն մեջբերումներ կանենք «Ռեգնում» տեղեկատվական գործակալության հրապարակած նրա հոդվածից։ Թերևս դա երկրորդ կամ երրորդ դեպքն է, երբ թալիշական ազատագրական շարժման ներկայացուցիչները համարձակվում են բացեիբաց խոսել աշխարհի, նաև Ադրբեջանի ալիևական ղեկավարության հետ։ Եվս մեկ պատճառ կա, որ մենք որոշեցինք շատ մեջբերումներ հաղորդել մեր ընթերցողներին Իբրահիմիի հայտարարություններից. նա շատ է գրում նաև մեր՝ հայերիս մասին։ Համոզված ենք, որ դա պատահական չէ։
Առաջին քաղվածքը Զ. Իբրահիմիից. «Օրերս ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ղարաբաղյան կարգավորման հարցում արմատական տեղաշարժեր չկան, բայց լավատեսությունը մնում է։ Այսինքն, չնայած Ադրբեջանի նախագահ Ալիևի և նրա պաշտպանության նախարարի ռազմաշունչ հայտարարություններին, իրականում որևէ նշանակալի բան չի կատարվում և չի ակնկալվում։ Այս պայմաններում նախագահը որոշել է զբաղվել իր երկրի պատմությամբ՝ վերանայելով ու քննադատելով քարտեզի վրա 1918 թ. հայտնված Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության (ԱԺՀ) կառավարության գործունեությունը։ Առաջ անցնելով՝ ասենք, որ «ժողովրդավարական» բառը չկա այդ պետության բնագիր անվանման մեջ, բայց, չգիտես ինչու, այն ամրագրվել է ռուսալեզու տեղեկատվական տարածքում։ Չնայած դա արդեն այնքան էլ կարևոր չէ։ Ինչպես վերջերս հաղորդել է ադրբեջանական պետական «Ազերթաջ» տեղեկատվական գործակալությունը, Ալիևն այցելել է ճակատամերձ Տերտեր քաղաքի պետական խորհրդանշանների թանգարան, հետո ելույթ ունեցել այդ բնակավայրում օլիմպիական մարզահամալիրի բացման ժամանակ։ Նա կրկին շարունակել է Հայաստանի մայրաքաղաք Երևանի և հայկական պետության ընդհանրապես այլ տարածքների՝ պատմականորեն Ադրբեջանին պատկանելու թեման։ Այդ ելույթում նա նորից մեղադրել է այն ժամանակվա Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը, որ այն Էրիվանը (Իրևանը) հայերին է նվիրել կամ հանձնել Հայաստանի Հանրապետություն ստեղծելու համար։ Ընդհանրապես Ադրբեջանում որոշ պատմաբաններ վաղուց են այդ պատմությունն այնպես ներկայացնում, իբր Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը հայերին է նվիրել մայրաքաղաքն ու շրջակա տարածքները գրեթե որպես բարեկամական գործողություն այդ «անշնորհակալ հարևանների» նկատմամբ, որ նրանք ստեղծեն իրենց պետությունը և հրաժարվեն իրենց հավակնություններից։ Եվ ահա 100 տարի անց, շարունակելով իր ամենամյա պատերազմը մեռած մուսավաթականների հետ, Ալիևը որոշել է նրանց կրկին անողոք քննադատության ենթարկել։ Հիշեցնենք, որ այդ թեմայով նա ելույթ էր ունեցել մայիսի 28-ին՝ հանրապետության օրը։
«Երբ ես ասում եմ, որ Իրևանը մեր հին հողն է, ես բացարձակ ճշմարտությունն եմ ասում։ Եթե այդպես չլիներ, ապա ԱԺՀ-ն ինչու էր որոշում ընդունել, որ Իրևանը հանձնի, նվիրի Հայաստանին։ Այն էլ ե՞րբ։ Անկախությունը հռչակելուց ընդամենը 1 օր անց։ Անկախությունը հռչակվել է 1918 թ. մայիսի 28-ին, իսկ մայիսի 29-ին ընդունվել է այդ որոշումը, ընդ որում՝ ոչ միաձայն»,- ասել է Ալիևը։ Նույն բանը նա ասել է և անցյալ, և նախանցյալ տարիներին, բայց միշտ լռության մատնել մի կարևոր մանրամասն, որը նկարագրում են ադրբեջանցի ժամանակակից պատմաբանները։ Նախագահը շրջանցում է այն փաստը, որ հենց Օսմանյան Թուրքիան է ստիպել ԱԺՀ-ին, որ համաձայնի Հայաստանի Հանրապետությունն ստեղծելու համար Էրիվանն ու այլ տարածքները հայերին հանձնելուն։ Իսկ ի՞նչ կարող էին անել, եթե չհամաձայնեին։ Ադրբեջանի առաջին հանրապետությունը բանակցությունների ժամանակ, 1918 թ. մայիսին, գոյություն ուներ միայն թղթի վրա։ Այդ պատճառով էլ այդ պետությունը հռչակվել է վրացական պետության մայրաքաղաք Թբիլիսիում։ Ասել, թե կառավարությունը Էրիվանը և ինչ-որ տարածքներ հանձնել է հայերին, կարելի է միայն շատ մեծ չափազանցումով։ Մեկ ուրիշ կարևոր փաստ է այն, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունն ստեղծվել է ոչ թե իսկական պատմաաշխարհագրական Ադրբեջանի տարածքում, այլ պատմական Շիրվանի, Առանի, Հյուսիսային Թալիշի (Թալիշ-Մուղանի) տարածքներում, իսկ այն «Ադրբեջան» են անվանել թուրքական գեներակալազմի պնդմամբ՝ հեռուն գնացող նպատակներով։ Իսկական պատմաաշխարհագրական Ադրբեջանն ամբողջությամբ գտնվում է Իրանի կազմում մինչ օրս և միշտ գտնվելու է այնտեղ։ Ի դեպ, 1918 թ. օգոստոսի 28-ին Ստամբուլում Իրանի դեսպանությունը պաշտոնական բողոք է ներկայացրել Օսմանյան Թուրքիայի դեմ այն կապակցությամբ, որ նրանք պետություն են ստեղծել «Ադրբեջան» անվանումով։ Բողոքում ասվում է, որ Իրանում նույն անվանումով նահանգ կա Թավրիզ մայրաքաղաքով, իսկ պատմության մեջ այդպիսի անվանումով պետություն չի եղել։ Իրանցիները թուրքերից պահանջել են կրկին քննարկել հարցը և վերանվանել այդ պետական կազմավորումը»,- գրում է թալիշ քաղաքական գործիչ Զահիրիդդին Իբրահիմին։
Ինչ-որ մեկը կասի՝ դրա մեջ նոր բան չկա։ Մենք՝ Հայաստանում, դա գիտենք 100 տարուց ավելի։ Բայց ի՞նչ օգուտ նրանից, թե մենք «ինչ-որ բան» գիտենք։ Բոլորովին այլ բան է, երբ Բաքվից եկող կեղծիքի մասին խոսում են մուսուլմանները, այն էլ՝ իրանալեզու։ Նշանակալի է նաև այն, որ իրանցիները բողոքով դիմել են ոչ թե Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը, որովհետև պարզապես չէին ճանաչում այն, այլ հենց Օսմանյան Թուրքիայի կառավարությանը։ Չէ՞ որ հենց երիտթուրքերն էին ծրագրել պատմական Առանի, Շիրվանի և Հյուսիսային Թալիշի տարածքներում «Ադրբեջան» անվանումով պետություն ստեղծելու պլանը՝ հույս ունենալով նրան միացնելու սահմանակից իրանական նահանգը, այսպես ասած, իսկական պատմաաշխարհագրական Ադրբեջանը։ Որոշ տվյալներով, ի սկզբանե նախատեսվում էր նոր պետությունն անվանել Հարավարևելյան Կովկասյան Հանրապետություն։ Նոր պետության մասին այդ ոգով էր արտահայտվում, ինչպես մենք բազմիցս գրել ենք 2013-20 թթ., ռուս զորապետ, քաղաքական ու հասարակական գործիչ, գեներալ-լեյտենանտ Անտոն Դենիկինը։ «Ակնարկներ ռուսական խառնակչության» աշխատությունում նա գրել է. «Ադրբեջանի Հանրապետությունում ամեն ինչ արհեստական էր, «անիսկական», սկսած անվանումից, որը վերցված էր Պարսկաստանի նահանգներից մեկից։ Արհեստական տարածք էր, որն ընդգրկում էր լեզգիական Զաքաթալան, հայ-թաթարական Բաքվի և Ելիզավետպոլի նահանգները և ռուսական Մուղանը, թուրքական քաղաքականությամբ միավորված էր որպես Կովկասում պանթյուրքիզմի առաջադիրք։ Արհեստական պետականություն։ Վերջապես, արհեստականորեն էր դիմանում նաև ադրբեջանական կառավարությունը. սկզբում՝ Նուրի փաշայի կամքով, հետո՝ գեներալ Թոմսոնի, այնուհետև՝ պարզապես իներցիայով»։
(շարունակելի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ