Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ԱՄՆ-ը ծրագրում է միջուկային մարտագլխիկների սահմանափակման նոր բանակցություններ

ԱՄՆ-ը ծրագրում է միջուկային մարտագլխիկների սահմանափակման նոր բանակցություններ
23.05.2020 | 13:46

Նախագահ Թրամփի սպառազինությունների վերահսկողության հարցով նոր բանակցողը ծրագրում է առաջիկայում հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ՝ քննարկելու ԱՄՆ նոր առաջարկը հեռուն գնացող համաձայնագրի շուրջ՝ բոլոր մարտագլխիկների սահմանափակման հարցով Ռուսաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում՝ հաղորդել են ամերիկացի պաշտոնյաները: Սա առաջին անգամ է, երբ Թրամփի վարչակազմը բանակցություններ կսկսի համաձայնագրի վերաբերյալ, որ պետք է փոխարինի СНВ-III համաձայնագրին, որ տարածվում է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջուկային հեռահար սպառազինության վրա, որի ժամկետը լրանում է փետրվարին՝ գրում է The Wall Street Journal-ը: Նոր բանակցությունների լուրը հայտնվեց, երբ Թրամփի վարչակարգը որոշում ընդունեց դուրս գալ մեկ այլ հին համաձայնագրից՝ Բաց երկնքի մասին, որ 30 տարվա պատմություն ունի, ընդունվել է՝ կրճատելու համար Ռուսաստանի ու Արևմուտքի միջև պատերազմի ռիսկը: Մարշալ Բիլինգսլին, որ ապրիլին նշանակվել է սպառազինության վերահսկողության Թրամփի ներկայացուցիչ, նոր բանակցություններ կսկսի ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ: Նրանք ավարտում են հանդիպման օրակարգի մշակումը, որ կկայանա, հավանաբար, Վիեննայում: «Մենք պայմանավորվեցինք, որ հաշվի առնելով Covid-19-ի ստեղծած իրավիճակը, կհանդիպենք հնարավորինս շուտ, որ սկսենք բանակցությունները»՝ հաղորդել է Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:


ԱՄՆ նոր առաջարկը շատ ավելի հավակնոտ է, քան 2010-ի СНВ-III-ը, նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ը ձգտում է համոզել Չինաստանին միանալ բանակցություններին: ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել են, որ լայնամասշտաբ գործարքն անհրաժեշտ է Չինաստանի ու Ռուսաստանի միջուկային զինանոցների կանխատեսվող մեծացման պատճառով: Քննադատները նախազգուշացնում են, որ Թրամփի վարչակարգի ռազմավարությունը կարող է փակուղի մտնել, որը կխարխլի սպառազինության վերահսկման գործող համակարգը, որը արդեն սկսել է փլուզվել: Սպառազինությունների վերահսկման հեռանկարների վերաբերյալ անհանգստություն են հայտնել եվրոպացի պաշտոնյաները, երբ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ ԱՄՆ-ը 6 ամիս առաջ կծանուցի Բաց երկնքի պայմանագրի մասնակիցներին իր դուրս գալու մասին: Այդ պայմանագիրը թույլ է տալիս Արևմուտքին ու Ռուսաստանին հետախուզական թռիչներ իրականացնել՝ վստահություն ձևավորելու, որ հարձակում չի ձեռնարկվում: ԱՄՆ-ը մեղադրել է Ռուսաստանին, որ հրաժարվում է իր տարածք թողնել արևմտյան ինքնաթիռներին: Պաշտպանելով իր որոշումը՝ Թրամփը հայտարարել է, որ կձգտի լավ հարաբերություններ պահել Ռուսաստանի հետ՝ զարգացնելով սպառազինությունների վերահսկման այլ համաձայնագրեր, կամ, գուցե նորից միանալով Բաց երկնքի համաձայնագրին, եթե Մոսկվան ցրի ԱՄՆ-ի տագնապները: ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կիրառում է «հնարովի պատրվակներ» իր որոշման համար, և դա մասն է «ապակառուցողական քայլերի մոդելի ռազմակավարական կայունության ու անվտանգության ոլորտում»:


Չինաստանը, որ շատ ավելի փքոր միջուկային զինանոց ունի, քան ԱՄՆ-ը և ՌԴ-ն, բազմիցս հայտարարել է, որ չի լինի եռակողմ համաձայնագրի մասնակից: Սակայն Բիլինգսլին ռուսներին ասել է, որ նրանք պետք է օգնեն Չինաստանին բանակցությունների սեղան բերել: ԱՄՆ պաշտոնատարների խոսքով՝ Վաշինգտոնը ծրագրում է օգտագործել դիվանագիտական, գուցե նաև տնտեսական լծակներ այդ նպատակով: «Ես չեմ կարծում, որ դա հեշտ է լինելու: Դա նորություն է՝ միջուկային սպառազինության վերահսկողության եռալատերալացում,- ասել է Թրամփի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:-Չինացիները սպառազինությունների վերահսկողության պահպանության ստուգման այսպիսի պատմություն չունեն, նրանց համար դա կլինի սովորելու փորձ, մենք ակնկալում ենք, որ նրանք կգնան այդ փորձին»: ԱՄՆ-ի նոր առաջարկը, ի տարբերություն СНВ-III-ի, ներառում է միջուկային բոլոր մարտագլխիկները, ներառյալ պահեստավորվածները և մերձավոր գործողության համակարգերի վրա տեղակայվածները: Թրամփի վարչակազմը ծրագրում է առաջարկել ստուգման առավել հանգամանալից միջոցներ, քան СНВ-III-ի շրջանակներում:
Սպառազինությունների վերահսկողության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները բազմամյա գործընթաց են, ուստի հարց է առաջանում, թե ինչ սահմանափակումներ կգործեն բանակցությունների ընթացքում: СНВ-III-ը կարող է երկարաձգվել 5 տարով՝ փոխադարձ համաձայնությամբ: Բայց Թրամփի պաշտոնյաներն ակնարկել են, որ ԱՄՆ-ը, գուցե դրան չգնա, քանի դեռ չեն սկսվել եռակողմ բանակցությունները:


Նոր համաձայնագրի ճանապարհին գլխավորը Չինաստանին համոզելն է, որ միանա: Չինաստանն ունի 320 մարտագլխիկ՝ դա մեծ թիվ չէ՝ համեմատած 1750 միավոր միջուկային զենքի հետ, որ ԱՄՆ-ը տեղակայել է իր հեռահար ու փոքր հեռավորության համակարգերում, պահեստում գտնվող 3800 մարտագլխիկներում: ԱՄՆ ՊՆ-ի հետախուզության վարչությունը հայտարարել է, որ չինական զինանոցը առաջիկա 10 տարում կկրկնապատկվի:
Պաշտոնաթող գեներալ-գնդապետ և Միջուկային անվտանգության ազգային վարչության նախկին ղեկավար Ֆրենկ Կլոցը գտնում է, որ Չինաստանին նոր եռակողմ համաձայնագրում ներառելը մեծ դժվարություններ ունի: Հավասար սահմանափակումները չինական, ամերիկյան, ռուսական զինված ուժերում նոր համաձայնագրի տարբերակ չէ, որովհետև Վաշինգտոնը չի ցանկանում, որ Չինաստանը հասնի ամերիկյան ներկա մակարդակին: Պենտագոնը ևս չի ցանկանում կրճատել իր ուժերը մինչև Չինաստանի մակարդակը: «Ինչու՞ պիտի չինացիները համաձայնեն սահմանափակել իրենց եռակողմ համաձայնագրով ԱՄՆ-ից նշանակալից չափով նվազ թվաքանակով,-հարց է տալիս Կլոցը:-Ինչու՞ պիտի Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը համաձայնեն թույլ տալ Չինաստանին ունենալ նույնքան, որքան իրենք»:
Մայքլ Գորդոն, Գորդոն Լյուբոլդ, Ջեյմս Մարսոն, The Wall Street Journal


Հ.Գ. Ուրեմն՝ ո՞րն է բանակցելու իմաստը: Կա երկու տարբերակ՝ կամ այս համաձայնագրից Պեկինի տրամաբանական հրաժարվելը Վաշինգտոնը օգտագործելու է փոխհարաբերությունների ընդհանուր համապատկերում՝ խաղարկելով առևտրատնտեսական հարաբերությունները, կամ հակառակը՝ առևտրատնտեսական հարաբերություններն է դարձնելու այս համաձայնագրի համար լծակ: Հետաքրքիր է, թե ինչու՞ է Վաշինգտոնին թվում, որ Մոսկվան պիտի Պեկինին համոզի բանակցել՝ Կրեմլի շահը ո՞րն է: Կա երրորդ տարբերակն էլ՝ համաձայնագրում պետք է լինեն միջուկային զենք ունեցող բոլոր պետությունները:
Փաստացի՝ միջուկային զենք ունեն 9 երկրներ Ռուսաստան (6850), ԱՄՆ (6450), Ֆրանսիա (300), Չինաստան (320), Մեծ Բրիտանիա (215), Պակիստան (140-150), Հնդկաստան (130-140), Իսրայել (80), Հյուսիսային Կորեա (10-20), և եթե կնքվում է իրոք սպառազինության վերահսկողության համաձայնագիր, պիտի լինի իննակողմ՝ սահմանելով նվազագույն ու առավելագույն շեմ համաձայնագրի բոլոր մասնակիցների համար: Բայց այդ պատմությունն արդեն կարող է Թրամփին չվերաբերել: Իսկ հիմա Թրամփն ուղղակի փորձում է կորոնավիրուսից ուշադրություն շեղել Ռուսաստանի հետ բանակցություններով, որ ձեռնտու է նաև Կրեմլին: Ինչու՞ ոչ: Մեկ է՝ ԱՄՆ-ը բոլոր համաձայնագրերից դուրս է գալիս, ու դա այլևս որևէ մեկին չի զարմացնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ